Վաղը պաշտոնապես կազդարարենք TRIPP նախագծի մեկնարկը․ Նիկոլ Փաշինյան
Նոյեմբերի 22-ին պաշտոնապես կազդարարվի «Թրամփի ուղի» նախագծի մեկնարկը։ «Digitec 2026»-ի շրջանակում NVIDIA-ի փոխնախագահ Ռև Լեբարեդյանի հետ բաց քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
«Վաղը պաշտոնապես կազդարարենք TRIPP նախագծի մեկնարկը։ Այս ծրագրի շատ կարևոր մաս է էներգիան և էլեկտրաէներգիայի տարանցումը, և հիմա մենք կապակցելու ենք մեր ցանցը Թուրքիայի և Ադրբեջանի էլեկտրաէներգիայի ցանցերի հետ։ Մենք արդեն կապակցված ենք Իրանի և Վրաստանի հետ և ներդրումներ ենք անում, որ էներգիայի տեղափոխումն ավելի արդյունավետ դառնա։ Սա շատ կարևոր և անհավատալի վերափոխում է»,- ասաց նա։
Ռև Լեբարեդյանը նշեց, որ Հայաստանը պետք է կարողանա ամրապնդել իր առավելություններն ու էներգիա ստանա բոլոր հնարավոր աղբյուրներից։
«Շատացնենք, ամրապնդենք և փոխկապակցված լինենք բոլորի հետ, ունենանք մատակարարման տարբեր աղբյուրներ, կունենանք ուժ, լծակ, կարևորություն ուրիշների համար, և մեր ձայնը կարող է մեր ապագայի համար վճռորոշ լինել։ Սա կենսական հանգամանք է։ Բոլորը, ովքեր քննադատում են մեր հարաբերությունների կարգավորումը Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ, պետք է հարցին այդ ռազմավարական մտածողությամբ մոտենան»,- ասաց Լեբարեդյանը։

