Ի՞նչ վտանգներ են պարունակում սեռավարակները, ո՞րն է սեռակրթության իրական նպատակը. Սևադա Հակոբյան

168TV«Մարդիկ» հաղորդաշարի շրջանակներում սեռական առողջության մասին զրուցել ենք «Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի» սեքսոպաթոլոգ, ՀՀ ԱՆ սեքսոպաթոլոգիայի գծով խորհրդատու Սևադա Հակոբյանի հետ։

– Ի՞նչ է սեռական առողջությունը։

– Սեռական առողջությունը մարդու ընդհանուր առողջության բաղկացուցիչ մասն է և ենթադրում է ոչ միայն սեռական խանգարումների բացակայություն, այլև զույգերի միջև սեռական, ինտիմ փոխհարաբերությունների ներդաշնակություն։

Կարդացեք նաև

Ամեն տարի ամբողջ աշխարհում սեպտեմբերի 4-ին նշվում է սեռական առողջության համաշխարհային օրը, որի հիմքում ամուր, ներդաշնակ հարաբերություններն են։ Բայց այդ ամենին հասնելու համար զույգերն ի՞նչ փուլեր պետք է հաղթահարեն։

– Սեռական ֆունկցիան համարվում է բազմապատճառային և բազմաբաղադրիչ մի գործառույթ, ուստի բազմաթիվ օրգան-համակարգեր պետք է ներդաշնակ հարաբերվեն, որպեսզի ապահովեն առողջ սեռական կյանք։ Առաջինը հոգեկան առողջության կարևորագույն էլեմենտն է, ֆիզիոլոգիական առողջությունը, որի մեջ ընդգրկվում է էնդոկրին ֆունկցիան։ Ինչպես նաև նյարդային, միզասեռական համակարգերի ներդաշնակ գործունեության արդյունքում է ապահովվում առողջ սեռական կյանք։ Գաղտնիք չէ, որ սեռական խանգարումների պարագայում անպայման ընդգրկվում են ոչ միայն հոգեբանական, ֆունկցիոնալ համակարգերը, այլև ֆիզիոլոգիական խնդիրներ են առաջանում։

Եթե անհատի մոտ առաջացել է սեռական խանգարում, որը պայմանավորված է փսիխոէմոցիոնալ խանգարումով, սթրեսով, խուճապով կամ գերհոգնածությամբ, ապա որոշակի ժամանակահատված հետո այդ ֆունկցիոնալ խանգարումը կարող է առաջ բերել նաև ֆիզիոլոգիական խանգարումներ՝ հորմոնալ, նյարդային համակարգի խնդիրներ, տեստոստերոնի նվազում, և դա արդեն իսկ ձևավորում է արատավոր օղակ և բարդացնում է նախորդ խնդիրը, եթե այն չէր լուծվել։

– Շատ խնդիրներ բացահայտվում են ամուսնանալուց հետո։ Մեր հասարակությունը սովորե՞լ է նախքան ամուսնանալը դիմել բժշկի՝ խորհրդատվության համար։

– Ամուսնական կյանքը սկսելուց առաջ, բացի այն բոլոր հանգամանքներից, որ զույգերը հաշվի են առնում՝ կենցաղային, հարսանեկան արարողություն և այլն, շատ կարևոր մի հանգամանք կա․ դա նախաամուսնական սեքսոլոգիական խորհրդատվությունն է։ Ապացուցված է՝ այն զույգերը, որոնք նախապես իրազեկված են լինում իրենց սեռական առողջության, ապագայում սեռական կյանքի մանրամասների վերաբերյալ, սեռական կյանքի փսիխոհիգիենային մասին գիտելիքներ են ունենում, ավելի երջանիկ, ներդաշնակ ընտանիք են կազմում։

Պարզում ենք յուրաքանչյուրի սպասումները սեռական կյանքից, փորձում ենք հասկանալ, թե ինչպիսի՞ պատկերացում ունեն նորմայի և պաթոլոգիայի վերաբերյալ։ Իրականացնում ենք որոշակի կարևոր հետազոտություններ․ տղամարդու համար դա սեռական ինֆեկցիաների հետազոտությունն է, սպերմոգրաման։ Կանանց դեպքում նույնպես որոշակի հետազոտություններ են կատարվում։ Ամենակարևորը՝ սեռական կյանքի, փսիխոհիգիենայի վերաբերյալ ճիշտ գիտելիքի ներկայացումն է, այն, թե ինչպիսի՞ն պետք է լինի առաջին սեռական կյանքի հարաբերությունը, ինչպիսի՞ պահվածք պետք է ցուցաբերվի, վարքային ինչպիսի՞ առանձնահատկություններ կան, և այլն։

Ներդաշնակության սաղմերը դրվում են առաջին խորհրդատվության ժամանակ։ Բազում սեռական հիվանդությունների, դիսֆունկցիաների ենք ականատես լինում, քանի որ հաճախ խնդիրը գալիս է դեզինֆորմացիայից՝ ավելի շատ աղջիկների, քան տղաների դեպքում։ Աղավաղված գիտելիքներ ստանում են համացանցից, սեռական կյանքով ապրող ընկերուհիներից, որոնք չգիտես ինչու՝ աղավաղված և սխալ ինֆորմացիա են տալիս աղջկան, որը պատրաստվում է ամուսնանալ։ Եվ դա կարող է սեռական վախով պայմանավորված խանգարման պատճառ դառնալ։ Կանանց մոտ վագինիզմի դրսևորումներ են լինում առաջին ամուսնական գիշերը։

Եղե՞լ է, որ գան խորհրդատվության, տեսնեն, որ չեն համապատասխանում ու բաժանված գնան։

– Երբեք չի եղել; Եթե ամուսնանալ պատրաստվող զույգի մոտ առկա է որոշակի սեռական ցանկությունների առերևույթ կանխատեսելի տարբերություն, դա նույնպես շտկելի է, կարողանում ենք դեղորայքային կամ որոշակի միջամտությունների շնորհիվ կարգավորել խնդիրը։ Եթե զույգերից յուրաքանչյուրն ունենում է ծայրահեղ տարբեր պատկերացումներ սեռական կյանքի նորմայի և պաթոլոգիայի վերաբերյալ, դա նույնպես բացատրողական հոգեթերապևտիկ զրույցի միոցով կարողանում ենք հարթել, կարգավորել։ Դրանք շտկելի են։ Երբևիցե սեռական աններդաշնակությունը ամուսնալուծության կամ զույգ չկազմելու պատճառ չէ։

– Ո՞ր հետազոտություններն են կարևոր՝ նախքան ամուսնանալը։

Տղամարդկանց դեպքում առաջինը խորհրդատվությունն է, երկրորդը սպերմոգրամայի հետազոտությունն է, որը ցույց է տալիս ապագայում տվյալ անհատի ռեպրոդուկտիվ ֆունկցիան, հաջորդը սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաների հետազոտությունն է, որը պարզում է՝ տվյալ պահին կամ նախկինում անհատն ունեցե՞լ է ինֆեկցիաներ, թե՞ ոչ, իսկ աղջիկների պարագայում կատարվում է սոնոգրաֆիկ հետազոտություն՝ պարզելու կոնքի խոռոչի օրգանների ֆիզիոլոգիական վիճակը, ինչպես նաև սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաների հետազոտություն։

Շա՞տ է լինում, որ հետազոտության ժամանակ սեռավարակները բացահայտվում են։

– Ցավոք, ներկայումս շատ կան սեռավարակներ, որոնք գաղտնի են ընթանում, և կլինիկական սիմպտոմներ չեն դրսևորվում։ Ներկայիս ինֆեկցիաներն ավելի կայուն են դարձել դեղորայքի նկատմամբ։ Անհատը մտածում է, որ առողջ է, ամեն ինչ նորմալ է, չի դիմում բժշկի, բայց մենք հորդորում ենք, որ ցանկացած հարաբերություն, որը եղել է անպաշտպան, պետք է առիթ հանդիսանա մի քանի օր հետո կատարելու սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաների հետազոտություն։

Բավականին տարածված են այն ինֆեկցիաները, որոնք կարող են խրոնիզացիա ունենալ օրգանիզմում և հանգեցնել այս կամ այն խնդիրներին։ Դրանք խլամիդիա վարակներն են, գոնորեան և այլն։

Շատ կարևոր է հետևողական բուժումը, որովհետև հաճախ անհատն ունենում է խնդիր, դիմում բժշկի կամ վերցնում է ընկերոջը նշանակած բուժումը, սկսում կիսատ-պռատ անել։ Ինֆեկցիան դառնում է կայուն, ու կարող է լրջագույն խնդիրներ առաջ բերել՝ շագանակագեղձի ախտահարում, միզասեռական համակարգի վերին օրգաններում խնդիրներ, կարող է սերմնատար ուղիների խցանման պատճառ հանդիսանալ։ Խլամիդիան ու գոնորեան ունեն այդպիսի հատկություն, նրանք խցանում են սերմնատար ուղիները, առաջ բերում անպտղություն։

Դրա համար կարևոր է ունենալ անվտանգ սեռական վարքագիծ, որը ենթադրում է պաշտպանված սեռական հարաբերություններ, պահպանակների կիրառում, մշտական զուգընկերային հարաբերություններ։ Կարևոր է նաև անպաշտպան հարաբերությունից հետո անմիջապես հետազոտություն կատարելը։

– Շատ տղաներ, ովքեր ամուսնացած չեն, ընկերները, անգամ հարազատներն ասում են՝ տղան պետք է «փորձ» ունենա, նոր ամուսնանա։ Ինչպե՞ս եք վերաբերվում այդ գաղափարին։

– Սեռական կյանքով ապրելն առողջության կարևոր բաղադրիչն է։ Եթե պահպանվում է անվտանգ սեռական վարքագիծը, ապա որևէ խնդիր չեմ տեսնում։ Բայց, եթե տեղի է ունենում զուգընկերուհիների փոփոխություն, անպաշտպան հարաբերություն, սա լրջագույն խնդիր է։ Ամբողջ աշխարհում խրախուսվում է սա՝ ունենալ հավատարիմ զուգընկեր, եթե ամուսնացած են, ապա իրականացնել միայն ամուսնական սեռական կյանք՝ չունենալով այլ զուգընկերներ։

– Վերջերս համացանցում մի գրառման հանդիպեցի, երբ հղի կինը բացահայտել էր, որ ամուսինն իրեն դավաճանել է, սակայն ցնցողն այն էր, որ ոչ թե նեղվել էր դավաճանությունից ու նրանից, որ հնարավոր է՝ ամուսինը սեռավարակներ «շալակած» վերադառնա, այլ նրանից, որ այդ աղջիկը գեղեցիկ է եղել։ Այստեղ ունե՞նք սեռական դաստիարակության պակաս, որը պատճառ է դարձել նման մտածելակերպի։

Ցանկացած պարագայում կինը, ով արձանագրում է, որ ամուսինն ունի այլ սեռական կյանք, դա իր համար ունենում է չափազանց պաթոլոգիկ և սթրեսոգեն ազդեցություն։

Ինչ վերաբերում է սեռակրթությանը, ապա դրա հիմքում ընկած է մարդու մոտ պատասխանատու սեռական վարքագծի ձևավորումը։ Տարբեր տարիքային խմբերում երբ իրականացվում են սեռական կրթության տարբեր էլեմենտներ՝ դա ոչ թե սեռական հմտությունների ուսուցանումն է, այլ ընդհակառակը, անվտանգ և պատասխանատու սեռական վարքագծով անհատի ձևավորումն է, որը պատասխանատու է իր կնոջ կամ զուգընկերուհու նկատմամբ։ Սեռակրթված մարդկանց մոտ, կարծում եմ, ավելի քիչ են լինում այսպիսի խնդիրները, ձևավորվում է ավելի ներդաշնակ ընտանիք։

Ո՞ր տարիքից կարելի է սկսել սեռական կրթությունըայն չի ենթադրում սեքսի մասին զրույց, այո՞։

Կարծում եմ, փոքր տարիքից դա իրենց վրա պետք է վերցնեն ծնողները՝ ունենալով համապատասխան գիտելիք, հմտություն՝ խոսելու փոքրահասակ երեխաների հետ, տալու նրանց բազում հարցերի պատասխանները։ Իսկ դպրոցահասակ տարիքից մասնագետները կարծում են, որ պետք է սեռակրթություն ուսուցանել, դեռահասության տարիքում իրեն բնորոշ ծրագիրը պետք է իրականացնել։ Սա անհատին ավելի գրագետ ու տեղեկացված է դարձնում։

Ամենաթյուր պատկերացումն է․ ծնողները մտածում են, թե սեռակրթությունը սեքսի մասին զրույց է։ Այդպես չէ։ Այն ընդգրկում է և՛ անատոմիական, և՛ ֆիզիոլոգիական գիտելիքներ՝ յուրաքանչյուր տարիքային խմբի համար հասանելի և ընկալելի տեխնոլոգիաների կիրառմամբ։ Սեռակրթության հիմքում ընկած է գիտելիքի ուսուցանումը, որ երեխան պետք է գիտակցի՝ իր մարմինն իր սեփականությունն է, այսինքն, որևէ մեկը չի կարող դիպչել իր մարմնին՝ առանց ծնողի ներկայության։ Այդ գիտելիքն ունեցող երեխան ավելի պաշտպանված է, չէ՞։

Ցավոք, բազմիցս ականատես ենք լինում ավելի մեծ տարիքի մարդկանց կողմից անչափահաս երեխաների նկատմամբ սեռական բռնությունների։ Այդ պրոցեսը սկսվում է նախերգանքից։ Տարիքով անհատը սկսում է անչափահասի նկատմամբ հետաքրքրություն առաջացնել շոյանքների և այլ միջոցներով։ Հիմա, եթե երեխան գիտի, որ իր մարմնին ոչ ոք չի կարող դիպչել՝ միանգամից կբարձրաձայնի խնդիրը, ոչ թե միամտաբար կընկնի այդ ծուղակը, երևույթը կշարունակվի՝ հանգեցնելով ցավալի հետևանքների։

Ծնողները հաճախ թույլ չեն տալիս, որ դպրոցահասակ տղաներն ու աղջիկները միմյանց հետ շփվենտղա երեխաներ կան, ասում են՝ ես աղջիկներից վախենում եմ, և՝ հակառակը։ Այս դեպքում կրկին սեռական դաստիարակության պակասը չկա՞։

Հակառակ սեռի ներկայացուցչի նկատմամբ հակակրանք առաջացնելը չափազանց սխալ է։ Որոշ դեպքերում ծնողական գերխիստ դաստիարակության արդյունքում կարող է ձևավորվել այսպիսի երևույթ, երբ աղջիկների մոտ վախ, հակակրանք է առաջանում տղաների նկատմամբ։

Ինչպես կլինիկական փորձն է ցույց տալիս, որ ծնողները երբ աղջիկներին ասում են՝ զգույշ եղեք տղաներից, նրանք կարող են ձեզ խաբել և այլն, հետագայում ամուսնության հետ կապված լուրջ խնդիրների առջև կարող են կանգնել։ Սա արդեն իսկ աղջիկ երեխայի մոտ առաջացնում է հակակրանք, վախ, «զզվանք» ու դիստանցիա՝ տղաների և սեռականության նկատմամբ։ Այս երեխան արդեն ամուսնության տարիքում բախվում է որոշակի խնդիրների։ Այդ ամենը պետք է լինի չափի մեջ, որպեսզի կարողանանք և՛ մեր հասարակական մտածելակերպին համահունչ դաստիարակել երեխաներին, և՛ նաև ապագայում չվնասել նրանց ընտանեկան կյանքը։

Ֆիլմերն ինչպիսի՞ ազդեցություն են ունենում երեխաների սեռական դաստիարակության հարցում։ Գաղտնեք չէ, որ «վատ» տեսարաններով ֆիլմեր ցուցադրվում են այնպիսի ժամերին, երբ դեռ երեխաները քնած չեն։

Եթե այն տարիքում է դեռահասը, երբ հոգեսեռական փուլերի լիակատար զարգացում տեղի չի ունեցել՝ նայելով ինտիմ տեսարաններ պարունակող ֆիլմեր, նրա ներաշխարհի և հոգեկան աշխարհի վրա ունենում է շատ մեծ բացասական ազդեցություն, և ներաշխարհում առաջանում է իր ունեցած պատկերացումների և ռեալ իրականության լուրջ հակասություն։ Դա պրոբլեմ է, որը պետք է հնարավորինս կանխել։ Անպայման համացանցային, որոնումների դաշտը պետք է սահմանափակել, որպեսզի դեռահասը չկարողանա մուտք գործել այդպիսի կայքեր։

Իսկ մեծահասակի պարագայում՝ այսինքն, սեռահասունացման պրոցեսները անցած, հոգեսեռական և մարմնական սեռական զարգացման հասունության փուլում գտնվող անհատների մոտ համապատասխան ինտիմ տեսարաններ պարունակող ֆիլմերը կարող են դրական ազդեցություն ունենալ այն առումով, որ որոշակիորեն կարող են առաջացնել ուղեղի սեքսուալիզացիայի պրոցեսներ՝ հատկապես աղջիկների մոտ, քանի որ մեր հասարակության ավանդական դաստիարակության պատճառով ավելի սահմանափակ է սեռական կյանքով ապրելու հնարավորությունը, քան տղաների մոտ։ Խոսքը սցենարային և սիրո հիմքի վրա փոխհարաբերություններին է վերաբերում։

– Եթե վերադառնանք սեռավարակների խնդրին։ Բացահայտումից հետո որքա՞ն է տևում բուժումը։

– Բուժման ժամանակահատվածը երկար չէ, տատանվում է տարբեր սեռական ինֆեկցիաների պարագայում՝ 7-14, երբեմն՝ մինչև 21 օր։ Բուժումն ավարտելուց որոշ ժամանակ հետո չպետք է մոռանանք հետազոտության մասին, որպեսզի փաստենք, որ ձերբազատվել ենք ինֆեկցիաներից։

– Իսկ ինչի՞ հետևանքով են զարգանում սեռական խանգարումները։

Սեռական ֆունկցիայի խանգարումները տղամարդկանց մոտ հիմնականում դրսևորվում են էրեկցիայի խանգարումով, վաղաժամ սերմնաժայթքումով, սեռական ցանկության նվազմամբ կամ բացակայությամբ։ Կանանց մոտ՝ օրգազմի բացակայություն, սեռական ցանկության նվազում կամ բացակայություն։ Առաջացման բազմաթիվ պատճառներ կան։

Կարևոր է այն, թե որ տարիքային խմբում ինչպիսի պատճառներ են գերակշռում։ Երիտասարդ տարիքում ավելի շատ հանդիպում են ֆունկցիոնալ սեքսուալ խանգարումները, այսինքն, ոչ օրգանական սեռական խանգարումները։ Իսկ ավելի մեծ տարիքում, քանի որ օրգանիզմում սկսվում են այլ օրգան-համակարգերի ֆունկցիաների խանգարումները, ապա դրանց հետևանքով և արդյունքում սկսում են գերակշռել օրգանական սեռական խանգարումները։

Այսինքն, սեռական ֆունկցիայի խանգարում՝ պայմանավորված շաքարային դիաբետով, սիրտ-անոթային, նյարդային խնդիրներով։ Եվ, եթե զուգահեռ պրոֆիլակտիկ սեքսոլոգիական բուժում է կատարվում՝ խնդիրները կամ չեն դրսևորվում, կամ շատ մեղմ են լինում։ Իսկ երիտասարդների մոտ շատ հաճախ սեքսուալ խանգարումներ առաջանում են վախերի, անհանգստության, տագնապային, սթրեսային իրավիճակների, ինքնավստահության կորստի հետևանքով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31