Ադրբեջանցի զբոսաշրջիկները Հայաստանում 4.3 անգամով ավելացել են
Այն բանից հետո, երբ իշխանությունները «բարեհաջող» փակեցին Արցախի էջը ու հայտարարեցին, թե խաղաղություն են հաստատել Ադրբեջանի հետ, ադրբեջանցիների առաջ բացեցին մեր երկրի դարպասները։ Անխոչընդոտ գալիս են Հայաստան, գալիս են՝ որպես զբոսաշրջիկ։
Հայաստանի զբոսաշրջային աշխարհագրության մեջ վերջին տարիներին, այլ երկրների թվում, հայտնվել է Ադրբեջանի անունը։ Իշխանությունները չեն էլ թաքցնում, որ զբոսաշրջիկների անվան տակ ադրբեջանցիներ են գալիս Հայաստան, որոնց քանակը գնալով ավելանում է։
Պաշտոնական վիճակագրությունն արձանագրել է, որ նախորդի համեմատ, տարեսկզբի 9 ամիսներին այդ երկրից 4.3 անգամով ավելի շատ զբոսաշրջիկ է եկել։
Հայաստան եկած ադրբեջանցի զբոսաշրջիկների հոսքն այս տարի շեշտակի աճել է։ Եվ դա զարմանալի չէ, եթե հաշվի առնենք, թե Հայաստանի իշխանությունների ադրբեջանասիրական զեղումների պայմաններում, ինչպես են ադրբեջանցիներն իրենց զգում Հայաստանում, ազատ ու անկաշկանդ շրջում Երևանի փողոցներում, այցելում տարբեր մարզեր ու բնակավայրեր, անխոչընդոտ նկարահանում ու հակահայկական տեսաուղերձներ տարածում Երևանից։
Ադրբեջանցիները Հայաստանում իրենց զգում են՝ ինչպես սեփական տանը։
Իհարկե, նրանց քանակը մեծ չէ, բայց այս տեմպերով շուտով քանակն էլ կապահովեն։ Եթե անցած տարվա առաջին 9 ամիսներին ադրբեջանցի 3 զբոսաշրջիկ էր եկել, այս տարի նրանց թիվը հասել է 13-ի։ Նախորդ տարվա համեմատ 4.3 անգամով ավելացել է։
Թե ի՞նչն է ադրբեջանցիներին բերել Հայաստան, ի՞նչ են արել նրանք Հայաստանում, ո՞ւր են այցելել և ինչի՞ համար, պաշտոնական մեկնաբանություններ ու պարզաբանումներ չկան։
Հետաքրքիր է, իսկ այս ընթացքում Հայաստանի քանի՞ քաղաքացի է, որպես զբոսաշրջիկ, գնացել Ադրբեջան։
Ադրբեջան այցելած հայ զբոսաշրջիկների վերաբերյալ պաշտոնական տվյալներ չկան։ Բայց կարելի է ասել, ոչ մի զբոսաշրջիկ էլ չի գնացել։ Ի տարբերություն Հայաստանի իշխանությունների բարեհաճությանը, Ադրբեջանում ոչ մեկը հայ զբոսաշրջիկների չի սպասում։ Ավելին՝ Ադրբեջանում, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա շարունակում են մեծ դոզայով թշնամանք գեներացնել հայ ժողովրդի նկատմամբ։ Ու ոչ մի արժեք չունեն Հայաստանի իշխանությունների այն հայտարարությունները, թե խաղաղություն են հաստատել Ադրբեջանի հետ։
Բավական կտրուկ ավելացել են նաև Թուրքիայի քաղաքացիների Հայաստան կատարած այցերը, որոնք եղել են զբոսաշրջության անվան տակ։ Գրեթե 26 տոկոսանոց աճ է գրանցվել։ Անցած տարվա համեմատ՝ շուրջ 2.4 հազարով ավելի շատ Թուրքիայի քաղաքացի է այցելել Հայաստան։ Զբոսաշրջային հոսքերն այդ երկրից տարեսկզբի 9 ամսում հասել են գրեթե 11.5 հազարի։ Անցած տարի 9.1 հազարի սահմաններում էր։
Զբոսաշրջային հոսքերի առումով, ինչպես միշտ, առաջատարը Ռուսաստանն է, բայց ի տարբերություն Ադրբեջանի ու Թուրքիայի՝ Ռուսաստանից եկածներն այս տարի կրճատվել են։
Պաշտոնական վիճակագրության հրապարակած տվյալներով, տարեսկզբի 9 ամսում զբոսաշրջության նպատակով եկած Ռուսաստանի քաղաքացիների քանակը 1.2 տոկոսով պակաս է եղել։ Գրեթե 9 հազարով ավելի քիչ զբոսաշրջիկ է եկել։ Զբոսաշրջիկների թիվն այդ երկրից եղել է գրեթե 705 հազար։
Նվազել է նրանց տեսակարար կշիռը Հայաստանի զբոսաշրջային հոսքերի մեջ։
Եթե անցած տարի անցնում էր 41-ից, այս տարի դարձել է 40 տոկոս՝ 1 տոկոսային կետով իջել է։
Զոսաշրջային հոսքերը տարեսկզբի 9 ամիսներին կրճատվել են նաև բազմաթիվ այլ երկրներից, այդ թվում՝ Միացյալ Նահանգներից, Ավստրիայից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Բելառուսից, Բելգիայից, Բուլղարիայից, Կանադայից, Կորեայի Հանրապետությունից, Հնդկաստանից և այլ երկրներից։ Երբեմն կրճատումը շատ կտրուկ է եղել։ Օրինակ՝ Բուլղարիայից անցած տարի 6 հազարից ավելի զբոսաշրջիկ էր եկել։ Այս տարի ընդամենը 2.7 հազարն է եկել։ Ավելի քան կիսով չափ պակասել է, ու դա նշանակում է, որ դրա համար լուրջ պատճառներ են եղել։
Բավական կտրուկ կրճատվել է նաև Հնդկաստանից եկած զբոսաշրջիկների քանակը։ Գրեթե 42 տոկոս նվազում է արձանագրվել։ Անցած տարի շուրջ 21 հազար քաղաքացի էր այցելել Հայաստան զբոսաշրջություն նպատակով։ Այս տարի այցելուների քանակը սահմանափակվել է 12 հազարով։
Զբոսաշրջային հոսքերի ավելի քան 39 տոկոսանոց նվազում է գրանցվել Կորեայի Հանրապետությունից։ 5 հազարով պակաս զբոսաշրջիկ է եկել։
Միացյալ Նահանգների քաղաքացիների պարագայում ևս պասիվությունն ակնհայտ է։ Անցած տարվա առաջին 9 ամիսներին այդ երկրից 50 հազարը գերազանցող զբոսաշրջիկ էր այցելել Հայաստան։ Այս տարի նրանց թիվը եղել է 37-38 հազարի կարգի։ Այցելուներն ավելի քան 25 տոկոսով կրճատվել են։
Արաբական Միացյալ Էմիրությունների պարագայում կրճատումը գրեթե 60 տոկոսի է հասնում։ Ավելի քան 2 անգամ պակասել է նաև Ֆիլիպիններից եկած զբոսաշրջիկների քանակը՝ 12.3 հազարից իջել է 5.5 հազարի։
Հայաստանի նկատմամբ նվազել է նույնիսկ ֆրանսիացիների հետաքրքրությունը։ Անցած տարի 28.2 հազար զբոսաշրջիկ էր այցելել, այս տարի ընդամենը՝ 23.9 հազարը։
Իհարկե, կան երկրներ, որտեղից ավելի մեծ հոսքեր են եղել, երբեմն հարկադիր տարանցման պատճառով։ Այդպիսի երկրների թվում են նաև հարևան Իրանն ու Վրաստանը, որոնք բավական մեծ կշիռ են զբաղեցնում Հայաստանի զբոսաշրջային այցելուների մեջ։ Նույն Վրաստանից եկողները 31 հազարով ավելացել են՝ հասնելով 241 հազարի։
Բայց դրանով հանդերձ, այս թվերը ցույց են տալիս, որ Հայաստան զբոսաշրջային հոսքերի այն բումը, որի մասին տարեսկզբին խոսում էր Նիկոլ Փաշինյանը, հերթական փուչիկն էր։ Պաշտոնական վիճակագրությունն արձանագրել է, որ 9 ամսում Հայաստան է այցելել 1.757 մլն զբոսաշրջիկ, ինչը նախորդ տարվանից ավելի է եղել ընդամենը 1.3 տոկոսով։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

