Ուզում եմ, որ Պորտուգալիայի դեմ մրցակցային խաղ ցուցադրենք. Եղիշե Մելիքյան
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը վստահեցնում է՝ աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին տուրի Պորտուգալիայի դեմ խաղում իր ղեկավարած թիմը պայքար է մղելու ամբողջ ուժով:
«Ճնշում չկա, բայց կա պատասխանատվություն: Պորտուգալիան լուրջ մրցակից է մեզ համար, բայց այս թիմի դեմ խաղում կարելի է այն օգուտը ստանալ, որը մեր երիտասարդ ֆուտբոլիստներին պետք կգա ապագայում: Մենք կարուստներ ունենք, սակայն պատրաստ ենք պայքար մղելու: Որպես մարզիչ՝ փորձելու եմ ստանալ առավելագույնը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ նախախաղային մամուլի ասուլիս ժամանակ ասաց Եղիշե Մելիքյանը:
Մարզիչը նկատեց՝ Պորտուգալիայի հավաքականն արժանի է հարգանքի, սակայն ֆուտբոլի դաշտում պետք է պայքարել բոլորի դեմ: «Ուզում եմ, որ Պորտուգալիայի դեմ մրցակցային խաղ ցուցադրենք: Չեմ վախենում սխալվելուց, սակայն ուզում եմ հասկանալ՝ ֆուտբոլիստները որքան են աճել»,-ասաց նա:
Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին տուրում Հայաստանի ազգային թիմը նոյեմբերի 16-ին կմրցի Պորտուգալիայի հետ: Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 18:00-ին:

