Փաշինյանը անձնական անվտանգային երաշխիքներ է մուրում… Ռուսները կգնան մինչև վերջ. Սուրեն Սուրենյանց

168TV-ի «Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Նիկոլ Փաշինյանն օրակարգ թելադրող է զուտ այն պատճառով, որ ստեղծել է ավտորիտար համակարգ: Խորհրդարանի մեծամասնությունն ուսապարկերի հավաքածու է: Նրանք վաղօրոք որևէ բանից տեղյակ չեն լինում: Ընդդիմությունն ավելի նախաձեռնողական և ակտիվ լինելու կարիք ունի:
  • Նիկոլ Փաշինյանն ընդդիմությանը գործարք է առաջարկում՝ պետության ապամոնտաժման օրակարգով: Եվ ասում է՝ էդ պայմանով ես կհեռանամ: Բայց դա պետության լուծարման օրակարգ է, և ակնհայտորեն որևէ մեկն այդ օրակարգը չի կիսելու: Էս երեք օրվա աղմուկի մեջ «հեռանալ» բառը բանալի բառն է: Այդ բառի գլխավոր հասցեատերը ոչ միայն Հայաստանի ընդդիմությունն է, այլև միջազգային դերակատարները: Նիկոլ Փաշինյանի առաքելությունը մոտենում է ավարտին, և նա անձնական անվտանգային երաշխիքներ է մուրում: Իրեն ասել են՝ դա կստանա, եթե գլուխ բերի Սահմանադրության փոփոխության օրակարգը: Այս երեք օրը Նիկոլ Փաշինյանը նման է քաղաքական դիակի վերածված իշխանության և ակնկալում է, որ իր քաղաքական հուղարկավորությունը պատշաճ կերպով կկազմակերպեն: 
  • Երեկ առաջին անգամ ՔՊ-ական բարձրաստիճան պաշտոնյան՝ Ալեն Սիմոնյանը, հայտարարեց՝ ամեն պաշտոնի կարող եմ գնալ, այդ թվում՝ վարչապետի պաշտոնին: Սա այն Ալեն Սիմոնյանն է, ով ամիսներ առաջ ասում էր՝ միշտ կլինեմ Նիկոլ Փաշինյանից կես քայլ հետ: Իսկ հիմա վարչապետական ամբիցիաներ է դրսևորում: Թիմում էլ են տեղյակ, որ Նիկոլ Փաշինյանի ժամանակն ավարտված է:

Կարդացեք նաև

  • Նիկոլ Փաշինյանը հասկացել է, որ ստրատեգիական սխալ է արել՝ խաղադրույք դնելով Ռուսաստանի պարտության վրա, ու վաղ թե ուշ դրա համար պատժվելու է: Բացի դրանից, Դուբլինում Ալիևը Նիկոլ Փաշինյանի շուրջ օղակը սեղմել է: Իսկ արտաքին պարտադրանքը միշտ ներքաղաքական շանտաժի է վերածում: Մոսկվայում իրեն շատ ծանր զրույց է սպասվում, դրա համար իրեն փորձում է վստահ զգալ՝ ներսում նման կերպ իրեն պահելով: Բացի դրանից, Շենժենում Սի-Պուտին-Թրամփ հանդիպումն ու դրա արդյունքում համաձայնությունը կարող են վերջ դնել ծաղրածու ղեկավարների դարաշրջանին: 
  • Մոսկվա Փաշինյանը մեկնում է զրոյական արդյունքով: Հակառուսական քվեարկությանը չմիանալով՝ նա ժեստ արեց Պուտինին, բայց դա բավարար չէ: Դեկտեմբերի 3-ը մոտ է, և նա Մոսկվա է գնալու դատարկ ձեռքով: Ռուսները որպես զրույցը շարունակելու երաշխիք՝ պահանջում են 2025թ. Եվրամիությանն անդամակցության մեկնարկի մասին օրենքը չեղարկելը: Դա տեղի չի ունեցել, և ռուսներն այլև չեն հավատում Փաշինյանի «Պապայի արև» երդումներին:
  • Ռուսները կգնան մինչև վերջ. կսառեցնեն Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին՝ սանկցիաների խստացումով: Չեն հեռացնի, բայց կսառեցնեն անդամակցությունը:
  • Եթե գնա, Ռուսաստանում էլ փորձի լեկցիա կարդալ, իրեն կասեն, որ չեն ճանաչում ոչ մի ուրիշ պետության ղեկավարի, որն իր արտաքին քաղաքականության հիմքում դնում է շիզոֆրենիան:
  • 2024թ. արևմտյան դեսպանատներից մեկում մասնավոր զրույցի ժամանակ իմ ուղիղ հարցին՝ ինչու Փաշինյանը ՀԱՊԿ-ից դուրս չի գալիս, երբ անդադար խոսում է ԵՄ մտնելու մասին, ինձ ուղիղ ասացին՝ մեր հորդորն է կատարում, որովհետև մենք նրան ասել ենք, որ Հայաստանին անվտանգության երաշխիքներ չենք տալու:
  • Արմեն Գրիգորյանի հոդվածից ՔՊ-ական գարշահոտ է փչում: Այդ տեքստն ինքը չի գրել: Ենթադրում եմ՝ հին դիվանագետներից մեկն է գրել (Ժիրայր Լիպարիտյան.- Ս.Ս): Արմեն Գրիգորյանը փխրուն ուսեր ունի, նրանից Նիկոլ Փաշինյանին փոխարինող չեն կերտի, «պետականամետ» ընդդիմություն՝ այո:
  • Չեզոք պետության գաղափարի հեղինակն Արմեն Գրիգորյանը չէ, այլ նրա կառուցողական գործընկեր Հիքմեթ Հաջիևը, ում հետ Գրիգորյանն ամենաշատն էր հանդիպում: Չեզոք պետության համար զրոյական սպառնալիք պետք է լինի հարևաններից և ինքնաբավություն: Մեր պարագայում 4 հարևաններից երկուսի հետ մենք, մեղմ ասած, ունենք չկարգավորված հարաբերություններ, հետևաբար՝ պատերազմի ռիսկ: Բացի դրանից, չեզոք պետություն դառնալու համար աշխարհաքաղաքական կոնսենսուս է պետք, իսկ դա բացառված է: Ռուսաստանը երբեք չի հանդուրժելու, որ չեզոք պետության գեղեցիկ հովանու տակ դու դառնաս թուրքական ֆորպոստ: Արմեն Գրիգորյանի ասած չեզոք պետությունը Հայաստանի՝ ադրբեջանական ֆորպոստ դառնալն է:
  • Մի գիշերվա մեջ ԵԱՏՄ մտնելու թեզը միֆ է, որովհետև ո՛չ Լևոն Տեր-Պետրոսյանի, ո՛չ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին Հայաստանը ԵՄ-ին անդամակցելու հավակնություններ չի ունեցել:

  • Նիկոլ Փաշինյանի ոչ մի առաջարկի ընդդիմությունը չպետք է արձագանքի: Ընդդիմությունը հստակ պետք է ասի՝ 6 մանդատ Նիկոլ Փաշինյանը ոչ մի կերպ չի ստանալու:
  • Միայն ընտրական ճանապարհով Նիկոլ Փաշինյանին հեռացնել հնարավոր չէ: Միայն ընտրական ճանապարհով, բայց անպայման փողոցի ճնշմամբ է հնարավոր միայն նրա հեռացումը: Ընտրության օրը պիտի հանրային դժգոհության քաղաքական կապիտալիզացիան լինի:
  • ՔՊ-ականների վիճակը պատկերացրե՛ք. Իրենց թիմակից Տիգրան Ավինյանին Աննա Հակոբյանը թիրախավորում է: Հիմա չգիտեն՝ ում կողքը կանգնեն, էդ թիրախավորման հետևում Նիկոլ Փաշինյանը կա՞, թե՞ չէ:
  • Աշխարհում չեք կարող գտնել որևէ երկու երկրների հարաբերություն, որոնցում Սահմանադրությունը կարող է դառնալ այդ երկրների միջև հարաբերությունների վատացման պատճառ: Ալիևին զսպողը մեր զիջումները չեն, այլ տարածաշրջանային գլոբալ գործոնները՝ մեր կամքից անկախ: Սահմանադրությունը մերժենք-չմերժենք, Ալիևն այսօրվա ստատուս-քվոյի պայմաններում պատերազմ սկսել չի կարող: Ընդհակառակը, հանրաքվեի կանխումն ազդակ կլինի Ալիևին, որ մենք միակողմանի զիջումներին պատրաստ չենք, իսկ միջազգային դերակատարների մոտ կբարձրացնի մեր կշիռը: 
  • Դուբլինում մի վտանգավոր բան էլ է տեղի ունեցել: Բացի Դեբեդից, մնացած բոլոր գետերը հոսում են դեպի Ադրբեջան: Իսկ անդրսահմանային ջրերի մասին ձևակերպում Դուբլինում հայ-ադրբեջանական շփումներում եղել է: Սա առաջին անգամ, ի դեպ: Այսինքն՝ եթե վաղը մեկն ուզի մեր գետերի վրա ՀԷԿ կառուցել, Ադրբեջանը թույլ չի տալու, ասելու են՝ ջրերի պակաս ունեմ: 
  • Եթե Նիկոլ Փաշինյանը գնաց արտահերթ ընտրությունների, բոլոր կուսակցություններն արգելելու է՝ որպես խաղաղությանը դեմ գնացող կուսակցությունների: Ահավոր ցենզուրա է մտնելու: Եթերում Արցախ ասելը հանցանք է լինելու:

  • Սի-Թրամփ-Պուտին հանդիպման փաստը և 4 կետերից բաղկացած հռչակագրի տարածումն արդեն պատմական փաստ է, որովհետև եթե այդ սկզբունքները համաձայնեցված չլինեին, այդ հռչակագիրը չէր տարածվի: Գուժում էին, որ Ռուսաստանը միջազգային մեկուսացման մեջ է: Դուք միջազգային մեկուսացման երկրի ղեկավար տեսե՞լ եք, որ հայտնվում է աշխարհի ճակատագիրը որոշողների թվում: Այդ հանդիպումն ապալեգիտիմացրեց Միջազգային քրեական դատարանի որոշումը Պուտինի վերաբերյալ: 
  • Եթե ТRIPP-ը դառնա մեգանախագիծ, որտեղ հաշվի կառնվեն տարածաշրջանային բոլոր խաղացողների շահերը, ոչ ոք դրա գործարկմանը դեմ չի լինի: Այդ ժամանակ Հայաստանն էլ կարող է վերագտնել իր իրավունքները ժամանակի ընթացքում: Այս պահին Հայաստանի իշխանության որևէ արգումենտի Իրանում չեն հավատում:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30