Նախիջևանի իրանական ԱԹՍ-ների միջադեպից հետո՝ թյուրքական բլոկի հանդիպում Ստամբուլում. Ի՞նչ է ծրագրում Թյուրքախոս պետությունների կազմակերպությունը
Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել պատերազմի ու օրերս Նախիջևանում իրանական ԱԹՍ-ների մասնակցությամբ Նախիջևանում գրանցված միջադեպի ֆոնին թյուրքական աշխարհը հանդես է եկել միասնական ճակատով:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) երկրների միասնական դիրքորոշման ձևավորման մասին՝ ի պատասխան արտաքին սպառնալիքների։
Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը Ստամբուլում անցկացրել է Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի ոչ պաշտոնական հանդիպում, որին մասնակցել են անդամ պետությունների ներկայացուցիչները և կազմակերպության գլխավոր քարտուղարը: Հաղորդագրությունների համաձայն, դիվանագետների ուշադրության կենտրոնում եղել են գլոբալ և տարածաշրջանային մարտահրավերները, որոնք թյուրքական աշխարհից պահանջում են համերաշխություն և «մեկ ձայնով» գործելու ունակություն:
Հանդիպման հիմնական արդյունքն, ըստ հրապարակման, եղել է Համատեղ հռչակագրի ընդունումը, որում կազմակերպության երկրները պաշտոնապես արտահայտել են իրենց հավաքական արձագանքը Թուրքիայի և Ադրբեջանի դեմ ուղղված հարձակումներին: «Խորհրդի մասնակիցները փաստաթղթում ամրագրել են անվտանգության անբաժանելիության սկզբունքը. հարձակումը կազմակերպության ցանկացած անդամի վրա լուրջ մտահոգության աղբյուր և սպառնալիք է մնացած բոլոր մասնակիցների համար»,- ասված էր հաղորդագրությունում:
«Մեր ընդունած Համատեղ հայտարարության մեջ մենք վճռականորեն ցուցադրել ենք մեր ընդհանուր արձագանքը մեր երկրի և Ադրբեջանի դեմ ուղղված հարձակումներին, ինչպես նաև համերաշխությունը մեր «ընտանեկան խորհրդի» ներսում: Մենք արձանագրել ենք, որ անդամներից մեկի վրա հարձակումը մտահոգության և սպառնալիքի աղբյուր է կազմակերպության բոլոր մասնակիցների համար»,- ընդգծել է Հաքան Ֆիդանը:
Նա նաև նշել է, որ կողմերը պայմանավորվել են անցնել արտաքին քաղաքականության առավել խորը համակարգման: Նրա խոսքով՝ թյուրքական պետություններն ունեն ընդհանուր կամք՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման համար: «Թյուրքական պետությունների կազմակերպությունը վճռականորեն շարունակելու է իր ջանքերը՝ ուղղված մեր տարածաշրջանում խաղաղության, կայունության և բարգավաճման ամրապնդմանը»,- եզրափակել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը:
Եվ այս ամենը՝ չնայած այն հանգամանքի, որ Իրանի նախագահն օրերս տեսաուղերձով մի քանի հետաքրքիր հայտարարություն արեց հարևան երկրներին հասցված հարվածների մասին․ «Անհրաժեշտ է, որ ես իմ կողմից ներողություն խնդրեմ այն հարևան երկրներից, որոնք հարձակման են ենթարկվել Իրանի կողմից։ Մեր առաջնորդը, մեր հրամանատարները և մեր աշակերտներն իրենց կյանքը կորցրեցին թշնամու վայրագ ագրեսիայի պատճառով։ Մեր զինված ուժերը պատրաստ են անձնազոհության. նրանք իրենց կյանքը դրել են ափի մեջ՝ պաշտպանելու երկրի տարածքային ամբողջականությունը։ Երբ հրամանատարները ներկա չէին, նրանք գործեցին սեփական նախաձեռնությամբ («կրակ՝ ըստ հայեցողության»)՝ անելով այն ամենը, ինչ անհրաժեշտ էր մեր հայրենիքը պատվով ու հզորությամբ պաշտպանելու համար։
Մենք մտադիր չենք հարևան երկրների դեմ ագրեսիա իրականացնել, նրանք մեր եղբայրներն են, և մենք ջանում ենք ձեռք ձեռքի տված նրանց հետ խաղաղություն ու անդորր հաստատել»,- նշել էր Փեզեշքիանը: Նա նաև հայտարարել էր, թե Առաջնորդության ժամանակավոր խորհրդում որոշել են և զինված ուժերին փոխանցել, որ այսուհետ հարևան երկրների վրա չպետք է հարձակվեն կամ հրթիռով հարվածեն, քանի դեռ այդ երկրներից հարձակում չի եղել մեր ուղղությամբ։ «Այս հարցերը մենք պետք է լուծենք միմյանց հետ դիվանագիտության միջոցով»,- հայտարարել էր Փեզեշքիանը: Այստեղ հարկ է նաև նկատել, որ մարտի 8-ի ուշ երեկոյան իրանական պետական լրատվամիջոցները հաղորդեցին Իրանի հոգևոր առաջնորդի պաշտոնում Ալի Խամենեիի որդու՝ Մոջթաբա Խամենեիի ընտրվելու մասին։
Մոջթաբա Խամենեին հայտնի է ռազմաքաղաքական էլիտայի՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ ամուր կապերով և Արևմուտքի նկատմամբ իր արմատական դիրքորոշումներով: Իրանական մի շարք թելեգրամյան տեղեկատվական ալիքների համաձայն, ընտրվելուց կարճ ժամանակ անց Իրանը վերսկսել է հարվածները Պարսից ծոցի երկրներից որոշների ուղղությամբ:
Այնուամենայնիվ այսօր հայտնի դարձավ, որ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույց է ունեցել և հայտարարել, որ Թեհրանը որևէ առնչություն չունի Նախիջևանում անօդաչու թռչող սարքերի հետ կապված միջադեպի հետ։ «Մարտի 8-ին իրանական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել նախագահներ Մասուդ Փեզեշքիանի և Իլհամ Ալիևի միջև հեռախոսազրույց։ Ադրբեջանի ղեկավարն ընդգծել է Նախիջևանում տեղի ունեցած միջադեպի հետաքննության կարևորությունը», – ասվում է հաղորդագրության մեջ։«Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Նախիջևանում ավիահարվածը որևէ առնչություն չունի Իրանի հետ, և ընդգծել է, որ միջադեպը կհետաքննվի», – հավելել է մամուլի ծառայությունը։ Եվ ըստ էության, ինչպես AZAL օդանավի միջադեպի պարագայում Ռուսաստանի նկատմամբ, այնպես էլ Նախիջևանի միջադեպի պարագայում Իրանի նկատմամբ ադրբեջանական կողմն ընթանում է նույն սցենարով՝ պահանջելով հետաքննություն, որից հետո ներողություն, փոխհատուցում՝ դրանով իսկ փորձելով հավելյալ կշիռ ու դեր հաղորդել Ադրբեջանին:
Ռուս արևելագետ, թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Թուրքիան ու Ադրբեջանն Ինջիրլիքի ու Նախիջևանի միջադեպերը փորձում են օգտագործել իրենց ու թյուրքական աշխարհի շահերի շուրջ լայն թյուրքական մոբիլիզացիա ապահովելու և թյուրքական մնացած երկրների աջակցությունն, ըստ անհրաժեշտության, ստանալու համար: Ըստ նրա, բնականաբար, Ստամբուլի թյուրքական երկրների ներկայացուցիչների հանդիպումը նպատակ ունի առաջ մղել Թուրքիայի ու Ադրբեջանի շահերը:
«Արդեն տևական ժամանակ է, ինչ Թուրքիան ու Ադրբեջանը, հանդես գալով առաջնորդող երկրների դիրքերից, խորացնում են թյուրքախոս երկրների կազմակերպության անդամ երկրների միջև համագործակցությունը, մասնավորապես՝ Ղազախստանի հետ, փորձելով Արևմուտքին առաջարկել Միջին միջանցք ծրագիրը:
Այսինքն՝ այս մերձեցումն ամենևին էլ պատահականություն չէ կամ ինչ-որ միջադեպերի հետևանք չէ, այլ տրամաբանական շարունակություն արդեն իսկ ընթացող քաղաքականության: Աշխարհաքաղաքական բոլոր զարգացումները պետք է դիտարկել ընդհանուր միտումների տեսանկյունից: Եվ պատահական չէ, որ սկսվել է Իրանի դեմ գլոբալ պատերազմը, այդ ֆոնին փորձում են էլ ավելի ամրապնդվել Թուրքիան, Ադրբեջանը, որոնք Իրանի հանդեպ զգուշավորություն են ցուցաբերում: Միևնույն ժամանակ նման հանդիպումները և մոբիլիզացիան միտված են ուժ ցուցադրել»,- վերլուծեց փորձագետը:
Նրա որակմամբ, Իրանի դիմակայությունն ԱՄՆ-ին ու Իսրայելին դեռ շատ զարգացումներ զսպում ու կառավարում է, այդ թվում՝ թուրքական ազդեցության խորացումը:
Ինչ վերաբերում է Հարավային Կովկասին ու Հայաստանին, Վիկտոր Նադեի -Ռաևսկին ասաց, որ այս միտումներն անմիջականորեն վերաբերում են Հայաստանին ու Հարավային Կովկասին, որտեղ էլ Թուրքիան իր գործընկերների հետ փորձում է է՛լ ավելի ամրապնդվել, ամրանալ, շարունակելով վերջին տարիների միտումները:
«Այստեղ Հայաստանի համար կան և մարտահրավերներ, և հնարավորություններ: Գլխավորն այն է, որ Ադրբեջանը ռազմական հարցերում կարող է իրեն ներկայացնել ոչ թե միայնակ, այլ թյուրքական բլոկի մաս։ Նախիջևանը ռազմավարական կարևոր հենակետ է դառնում Ադրբեջանի համար։ Եվ այս ուղղության վրա գուցե սկսվեն համատեղ զորավարժություններ և այլն Իրանին ուժ ցույց տալու համար, սա, բնականաբար, նոր իրավիճակ կլինի Հայաստանի հարավի համար:
Եթե Իրանի հետ լարվածությունը շարունակվի, Հայաստանը կարող է հայտնվել բարդ իրավիճակում՝ մի կողմից՝ Իրանի հետ համագործակցության անհրաժեշտություն, մյուս կողմից՝ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից առաջնորդվող թյուրքական բլոկի քաղաքական ճնշում և այդ ազդեցության խորացում ռեգիոնում: Մարտրահրավերները դեռ խորանում են»,- ասաց Վիկտոր Նադեին-Ռաևսկին:




