Պատերազմ Իրանի դեմ. արդյո՞ք քրդերին կներքաշեն «ինքնասպան առաքելության» մեջ՝ հանուն Ամերիկայի և Իսրայելի շահերի

Իրանի հյուսիս-արևմուտքում Ուրմիայի շրջանում մեծանում է միջէթնիկական բախումների վտանգը

Չնայած վերջերս տեղի ունեցած ձախողմանը, Իրանի դեմ ենթադրյալ ցամաքային գործողությունում քրդական մարտական ջոկատների օգտագործման պլաններն ամենևին էլ չեն նետվել արխիվ: Այսպես, համենայնդեպս, հետևում է Իրաքի հյուսիսում գտնվող քրդական շրջանում տեղակայված «Հաբաթ» (պայքար) ազգայնական կազմակերպության առաջնորդ Բաբաշեյխ Հոսեյնիի վերջերս տված հարցազրույցից։

Նրա խոսքով՝ չնայած այն հանգամանքին, որ այս պահին ոչ մի գործողություն չի իրականացվում, ամերիկացիները կապի են դուրս գալիս և նախկինի պես դիտարկում են արշավի անցկացման հնարավորությունը: «Մենք երկար ենք պատրաստվել, և այժմ, երբ պայմաններն ավելի բարենպաստ են դարձել, մեծ է հավանականությունը, որ մենք կսկսենք գործել,– պարծեցել է Հոսեյնին՝ հավելելով,- Մենք դեռ վերջնական որոշում պետք է կայացնենք, բայց շատ հավանական է՝ սկսենք ցամաքային գործողություն»։

Նրա ղեկավարած խմբավորումը, որն ի սկզբանե հանդես էր գալիս կրոնական-ազգայնական կարգախոսների ներքո, մտավ այսպես կոչված «իրանական Քուրդիստանի քաղաքական ուժերի կոալիցիա» (ԻՔՔՈՒԿ), որը կոչված է լայն հիմքի վրա համախմբել տարբեր կուսակցություններին և խմբերին, որոնք մի շարք առանցքային հարցերի շուրջ ճիշտ հակառակ մոտեցումներ ունեն` ներառյալ վերաբերմունքը ամերիկա-իսրայելական ագրեսիայի նկատմամբ, որի ընթացքում քրդերին ծրագրվում է օգտագործել որպես «մարտական հետևակ» և մանրադրամ, ինչի մասին մանրամասն պատմում է ֆրանսաբնակ հայտնի լրագրող, ծագումով Թուրքիայից Ֆեհիմ Թաշտեկինը։

Կարդացեք նաև

Նրա խոսքով՝ հակամարտության ցանկացած էսկալացիա կարող է տարածաշրջանային լայն կոնֆլիկտ առաջացնել, և «եթե քրդական ուժերը ներքաշվեն Իրանի դեմ պատերազմի մեջ, ապա դա կարող է նրանց համար դառնալ ինքնասպան առաքելություն»:

Սպիտակ տնից շարունակում են բավականին կոշտ ձևով ճնշում գործադրել՝ քրդական ուժերից պահանջելով ակտիվ գործողություններ Իրանի արևմուտքում։ Հայտնի է՝Թրամփն անձամբ է զանգահարել քուրդ առաջնորդներին՝ առաջարկելով օդից աջակցություն և ինքնավարություն, ինչը, նկատենք, բավական շռայլ է թվում Դամասկոսին և Անկարային վերջերս քրդական «անդրեփրատի» հանձնման խորապատկերին։

Հաշվի առնելով այս և ավելի վաղ օրինակները՝ արժե արդյո՞ք զարմանալ քրդական միջավայրում Սպիտակ տան «գայթակղիչ» առաջարկների նկատմամբ միասնության բացակայության վրա, որոնք հղի են հերթական աղետով ինչպես քրդերի, այնպես էլ առանց բացառության նրանց բոլոր հարևանների համար։

Ոմանք, կարծես, պատրաստ են սահմանը հատել այն վերապահումով, որ առանց «ոչ թռիչքային գոտի» մտցնելու, ինչպես դա արվեց 1991 թվականից հետո Իրաքում, և ինչը Թրամփը չի տրամադրում, ցանկացած հարձակում կդառնա «մահապարտների առաքելություն»:Ոմանք փորձում են հետևել չեզոքության քաղաքականությանը՝ առանց հստակ աջակցություն հայտնելու հակամարտող կողմերից որևէ մեկին: Հայտնի է՝ Սուլեյմանիայի շրջանը վերահսկվում է Ջելյալ Թալաբանիի «Քուրդիստանի հայրենասիրական միության» կողմից, որը երկար ժամանակ սերտ կապեր էր պահպանում Իրանի հետ՝ աշխարհագրական սերտ հարևանության պատճառով:

Այս մասին հայտարարել է Իրաքի քրդական ինքնավարության ղեկավար Ջելալ Թալաբանին: Մարտի 6-ին Fox News 6 –ին տված հարցազրույցում Թալաբանին հաստատել է, որ քրդերը մտադիր չեն միջամտել պատերազմին:

Նրա խոսքով՝ «Քուրդիստանը պետք է կամուրջ լինի, այլ ոչ թե մարտադաշտ»՝ հավելելով, որ գտնվելով յուրահատուկ վիճակում՝ քրդերը կկարողանան իրենց դերը խաղալ դեէսկալացիայի գործում, երբ ժամանակը գա: Էրբիլում նաև շտապել են հերքել տեղեկություններն այն մասին, որ Քրդական ինքնավար շրջանի տարածքում տեղակայված զինված խմբավորումները պատրաստվում են հարձակումներ իրականացնել Իրանի ուղղությամբ:

Իր հերթին, մարտի 7-ին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտնել է «Իրաքի շրջանում (Քուրդիստան) անջատողական խմբավորումների երեք դիրքերի ուղղությամբ հարվածների մասին»: Եթե տարածաշրջանում անջատողական խմբավորումներն Իրանի տարածքային ամբողջականության դեմ ուղղված որևէ գործողություն ձեռնարկեն, մենք նրանց կջախջախենք»։

Բաղդադում, Անկարայում և տարածաշրջանում ամենուր տագնապով են հետևում տեղի ունեցող իրադարձություններին՝ վախենալով սահմանամերձ շրջաններում քրդական ջոկատների ակտիվության աճից, միջէթնիկական լարվածության ռիսկերից և Իրանից փախստականների ելքից բոլոր հնարավոր ուղղություններով։

Իրաքի վարչապետը մարտի 6-ին նախազգուշացրել է, որ Բաղդադը թույլ չի տա օգտագործել իր տարածքը հակամարտության ընդլայնման համար: Իրանի հետ 534 կիլոմետրանոց սահմանն ամրացնող Թուրքիայում ուշադրություն են դարձնում 1990-ականների վերջին Իրանում ծագած և Թուրքիայում արգելված «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության» (PKK) հետ «Քուրդիստանի ազատ կյանքի կուսակցության» (PJAK) ԻՔՔՈՒԿ-ին մասնակցությանը։

Վերջին տարիներին Իրաքի հյուսիսում տեղակայված բազաներից պարբերաբար հարձակումներ ձեռնարկելով՝ PJAK-ի զինյալներն այդպես էլ չկարողացան երկարատև ապստամբական շարժում կազմակերպել Իրանի արևմուտքում․ 2011 թվականից հետո հիմնականում կասեցրին իրենց ակտիվությունը, սակայն իրավիճակը կարող է կտրուկ փոխվել:

Քաջ գիտակցելով տարածաշրջանային լայնածավալ ապակայունացման անխուսափելիությունը՝ Էրդողանի կառավարությունը վերջին մի քանի տարիներին ձգտել է վերջ դնել երկրի հարավ-արևելքում բազմամյա հակամարտությանը՝ այստեղ գրանցելով որոշ հաջողություններ:

PKK-ի զինյալները հայտարարել են ինքնալուծարման և զինաթափման մասին Անկարայի և Թուրքիայի քրդերի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի միջև շարունակվող խաղաղ բանակցությունների շրջանակներում, որը 1999 թվականից ցմահ բանտարկություն է կրում թուրքական բանտում: Իսկ Իրանում նոր «առանց առաջնագծի» հայտնվելը կարող է բարդացնել զինաթափման առանց այդ էլ փխրուն գործընթացը՝ զենքը վայր չդնող արմատականներին նոր մարտադաշտ տրամադրելով։

«Դա հնարավոր ամենավատ գաղափարն է»,- մարտի 4-ին Pod Save the World փոդքաստում հայտարարել է Բարաք Օբամայի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի նախկին տեղակալ Բեն Ռոդսը՝ մեկնաբանելով քրդական խմբավորումներին զինելու պլանների մասին հաղորդագրությունները:

«Մենք տեսնում ենք, թե ինչպես են տարբեր հայացքներ ունեցող քրդական խմբավորումները միավորվում, դաշինքներ ստեղծում և հանդես գալիս համատեղ հայտարարություններով։Մենք ուշադիր հետևում ենք նրանց։  Մենք վերլուծում ենք, թե ինչ չափով են նրանք պայքարելու ռեժիմի դեմ, ինչ չափով՝ այլ էթնիկ խմբերի, որտեղ են նրանք, ինչն է նրանց նպատակը։ Մենք հետևում և վերլուծում ենք այս ամենը»,- մարտի 1-ին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար, հետախուզության նախկին երկարամյա ղեկավար Հաքան Ֆիդանը։

Այստեղ ակնհայտորեն նկատվում է միջէթնիկական բախումների ռիսկի ակնարկ Իրանի հյուսիս-արևմտյան նահանգներում՝ թյուրք-քրդական խառը բնակչությամբ։

Այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են Ուրմիան (արևմտյան Ադրբեջանի վարչական կենտրոնը, որը նույնպես ռմբակոծության է ենթարկվել) և շրջակայքում, բնակչության զգալի մասը թյուրքական (ադրբեջանական) բնակչություն է։ Զինված բախումների արեալի տարածումը բազմիցս բարձրացնում է Իրանի ներսում տարբեր էթնիկ խմբերի միջև քաղաքացիական պատերազմի ռիսկերը։

Վերջին տարիներին միջհամայնքային լարվածությունը ի հայտ է եկել երկու կողմերի բազմամարդ հավաքների և ցույցերի տեսքով, ինչպես դա եղավ 2025 թվականին Նավրուզի տոնակատարության ժամանակ: «Ուրմիան թուրքերինն է և կմնա թուրքական» կարգախոսները հարուցել են քուրդ ակտիվիստների վրդովմունքը:

Այս օրերին իրավիճակը քաղաքում նույնպես անհանգիստ է երկու կողմի ներկայացուցիչները դուրս են եկել փողոց։ Կենտրոնական իշխանության քայքայումը վերջնականապես կհանգեցնեի կրէերի բորբոքման՝ զգալիորեն բարձրացնելով զինված բախումների և փախստականների հոսքի ռիսկերը դեպի հարևան երկրներ՝ Թուրքիա, Հայաստան, Ադրբեջան՝ նրանց առջև բարդ մարտահրավերներ դնելով, որոնց պետք է ինչ-որ կերպ արձագանքել։

Օրինակ, սոցիալական ցանցերում կարելի է հանդիպել կոչերի, որ եթե Իրանում «ամերիկա-քրդական» ցամաքային գործողություն սկսվի, թուրքական բանակը պետք է դուրս բերել Ուրմիա-Թավրիզ գիծ՝ այնտեղի «թուրք» բնակչությանը պաշտպանելու պատրվակով։

Իր հերթին, Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունները հաճախ քննադատում են կառավարության միգրացիոն քաղաքականությունն՝ այդ հարցն օգտագործելով Էրդողանի վարչակազմի դեմ պայքարելու համար: Երկրում բնակություն հաստատած մի քանի միլիոն փախստականներ և Սիրիայից վերաբնակներ դարձել են ներքաղաքական լարվածության կարևոր գործոն, և միգրացիայի նոր ալիքը, որն այժմ արդեն Իրանից է, ակնհայտորեն կայունություն չի ավելացնի։

Իհարկե, Թրամփին, Նեթանյահուին առանձնապես չեն հուզում նման «մանրուքները»։  Ձգտելով ամեն գնով ջախջախել իրենց ատելի «այաթոլլաների ռեժիմը», նրանք կշարունակեն փորձել օգտագործել քրդերին, թուրքերին, բելուջներին, արաբներին և այլ փոքրամասնություններին՝ նրանց դարձնելով մանրադրամ իրենց արյունալի խաղի մեջ և զոհաբերելով նրանց, երբ դա անհրաժեշտ համարվի։

ԱՆԴՐԵՅ ԱՐԵՇԵՎ

fondsk.ru

Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի

Տեսանյութեր

Լրահոս