Սկսվում է նոր խաղ՝ Մեծ Յալթայի խաղը. այլևս ժամանակ չկա, Գյուլնազ տատի հեքիաթների ժամանակը չէ, վտանգի առաջ ենք, ով սխալվեց՝ կսխալվի առհավետ. Արա Մարջանյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն էներգետիկայի հարցերով ՄԱԿ-ի ազգային փորձագետ Արա Մարջանյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- Առկա է Սյունիքի վրա կենտրոնական իշխանությունների կողմից վերահսկողության կորստի վտանգը։ Թուրք-ադրբեջանական վաղեմի երազանքը՝ մասնատել Հայաստանը, նույնն է նաև այսօր։ Այդ առումով թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակներում բան չի փոխվել։ Տարածաշրջանը եռում է։ Փոթորկալից է իրավիճակն Իրանի, Լիբանանի շուրջ։
- Տարածաշրջանում գազային ծրագրերի փոփոխություն կա։ Դա, կարծում եմ, Ռուսաստանի և Իրանի հաղթանակն է ու Թուրքիայի և Ադրբեջանի պարտությունը։
- Երբ Դոնալդ Թրամփը պաշտոնապես կստանձնի ԱՄՆ նախագահի պաշտոնը ու կձևավորի կաբինետ, նրա վարած կադրային քաղաքականությունն ավելի հստակ կընդգծվի։ Արդեն իսկ ուրվագծվում է Թրամփի ամերիկակենտրոն կոշտ քաղաքականությունը։ ԱՄՆ-ը մի շարք մեծ սակարկություններ կառաջարկի Չինաստանին, Ռուսաստանին, Իրանին։ Թրամփը նաև որոշակի ջանքեր կուղղորդի գլոբալ հարավի ռազմավարական ջանքերին։
- Հայաստանը հիմնականում հետևում էր ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության նարատիվներին՝ բացարձակապես աչքաթող անելով Հանրապետական և Կոնսերվատիվ կուսակցություններին։ Դա ռազմավարական սխալ էր։ Հիմա լեղապատառ փորձում ենք կապեր գտնել Հանրապետականների դաշտում։
- ԱՄՆ այս ընտրություններում հայկական Սփյուռքի համար բացասական արդյունք գրանցվեց։ Ցավոք, հայկական սփյուռքը կորցրեց իր արժեքը, որովհետև տասնամյակներ շարունակ իր հարաբերությունները կառուցում էր միայն Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչների հետ, փոխանակ դա աներ 2 կողմի հետ։ Մենք ընկանք այդ ծուղակը, բայց մենք միակը չենք։ Այդ ծուղակում են նաև Վրաստանը, Իրանը, Գերմանիան, ողջ Եվրոպան։
- Գալիք տարվա ընթացքում գերակշռող կլինեն կոնսերվատիվ մոտեցումները։ Միարժեքորեն կխրախուսվեն ազգային արժեքները։ Թրամփի հիմնական կարգախոսն էր՝ ԱՄՆ-ը նորից դարձնել աշխարհի մեծագույն երկիր։ Մենք կտեսնենք ավելի հավասարակշռված ու փորձառու նախագահ Թրամփ, ով կարժևորի ազգային թե՛ տնտեսական, թե՛ գիտատեխնիկական, թե՛ մշակութային սուվերենությունը։
- Եթե կայանա «Մեծ Յալթայի» պայմանագրի կնքումը, ուրվագծվեն փոխընդունելի պայմանները, կհանվեն սանկցիաները թե՛ Իրանի, թե՛ Ռուսաստանի վրայից։
- Նոր ատոմային բլոկի կառուցումն առաջին առաջնահերթությունն է․եթե չլինի, Հայաստանի ապագան բավականին մշուշոտ կլինի։ Երկրորդ առաջնահերթությունը Մեղրիի ՀԷԿ-երի կառուցումն է, երրորդը՝ Որոտան գետի հոսքերի կառավարումը։ Չորրորդ առաջնահերթությունը հիդրոակումուլյացիոն կայանի կառուցումն է։ Տարածաշրջանում իրավիճակն այնքան սրընթաց է փոխվում, որ Գյուլնազ տատի հեքիաթների համար ժամանակ չի մնացել։ Այլևս ժամանակ չկա․ ով սխալվեց՝ կսխալվի առհավետ։
- ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ‘Բրայենի և Արևմուտքից այլ գործիչների նշած՝ Միջինասիական հանրապետությունների հարստությունը դեպի Եվրոպա բերելու ծրագիրն առկա էր դեռ ԽՍՀՄ գոյության վերջին տարիներից ու օրակարգ բերվեց Քլինթոնի նախագահության ժամանակ։ Այստեղ աշխարհաքաղաքական նորություն չկա։ Դա միշտ էլ եղել է նրանց փորացավը, որպեսզի այդ կերպ կարողանային ճնշել Ռուսաստանին։ Սա Դեմոկրատական կուսակցության կադենցիան է։ ԱՄՆ-ում Հանրապետականների մոտ այդ հարցում մոտեցումը տարբերվում է։
- Թրամփը լինելով բիզնեսմեն և ձեռքերն ազատ քաղաքական գործիչ, կարող է չկենտրոնանալ «Դոստլուգի» և թուրքմենական գազի վրա ու ասել, որ այլ տարբերակներ էլ կան գազը Եվրոպա հասցնելու համար, օրինակ՝ ամերիկյան խտացված գազը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը և Թուրքմենստանը Կասպից ծովի «Դոստլուգ» հանքավայրի համատեղ շահագործման վերաբերալ հուշագիր ստորագրեցին 2021թ.: Նավթագազային այդ համաձայնագիրն Ադրբեջանը համարեց Արցախյան 44-օրյա պատերազմից հետո իր երկրորդ հաղթանակը. դրանով հիմք դրվեց գազային դարաշրջանի հաղթանակին: (Դիտեք Արա Մարջանյանի հետ մեր նախորդ հարցազրույցը):
Թուրքմենստանի խորհրդարանը վավերացրել էր Կասպից ծովի վիճելի հանքավայրն Ադրբեջանի հետ համատեղ շահագործելու մասին համաձայնագիրը, որ ավելի վաղ հաստատել էր Բաքուն: Կողմերը պայմանավորվել էին գործածությունից պաշտոնապես հանել հանքավայրին տված ազգային անվանումները և այն կոչել «Դոստլուգ» (Բարեկամություն):
- Ադրբեջանական գազը բավարար չէ Grand ստրատեգիայի ծրագրեր իրականացնելու համար։ Դրա համար անհրաժեշտ են նաև թուրքմենական գազն ու ղազախական նավթը։
- Նոր ուղեծիր է պետք, իսկ նոր ուղեծրի ճանապարհն անցնում է Սյունիքով։ Եթե Հայաստանը ճիշտ հաշվարկի, կարող է «Մեծ Յալթայի» ծրագրերում դերակատարություն ունենալ։
- Ադրբեջանից գազ գնել ցանկացողները, քարոզողները թող հիշեն Վրաստանի հետ տեղի ունեցածը և հետևություններ անեն: 1990-ականների վերջից աշխարհաքաղաքական քլինթոնյան մեծ գործարքի շրջանակներում վերին աստիճանի ակտուալ էր Վրաստանի պոկումը Ռուսաստանից ու նրանց բերումը թուրք-ադրբեջանական դաշտ։ Այդ ծրագիրն իրագործելու համար անհրաժեշտ էր Վրաստանն ապահովել գազով, և Ադրբեջանը սկսեց գազ մատակարարել Վրաստանին։ Բայց դա ի՞նչ գազ էր։ Ադրբեջանն այդքան գազ չունի, իր իսկական գազը նա բարձր գներով 100%-ով վաճառել է Եվրոպային։ Վրաստանին մատակարարվողը ոչ թե բնական գազ էր, այլ հարակից գազ։ Արդյունքում ընկավ ադրբեջանական Ազերի-Չերագ-Գյունեշլի նավթագազային հանքավայրերի արդյունահանման մակարդակը։ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան ծրագրի ֆինանսական ձախողումը պայմանավորված էր նրանով, որ աշխարհաքաղաքական որոշում կար՝ Վրաստանը կտրել Ռուսաստանից ու նրան մատակարարել ադրբեջանական գազ։ Նույնն է իրավիճակն այսօր Հայաստանի մասով։ Հայաստանին Ադրբեջանը գազ չի կարող մատակարարել, որովհետև ինքը գազ չունի։ Հավանաբար խոսքը թուրքմենական գազի մասին է լինելու։ Հետևաբար՝ Ադրբեջանից գազ ստանալու գինը ոչ միայն Ռուսաստանի, այլև Իրանի հետ հարաբերությունների խզումն է լինելու։ Արդյո՞ք ադրբեջանական գազն արժե այնքան, որ Հայաստանը խզի իր հարաբերություններն իր երկու ռազմավարական դաշնակիցների՝ Իրանի և Ռուսաստանի հետ։ Կարծում եմ՝ չարժե՛։ Պետք է մտածել Իրանի հետ նոր գազային պայմանագիր կնքելու մասին ու Իրանից ներկրել 1-1.5 միլիարդ խորանարդ մետր գազ, արտահանել մոտ 3 միլիարդ կվտժ էլեկտրաէներգիա։ Դա Հայաստանի համար շատ ավելի հեռանկարային կարող է լինել։
- Հայաստանը տասնամյակներ շարունակ վարում էր հավասարակշռված արտաքին քաղաքականություն՝ «և՛-և՛»-ի քաղաքականություն։ Ժամանակն է վերադառնալ դրան, ինչպես հիմա անում է Վրաստանը։
- Իրանական գազի կալորիականությունը որակական առումով մի փոքր տարբերվում է ռուսական գազից, բայց դա մեծ խնդիր չէ։ Այո, Իրանի հյուսիսային շրջանները գազի խնդիր ունեն, սակայն Հայաստանին տրամադրվող գազի ծավալներն այնքան չեն, որ խնդիրներ առաջացնեն Իրանի ներքին կյանքի համար։
- Կրկնում եմ՝ ինչ էլ կատարվի աշխարհում, Հայաստանի համար առաջնահերթություն է Որոտանի կասկադի, ատոմակայանի՝ նոր ատոմային բլոկի, Մեղրիի ու Ռուշտոբի ՀԷԿ-երի, իրանական էներգաբլոկի կառուցումը։
- Լեռնային Ղարաբաղի հարցը չէր խոչընդոտում վաշինգտոնյան ծրագրերին կամ խոչընդոտում էր որոշակի էտապներում, իսկ որոշակի էտապներում կարող էր և օգնել։ Հարցը բարդ է, բայց վստահ չեմ, որ խոչընդոտում էր։
- Սկսվում է նոր խաղ՝ «Մեծ Յալթայի» խաղը։ Դրանք է պետք պատրաստվել։
- Կարծում եմ՝ Հայաստանի համար օգտակար կլիներ մանրակրկիտ ուսումնասիրել Ադրբեջանի փորձն ու որդեգրած քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի հարցում 1994–2016թթ.։ Այնտեղ օգտակար բաներ կան, որոնք կարելի է ուսումնասիրել։ Լեռնային Ղարաբաղի հարցը փակ չէ։ Հարց փակելն ու բացելը թողնենք ժամանակին ու աշխարհաքաղաքական տեկտոնական շարժերին։
- Վրաստանի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությունը հենց այնպես չի տեղի ունեցել ու տեղի է ունեցել Ռուսաստանի աշխարհաքաղաքականության հաշվարկի վրա։ Ակներև է, որ Ռուսաստանը դառնում է գլոբալ հարավի առաջնորդը։ Փոխվել է իրավիճակն ուկրաինական ճակատում։ Ու հենց դա է մղել Վրաստանին կայացնել այս որոշումը։ Իրավիճակը կփոխվի այն ժամանակ, երբ «Մեծ Յալթայի» գլոբալ բազարի ժամանակ Ռուսաստանը կրի խոշոր ռազմավարական պարտություն։ Այդ ժամանակ շատ բան կփոխվի և՛ Վրաստանում, և՛ աշխարհում։ Բայց այդ սցենարը շատ քիչ է հավանական։
- Հայաստանը պետք է հետևողականորեն հարց դնի՝ Վրաստանի Փոթի նավահանգստում ունենալ ազգային տարածք, ազգային նավահանգիստ, այնպես, ինչպես ունի Չեխիան Համբուրգի նավահանգստում, Մոլդովան՝ Ուկրաինայում։ Պետք է եղբայրական Վրաստանի առաջ դնել այս հարցը։ Նույնը պետք է արվի Իրանի Չաբահար նավահանգստի հետ կապված։ Պետք է դնել այս երկու երկրներում ազգային կառամատույց ունենալու հարցերը։ Սրանք են կարևոր, ոչ թե Իրանին խրտնեցնել Գյումրիում ինչ-որ չոր նավահանգիստ կառուցելու ու լոգիստիկ վերահսկողությունն Իսրայելին հանձնելու ծրագրերով։
Հիշեցնենք, որ 2024թ. մայիսին Հնդկաստանն Իրանի հետ պայմանագիր ստորագրեց իրանական Չաբահար նավահանգիստը 10 տարով գործարկելու շուրջ։ Հնդկաստանը Իրանի հարավ-արևելյան ափին գտնվող Չաբահար նավահանգիստը զարգացնում էր՝ որպես Իրան, Աֆղանստան և Կենտրոնական Ասիայի երկրներ ապրանքներ տեղափոխելու ուղի՝ շրջանցելով Պակիստանում գտնվող Կարաչիի և Գվադարի նավահանգիստները։
Ըստ Reuters գործակալության հրապարակման, Թեհրանի նկատմամբ Վաշինգտոնի պատժամիջոցները դանդաղեցրել էին նավահանգստի զարգացումը։ Երկարաժամկետ պայմանագիրը, ի վերջո, ստորագրվեց Indian Ports Global Limited (IPGL) և Իրանի Port & Maritime Organisation ընկերությունների միջև։ Իրանի ճանապարհների և քաղաքային զարգացման նախարար Մեհրդադ Բազրփաշը հայտնել էր, որ IPGL-ը մոտ 120 միլիոն դոլար կներդնի, նաև կլինի 250 միլիոն դոլարի լրացուցիչ ֆինանսավորում՝ պայմանագրի արժեքը հասցնելով 370 միլիոն դոլարի։
Չաբահարը իրանական միակ նավահանգիստն է, որն ուղիղ ելք ունի դեպի Հնդկական օվկիանոս։ Հնդկաստանը նաև ձգտում է իրանական Չաբահար նավահանգիստը վերածել տարանցման հանգույցի՝ «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի շրջանակներում ԱՊՀ շուկա մուտք գործելու համար։
Հիշեցնենք նաև, որ 2024թ. սեպտեմբերին Երևանում ընթացող Եվրասիական երրորդ տնտեսական համաժողովի շրջանակում՝ Իրանի և ԵԱՏՄ համագործակցությանը նվիրված պանելային քննարկման ժամանակ Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Սեյեդ Մոհամմադ Աթաբակը հայտարարել էր, որ Իրանի Չաբահար նավահանգստի ենթակառուցվածքը պատրաստ է աշխատել ԵԱՏՄ բոլոր երկրների հետ:
Նրա խոսքով, դրա համար օգտագործվում են բոլոր տեսակի գործիքներ։ Նախարարը կարևորել էր լոգիստիկայի զարգացումը և նշել ֆինանսական մեխանիզմների կողմից դրված սահմանափակումները։ Նախարարն ընդգծել էր ազատ տնտեսական գոտու ստեղծման կարևորությունը՝ հավելելով, որ բազմաթիվ իրանցի ձեռներեցներ ցույց են տվել իրենց պատրաստակամությունը՝ ներկա գտնվելու ԵԱՏՄ շուկաներում։ Խոսելով լոգիստիկայի մասին՝ նախարարը հիշեցրել էր, որ Իրանն ունի կարևոր լոգիստիկա, մասնավորապես՝ Չաբահար նավահանգիստը, և Իրանը լիովին աջակցում է Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախագծին։ Նախարարի խոսքով՝ նավահանգստային ենթակառուցվածքը պատրաստ է աշխատել ԵԱՏՄ բոլոր երկրների հետ, և ընդգծել տարանցիկ փոխադրումների մասին օրենսդրության վերանայման անհրաժեշտությունը։
- Հայաստանի ատոմակայանը Թուրքիայի և Ադրբեջանի աչքի փուշն է՝ սկսած 1973թ.-ից։ Բայց, փառք Աստծո, թե՛ Խորհրդային Հայաստանը, և թե՛ Անկախ Հայաստանի Հանրապետությունը կարողացավ ճիշտ աշխատել ՄԱԳԱՏԷ-ի հետ ու այս առումով անխոցելի է։ Այլ բան է, որ այսօր Հայաստանն ինքն է թերանում ատոմային գեներացիայի կայանքի կոչելու հարցում։ Իսկ դա Հայաստանի պաշտպանական հիմնադրույթներից մեկն է։ Հայաստանը պարտավոր է անընդհատ ունենալ ատոմային գեներացիա։ Կոպիտ ասած՝ 2036թ․ հետո մենք պետք է ունենանք նոր ատոմակայան։ Սակայն, ցավոք սրտի, այսօր Հայաստանն արտաքին ինչ-որ ճնշումների ներքո ընկնում է անհեթեթ ծրագրերի հետևից։ 2026թ․ սարերի հետևում չէ, պետք է մտածել երկարաձգման նոր փուլի, նոր ատոմակայան կառուցելու մասին։ Մենք ժամանակ չունենք։ Արդեն կանգնած ենք լուրջ վտանգի առաջ, որ 2036թ․ դեկտեմբերի 31-ին միգուցեև աշխատող էներգաբլոկ չունենանք։ Իսկ այդ ժամանակ մենք կկանգնենք լուրջ պրոբլեմի առաջ, ու դա աղետ է ու ռազմավարական դրույթների կոպիտ խախտում։
- Պաշտոնական փաստաթղթերի մակարդակով շարունակվում են Հայաստան-«Ռոսատոմ» հարաբերությունները։
- Ես գիտեմ՝ կոնկրետ ում հետ է խորհրդակցել Նիկոլ Փաշինյանը մոդուլային կայանների հարցով, ու ինչ են նրան ասել։ Աշխարհում չկա մոդուլային ատոմակայանների կիրառման փորձը ու հետևաբար՝ չկա տարհանման ծրագիրը։ Անիմաստ է խոսել մի բանի մասին, որը չկա։ Վարչապետի աշխատակազմը պետք է շատ լուրջ մտածի՝ ինչ են ասում նրան, որ նա էլ կրկնում է։ Բերել են ԱՄՆ-ի դեմոկրատական, գլոբալիստական թեզերը։ Դա ԱՄՆ Դեմոկրատական իշխանության ճնշումն է, որը, ի վերջո, կավարտվի 2025թ․հունվարի 24-ին, երբ Թրամփը երդմնակալությամբ կստանձնի ԱՄՆ նախագահի պաշտոնը։
- Չեմ բացառում, որ COP29-ի ընթացքում Ադրբեջանը հայտարարի ատոմակայանի կառուցման կամ դրա մտադրության մասին։ Ադրբեջանի վաղեմի երազանքն է ատոմակայան ունենալը։
Հիշեցնենք, որ վերջերս Համաշխարհային հայկական գագաթնաժողովի ժամանակ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Հայաստանի էներգետիկ անվտանգության մասով ռազմավարությանը, հայտարարել էր.
«Շատ կարևոր է նոր ատոմակայանի կառուցման նախագիծը, ընդ որում՝ մենք այստեղ, ըստ էության, կայացրել ենք ռազմավարական որոշում, որ մենք պետք է ունենանք մոդուլյար ատոմակայան, այսինքն՝ փոքր տիպի մոդուլյար ատոմակայան: Մասնագետները մեզ բացատրեցին, որ մոդուլյար ատոմակայանի հնարավոր վթարը համարվում է տեղային նշանակության միջադեպ, այսինքն՝ ի՞նչ է դա նշանակում, որ մոդուլային տեխնոլոգիաներով կառուցված ատոմակայանի ներսում, եթե, աստված չանի, վթար է տեղի ունենում, 500 մետր այն կողմ գտնվող բնակավայրի բնակչությանը չեն տարհանում, այսինքն՝ այդ վթարը տեղային նշանակության վթար է, որը միջավայրին չի սպառնում, և սա մեզ համար ակնհայտ դարձրեց, որ մենք պետք է գնանք այս ճանապարհով: …Մի պրոբլեմ կա, որ այս պահին դեռևս աշխարհում գործող մոդուլյար ատոմակայան չկա: Կան կառուցվողներ, որոնք տարբեր ընթացքի մեջ են, բայց դեռևս գործող չկա: Մեր համոզմունքն այն է, որ դա անխուսափելի բան է. դա լինելու է միանշանակ»,- հայտարարել էր նա՝ ավելացնելով, որ տեխնոլոգիան բավարար չափով հասունացած է: Այնուհետև հայտարարել էր. «Մենք պետք է ունենանք մոդուլյար ատոմակայան, որը և՛ Հայաստանի ներսում, և՛ շրջակա երկրների համար որևէ կերպ չգնահատվի որպես սպառնալիք»:
- Սովորական ատոմակայաններում օգտագործվում է ուրանի վառելիքը՝ հարստացված 3.5-5%։ Որքան հարստացված է վառելիքը, այնքան վտանգավոր է այն ու հարմար զենք ստեղծելու համար։ Նավատորմում օգտագործվող մոդուլային այդ ատոմակայաններում օգտագործվում է վառելիք, որը հարստացված է մինչև 20–21%: Սա շատ ավելի վտանգավոր է, նրա թափոնները շատ ավելի լուրջ հետևանքներ կարող են ունենալ շրջակա միջավայրի վրա։ Սա են ուզում կիրառել Հայաստանում։ Մտածե՛ք սրա մասին։ Հիմա չեք կարողանում լուծել ատոմային վառելիքի թափոնների խնդիրը, ի՞նչ եք անելու մոդուլային ատոմակայանների վառելիքի թափոնների հետ։ Գոյություն չունի այդպիսի այլընտրանք։ Մասնագետներիս համար վիրավորական է խոսել մոդուլային կայանների մասին՝ մի բանի մասին, որը ՉԿԱ, գոյություն չունի։
Հիշեցնենք, սեպտեմբերի 19-ին, Երևանում ընթացող Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի ժամանակ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը հայտարարել էր, թե «Եկել են այն եզրակացության, որ ակնհայտ է՝ նոր ատոմակայան պետք է կառուցել, բայց պետք է կառուցել այն չափի, որ այնքան մեծ չլինի, որ կլանի ամբողջ էներգետիկ համակարգը: Մեր երկրում սպառվում է մինչև 800-1200 մեգավատտ հզորության էլեկտրաէներգիա: Եթե մենք 1000-1200 մեգավատտ հզորության ատոմակայան կառուցենք, ապա կլինի, որ երկրի ամբողջ էներգետիկ համակարգը կախված կլինի ատոմակայանից: Դրա համար մեր միտքը նա է, որ նախ պետք է ատոմակայանի գործունեության ժամկետը երկարացնել մինչև 2036 թվական, իսկ 2036-ին ունենալ նոր ատոմակայան: Մեր նախնական պատկերացումն այն է, որ այն լինի 400-600 մեգավատտ հզորության»:
Էներգետիկ հարցերով մասնագետ Արա Մարջանյանը հակադարձեց նախկինում աշխարհագրության դասատու աշխատած Գնել Սանոսյանին.
- Ո՞ր Հայաստանը պետք է հրաժարվի նման հզորության ատոմակայանից… Եթե նկատի ունեն այն Հայաստանը, որը հրաժարվել է էներգետիկ անվտանգությունից, էլեկտրատրանսպորտի զարգացումից, էլեկտրաէներգիա արտադրող երկիր լինելու հավակնությունից, Իրանի հետ էներգետիկ ծրագրեր իրականացնելուց, ուրեմն, այո՛, Հայաստանին ոչ թե 600, այլ 400 մեգավատտ հզորությամբ կայաններն էլ են բավարար։ Իրականում մեզ պետք է 1000-1200 մեգավատտ հզորության ատոմակայան:
- Սյունիքի բարձրտեխնոլոգիական ռենեսանս է մեզ պետք։ Պետք է այս ուղղությամբ մտածել։ Այս և նշածս հարցերը, ծրագրերը պետք է լինեն Հայաստանի ռազմավարական զարգացման հիմքում դրված անբեկանելի առաջնահերթությունները։
- Խաղաղության խաչմերուկի առանցքում խաչն է՝ հյուսիս-հարավ, արևելք-արևմուտք։ Մեզնից է կախված՝ այդ խաչը կդառնա Քրիստոսի խաչելության, մահվան ու կտտանքների՞ գործիք, թե՞ զարգացման հնարավորություն։ Հյուսիս-Հարավ ծրագիրը բախվեց անհասկանալի ու աններելի բարդությունների։ Խաղաղության խաչմերուկում ջանում էինք գոյացնել Հյուսիս-հարավ առանցքը։ Ինչ-որ մի պահ դրան միացան Իրանն ու Չինաստանը, բայց ինչ-որ պահի էլ Ռուսաստանը հետ կանգնեց դրանից։ Զուգահեռաբար աճում է թյուրքախոս աշխարհի ինտեգրացիան, որը Ռուսաստանի համար մեծ վտանգ է։ Հյուսիս-Հարավին պետք է ընդառաջ գնալ։ Աններելի է դրանից հրաժարվելը։ Հայաստանն ամեն ինչ պետք է անի՝ ամրացնելու համար խաղաղության խաչմերուկի ուղղաձիգ առանցքը՝ Հյուսիս-Հարավը՝ չխրտնացնելով Արևելք-Արևմուտք առանցքին։
- Հայաստանն ուներ վետօ-ի իրավունքից օգտվելու հնարավորություն, երբ քննարկվում էր COP29-ի անցկացման վայրը։ Չի՛ օգտվել, ինչը նշանակում էր, որ համաձայն է Բաքվում դրա անցկացմանը։ Հայաստանը պարտավոր է մասնակցել COP29-ին։ Պետք է գնալ ու խոսակցություն վարել համաժողովի բուն էությունից։ Պետք է գնալ ու ասել՝ սիրելի՛ Արևմուտք, մենք հավատացինք ձեզ ու պարտավորություններ վերցրեցինք մեզ վրա անվերապահորեն մինչև 2030թ., ինչպե՞ս եղավ, որ Հայաստանից 12 անգամ ավելի շատ ջերմոցային գազ արդյունահանող Ադրբեջանը 2050թ․ իր պարտավորություններն ընդունել է այն վերապահմամբ, որ եթե իրեն ֆինանսական աջակցություն կցուցաբերվի, ինքը կկատարի իր պարտավորությունները։ Ուղղակի ապշած եմ, որ COP29-ին ընդառաջ՝ այստեղ բովանդակային հարցերի վերաբերյալ քննարկում չգնաց։
- Ատոմային էներգետիկան Եվրոպան մտցրեց կանաչ պիտակի տակ, այսինքն՝ որպես կանաչ էներգիա։ Իսկ դա նշանակում է միջազգային վարկերը վերցնել ոչ թե 5, այլ 1 կամ 3%-ով։ Հայաստանը՝ որպես ատոմային էներգիա արտադրող երկիր, պետք է գնար ու բարձրացներ իրեն նույնպես այդ ծրագրում ընդգրկելու հարցը։
Մանրամասները՝ տեսանյութում։