
Խաղաղության խաչմերուկը վերածվում է միակողմանի անցումային գծի, որի շահառուն Հայաստանը չէ. Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղու կառուցման մասին ակտիվ խոսվում է, Գյումրի-Ախուրյան հատվածի մասին՝ լռություն պահպանում. Շիրազ Խաչատրյան

Նիկոլ Փաշինյանը Չինաստանում տերմինաբանական բանավեճ է վարում, երբ Ալիևն օգտագործում է «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը, Թուրքիայի նախագահ Էրդողանն արձագանքում է Փաշինյանի տերմինաբանական անհամաձայնությանը և վստահեցնում, որ Ալիևը և Փաշինյանն այս հարցում նույն ուղղությամբ են նայում, իսկ Իրանը շարունակում է պնդել՝ չի հանդուրժելու արտատարածքային ոչ մի ուժի ներկայություն:
Իսկ այս ամենից առաջ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույցներից մեկում հայտարարում է. «99 տարվա մասին խոսակցությունն առայժմ որևէ աղերս չունի իրականության հետ: Ինչո՞ւ եմ ասում` առայժմ. ուզում եմ նորից շեշտել` պայմանավորվածություն կա այն բաների մասին, որը գրված է և հրապարակված»:
Այս հայտարարությանը հաջորդում են տեղեկություններ, որ «Թրամփի ուղու» հարցով հաջորդ շաբաթ ամերիկացիների խումբ կգա Հայաստան, ինչը լրագրողների հետ ճեպազրույցում
Աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանը հնարավոր է համարել, ըստ էության:
Այս և այլ հարցերի և իրողությունների շուրջ 168.am-ը զրուցել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանի հետ:
– Իսկ ինչ-որ մեկին պա՞րզ է, թե վաշինգտոնյան պայմանավորվածություններից հետո ինչ ուղղությամբ ենք շարժվելու։ Կա՞ հրապարակված փաստաթուղթ կամ իրական ճանապարհային քարտեզ։ Ասեմ, որ հիմնական խնդիրներից մեկն այդ փաստաթղթերի, այսպես ասած, թաքցված լինելու մեջ է։ Վաշինգտոնյան գործընթացից հետո թեև հնչել են «պայմանավորվածություններ հաստատելու» մասին հայտարարություններ, սակայն դրանք մնում են առանց հրապարակված իրավական բազայի։ Իսկ այս պայմաններում տերմինաբանական մանիպուլյացիաները վերածվել են «քաղաքական զենքի», հատկապես՝ ադրբեջանական կողմի համար, որը խիստ հետևողականորեն առաջ է տանում «միջանցքի» օրակարգը, իսկ հայկական կողմն էլ փորձում է սահմանափակել դիսկուրսն «անցուղու» կամ պարզապես «տրանսպորտային կոմունիկացիայի» տրամաբանության մեջ՝ առանց որևէ փաստաթուղթ ներկայացնելու։ Նույն մանիպուլյացիան կիրառել է նաև Միրզոյանն իր վերջին հարցազրույցում՝ կապված ճանապարհի վերահսկողության ժամկետների հետ։ Ու քանի դեռ հասարակությունը չի տեսնում պայմանավորվածությունների իրական բովանդակությունը, չի լինելու վստահություն ներկայացված խաղի կանոնների վերաբերյալ։
– Իրականում տեխնիկապես արդյո՞ք այդքան հեշտ է միջանցքի կամ ճանապարհի կազմակերպումը:
– Նորից եմ կրկնում՝ այս պահին նույնիսկ Վաշինգտոնում, Բրյուսելում կամ Մոսկվայում կայացած որևէ բանակցությունից հետո չկա հրապարակված որևէ փաստաթուղթ, որը միանշանակ և տեխնիկապես կարող է նկարագրել, թե ինչ է լինելու Սյունիքում, ի՞նչ կարգավիճակով է բացվելու ճանապարհը, այն միջա՞նցք է, թե՞ ճանապարհ։ Իսկ առանց այն հարցի՝ ո՞վ է վերահսկելու այն, ի՞նչ ռեժիմով, ի՞նչ ինստիտուտներով, ո՞ր պետական կամ միջազգային ինստիտուտներն են ներգրավվելու, դժվար է ռեալ պատկեր նկարագրել։
Մինչև որևէ միջազգային, տարածաշրջանային կամ երկկողմ համաձայնություն չհստակեցվի հրապարակային փաստաթղթով, ցանկացած հայտարարություն կամ մեկնաբանություն՝ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի կամ միջազգային դերակատարների կողմից, մնալու է բացառապես քաղաքական մանևրի դաշտում, առանց իրական իրավական բազայի։ Իսկ առանց փաստաթղթային հիմքի, հստակ վերահսկողական մեխանիզմների ու ինստիտուցիոնալ պատասխանատվության, Սյունիքի տարածքում ցանկացած փոփոխություն կարող է վերաճել անդառնալի հետևանքների՝ պետականության ու տարածաշրջանային կայունության տեսանկյունից։
– Ի դեպ, կարծես թե անտեսվում է Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկը», քանի որ խոսվում է Նախիջևանի հետ կապ ապահովելու համար Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գիծ կառուցելու մասին, բայց Գյումրիի մասին խոսք չկա, թեպետ «Խաղաղության խաչմերուկում» խոսվում է Գյումրի-Ախուրյան երկաթգծի վերականգնման մասին:
– Այո, շատ կարևոր դիտարկում-հարցադրում եք անում, քանի որ ակտիվորեն շրջանառվող Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղու շինարարության ծրագրի վերաբերյալ տեղեկություններին զուգահեռ՝ պաշտոնական հայտարարություններում Գյումրի-Ախուրյան հատվածի մասին լռություն է պահպանվում։ Սա հակասում է հենց Փաշինյանի կողմից ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը, որի բաղադրիչներից մեկը հենց այդ երկաթգծի վերագործարկումն էր։
Եթե ադրբեջանա-թուրքական ծրագրով հնարավոր է դառնում շրջանցել Հայաստանը՝ Թուրքիայից անմիջական երկաթուղային ելք ունենալով Նախիջևան, ապա այդ դեպքում Հայաստանը դուրս է մնում տարածաշրջանային լոգիստիկ քարտեզից, իսկ խոստացված, այսպես ասած, խաղաղության խաչմերուկն իրականում վերածվում է միակողմանի անցումային գծի, որի շահառուն Հայաստանը չէ։
Այս պարագայում ոչ միայն երկաթուղային ծրագրերն են միակողմանի զարգացվում Հայաստանի հաշվին, այլև զուգահեռաբար ՀՀ-ն ստիպված է լինում գնալ զիջումների՝ Սյունիքում ճանապարհային անցում ապահովելու ուղղությամբ՝ դեռևս անորոշ իրավական և ինստիտուցիոնալ պայմաններով։
– Օրերս Կովկասյան հարցերով փորձագետ Էհսան Մովահեդիանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով վաշինգտոնյան փաստաթղթերին՝ հայտարարել է, որ եթե Հայաստանի անվտանգային հարցերի հետ կապված մտահոգություններ, խնդիրներ լինեն, ապա Իրանը կարող է երաշխավորություն տալ այդ առումով: Ի՞նչ երաշխավորության մասին կարող է խոսք գնալ, ի՞նչ տեսքով:
– Կարող եմ ասել, որ Մովահեդիանի և այլ փորձագետների հայտարարությունները կարելի է համարել ոչ միայն բարեկամական աջակցություն Հայաստանին, այլ նաև Իրանի կողմից գործադրվող դիվանագիտական ճնշման ձև։ Իրանը նման հայտարարություններով փորձում է կանխել այն զարգացումները, որոնք կարող են Սյունիքը վերածել արտաքին ուժերի վերահսկողության տակ գտնվող «միջանցքի»։ Այլ կերպ ասած՝ Իրանը նման դիրքորոշումներով ուզում է սառեցնել «Զանգեզուրի միջանցքի» ծրագրի հնարավոր առաջխաղացումը՝ ի պաշտպանություն ինչպես Հայաստանի, այնպես էլ՝ սեփական տարածաշրջանային շահերի։
– Այս համատեքստում հարկ է նկատել, որ ռուսական կողմից վերջերս հիշեցրել են, որ 44-օրյա պատերազմի արդյունքում 3 եռակողմ փաստաթուղթ է ընդունվել, որոնց տակ կա իրենց ստորագրությունը և որոնք ուժի մեջ են, որտեղ խոսք կա ապաշրջափակման մասին, ի՞նչ է ուզում սրանով ասել Ռուսաստանը:
– Ռուսաստանի հիշեցումը եռակողմ փաստաթղթերի մասին (2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և 2021թ. նոյեմբերի 26-ի հայտարարությունները) միանշանակ պատահական չէ, այն մի քանի շերտ ունեցող մեսիջ է, որի նպատակը Ռուսաստանի՝ տարածաշրջանային ներկայության պահպանումն է և գործընթացների վերահսկման իրավունքի հիշեցումը։
