ԼԱՑԵԼՈՒ ԲԱՆ Է, ԱՐՅՈՒՆՈՏ ՑՈՐԵՆ, Ի՞ՆՉՆ ԵՔ ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ. ԺՈՂՈՎՈՒՐԴ ՋԱՆ, ՀԱՑԸ ՉԻ՛ ԷԺԱՆԱՆԱԼՈՒ. ԱՇՈՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Եկեք՝ մեկ րոպե լռությամբ հարգենք գյուղատնտեսության հիշատակը։ Սա ֆիասկո է։ Գևորգ Պապոյանն անկեղծ էր, երբ ասաց՝ Հայաստան բեռ է, ու 15 տոննա ցորեն մտավ։ Ցորեն և բեռ, այո, այդ բեռի ծարությունը մարդիկ հետո են զգալու… 
  • Ադրբեջանի տարածքով 15 տոննա Հայաստան մտած ցորենն ընդամենը մեկ օրվա ցորեն է։ Իսկ ո՞ւր մնաց ղազախական ցորենը, որ դեռ սպասում է ադրբեջանական տարածքում։ Գուցե որոշակի մշակո՞ւմ է անցնում Հայաստան գալուց առաջ։ Պնդում եմ, որ անվտանգության տեսանկյունից խիստ կասկածելի եմ համարում Ադրբեջանով Հայաստան ցորեն գալը։ 
  • Այդ ո՞նց եղավ, որ ղազախական ցորենը մի քանի օրվա ընթացքում, տարբեր քննարկումներից հետո դարձավ Ռուսաստանի Դաշնությունից ներկրվող, և ղազախական ցորենը դեռևս ադրբեջանական տարածքում սպասում է… Գուցե Ադրբեջանի տարածքում որևիցե մշակմա՞ն է ենթարկվել այդ ցորենը… Ես ասել եմ և չեմ վարանում, բարձրաձայնում եմ, որ իմ սուբյեկտիվ կարծիքով՝ դա խիստ կասկածելի բեռ եմ համարում անվտանգության տեսանկյունից։ 
  • Ադրբեջանով բերված այդ ցորենը պետք է լաբորատոր հետազոտության ենթարկվի: 
  • Արդյո՞ք դիտավորյալ բերեցին այս վիճակին, որ Ադրբեջանով ցորեն ներկրեն: Իշխանություններն այս տարիների ընթացքում ցորենի ցանքատարածքները կրճատել են, անհրաժեշտ ծրագրերը՝ դադարեցրել, մշակաբույսերի կարկտահարության, ապահովագրման ծախսերի փոխհատուցման ծախսերը կրճատել… Ժամանակին, փաստերը համադրելով, կանխատեսել էի, ասել էի, որ փաստի առաջ ենք կանգնելու:
  • Արցախը ոսկե շտեմարան է եղել ամեն առումով, այդ թվում՝ գենոֆոնդի պահպանության։ Խաղաղության այսպես չեն գնում, այլ՝ ի հաշիվ հզորացման, ի հաշիվ բանակցությունների։
  • Ադրբեջանի տարածքով ներկրված այս ցորենն ինձ համար արյունոտ ցորեն է, իսկ ովքեր պատրաստ են պատերազմում մեր նահատակվածների, մեր ընկերների արյան գնով կամ այդ արյունով ներծծված ցորենը որպես հաց ուտել, թող ուտեն և սպասեն Աստծու դատաստանի։ 
  • Նույնիսկ, եթե հիմա նույն ուղով՝ Ադրբեջանի տարածքով Հայաստանի Հանրապետություն ներկրվեր սերմացու ցորեն, ոչ թե հացի ցորեն, ես դարձյալ որպես մասնագետ՝ կոչ էի անելու ստուգել՝ գուցե կարանտին հիվանդություններով և վնասատուներով վարակվա՞ծ է այդ սերմացուն, որովհետև այդ ժամանակ արդեն դաշտերը կվարակվեին

Կարդացեք նաև

  • Շատերը կհիշեն, որ ոչ վաղ անցյալում՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման տարիներին, Թուրքիայից կարտոֆիլ ներկրվեց Հայաստան։ Ներկրվեց կարանտին հիվանդություններով վարակված կարտոֆիլ, և մինչև հիմա Արագածոտնի մարզում կան համայնքներ, որ այդ կարանտին վիճակը չեն կարողանում հաղթահարել… Ես հենց այնպես ոչինչ չեմ խոսում։ 
  • Ինչ վերաբերում է այս իշխանությունների կողմից Ադրբեջանով ցորեն բերելու «շնորհավորանքին» և ուրախությանը, ես, անկեղծ ասած՝ սարսափում եմ, որովհետև տարբեր լրատվական միջոցներով տեսել եմ, թե Ադրբեջանն ինչպես է պատրաստվում նոյեմբերի 9-ի աննախադեպ շքերթին…
  • Էս աշունը բարենպաստ էր աշնանացանի համար։ Բայց շատ քիչ քանակությամբ ցորեն ցանվեց։ Փոխանակ սերմացու բերեին, ցանեին, ծրագրեր անեին, Ադրբեջանով բերած 1 օրվա ցորենի համար են ուրախանում։ 
  • Ո՞վ է այս ամենի համար պատասխան տալու. 100 տարի առաջ Նանսենն էր ասել՝ խաբված, թշվառ իմ հայ ժողովուրդ… 100 տարի է անցել։ Այդքան խաբվե՞լ… 7 տարի է՝ սուտ, սուտ… 
  • Փաստերը, իրենց իսկ ներկայացրած հակասական թվերը, ռեզերվները հաշվի առնելով՝ ասել էի՝ մենք էդ ցամաք հացի խնդիրը շատ լուրջ ենք ունենալու… 

-Բացե՛ք ձեր հրապարակած թվերը, դրանք չեն համապատասխանում իրականությանը, էլ ո՞ւր մնաց՝ ցորենին պահուստների թվերը… Բացե՛ք թվերը, նայեք աչքերիս մեջ, ասեք՝ ինչի՞ համար եք աշխատավարձ ստանում, ինչի՞ եք խաբում ժողովրդին…

  • Երկու վտանգ եմ տեսնում՝ հանրապետությունում ցորենի ռեզերվ չկա, եթե կա, փակ քննարկում արեք, ցույց տվեք, որ կա։ Եթե չկա՝ պետք է պատասխանատվություն կրեն։ Ո՞վ է ձեզ թույլ տվել, որ առանց այդ էլ մեր ազգի օրական սննդի գերակշիռ մասը ցամաք հացն է կազմում, օրական չափաբաժինն իջեցրել եք մինչև 387 գրամի։
  • 2018թ.-ից առաջ ցորենի ինքնաբավության մակարդակը նույնիսկ մինչև 70%-ի է հասել։ Նախկինում Ռուսաստանից ցորենը նույն հեշտությամբ էր հասնում Հայաստան, ինչ Արթիկից Երևան կհասներ։
  • Հիմա հասկանալի է՝ ինչու էին Վրաստանի հետ հարաբերությունները վատացնում, ինչու կոնյակը դարձրեցին յաթրջի օղի, որ Ադրբեջանով ցամաք հացի ցորեն գա։ Դարձրել եք, Թումանյանի ասած՝ մի կտոր չոր հացը, էն էլ այլևս նույնիսկ երկնքից չի կախված, Ադրբեջանից է կախված։
  • Փոխանակ բլոգերություն անեք, մի հատ հլը բացեք թղթերը, ցույց տվեք՝ Ռուսաստանի որ ռեգիոնի ցորենն է, որ ճանապարհով է եկել-մտել Ադրբեջանի տարածք, այնտեղից հասել Այրում կայարան, հետո հասել Արարատի մարզ։ Ծախսը ցույց տվեք։
  • Ժողովուրդ, հույս չունենաք, որ հացը կէժանանա․ էժան պանիրը թակարդում է։ Իսկ եթե հացը թանկանա, ուրեմն ցորենն անվտանգության նկատառումներով՝ նախ լվանալու են, չորացնեն, հետո նոր աղան։
  • Ռուսաստանն անծայրածիր երկիր է, միշտ գործել է՝ ի օգուտ իր երկրի։ Ռուսաստանի հայտարարությունը՝ կապված Ադրբեջանի տարածքով Հայաստան ցորեն ներկրելու հետ, դիվանագիտական քայլ է։
  • Մենք չգիտենք՝ 44-օրյա պատերազմի տակ ինչեր կան՝ կապված Ռուսաստան-Հայաստան հարաբերությունների հետ, որ պատերազմի ժամանակ այդպես եղավ։
  • Ես հարցնում էի՝ եթե այնպես ստացվի, որ Ռուսաստանը մեզ էլ ցորեն չտա, Եվրամիություն եք գնում, ասեք՝ եվրոպական ո՞ր երկիրն է պատրաստ մեզ բարձրակարգ ցորեն տալ, որ մեր ժողովուրդը գոնե ցամաք հաց ունենա։

  • Եթե Ռուսաստանը մի փոքր փռշտա կամ մռնչա, շատ-շատ պետություններ մկան ծակին 1000 թուման փող են տալու։ 15 օր առաջ հայտարարված ղազախական ցորենը մնաց կանգնած Ադրբեջանում, բայց Ռուսաստանից ցորենն Ադրբեջանի տարածքով մտավ Հայաստան։ Ռուսաստանը պարզ ակնարկեց՝ առանց ինձ՝ ի՞նչ եք պայմանավորվում։ Алло. Центральный, соедините с Ереваном.
  • Գյուղվարկեր չկան, կան միլիարդներով ինտենսիվ այգիների, ջերմոցների համար վարկեր։ Թող ցուցակները հրապարակեն։
  • Միակ կառույցը, ուր Փաշինյանը չի մտնում, արժանապատվությունը չի ոտնահարում, նվաստացնում, բանկերն են, որովհետև այնտեղ փող կա, որը սրանց համար վեր է ամեն ինչից։
  • Երբ դոլարից հոտ ես քաշում, երկու հոտ է գալիս․մեկը՝ բորբոսի, մեկը՝ արյան։
  • Սրանք իրենց հանձնառությունը հրաշալի կատարում են, ակտիվ մասնակցում են պետության կործանմանը։
  • Չեն կարողանում անգամ դաբաղի հարցը լուծել, դեմն առնել: Դաբաղ հիվանդությունը կենդանուց է փոխանցվում մարդուն կաթնամթերքի ու մսամթերքի շնորհիվ ու համարվում է արագ փոխանցվող ինֆեկցիոն հիվանդություն։ Կենդանիները գցում են իրենց կենդանի քաշը, կաթը ենթակա չէ կիրառման, ու բուժումը պահանջում է թանկ միջոցներ։
  • Մինչև 2018-ի գունավոր հեղափոխությունն Իրանի Իսլամական Հանրապետության հետ ունեինք պայմանավորվածություն պարարտանյութերի լիմիտավորման մատչելի քանակների, ցորենի, տրամադրման, գյուղատնտեսական տեխնիկայի գործարանի հիմնման, բարձր որակի ցեղատեսակների կենդանիների փոխանակման մասին։ Հեղափոխությունից հետո գնացել են Տիգրան Խաչատրյանի մոտ, չի արել։ Գյուղատնտեսական կարևորագույն ծրագրեր, պայմանավորվածություններ են եղել նաև իսպանական, չեխական, դանիական, ղազախական, ռուսական, հոլանդական և շատ այլ ընկերությունների հետ, կրկին սրանց կողմից չեղարկվել են։
  • Այսօր Հայաստանի Հանրապետությունը գյուղատնտեսությունը դարձրել է կազինո։ Մարդիկ փողեր են ներդնում՝ առանց իմանալու՝ օգուտ կունենա՞ն, թե՞ չէ։ 
  • Բայց ամենակարևորը՝ պետք է լուծել հակակարկտային կայանների հարցը։ Մինչև 2018-ի չարաբաստիկ հեղափոխությունը ծրագիր կար, որ գետնի վրա փորձարկած էր, ինչի՞ չարեցին… 
  • Վեդու ջրամբարի հզորությունը, որի արժեքը 90 միլիոն եվրո է, կազմում էր մոտ 32–33 միլիոն խորանարդ մետր։ 8 համայնքի 3-4 000 հող անցնելու էր ըստ պահանջի ոռոգման, եթե չլիներ 2018-ի հեղաշրջումը։ Նմանատիպ ծրագիր է Կապսի ջրամբարը Շիրակի մարզում։ Վեդին մնաց կիսատ, Կապսը շարունակվում է, Եղվարդի ջրամբարի հետ կապված ծրագիրը մնաց կիսատ։ 5 ջրամբարի մասին էին խոսում, ո՞ւր է։ Չեն արել, որ ջուրն անարգել գնա, լցվի Թուրքիա։

Հիշեցնենք, Արարատի մարզում Վեդու ջրամբարի կառուցման ծրագրի մեկնարկը տրվել է դեռ 2013-ին։ Վեդու ջրամբարի կառուցման ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 90 միլիոն եվրո։ Կառավարությունը 2016-ին վարկային համաձայնագիր կնքեց Զարգացման ֆրանսիական գործակալության հետ ջրամբարի կառուցման համար։ Վերջինս 75 միլիոն եվրո տրամադրեց, իսկ 15 միլիոնը համաֆինանսավորեց կառավարությունը։ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կառավարության ներկայացուցիչների հետ 2017-ին ներկա էր գտնվել ջրամբարի հիմնարկեքի արարողությանը։ Այն Հայաստանում անկախությունից ի վեր կառուցված ամենամեծ հիդրոտեխնիկական կառույցն է: Ջրամբարի կառուցումը նախատեսվում էր ավարտել 2021-ին։

Ջրամբարի կառուցման աշխատանքները, սակայն, ինչպես տեսնում եք, այդպես էլ չավարտեց՝ ո՛չ 2020-ին, ո՛չ էլ 2021-ին։ 2022-ին կառավարության նիստի ժամանակ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար Գնել Սանոսյանը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարության նիստի ընթացքում ասել էր, որ շինաշխատանքները կավարտվեն 2022-ին։ Հետո կրկին խոստացան, որ ջրամբարը կգործարկվի 2023-ի երկրորդ կիսամյակում։ Դարձյալ ստեցին: Հետո ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման ծրագրի իրականացման վերջնաժամկետները երկարաձգեցին 1,5 տարով՝ համապատասխանաբար, մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը և 2025 թվականի մարտի 1-ը:

Այս տարվա մայիսին հայտարարեցին, իբրև թե ավարտվել է կառուցումը և այն լցված է 1,7 միլիոն խմ-ով, իսկ ամբողջական ծավալը մոտ 30 մլն խմ է։ Ջրամբարն ամբողջությամբ լցնելու համար երեք տարի կպահանջվի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս