«Ուրբաթ օրը Վահագն Չախալյանի մոտ ցավեր են սկսվել, միայն 2-րդ թե 3-րդ օրն են մի հատ ցավազրկող սրսկել. մի քանի օր պահել էին պատժիչ խցում՝ սառը պայմաններում». Փաստաբան
Նախորդ տարվա հուլիսի 5-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ «Կամք» հասարակական նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանը 2 ամսով կալանավորվել էր։ Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 43-308-րդ հոդվածի 1-ին մասով՝ իշխանության յուրացման նախապատրաստում) և 43-419-րդ հոդվածի 1-ին մասով՝ ահաբեկչություն նախապատրաստելը։
Նրան մեղադրում են այն ամենի համար, ինչի համար «Սրբազան պայքարի» աջակիցներին. «իշխանության յուրացման և ահաբեկչության նախապատրաստման» համար։
Օրերս դատարանի որոշմամբ Վահագն Չախալյանի խափանման միջոց կալանավորումը փոխարինեվեց տնային կալանքով, նրա առողջական վիճակը վատ է։
Վահագն Չախալյանի փաստաբան Վրեժ Խաչիկյանի խոսքով՝ մինչև քրեակատարողական հիմնարկից տնային կալանքի տեղափոխվելը, ուրբաթ երեկոյան նրա մոտ երիկամային ցավեր են սկսվել։
«Իմ պաշտպանյալն ունեցել է առողջական խնդիրներ, սակայն մինչ այդ պահը թույլ չի տրվել, որպեսզի դատարանում բարձրաձայնենք, բայց երիկամների հետ կապված բողոքներ չի ունեցել։ Այդ ամենը ի հայտ է եկել վերջին 8 ամիսներին կրած կալանքի ընթացքում։ Այս ընթացքում Վահագն Չախալյանին մի անգամ տարել էին պատժիչ խուց, նրան մի քանի օր պահել էին սառը պայմաններում։ Դիմել էինք ՄԻՊ-ին և միայն մեր կողմից խնդրի բարձրաձայնումից հետո պատժիչ խցում մի փոքր տաքացուցիչ միացրեցին։ Ուրբաթ օրը Վահագն Չախալյանի մոտ ցավեր են սկսվել, միայն 2-րդ թե 3-րդ օրն են բերել մի հատ ցավազրկող սրսկել։
Դրանից հետո նրան տեղափոխեցին «Իզմիրլյան» ԲԿ, հետազոտել են, պարզվել է՝ երիկամներում քար է եղել։ Կարելի է ասել, որ իմ պաշտպանյալի կյանքին այդ ժամանակ վտանգ է սպառնացել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Վրեժ Խաչիկյանը։
Փաստաբանի խոսքով, ըստ ենթադրյալ և կեղծ մեղադրանքի, «18 արդարները» մեղադրվում են իբր «ահաբեկչական խումբ» կազմելու և «ահաբեկչություն կազմակերպելու» համար։
«Վահագն Չախալյանը մեղադրվում է նրա համար, որ իր ազգանունն այդ ձայնագրություններում տվել են, իսկի Վահագն անունը չի եղել, այն ավելացրել է քննիչը կամ օպերատիվ աշխատակիցը, որի հետ կապված՝ մենք ավելի ուշ հաղորդումով հանդես կգանք։ Թե այդ ձայնագրություններում ով է կազմակերպիչը, ով օժանդակողը՝ հայտնի չէ, բոլորը կազմակերպիչ ու օժանդակող են, նման բան քրեաիրավական ոլորտում չի լինում»,- հավելեց մեր զրուցակիցը։
Վրեժ Խաչիկյանը շեշտեց, որ այդ ձայնագրություններում առանց անունի, ընդամենը ասվում է՝ Չախալյանը որտե՞ղ է և Չախալյանն ի՞նչ է ասել։
Շարունակելով, փաստաբանը նաև ասաց, որ «18 արդարների գործով», ցավոք, միայն Բագրատ սրբազանն է գտնվում անազատության մեջ։
«Վահագն Չախալյանն 8 ամիս անազատության մեջ է, նրա տունը գրավի տակ է, ո՞ր տղամարդն այդքան ժամանակ չաշխատի ու տունը նման վատ վիճակում չհայտնվի։ Դրա համար խնդրում էինք, որ փոխվի նրա խափանման միջոցը, ցավոք, դատարանը տնային կալանք տվեց 3 ամսով։ Մենք կարծում ենք, որ այս ընթացքում Վահագն Չախալյանի ելույթները դատարանում՝ ներկայիս իշխանությունների վերաբերյալ, որով ներկայացնում է իրական պատկերը, ազդեցություն է ունեցել դատարանի որոշման վրա: Այսինքն՝ իշխանությունների կողմից ուղղորդված գործընթաց է տեղի ունենում, ենթադրում ենք՝ դատարանն էլ այդ ուղղորդումը կատարում է։
Վստահ եմ՝ արդարադատություն իրականացնելու դեպքում բոլորն էլ պետք է արդարացվեն»,- ընդգծեց Վրեժ Խաչիկյանը:



