«Ալիևը որքան էլ կախվածություն ունի Իրանի դեմ պայքարող ուժերից, հասկանում է՝ Ադրբեջանին նման կարգի խնդիրների մեջ ներքաշելը հղի է վտանգներով». Տաթևիկ Հայրապետյան

Երեկ՝ մարտի 8-ին, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահի հետ, որի ընթացքում ասել է, որ Նախիջևանին հասցված օդային հարվածի միջադեպը կապ չունի Իրանի հետ, և ընդգծել, որ միջադեպը կհետաքննվի։

Այս ամենին զուգահեռ՝ Իրան-Իսրայել փոխադարձ հարվածները շարունակվում են։ Իսրայելի բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցնում Իրանի Սպահան քաղաքին՝ թիրախավորելով այնտեղ գտնվող անվտանգության ուժերին։

ԱՄՆ-ը և Իսրայելն Իրանի դեմ համատեղ ռազմական գործողություն են սկսել փետրվարի 28-ից՝ մեղադրելով Թեհրանին հրթիռային և միջուկային ծրագիրը զարգացնելու համար։

Իրանում տեղի ունեցող այս գործողությունների հետևանքով առաջացած սպառնալիքներից զերծ մնալու համար Հայաստանն ի՞նչ երաշխիքներ ունի, կարո՞ղ են լինել Ադրբեջան-Իրան հակասություններ։

Կարդացեք նաև

Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանի գնահատմամբ՝ Ադրբեջանը փորձում է ներկայանալ ինքնիշխան, «ատամ» է ցույց տալիս, որոշակի բնորոշումներ է անում, որոնք բավականին սուր են, օրինակ, պետությունն ահաբեկչական որակել, և այլն։ Սակայն, նրա գնահատմամբ՝ որոշակի ժամանակ հետո այդ լարումները սկսում են անկում ապրել, այսինքն՝ այդ արտաքին դրսևորումը միշտ կա, և կան ներքին գործընթացներ։

«Ներքին առումով, կարծում եմ՝ Ալիևը որքան էլ կախվածություն ունի Իրանի դեմ պայքարող ուժերից, այդ թվում՝ Իսրայելից, միևնույն ժամանակ ունի պրագմատիզմ, հասկանում է, որ Ադրբեջանին նման կարգի խնդիրների մեջ ներքաշելը հղի է բազմաթիվ վտանգներով, այդ թվում՝ իր իշխանության համար։ Մեծ հաշվով, որևէ մեկն արդյունքը չի կարող երաշխավորել, այսօրվա դրությամբ Իրանն այնպիսի իրավիճակում չէ, որ Ադրբեջանը մտածի՝ իր որևէ քայլ, գործողություն, սադրանք կարող է հակառակ էֆեկտն ունենալ։

Կարծում եմ՝ կա արտաքին կոմպոնենտը՝ Ալիևի հոխորտանքները, սպառնալիքները, բայց դրան զուգահեռ՝ տեսանք, որ նույն բեռնափոխադրումներն արդեն վերականգնվել են։ Այսինքն՝ կա բանակցային կոմպոնենտը, կա երևացող ու չերևացող մասեր, մենք տեսնում ենք երևացող մասերը, որոնք հաճախ ավելի կոշտ են լինում, հետո արդեն տեսնում ենք հարաբերությունների որոշակի կարգավորում»,- 168.am հետ զրույցում ասաց Տաթևիկ Հայրապետյանը։

Փորձագետի խոսքով՝ առհասարակ Ադրբեջանին այսպես հանդուգն դարձրեցին Իրանի, Ռուսաստանի դիրքորոշումներն Արցախի հակամարտության շրջանում, 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ։ Մեծ հաշվով, նրանք բացեցին «Պանդորայի արկղը», որը տարբեր իրավիճակներում տարբեր կերպ է դրսևորվում և արդեն դրսևորվել է։

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա Տաթևիկ Հայրապետյանն ասաց՝ իր բոլոր տեղեկությունները բաց աղբյուրներից են։

«Ժամանակին ես խոսում էի Ադրբեջանից եկող սպառնալիքների, վտանգների մասին, օրինակ, այդպիսին եղել է անցած տարվա գարնանը, 2023 թվականի սեպտեմբերին, Արցախի դեմ պատերազմից 1-2 ամիս առաջ, երբ Ադրբեջանի պետական հեռուստաընկերությունը բաց տեքստով դրա մասին խոսում էր։ Եթե բաց աղբյուրներում նման տեղեկատվություն չկա, կարծում եմ՝ չի կարելի նման ձևակերպումներ անել։

Իհարկե, ռիսկեր կան, մենք ապրում ենք մի մոլորակում, որտեղ իրադարձությունները շատ արագ են զարգանում, բնականաբար, այդ ամենը մենք պետք է հաշվի առնենք, Ադրբեջանի կողմի հայատյացության քարոզը չի ավարտվել, կա։ Բայց որ ասեմ՝ կա ուղիղ սպառնալիք, կամ վաղը հարձակում կլինի՝ վստահաբար նման բան չեմ կարող ասել։

Ցանկացած պետության անվտանգության միակ երաշխիքն առաջնահերթ զինված ուժերն է, խելացի դիվանագիտությունն ու պատրաստված հանրությունը։ Որքան էլ գերտերությունները փորձեն երաշխիքներ ստեղծել, ինչ-որ ժամանակ դրանք կաշխատեն, ինչ-որ ժամանակ հետո կփոխվեն. շահերը փոփոխվող են»,- հավելեց փորձագետը։

Այս համատեքստում մեր զրուցակիցը նաև շեշտեց՝ հայ հանրությունը խոցելի է տեղեկատվական տարբեր գործողությունների առաջ, երբ ապատեղեկատվություն է  լինում, համատարած խուճապ է սկսվում, ինչը լուրջ ռիսկեր է պարունակում։

«Կա երկու ծայրահեղություն՝ մի ծայրահեղությունն այն է, երբ իշխանությունը փորձում է ներկայացնել, որ ամեն ինչ հիասքանչ է, հոյակապ՝ անտեսելով արտաքին աշխարհում տեղի ունեցողը, և մեկ այլ ծայրահեղություն է, երբ ընդդիմադիր շրջանակները փորձում են ներկայացնել, թե վաղը հարձակվելու են Հայաստանի վրա։ Ըստ իս, այս երկու ծայրահեղություններից պետք է ձերբազատվենք, փորձենք սթափ լինել։

Ի վերջո, այս ընթացքում ընդդիմադիր դաշտում Արման Թաթոյանը խոսեց նախորդ տարվա ընթացքում ամռանը զորքերի առաջխաղացման մասին, ինչը փաստացի չհերքվեց։ Ի պատիվ իրեն, պետք է ասեմ, որ ստուգված տեղեկություն է ներկայացրել հանրությանը, սա շատ կարևոր է, որ աղբյուրը լինի հավաստի։ Փաստացի իշխանությունը հանրությունից թաքցրել է ադրբեջանական զինուժի առաջխաղացումը, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է, որ գործընթացները, թե իբր իրենք դուրս կբերվեն մեր տարածքներից՝ ամբողջությամբ կեղծիք են»,- ընդգծեց Տաթևիկ Հայրապետյանը։

Տեսանյութեր

Լրահոս