Արցախի շրջափակումը պատերազմական գործողություն է, Ադրբեջանը՝ ագրեսոր, դրա դեմը նախ պետք է առնի Հայաստանը, Խաղաղության համաձայնագիր գոյություն ունենալ երբեք չի կարող. Արա Մարջանյան

168.am-ի ուղիղ եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրն էներգետիկ անվտանգության հարցերով ՄԱԿ-ի ազգային փորձագետ, «Օրբելի» վերլուծական կենտրոնի վերլուծաբան Արա Մարջանյանն է:

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Պետությունն այն կառույցն է, որ կառավարում է ներքին կապակցվածությամբ: Ադրբեջանը փորձում է խախտել դա, վտանգել Հայաստանի հետ կապը,

Հայաստանի ներքին կապակցվածության խախտումը թուրք-ադրբեջանական տանդեմի առաջնահերթությունն է:

  • Սա նոր երևույթ չէ, խորհրդային տարիներին էլ, հետո էլ՝ երկու պատերազմների ընթացքում, Ադրբեջանը փորձում էր իր գերիշխանության տակ վերցնել Սյունիքը… Խորհրդային տարիներին անկլավները դրա հետևանքով են առաջացել…
  • Լոգիստիկ կարևորագույն հանգույցների շուրջ բրթբրթոցը շարունակվում է…
  • Հաջողվեց Վրաստանը դուրս բերել ռուսական ազդեցությունից ու դնել Թուրքիա-Ադրբեջան առանցքի մեջ:
  • 1994թ. մեծ «բազարի»՝ սակարկության մեջ ընկած էր Ազերի-Չիրագ-Գյունեշլի կոչվող Կասպյան նավթադաշտի ապօրինի զավթումն Ադրբեջանի կողմից:
  • Այն ժամանակ Հայաստանում շատ քչերը հասկացան՝ խոսքն ընդհանրապես ինչի մասին է:
  • Ազերի-Չիրագ-Գյունեշլին Ադրբեջանի նավթի 95%-ն է:
  • Այդ մեծ «բազարի» մաս էր կազմում նաև Կասպից ծովի միջազգային ստատուսի չեղարկումը:

Կարդացեք նաև

  • Ադրբեջանը և Թուրքմենստանը Կասպից ծովի «Դոստլուգ» հանքավայրի համատեղ շահագործման վերաբերալ հուշագիր ստորագրեցին 2021թ.: Նավթագազային այդ համաձայնագիրն Ադրբեջանը համարեց Արցախյան 44-օրյա պատերազմից հետո իր երկրորդ հաղթանակը. դրանով հիմք դրվեց գազային դարաշրջանի հաղթանակին:
  • Կարևորագույն կոմունիկացիոն գոտին վերցնելով՝ նպատակ ունեն ապահովել «Դոստլուգ» համաձայնագրի իրագործումը, կառուցել նոր գազատար, իսկ դրա համար պետք է վերահսկողություն տարածքների նկատմամբ:
  • Առաջիկա տասնամյակներում պատերազմի և խաղաղության բանակցությունները մեր տարածաշրջանում կընթանան նավթածիրային նոր ծրագրի իրագործման շուրջ:
  • Թուրք-ադրբեջանական տանդեմի երազանքն է՝ խախտել Հայաստանի՝ որպես պետության, ներքին կապակցվածությունը, տարածաշրջանների՝ միմյանց և կենտրոնի հետ կապը:
  • «Զանգեզուրի միջանցք» եզրույթը որևիցե իրավական նշանակությամբ պաշտոնական փաստաթղթում չի օգտագործվում: Այն բացակայում է 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների մեջ և ցանկացած այլ պաշտոնական փաստաթղթում:
  • «Զանգեզուրի միջանցք» եզրույթը ծնվեց 2020թ. նոյեմբերի 11-ին. «Կոմերսանտ» թերթում ինչ-որ խմբագիր ներմուծեց «Զանգեզուրի միջանցք» հասկացությունը: Այդ հոդվածում մի քարտեզ էլ կար, որում նկարագրվում էր, թե իրենք ինչ են հասկանում «Զանգեզուրի միջանցք» հասկացության տակ: «Կոմերսանտ» թերթի «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը դարձավ մեր քաղաքական և աշխարհաքաղաքական նարատիվն արդեն 2-րդ տարին շարունակ: Սա անթույլատրելի է:
  • Էական չէ՝ ինչ են խոսում նախագահներն ու վարչապետները, էական է՝ ինչ է պաշտոնապես ստորագրված:
  • Նարատիվների ներարկումները շատ վտանգավոր ու շատ էֆեկտիվ զենք են:
  • Լաչինի միջանցքի փակումը նպատակ ունի նաև խանգարել Երևան-Կապան երթևեկը: Սա կարևոր է ադրբեջանցիների համար այն տեսանկյունից, որ եթե Հայաստանը չի կարողանում վերահսկել իր տարածքը, ինքը քվազի-պետություն է:
  • Սյունիքն այն ոսկորն էր, որի վրա թուրքական աշխարհը երկու անգամ ջարդեց իր ժանիքները: Կարծում եմ՝ ապագայում նույնպես կջարդեն, և չեմ կարծում՝ Սյունիքից ստանալիքներ ունեն:
  • Հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը հատկապես օգտակար կլինի, եթե դրանք անջատենք Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունների ծիրից:
  • Ինչո՞ւ 2018թ. հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանի կառավարությունը փակեց Գյուղատնտեսության և Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունները:

– Իհարկե, վարչարարական սխալ էր էներգետիկայի, գյուղնախարարության ու մի քանի այլ գերատեսչությունների փակումը: Ինստիտուցիոնալ հիշողության կորուստը շատ ցավագին բան է: Չեմ կարծում, որ դիտավորյալ էր, բայց սխալ էր:

  • Էներգետիկ ոլորտում, փառք Աստծո, Հայաստանն անդառնալի սխալներ թույլ չի տվել: Հայաստանը հետևողականորեն պնդում է ատոմակայան ունենալու իր իրավունքը:
  • Նախկիններ-ներկաներ բաժանումը մեզ լավ տեղ չի տանի: Եկեք մոռանանք այս բաժանումն առընդմիշտ:
  • Հայաստանի երեք Հանրապետությունների պատմությունը միասնական պատմություն է, գիտական, քաղաքական ներուժը, տնտեսական հնարավորությունը մեկ միասնականություն են, պետք է միասնական ընկալում ունենանք:

  • Մեղրիի ՀԷԿ-ը պետք է կառուցվի, ատոմային բլոկը պետք է կառուցվի, Հայաստանը չի կարող պոմիդորով կամ հանքային ջրով ապահովել իր ապագան:
  • Տարածաշրջանում էլեկտրաէներգիայի արտահանման ներուժ ունի միայն Հայաստանը:
  • Խաղաղության համաձայնագիր գոյություն ունենալ երբեք չի կարող, որովհետև Հայաստանն ու Ադրբեջանը երբեք պատերազմի մեջ չեն եղել: Մենք կարող ենք խոսել միայն Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համաձայնագրի մասին: Եվ շատ լավ կլինի, որ ստորագրենք: Խաղաղության պայմանագիր բառակապակցությունն ինձ հիշեցնում է Զանգեզուրի միջանցք հասկացությունը:
  • Պետք է զարգացնել տեխնոլոգիական կլաստերը: Ես մի առաջարկ ունեմ՝ ռուսական Պոլյարնիե Զորի, մեր Մեծամոր և իրանական Բուշեր քաղաքների ատոմակայանները հռչակել քույր-ատոմակայաններ և նրանց համար մշակել համալիր զարգացման ծրագիր: Այս եռակողմ քույր-քաղաքների հայտարարագրումը լուրջ պատասխան կլինի Արևմուտք-Արևելք առանցքի համար:
  • Սին են այն մարդկանց հույսերը, ովքեր ակնկալում են Ռուսաստանի մոտալուտ փլուզումը: Սին են էն մարդկանց հույսերը, որոնք ակնկալում են Ռուսաստանի փլուզումը, չեմ կարծում, որ Հայաստանի աշխարհաքաղաքական, մշակութային շահերից է բխում Ռուսաստանի փլուզումը կամ Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը:
  • Պետք է լինել խոհեմ, հավասարակշռված, մենք մեզ Ռուսաստանի հետ պետք է պահենք ռազմավարական գործընկերոջ պես, և Ռուսաստանն էլ՝ նույնը:
  • Արցախի, Լաչինի շրջափակումը նշանակում է պատերազմական գործողություն: Շրջափակում իրականացնող կողմն ուղղակի կամ անուղղակի իրականացնում է պատերազմական գործողություն: Այս առումով Ադրբեջանն ագրեսոր է: Ադրբեջանի այդ ագրեսիայի դեմը պետք է առնի առաջին հերթին Հայաստանը, երկրորդ  հերթին՝ միջազգային հանրությունը, հետո՝ Ռուսաստանը:
  • Գալիք մարտահրավերները շատ արագ ոտքի են կանգնում, և ռեակցիայի ժամանակը կարճ է Հայաստանի համար:
  • Հայաստանը պետք է ունենա լուրջ գիտական, տեխնոլոգիական զարգացում:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս