
Էրդողանի պատասխանը՝ Փաշինյանի տերմինաբանական անհամաձայնությանը. Ալիևը և Փաշինյանը մեկ ուղղությամբ են նայում

Սեպտեմբերի 1-ին Թիենծին քաղաքում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահն իր ելույթում օգտագործել է «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը:
««Զանգեզուրի միջանցքը» շուտով կդառնա Միջին միջանցքի և Հյուսիս-Հարավ միջանցքի ևս մեկ կարևոր հատված, ինչը կամրապնդի խաղաղությունը, բազմակողմ գործընկերությունը և օգուտ կբերի Ադրբեջանի բոլոր մոտ և հեռավոր հարևաններին, որոնք գտնվում են երկրի սահմաններից արևելք, արևմուտք, հյուսիս և հարավ»:
Սա դուր չի եկել Նիկոլ Փաշինյանին, եթե չասենք՝ ձեռնտու չէր, և նա ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանն իր ելույթում արձագանքել է Ալիևի կողմից «Զանգեզուրի միջանցք» ձևակերպման կիրառմանը:
«Ուզում եմ ընդգծել, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ընդունած Հռչակագրում նաև համաձայնեցվել է որոշակի տերմինաբանություն, և կարծում եմ, որ ճշտված, համաձայնեցված այդ տերմինաբանության օգտագործումը կնպաստի կառուցողական մթնոլորտի և հետագա աշխատանքի իրացմանը:
Ուզում եմ գործընկերներին տեղյակ պահել նաև, որ, մասնավորապես, Ադրբեջանի նախագահի կողմից օգտագործվող բառապաշարը մեր կողմից չի ընկալվում այն տրամաբանության մեջ, որը մենք համաձայնեցրել ենք Վաշինգտոնում, մանավանդ որ այդ համաձայնությունների շրջանակներում Հայաստանի Հանրապետությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները կիրականացնեն հաղորդակցության ներդրումային ծրագիրը, որը կոչվում է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»,- հայտարարել է Փաշինյանը:
Հիշեցնենք, որ Ադրբեջան-Հայաստան-ԱՄՆ համատեղ հռչակագրի 4-րդ կետում նշվում է, որ «Հայաստանի Հանրապետությունն աշխատելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP)) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով»: Եվ հիմա, երբ Ալիևն այս համաձայնությունից շատ չանցած Չինաստանում չի օգտագործում այն տերմինոլոգիան, որն ամրագրված է վաշինգտոնյան փաստաթղթում, կարո՞ղ ենք ենթադրել, որ Ադրբեջանի նախագահը պարզապես իրերն իր անունով է կոչում, և անկախ նրանից, թե ինչպես կկոչվի այդ ճանապարհը, այն ադրբեջանական կողմի համար իր կարգավիճակով «Զանգեզուրի միջանցք է»:
Այլ հարց է՝ Փաշինյանը հասկանո՞ւմ է այս պարզ ճշմարտությունը և մանիպուլացնում հայ հանրությանը, թե՞ կարծում է՝ ստորագրել է ոչ միջանցքային տրամաբանության նախագծի տակ և հիմա զուտ արձանագրում է Ադրբեջանի նախագահի պայմանավորվածության խախտումը:
Իհարկե, վերջինը ևս լավ բանի մասին չի վկայում, որովհետև նույն հաջողությամբ կարող են խախտվել Հայաստան-Ադրբեջան նախաստորագրված համաձայնագրի մյուս կետերը, այդ թվում՝ ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքի կիրառել-չկիրառելու վերաբերյալ:
Այսինքն, էսկալացիայի հնարավորություն կա, հատկապես, եթե հաշվի առնենք հենց Փաշինյանի ձևակերպումը, որ միջանցքային տրամաբանությունից դուրս «տերմինաբանության օգտագործումն է նպաստելու կառուցողական մթնոլորտի և հետագա աշխատանքի իրացմանը»: Այլ կերպ՝ միջանցքային տրամաբանության մեջ Ալիևի պահանջները հակառակ էֆեկտն են ունենալու, և այս դեպքում ավելորդ շտապողականություն են դառնում Փաշինյանի և նրա իշխանության պնդումները, թե այլևս խաղաղություն է հաստատված Հայաստանի և Ադրբեջանի միջև, զինվոր սահմանին չի զոհվելու:
Այս համատեքստում հարկ է չշրջանցել Հայաստան-Պակիստան դիվանագիտության հարաբերություններ հաստատելու ձգտումը, ինչը ՀՀ-ի դեպքում, մեղմ ասած, խնդրահարույց է, եթե հաշվի առնենք Հայաստան-Հնդկաստան ռազմատեխնիկական համագործակցությունը և ոչ միայն: Երկրորդ, սա ոչ թե հայկական դիվանագիտության ձեռքբերումն է, այլ Ադրբեջանի և Թուրքիայի հուշմամբ և համաձայնությամբ Պակիստանի հեռահար քայլը, ինչի մասին կողմերը նույնիսկ չեն էլ թաքցնում:
Մասնավորապես, ադրբեջանական լրատվամիջոցներից մեկում հրապարակված հոդվածում հեղինակ Ֆարհադ Մամեդովը նշում է.
«Հարավային Կովկասում նոր գործոնի հայտնվելը՝ ի դեմս Հնդկաստանի, մարտահրավեր էր Ադրբեջան-Պակիստան-Թուրքիա առանցքի համար: Պաշտոնական Նյու Դելին, այս կոալիցիայի հզորացումից «ապահովագրվելով», օգտագործեց եղած վակուումը, որն առաջացել էր Հայաստանում Ռուսաստանի դիրքերի թուլացումից, և դարձավ պաշտոնական Երևանին հիմնական զենքի մատակարարը:
Եվ սրանից հետո Հարավային Կովկասը դարձավ ոչ միայն տարածաշրջանային, այլև գլոբալ մրցակցության հարթակ, որի շրջանակում Հնդկաստանը հակադրվում է Ադրբեջան-Թուրքիա-Պակիստան տանդեմին, իսկ Չինաստանը միաժամանակ իր դիրքերն է ուժեղացնում և՛Կենտրոնական Ասիայում, և՛ Հարավային Կովկասում՝ գործընկերություն հաստատելով և՛ Բաքվի, և՛ Երևանի հետ: Եվ այս պայմաններում Պակիստանը, օգտվելով վաշինգտոնյան հանդիպումների բարենպաստ ֆոնից, որոշեց գնալ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման: Այս քայլը ոչ միայն սիմվոլիկ է, այլ առաջին հերթին պրագմատիկ բնույթի, քանի որ Իսլամաբադի առաջ բացում է տարածաշրջանային գործընթացներին մասնակցություն ապահովելու և անվտանգային նոր ճարտարապետության մեջ սեփական ներկայությունն ամրապնդելու հնարավորություն»:
Դեռ այս տարվա մայիսին էին ադրբեջանական վերլուծական մակարդակում ակնարկել, որ տարածաշրջանում, ըստ էության, Հնդկաստան-Իրան-Հայաստան եռյակը գործում է ընդդեմ Ադրբեջան-Թուրքիա-Պակիստան դաշինքի՝ նշելով, որ Հարավային Կովկասում տարանցիկ երթուղիների խնդիրը վաղուց դուրս է եկել տարածաշրջանային լոգիստիկ շրջանակից, որը վերածվել է գլխավոր խաղացողների աշխարհաքաղաքական մրցակցության հարթակի:
Եվ որ Հնդկաստանի համար «Զանգեզուրի միջանցքի» ճակատագիրը հատուկ նշանակություն է ստանում՝ և՛ Չինաստանի հետ ռազմավարական մրցակցության համատեքստում, և՛ Պակիստան-Թուրքիա-Ադրբեջան առանցքի: Բնականաբար, չէր անտեսվել, որ Թուրքիան և Ադրբեջանը, օգտագործելով Պակիստանի աջակցությունը, իրենց օրակարգն են առաջ մղում՝ ապավինելով ամուր դաշինքներին և ակտիվ ենթակառուցվածքային դիպլոմատիային:
Իր հերթին, «The Central Asia-Caucasus Analyst»-ը նկատել էր, որ տարածաշրջանում ձևավորվել է իրար հետ մրցակցող երկու բլոկ՝ «երեք եղբայր» կամ Ադրբեջան-Թուրքիա-Պակիստան և Հայաստան-Ֆրանսիա-Հնդկաստան:
168.am-ը գրել էր, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմում է դրվել Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան աշխարհաքաղաքական նախագծի սկիզբը, և, որ Պակիստանն իր մասնակցությունն արցախյան պատերազմին ապահովել է առաջին հերթին Թուրքիայի հետ ունեցած հարաբերություններից ելնելով, իսկ Ադրբեջանի հետ ռազմավարական հարաբերություններ հաստատել է միայն պատերազմից հետո: Այս ամենն ավելի ուշ հաստատել էր պաշտոնական Իսլամաբադը՝ ի դեմս վարչապետ Շահբազ Շարիֆի:
Այսինքն, այստեղ Հայաստանի հետ հարաբերությունների հաստատման գնալու փորձեր անելով, ինչպես արդեն նշեցինք, Պակիստանը հեռահար նպատակներ է հետապնդում, որտեղ հաշվի են առնվել նաև Ադրբեջանի և Թուրքիայի շահերը: Ասվածի վերջին թարմ օրինակը. Պակիստանն արգելափակել է ՇՀԿ-ին Հայաստանի անդամակցությունը, և դա արել է՝ որպես պատասխան Ադրբեջանի նկատմամբ Հնդկաստանի նմանօրինակ քայլի:
Ինչ վերաբերում է Հայաստանին Հնդկաստանի զենքի մատակարարման նպատակներին, չի բացառվում, որ այստեղ Պակիստան-Ադրբեջան-Թուրքիա դաշինքին հակադրվելու խնդիր կար, հատկապես, երբ Պակիստանն էլ Ադրբեջանին է զենք վաճառում: Այսինքն, այս քայլն աշխարհաքաղաքական շարժառիթներ ուներ, հատկապես, երբ, ինչպես վերջերս Թուրքիայի նախագահ Էրդողանն էր ասել՝ բարեկամ և դաշնակից երկրներին սպառազինություն մատակարարելն է նաև նպաստում դիպլոմատիայի արդյունավետության բարձրացմանը:
Հիշեցնենք, որ Հայաստանին զենքի մատակարարման սկզբնական շրջանում հնդկական կողմը դրանից դժգոհող Ադրբեջանին հավաստիացրել էր, որ Հնդկաստանի պաշտոնական դիրքորոշումն այն է, որ Հայաստանին զենքի մատակարարումը չպետք է պայմանավորել Ադրբեջանի՝ Թուրքիայի և Պակիստանի հետ գոյություն ունեցող բարեկամական հարաբերություններով, դա պետք է դիտարկել՝ որպես կոմերցիա, բիզնես, ոչ թե Ադրբեջանին վնասելու գործողություն: Այսինքն՝ «ничего личного, это просто бизнес». Իհարկե, սա ևս մոտ է ճշմարտությանը, որ Հայաստանին զենք վաճառելով՝ Հնդկաստանն իր տեղն ամրապնդեց զենքի առևտրի համաշխարհային շուկայում, թեև դուցե Հայաստանն էլ այդ պահին որոշակի խնդիրներ լուծեց:
Վերադառնալով «Զանգեզուրի միջանցքի» շուրջ Փաշինյան-Ալիև տերմինաբանական «բանավեճին», հավելենք, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ այս հարցում տարաձայնություններ չկան, ինչին հանգել է Չինաստանում նրանց հետ առանձին հանդիպումներից:
«Ես տեսա, որ և՛ Ալիևը, և՛ Փաշինյանը նույն դիրքորոշումն ունեն: Նրանք մեկ ուղղությամբ են նայում: Որևէ խնդիր և տարաձայնություն չկա «Զանգեզուրի միջանցքի» հարցում»,- լրագրողների հետ զրույցում ասել է Էրդողանը: