«Իրավական «բեսպրեդել» է, երկրի ղեկավարն ուղիղ եթերում «առևտուր» է առաջարկում. Չչետք է գործի «կակոյ պրիվետ, տակոյ ատվետ» սկզբունքը». Մարոզյան
«Ընդդիմադիրները երբեք չպետք է գնան Նիկոլ Փաշինյանի դաշտ և նրա բառապաշարով արձագանքեն նրան։ Իրավական դաշտում կան իշխանության և Կառավարության պատասխանատվության վերաբերյալ մեխանիզմներ, դրանցով կարող են առաջնորդվել»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Հոգեբանների և իրավաբանների» ասոցիացիայի հիմնադիր նախագահ, իրավապաշտպան Խաչատուր Մարոզյանը՝ խոսելով Նիկոլ Փաշինյանի հրապարակային հայտարարությունների, ելույթների ժամանակ կիրառված բառապաշարի մասին, մասնավորապես՝ ԱԺ-ում ու Կառավարությունում ամենշաբաթյա ճեպազրույցների ժամանակ։
Ըստ մեր զրուցակցի՝ եթե Նիկոլ Փաշինյանի դեմ օգտագործվեն իրավական մեխանիզմներ, ավելի արդյունավետ կլինի, ավելին՝ հասարակությունն էլ զերծ կմնա ամեն անգամ նման անհեթեթ բառապաշար լսելուց։
«Իհարկե, ինձ համար պարզ է, որ Նիկոլ Փաշինյանի դեմ կիրառվող իրավական գործիքակազմի դեպքում դրան այս պայմաններում ընթացք չի տրվելու, բայց ընթացք կտրվի ապագայում։ Նաև, ամեն դեպքում, հասարակությունը չպետք է Նիկոլ Փաշինյանի բառապաշարը լսելուց հետո նմանօրինակ բառապաշար լսի նաև ընդդիմության կողմից։ Չպետք է լինի «կակոյ պրիվետ, տակոյ ատվետ» սկզբունքը, որովհետև մեր ժողովուրդն իմաստուն է, ինքը շատ լավ գիտի, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը գործի դրել իր բառապաշարի ամբողջ «զինանոցը»»,- հավելեց Խաչատուր Մարոզյանը։
Նրա բնորոշմամբ՝ Նիկոլ Փաշինյանն այդպես է իրեն դրսևորում, որպեսզի ներքին քաղաքական օրակարգն իրենով լցվի, և կարևոր հարցերը մնան լուսանցքում. սա նույնն է, ինչ «պղտոր ջրում ձուկ որսալը»։
Խաչատուր Մարոզյանը վստահ է, որ երբ Նիկոլ Փաշինյանի պահվածքին արձագանքեն իրավական մեխանիզմներով, ապա շատ միջազգային կազմակերպությունների համար այդ ամենը լսելի կլինի, և նրանք կսկսեն արձագանքել խնդրին։
«Ձեռք առնելով չպետք է խոսեն նրա հետ, քանի որ նրա հիմարությունները մինուս անսահմանություն են գնում, նրա դաշտ չպետք է գնալ, նկատի ունեմ՝ նրան չպետք է հավասարվել։ Մեր օրենքները նախատեսում են պատասխանատվության ենթարկել կառավարող ուժին ու նրա ներկայացուցիչներին, այդ օրենքները պետք է գործեն այս դեպքում։ Այս ամենին զուգահեռ՝ պետք է աշխատեն նաև մեր հասարակական կազմակերպությունները։ Չպետք է այնպես լինի, որ «մի գիժ քարը նետի», ու բոլորս վազենք այդ քարի հետևից, այլ պետք է տեր կանգնենք մեր երկրին ու նրա արժեքներին։ Կարծում եմ՝ ժողովուրդը կգնահատի, որ ընդդիմադիրները չեն նմանվում Նիկոլ Փաշինյանին՝ հակադարձելով նրա իսկ բառապաշարով»,- շեշտեց մեր զրուցակիցը։
«Հոգեբանների և իրավաբանների» ասոցիացիայի հիմնադիր նախագահը չի հավատում, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա, նման բան հնարավոր չէ։ Ավելին՝ Նիկոլ Փաշինյանի սպառնալիքներին՝ ուղղված ընդդիմությանը, որ եթե իրեն 6 ձայն չտան հանրաքվեի համար, ապա հանրային ճնշում կիրականացնի, պետք է տրվեն իրավական գնահատականներ։
«Մեկ բառով՝ սա իրավական «բեսպրեդել» է։ Իհարկե, ԱԺ-ում ընդդիմադիր ուժերը կարող են որոշակի կոմպրոմիսներ ունենալ իշխանությունների հետ, բայց որևէ իշխանություն իրավունք չունի սպառնալ ընդդիմությանը, որ ինքը պետք է գնա կոմպրոմիսների։
Ավելին՝ Նիկոլ Փաշինյանի ասածը «քաղաքական առևտուր» է. մեր ժողովրդին միայն սա էր մնացել, որ երկրի ղեկավարն ԱԺ ամբիոնից ուղիղ եթերում սպառնա ու առաջարկի «քաղաքական առևտուր»։ Ես չեմ հավատում, որ այդ մարդն ինքնակամ կարող է հրաժարական տալ։ Նույն բանն արտաքին ուժերն են իրեն առաջարկել, որի արդյունքում էլ նա մեր նկատմամբ այսօր օգտագործում է որոշ ուժային կենտրոնների տրամադրվածությունը։ Օրը ցերեկով այս մարդն ուզում է «առևտուր» անել՝ շատ լավ իմանալով, որ պատգամավորը խղճով ու համոզմունքով է գործում, այլ ոչ թե սպառնալիքների ներքո»,- ընդգծեց Խաչատուր Մարոզյանը։