Մոսկվան փորձում է պահպանել իր դերակատարությունը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերի շուրջ՝ որպես գլխավոր միջնորդ և անվտանգության երաշխավոր։ Դա ակնհայտ հակակշիռ է այլ միջնորդական հարթակների՝ վաշինգտոնյան կամ բրյուսելյան գործընթացների դեմ։ Այս փուլում, իհարկե, Ռուսաստանն ունի երկկողմանի ազդման լծակներ և հավակնություններ, սակայն միջազգային ճնշումների, Ուկրաինայի պատերազմի և տնտեսական ճգնաժամերի պայմաններում դրանք լիարժեք կիրառելը բարդ է լինելու իր համար։
– Այս պահի դրությամբ աշխարհաքաղաքական լուրջ վերաձևավորումներ են տեղի ունենում, և այս պայմաններում «Զանգեզուրի միջանցքի», ենթակառուցվածքների համար ո՞ր երկրների և գերտերությունների միջև է հիմնական մրցակցությունը, կամ՝ գուցե դաշինքների, ի՞նչ կարող ենք արձանագրել այս առումով, հաշվի առնելով Չինաստանի, Հնդկաստանի, Թուրքիայի, Իրանի, ՌԴ-ի, Արևմուտքի դերը և այլն:
– Գլոբալ ու տարածաշրջանային բոլոր ուժերը՝ Չինաստանից մինչև ԱՄՆ, Թուրքիայից մինչև Հնդկաստան, փորձում են այդ տարածքում հաստատել իրենց ազդեցությունը, սակայն բոլորն էլ տարբեր՝ միմյանց հաճախ հակասող շահերով։
Օրինակ, Չինաստանը «Զանգեզուրի միջանցքը» դիտարկում է՝ որպես «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության տարանցիկ ենթակառուցվածքներից մեկը, բայց առանց շտապողականության։ Չինաստանը խուսափում է լարվածության գոտի մտնելուց, սակայն տնտեսական դիվանագիտության և ենթակառուցվածքային ներդրումների միջոցով պարբերաբար ամրապնդում է իր ներկայությունը տարածաշրջանում։ Հնդկաստանը հանդես է գալիս ի հակակշիռ Չինաստան-Պակիստան «տնտեսական միջանցքի»՝ նախընտրելով «Հնդկաստան-Իրան-Հայաստան» առանցքը, Թուրքիան դիտարկում է այս միջանցքը՝ որպես «թյուրքական աշխարհը» միավորող կենսական հանգույց, ինչն ունի ոչ միայն տնտեսական, այլև գաղափարաբանական և ռազմավարական նշանակություն։
Անկարան ձգտում է տարածել իր տնտեսական, մշակութային և նույնիսկ ռազմաքաղաքական ներկայությունը՝ աջակցելով Բաքվի միջանցքային օրակարգին։
Իրանի դիրքորոշումն իր տարածաշրջանային հեգեմոնիան պահպանելու և Հայաստան-Իրան ուղիղ կապը պաշտպանելու շահից է բխում։ Ռուսաստանը փորձում է պահպանել տարածաշրջանի նկատմամբ իր ազդեցությունը՝ փորձելով հանդես գալ որպես միջնորդ բոլոր բանակցային գործընթացներում։ Արևմուտքն էլ (ԱՄՆ, ԵՄ), ի հակառակ Ռուսաստանի, այստեղ ներկայումս հանդես է գալիս ինտենսիվ միջնորդի դերում․ Վաշինգտոնի և Բրյուսելի բանակցությունները հաճախ շեշտադրում են տարածաշրջանի հաղորդակցությունների ապաշրջափակման մասին, սակայն Արևմուտքի տեսլականը հիմնականում քաղաքական է՝ ուղղված տարածաշրջանային կայունության և Ռուսաստանի ազդեցության նվազեցմանը։
Այսպիսի բարդ և բազմաշերտ իրավիճակում, երբ տարածաշրջանում խաչաձևվում են ուժային կենտրոնների շահերը, ձևավորվում են մրցակցող դաշինքներ և առճակատվող աշխարհաքաղաքական օրակարգեր, Հայաստանի մոլորված, անորոշ ու չեզոքության պատրանք ստեղծող կեցվածքը կարող է վերածվել մեզ համար գոյաբանական սպառնալիքի։ Եթե այս իշխանությունները չձևակերպեն պետականորեն հստակեցված ռազմավարություն (որը երբեք տեսանելի չի եղել), ապա Հայաստանը ոչ միայն կկորցնի սուբյեկտայնությունը, այլև կվերածվի արտաքին ուժերի շահերի սպասարկման տարածքի։