Վախ «դևերից». «Baku TV»-ի նոր անդրադարձը` «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամին

Օրերս Բաքու հեռուստաընկերությունը տեսանյութ հեռարձակեց «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի մասին։ Առիթը՝ Գեղարդի այն հրապարակումներն են, որ ի ցույց են դնում Ադրբեջանի անհիմն հավակնությունները հայկական պատմամշակութային ժառանգության նկատմամբ և մերկացնում «Արևմտյան Ադրբեջան» կոչվող հորինված թեզը։

Ըստ ալիևյան նոր՝ 2040 թվականի համար նախանշված մշակութային հայեցակարգի՝ Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիան և պետական այլ գերատեսչություններ զբաղվելու են մշակութային նոր քաղաքականությամբ՝ «յուրացնելու» հայկական ժառանգությունը։ Հատկապես ուշագրավ է հենց ակադեմիայի ընտրությունը՝ նույն այն հաստատության, որի վերջին երեք նախագահները ներկայումս դատապարտյալի աթոռին են կոռուպցիայի մեղադրանքով, այն ակադեմիայի, որի էլիտան օրերս խայտառակվեց, երբ համացանցում հրապարակվեցին ակադեմիայի տարեկան հաշվետու նիստին մասնակից ակադեմիկոսների քնաթոթով նկարները։

Ինչ խոսք, Ակադեմիայի ընտրությունն օտար սեփականության «յուրացման» համար արդարացված է փորձառու կառույց է։ Ադրբեջանի ակադեմիական միջավայրում օտարինը յուրացնելու հմտությունը հասցված է կատարելության՝ և ոչ միայն հայկական ժառանգության հաշվին։ Օրինակ՝ ակադեմիայի նախկին նախագահ Իսա Հաբիբբեյլին այնքան էր հաջողել «յուրացման գործում», որ նրա դուստրը Բեռլինում վիլլաներ էր գնել, միլիոնավոր դոլարների հաշիվներ բացել, իսկ ապօրինի գումարների գողության բացահայտումից հետո խայտառակվել ու խայտառակել և՛ հորը, և՛ ակադեմիան։ Պարզ ասած՝ ակադեմիան այն կառույցն է, որտեղ շարքային ադրբեջանցիների հարկերի ու պետբյուջեի միջոցների հաշվին ստեղծվում են «Արևմտյան Ադրբեջանի արվեստի և պատմության ուսումնասիրման կենտրոն»-ներ, տիեզերական ստերի, միֆերի ու հորինվածքի ուսումնասիրման կենտրոններ։ Ահռելի գումարներ են ծախսվում «Արևմտյան Ադրբեջան» հորինվածքի վրա, երբ Ադրբեջանում ծաղկում են աղքատությունն ու կոռուպցիան։ Ինչևէ, ակադեմիան յուրացման հմտություններ ունի, հետևաբար՝ ընտրությունն էլ տրամաբանական է։

Տեսանյութի ընթացքում «Բաքու» հեռուստաընկերության լրագրողներն առավել զավեշտալի դրության մեջ են հայտնվում, երբ փորձում են բացատրել «Գեղարդ» հիմնադրամի անվան ծագումը։ Սկզբում նրանք անհիմն ինքնավստահությամբ հայտարարում են, թե «Գեղարդը» «Էյրիվենգ» վանքի անվան նոր «կեղծումն» է հայերի կողմից։ Անգիտության բարձր մակարդակը թույլ չի տալիս «Բաքու» հեռուստաընկերությանը հասկանալ, որ նույն «Էյրիվենգ»-ը հայկական «Այրիվանք» անվան թյուրքական աղավաղված արտասանությունն է, և որ վանական համալիրը՝ Այրիվանքը, հայտնի է նաև Սուրբ Գեղարդ անվամբ։

Հաջորդիվ՝ լրագրողները երևակայական կտրուկ թռիչք են կատարում՝ Գեղարդը հայտարարելով «աղվանական-ղփչաղական» քրիստոնեական վանք։

Ի լուր «Բաքու» հեռուստաընկերության և «գիտական» կենտրոնների «կիսագրագետների»՝ հիշեցնենք, որ դեռևս 19-րդ դարի կեսերին, երբ «ադրբեջանցի» էթնոնիմ և Ադրբեջան անվամբ պետություն գոյություն չունեին, տարածաշրջանն ուսումնասիրող հայտնի հետազոտողներն ու արևելագետները գրում էին Գեղարդի մասին՝ վկայելով նրա հայկականությունը։ Օրինակ՝ ռուսական կայսերական ակադեմիայի անդամ Մ. Ֆ. Բրոսսեն 1849 թվականի իր հետազոտություններից մեկում գրել է.

«Si l’hiver eût été moins rigoureux, je désirais ardemment visiter du moins les couvents de Géghard; et de Khorvirap, et les ruines d’Ani.»
(«Եթե ձմեռը շատ խիստ չլիներ, ես մեծ սիրով կայցելեի գոնե Գեղարդի և Խոր Վիրապի վանքեր, ինչպես նաև՝ Անիի ավերակներ»։)

Կամ՝

«Au couvent de Géghard; ou Aïrivank, sur le mur d’une des églises souterraines, on lit…»
(«Գեղարդի կամ Այրիվանքի եկեղեցիներից մեկի պատին գրված է…»)։

Իսկ իռլանդացի հայտնի աշխարհագրագետ և հայագետ Հենրի Լինչը 1901 թվականին՝ Ադրբեջան պետության ստեղծումից ուղիղ 17 տարի առաջ, գրել է․

«Above the river are found the relics of the city of Garni; and, near the sources of the stream, at a distance of some five miles from Garni, the caves and monastery of Surb Geghard; reputed to have been founded by St. Gregory» («Գետի վերին հոսանքում գտնվում են Գառնի քաղաքի ավերակները, իսկ ակունքի մոտ՝ Գառնիից մոտ հինգ մղոն հեռավորության վրա, գտնվում են Սուրբ Գեղարդի քարայրերն ու վանքը, որը, ըստ ավանդության, հիմնել է Սուրբ Գրիգորը»։)

Ելնելով պատմական անհերքելի ապացույցներից՝ խորհուրդ կտանք «Բաքու» հետուստաընկերությանն փորձել այսուհետ ավելի զուսպ և գրագետ լինել, ինչպես նաև՝ հաշվի առնել Բրոսսեի, Լինչի և այլ հետազոտողների վկայություններն ու պատմական փաստերը, որոնք գրվել են շատ ավելի վաղ, քան ի հայտ են եկել «աղվանա-ղփչաղական» ադրբեջանցի փորձագետները։

Հարգելի՛ «Բաքու» հետուստաընկերություն, կովկասագետ Մ․ Բրոսսեն 1847–1848 թվականներին չէր կարող ենթադրել, որ երկու դար անց՝ ինչ-որ մեկը Գեղարդը կհայտարարի աղվանա-ղփչաղական։ Խնդրում ենք ըմբռնումով մոտենալ պատմական փաստերի գոյությանը․ դրանք պարտավոր չեն ադրբեջանական քարոզչության գույնը ունենալ։

Կեղծարարության նման տրամաբանությամբ «Բաքու» հեռուստաընկերությունը հաջորդիվ կարող է հայտարարել, թե Գեղարդը «աղվանա-ղփչաղա-ուգրո-ֆիննա-գերմանա-գագաուզական» վանք է․ իրականության հետ կապ չունեցող ցանկացած երևակայություն սպասելի է ադրբեջանական քարոզչամեքենայից։

Ստուգաբանական նման ֆանտազիաներից առաջ առաջարկում ենք «Բաքու» հեռուստաընկերությանը փորձել բացատրել, թե Բաքուն՝ Ադրբեջանի մայրաքաղաքի անվանումը, ինչ ստուգաբանություն ունի, և ինչո՞ւ այն կապ չունի «ադրբեջանցիների» հետ։ Օրինակ՝ ըստ խորհրդային արևելագիտության՝ Բաքու քաղաքի անունը ծագում է պարսկերեն «Բադ Կուբե» «քամահարվող, քամիներով ծեծվող» արտահայտությունից՝ (Սովետական Մեծ Հանրագիտարան, 3-րդ հրատարակություն, 1970, հ. 2, էջ 550–552)։ Այս տեսակետին ծանոթանալուց հետո հորդորում ենք հեռուստաընկերությանը հաջորդ տեսանյութում խուսափել Բաքուն ստուգաբանել իբրև «ադրբեջանական ծագման քամիներից ծեծվող» քաղաք։

Բաքվի և ժամանակակից Ադրբեջանի այլ քաղաքների տեղանուններում «ադրբեջանական հետք» գտնելն, իհարկե, անհնար է։ Բայց, հորդորում ենք՝ չվհատվել և շարունակել երևակայությամբ յուրացնել ու ադրբեջանական հայտարարել ցանկացած տեղանուն ու բնակավայր։ Օրինակ՝ Բաղդադը կարող եք ստուգաբանել որպես «bagh-dede» («պապիկիս այգին»), Բալի կղզին՝ « ադրբեջանական մեղրոտ կղզի» (bal՝ «մեղր» ադրբեջաներենում), Վարշավան՝ «var su» («ջուր կա») և այլն։

Տեսանյութում հայերը ներկայացվում են որպես ստախոսներ, Հայաստանի պատմությունը՝ որպես մեծ սուտ, իսկ հայերը՝ «ցեղասպան անցյալ ունեցող ժողովուրդ»։ Այսինքն՝ «Բաքու» հեռուստաընկերության լրագրողների մարազմատիկ տրամաբանությամբ հայերը՝ 1915–1923 թվականների ցեղասպանության զոհերը, մեղադրվում են ադրբեջանցիների նկատմամբ «ցեղասպան գործողությունների» մեջ։

Առանձին ուշադրության է արժանի նաև «Գեղարդ» հիմնադրամի վերաբերյալ հաղորդման լեզուն և տոնայնությունը։ Վիրավորանքները, կոպտությունը, «Գեղարդ»-ի դեմոնիզացումը/դիվայնացումը՝ «Բաքու» հեռուստաընկերության «էթիկային» հատուկ հատկանիշներից են։

«Բաքու» հեռուստաընկերության «էթիկայի» դրսևորումների գագաթնակետերից է հաղորդման այն հատվածը, որտեղ «Գեղարդ» հիմնադրամն անվանում են «դևերի որջ»։ Դժվար է ասել՝ այստեղ ինչի հետ գործ ունենք․ մանկական հոգեկան տրավմայի՞, թե՞ «Գեղարդ»-ի գիտակցված դիվայնացման։ Երկու տարբերակն էլ բացատրելի են գիտության տեսանկյունից։ Առաջինի դեպքում կարելի է սփոփել հեղինակներին․ դևեր և սատանաներ գոյություն չունեն․ համոզվելու համար խորհուրդ ենք տալիս դիմել հոգեբանների։

Երկրորդի դեպքում, եթե «Գեղարդ» հիմնադրամը դիտավորյալ դիվայնացվում է, ապա դա միայն մերկացնում է ադրբեջանական քարոզչամեքենայի վախերը, որոնք առաջացել են պատմական կեղծիքների բացահայտման ու հանրայնացման՝ հիմնադրամի հաջող գործունեության արդյունքում։

Ճիշտ է, «Գեղարդ» հիմնադրամի հետազոտողները, որոնց հաղորդման ընթացքում «դևեր» են անվանում, նման չեն «Բաքու» հեռուստաընկերության և քարոզչական այլ կենտրոնների «հրեշտակներին», որոնք բնակվում են ադրբեջանական քարոզչամեքենայի նավթադոլարային «դրախտում»։ Ի հակադրություն ձեզ՝ «Գեղարդ» հիմնադրամում աշխատում են մարդիկ՝ հետազոտողներ, որոնք զբաղվում են անաչառ գիտությամբ՝ հայագիտությամբ, արևելագիտությամբ և պատմագիտական այլ ուղղություններով ու բացահայտում պատմության և մշակույթի կեղծարարությունները թե՛ Հայաստանի, թե՛ հարևան երկրների ու ժողովուրդների վերաբերյալ։

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամ

Տեսանյութեր

Լրահոս