Սոցիալական ծախսերը կրճատում են, որ ապահովագրության պարտքերը փակեն

Առողջապահության ոլորտում ֆինանսական բավական մեծ ճեղք է գոյացել։ Պարտքեր են կուտակվել հատկապես ապահովագրավճարների հետ կապված։

Ապահովագրավճարի ճեղքը հասնում է տասնյակ-միլիարդավոր դրամների, որոնք փակելու համար կառավարությունը որոշել է կրճատել սոցիալական ծախսերը։

Խոսքն այն ծախսերի մասին է, որոնք սովորաբար արվում են հասարակության անապահով հատվածի սոցիալական կարիքները բավարարելու, նրանց սոցիալական վիճակը քիչ թե շատ թեթևացնելու համար։

Ապահովագրության պարտքերը փակելու համար հենց այդ ծախսերն է որոշել կրճատել կառավարությունը։ Իրենց միլիարդների հասնող պարգևավճարներից չեն կրճատել, արտասահմանյան «շրջագայությունների» ծախսերից չեն կրճատել, ֆեստիվառների ու համերգների, քեֆ-ուրախությունների, վարչաբենդերի ու վարչապետական միջոցառումների ծախսերից չեն կրճատել, կրճատել են հենց սոցիալական ծախսերից։

Կարդացեք նաև

Սոցիալապես անապահովներից կվերցնեն գումարները, որպեսզի փակեն ապահովագրավճարի գծով ստանձնած պարտավորությունները։ Ահա այսպիսին է այն արդարությունը, որն իրականացնում են «ժողովրդի հոգսերով տառապող» ՔՊ-ական կառավարիչները։ Սոցիալական մի ծրագրից կրճատում են, որպեսզի մյուսում առաջացած հրդեհը մարեն։  

Առողջապահության ոլորտում պարտքերն առաջացել են ապահովագրավճարների սուբսիդավորման գծով։ Այդ պարտքերը փակելու համար մինչև տարեվերջ անհրաժեշտ կլինի ընդհանուր առմամբ 29.3 մլրդ դրամ։

Գումարի մեծ մասն այն ապահովագրավճարների ծախսերն են, որոնք պետությունն ամբողջությամբ վերցրել է իր վրա։ Հոկտեմբերին այստեղ արդեն ավելի քան 9.3 մլրդ դրամի պարտք էր կուտակվել։ Կանխատեսվում է, որ մինչև տարեվերջ պարտքը կանցնի 24.1 միլիարդից։

Պարտքեր են առաջացել նաև այն աշխատողների ապահովագրավճարների հետ կապված, որոնց մի մասի փոխհատուցումը ստանձնել է կառավարությունը։ Խոսքը 6 հազար դրամների մասին է։

Այդ պարտքը, վերջին տվյալներով, հասնում է 1.6 մլրդ դրամի։ Մինչև տարեվերջ անհրաժեշտ կլինի 5.1 մլրդ դրամ։

Այս պարտքերը փակելու համար էլ կառավարությունը որոշել է կրճատել սոցիալական ծախսերը։ Աշխատանքի և բարեկեցության նախարարության կողմից իրականացվող սոցիալական ծրագրերից կվերցնեն ավելի քան 19 մլրդ դրամ։

Հիմա տեսեք, թե ո՞ր սոցիալական ծրագրերն են որոշել կրճատել։

Ավելի քան 6 մլրդ դրամ կվերցնեն անապահով և կյանքի դժվարին իրավիճակում գտնվող սոցիալական խմբերի աջակցության ծրագրից։ Խոսքն անապահով ընտանիքներին տրվող նպաստների մասին է։ Նպաստներին հատկացված գումարներն են կրճատել։ Հենց սրա համար էին նպաստառուներին համատարած դուրս շպրտում նպաստառուների համակարգից։ Անապահովության գնահատման նոր չափանիշներ ներդրեցին ու շատերին կտրեցին, դուրս թափեցին։

Հազարավոր, եթե ոչ՝ տասնյակ-հազարավոր ընտանիքների արդեն հանել են նպաստառուների համակարգից ու զրկել նպաստից։ Նրանցից «տնտեսած» գումարների հաշվին էլ որոշել են փոխհատուցել ապահովագրավճարների ծախսերը։

Երբ տեղը գա, երեսով կտան, թե ապահովագրություն են ներդրել։ Էլ չեն ասի, որ դա շատ թանկ է նստել անապահով ընտանիքների վրա։ Քիչ է՝ նրանք դուրս են մնացել անապահովության համակարգից, զրկվել են նպաստից, կորցրել են պետական պատվերի հաշվին բուժում ստանալու հնարավորությունը, մի բան էլ չեն կարողանում օգտվել ապահովագրությունից, որովհետև իշխանությունները որոշել են, որ նրանք այլևս անապահով չեն, ու իրենք պիտի վճարեն իրենց բուժման համար։

Ապահովագրավճարների ճեղքը փակելու համար անապահով և կյանքի դժվարին իրավիճակում գտնվող սոցիալական խմբերի աջակցության ծրագրից կառավարությունն ավելի քան 6 մլրդ դրամ է վերցրել։ 4.5 միլիարդ էլ վերցրել է մինչև 1 մլն դրամի անհուսալի վարկային պարտավորություններ ունեցող անձանց զբաղվածության աջակցության ծրագրից։ Ծրագիրն այդպես էլ չկարողացան աշխատեցնել ու փոխարենը կարգավորումները փոխեին, որոշել են ընդհանրապես փակել։

Մեկ այլ՝ ժողովրդագրական վիճակի բարելավում ծրագրից էլ կրճատել են 2.5 մլրդ դրամ. 1 մլրդ դրամով կրճատել են երեխայի ծննդյան միանվագ նպաստների ֆինանսավորումը, 1 մլրդ դրամով՝ 3 և ավելի երեխա ունեցող ընտանիքներին դրամական աջակցության ծրագիրը, և 500 մլն դրամով՝ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստների ֆինանսավորումը։

Այս ծրագրերը ժամանակին ներդրել էին, որպեսզի խթանեն ծնելիությունը։ Թե ինչքանով են խթանել, տեսնում ենք ժողովրդագրական ցուցանիշներում, որոնք աղետալի վիճակում են։ Ինչպես նախորդ մի քանի տարիներին, այս տարի էլ ծնելիությունը շարունակել է կրճատվել։

Տարեսկզբի 9 ամիսներին Հայաստանում գրեթե 900-ով քիչ երեխա է ծնվել, քան ծնվել էր անցած տարի։

Երեք տարի առաջվա համեմատ ծնունդների նվազումը հասել է կատաստրոֆիկ չափերի։ Երեք տարի առաջ տարեսկզբի առաջին 9 ամսում 4.1 հազարով ավելի շատ երեխա էր ծնվել Հայաստանում, քան այս տարի։

Ծնունդներն ավելանալու փոխարեն՝ նվազում են, դրա հաշվին էլ «տնտեսումներ» են անում։

Կրճատել են նաև Արցախից տեղահանվածների աջակցության ծրագիրը։

Արցախցիների բոլոր խնդիրները լուծել են, հիմա էլ աջակցության գումարներն են կտրում։

Ապահովագրավճարի փոխհատուցմանն արցախցիների աջակցության ծրագրից կհատկացնեն 5 մլրդ դրամ։

750 մլն դրամով էլ կնվազեցնեն կենսաթոշակային ապահովության ծրագրի հատկացումները։

Ընդհանուրը՝ 19.3 մլրդ դրամ, որն աշխատանքի ու բարեկեցության նախարարության կողմից իրականացվող սոցիալական ծրագրերից կվերցնեն, կտան առողջապահության նախարարությանը, որպեսզի փակի ապահովագրավճարների գծով գոյացած ու առաջիկայում գոյացող պարտքերը։ Թե այսպիսի խոշոր կրճատումներից հետո ի՞նչ կմնա այդ ծրագրերի տակ, դա էլ հարց է։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30