
Ո՞ՒՄ Է ՊԵՏՔ ԱՆԹԱՍԻԲ, ԱՌԱՆՑ ԱԶԳԱՅԻՆ ԷՔՍՊԱՆՍԻՈՆ ՆՊԱՏԱԿԻ, ՍՏԱՄՈՔՍՈՎ ԱՊՐՈՂ ՍՏՐՈՒԿՆԵՐԻ ՆԻԿՈԼԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ. #ԴԱՍԵՐ/10
«Դասեր» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրերն արևելագետ, իրանագետ Արտյոմ Տոնոյանն ու տնտեսագետ, պետական կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանն են։
Զրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
Արտյոմ Տոնոյան.- Մերձավոր Արևելքի տարածաշրջանը շատ հետաքրքիր փոփոխությունների մեջ է։ Լարվածություն կա Թուրքիա-Իրան, Ադրբեջան-Ռուսաստան հարաբերություններում, իրավիճակը կայուն չէ Վրաստանում, և այս ամենի մեջ՝ ինչպես է իրեն դիրքավորում Հայաստանը, գնահատելը բավականին բարդ է։
Հովհաննես Ավետիսյան.- Միաբևեռ աշխարհից անցում ենք կատարում բազմաբևեռ աշխարհի։ Այսինքն՝ եթե նախկինում աշխարհի ոստիկանի դերը կատարում էր ԱՄՆ-ը, հիմա՝ ուկրաինական կարգավորումից հետո, ստիպված է հաշվի նստել Ռուսաստանի հետ, ապա՝ Չինաստանի, ինչ-որ պահից նրանց կմիանա Հնդկաստանը։
Ամերիկյան և եվրոպական աշխարհներն իրենց զարգացման ներկայիս տեմպը պահելու համար շատ մեծ քանակի ռեսուրսների կարիք ունեն։ Օրինակ՝ Գերմանիան, որ համարվում էր Եվրոպայի Չինաստանը՝ արտահանման մեծ ծավալների համար, չի դիմանում։ Երկրի տնտեսությունը լուրջ խնդիրներ ունի այն բանից հետո, երբ պայմանավորված ռուս-ուկրաինական հակամարտությամբ՝ հրաժարվեց ռուսական գազից։
Ռուսաստանը Հարավային Կովկասում որոշումներ կայացնելու գերիշխող դիրք է ունենալու, որովհետև ԱՄՆ-ի այս վարչակազմը որոշել է, որ ռուսական ազդեցության գոտիներին մոտ չի գալու։
ԱՄՆ նախկին ադմինիստրացիան մտածում էր Հարավային Կովկասում թուրքական ազդեցության գործոնը մեծացնելու վերաբերյալ։ Թրամփի ադմինիստրացիան այդպես չի մտածում։
Երբ վերլուծում ենք Հայաստանի այս իշխանության՝ Նիկոլ Փաշինյանի կառավարության գործողությունները, տեսնում ենք, որ երկիրը ոչ թե ԵՄ են տանում, այլ թրքահպատակության։
Արտյոմ Տոնոյան.– Թուրքական մեծացած ազդեցություն Հարավային Կովկասում ու հատկապես Ադրբեջանում՝ բարդ է ասել, որ այն ընկալվելու է՝ որպես ռուսական ազդեցության գոտի։
Իրանը Թուրքմենչայի պայմանագրից հետո 200 տարի չի վիճարկել ռուսական հեգեմոնիան այս տարածաշրջանում, սակայն այլ կլինի իրավիճակը, եթե նման հավակնություն ունենա Թուրքիան։ Իրանը դա միանշանակ թույլ չի տա։ Հենց այդ համատեքստում էր Սյունիքում Իրանի հյուպատոսության բացման որոշման կայացումը։
Հովհաննես Ավետիսյան.– Պետությունները մշտապես իրար հետ հակամարտում են ռեսուրսների համար։ Եթե նայենք 2020թ․ պատերազմից առաջ եղած իրողություններին, կտեսնենք, որ Ադրբեջանը բրիտանական ընկերություններին հանքարդյունաբերության թույլտվություններ էր տվել այն տարածքներում, որոնք դեռ Արցախի տիրապետության տակ էին։ Իսկ բռնապետները հենց այնպես ոչինչ չեն անում։
Զանգեզուրի միջանցքը առաջին հերթին ու բացառապես պետք է թուրքական աշխարհին ու այդ պատճառով մեծ ռիսկ է Ռուսաստանի համար։ Այդ պատճառով էլ Ռուսաստանը պնդում է, որ ինքը պիտի վերահսկի Միջանցքը, որպեսզի անհրաժեշտության դեպքում կարողանա միջամտել։ Եթե Զանգեզուրի միջանցքը բացվի, ապա քարտեզի վրա կարող է լինել ձևական Հայաստան, բայց Հայաստանի ղեկավարը կնշանակվի Թուրքիայում։
Ընկալում կա, որ ով ատոմային զենք ունի, չի կարող պարտվել։ Սա է տրամաբանությունը, որ Իսրայելն էլ ունի ատոմային զենք։ Իրան-ԱՄՆ հակամարտությունը հենց այս պատճառով է սրվել։
Շատ լուրջ գիտատեխնիկական կարողություններ պահանջող է ինքնաթիռների, սուզանավերի արտադրությունը։ Թուրքիան, օրինակ, ինքնաթիռ չի կարողանում արտադրել, բայց աշխատում է այդ ուղղությամբ։
ԱՄՆ-ին Թուրքիայի ուժեղացումը չի անհանգստացնում, քանի որ, քանի դեռ Թուրքիան չունի ատոմային զենք, տեխնոլոգիապես զարգացած արտադրություն, Թուրքիան կառավարելի է լինելու։
Արցախի հայկական լինելը համադրելի չէ Հայաստանի՝ ԵՄ անդամության հետ։ Հետևաբար՝ այն մարդիկ, ովքեր քարոզում են ԵՄ անդամություն, ՆԱՏՕ-ի անդամություն, հակառուսականություն, հանդես են գալիս ոչ հայկական դիրքերից։
Եթե Հայաստանը ձգտի ինքնուրույնության, կհետաքրքրի աշխարհին, մասնավորապես՝ Ռուսաստանին, որովհետև միայն Հայաստանը կարող է Թուրքիայի էքսպանսիոն նպատակների դեմն առնել՝ ելնելով մեր գենետիկ ատելությունից։ Ռուսաստանին այս տարածաշրջանում պետք է ուժեղ Հայաստան, բայց եթե Հայաստանի իշխանությունն առանց դիմադրության հանձնում է ամեն ինչ ու համոզում է ժողովրդին հրաժարվել պետությունից, ոչ ոքի նման Հայաստանը պետք չէ։
Արտյոմ Տոնոյան.– Իրանը շատ հստակ է ասում՝ Զանգեզուրի միջանցքի բացումն իր համար մեծ խնդիր է։ Իրանը հայտնվում է, ինչպես իրենք են ասում, ՆԱՏՕ-ի Թուրանական միջանցքի շրջափակման մեջ։ Գոյաբանական վախ կոչվածը կա նաև Իրանի ռազմաքաղաքական ղեկավարության մոտ, ու պատահական չէ, որ պատերազմից անմիջապես հետո դրվեց Սյունիքում հյուպատոսություն բացելու հարցը։ Իրանի համար էական է սպառնալիքի չեզոքացումը ու Հայաստանի հետ անխափան կապի ապահովումը։
Թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանը պատրաստվում են այդ պայմանական Զանգեզուրի միջանցքի բացմանը։ Դուք նայեք՝ ճանապարհային ենթակառուցվածքների ինչ ծավալի շինարարություն է ընթանում այդ երկրներում։
Եթե կարդանք Խատիսյանի հուշերը, այնտեղ հստակ կա, որ 100 տարի առաջ էլ թուրքերը պահանջել են Հայաստանի հարավը։ 100 տարի անց նրանց նպատակները չեն փոխվել։
Հովհաննես Ավետիսյան.– Նիկոլ Փաշինյանի պատկերացրած Հայաստանը տարածաշրջանային հյուրատուն է, իսկ նրա ժողովորդը՝ անթասիբ, ստամոքսի համար ապրող ժողովուրդ, որը չունի ոչ մի ազգային նպատակ։
Արտյոմ Տոնոյան.– Հայաստանը մի խնդրի պատասխան, այնուամենայնիվ, պետք է գտնի։ Հաջորդ ազգային իշխանությունները պիտի ասեն, թե ինչ են անելու մեր անվտանգային ճարտարապետության հետ, եթե հանկարծ Ռուսաստանը հեռանա այս տարածաշրջանից։ Ի՞նչ դերակատարում է ունենալու Իրանն այդ պարագայում։
Հովհաննես Ավետիսյան.- Եթե ազգն իր առաջ չունի դրված էքսպանսիոն ազգային ծրագիր՝ Արցախ, Նախիջևան, Կարս շարունակական ծավալման հեռանկարով, մշտապես հանդես է գալու խեղճի, թույլի դիրքերից։ Ռուսաստանի 2 միլիոնանոց հայ համայնքը պիտի քաղաքականացվի, մենք պիտի անենք այն, Իսրայելն արել է ԱՄՆ-ում՝ գրավել քաղաքական միտքը։ Եթե դու հրաժարվում ես քո իրավունքներից, դառնում ես ստրուկ։
Պետության շուրջ պլանները չեն կարող չափվել մարդու կյանքի տևողությամբ, այն պիտի չափվի դարերով։ Եթե Իսրայելը նման կերպ մտածեր, չէր լինի այն, ինչ հիմա կա։ Նայե՛ք Ադրբեջանին։ Ոչ մի բան չունեն՝ ոչ պատմություն, ոչ լեզու, ու մի դինաստիա՝ Ալիևի գլխավորությամբ, չեղած ազգից մեծ պետություն է դարձնում, իսկ մենք մեր ունեցածը փոշիացնում ենք։
Ռուսաստանը սիրով է մասնակցելու Հայաստանի էքսպանսիոն նպատակներին։ Հենց հիմա Հայաստանի այս իշխանությունների գործունեության արդյունքում մենք այն գծի վրա ենք, որ դադարեցնում ենք մեր պետության գոյությունը՝ հրաժարվելով մեր իրավունքներից։ Մենք դեռ հնարավորություն ունենք Հայաստանն այս սարսափելի գծից հանելու։
Պետք է սովորել ու սովորել, ու գիտությունը մեզ ուժ կտա՝ դիմագրավելու այդ մարտահրավերներին։ Գերտերություններին խեղճ պետություններ պետք չեն։ Այն օրը, երբ Իսրայելը հրաժարվի իր գերնպատակներից, ԱՄՆ-ը նրան դեն է շպրտելու։
Այս աղետալի իշխանության գործունեության արդյունքում երկիրը խրվել է պարտքերի մեջ, և տրված պարտքի տոկոսները շարունակաբար աճելու են։ 2018թ.-ից սկսած՝ մեր պարտքը կրկնապատկվել է և մյուս տարի կհասնի 14 միլիարդ դոլարի։ Ու ցավալին այն է, որ այդ պարտքն ուղղվում է ընթացիկ ծախսերին։ Մեր պարտքն ավելի արագ է աճում, քան տնտեսությունը, ու սա աղետալի է։ Ներդրում այստեղ չի լինելու, որովհետև ներդրողը տեսնում է, որ այդ երկրի վարչապետը շարունակաբար խոսում է զիջումների՝ տարածքներ հանձնելու, ուրիշի պահանջով Սահմանադրություն փոխելու մասին… Ո՞վ է վստահելու այսպիսի պետությանը։
Արտյոմ Տոնոյան.- Բաքվից գերիներին վերադարձնելու պատասխանատուն այսօրվա իշխանություններն են, ու բնական է, որ մարդիկ հենց նրանցից են պահանջում գործողություններ։ 1918թ․ մենք մոտ 10 000 ադրբեջանցի գերիներ ենք ունեցել, և Իրանի հյուպատոսն է խնդրել մեզ ազատ արձակել նրանց, միջամտել, որ մենք՝ որպես բարի կամքի դրսևորում, գնացել ենք այդ քայլին։ Այսօր էլ կարելի է դիմել Իրանին, հիշեցնել այս պատմական օրինակը, խնդրել, որ հիմա նույնպես դիմեն Ադրբեջանին՝ վերադարձնել մեր գերիներին։ Պետք է դիմել նաև այլ բարեկամ երկրներին։
Հովհաննես Ավետիսյան.- Երբ տվյալ պահի իշխանությունը չի զբաղվում մարդկանց անվտանգության հարցերով, որը պետության գլխավոր գործառույթն է, նա դնում է պետություն դադարեցնելու հիմքերը։ Գերիներին վերադարձնելն այդ գործառույթներից է։ Ալիևն այս պրոցեսը՝ դատավարություն կոչվածը, մեզ՝ հայերիս, ստորացնելու համար է անում։ Ցույց է տալիս աշխարհին, որ Հայաստան պետությունը չի գալիս իր գերիների հետևից, որ հաջորդ անգամ մարդիկ չգնան կռվելու։ Ալիևն ու Փաշինյանը, ձեռք ձեռքի տված, քանդում են մեր պետությունը։ Սրա դեմն առնելու համար թիվ մեկ խնդիրն իշխանության փոփոխությունն է։ Իսկ դա անելու համար պետք է լուծել խմբային առաջնորդության խնդիրը։
Արտյոմ Տոնոյան.- Մեր երկրում վերից վար չկա պատասխանատվության ինստիտուտ։ Համատարած անպատասխանատվություն է։
Արցախի վերաազատագրումը պետք է լինի մեր թիվ մեկ նպատակը։ Համաձայն եմ, առաջնորդության հետ մեկտեղ՝ պետք է դրվի օրակարգի ու ազգային իղձի հարցը։ Իսկ Արցախի վերաազատագրումը պետք է լինի գերնպատակ։ Չպետք է թույլ տալ, որ մեր աչքի դիմաց մեզնից խլված հայկական տարածքն անցնի նույն այն ճանապարհը, ինչ մեր պատմական հայրենիքի մյուս տարածքները՝ Վանը, Իգդիրը, մյուսները։ Արցախի վերաազատագրումը պետք է լինի օրակարգ։
Հովհաննես Ավետիսյան.- Արցախը վերաազատագրելու համար մենք նախ պետք է վերականգնենք մեր իրավունքները, նոր դրանից հետո իրացնենք դրանք:
Մանրամասները՝ տեսանյութում։