Վրաստանի ՆԳՆ-ն թմրանյութերի մեղադրանքով ձերբակալել է 50 մարդու
Վերջին մի քանի օրվա ընթացքում Թբիլիսիում, Կախեթիում, Աջարիայում, Իմերեթիում, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում և Գուրիայում ձեռնարկված միջոցառումների արդյունքում թմրանյութերին առնչվող մեղադրանքով ձերբակալվել է 50 մարդ: Այս մասին գրում է aliq.ge-ն։
Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ մեծամասնությունը թմրավաճառներ են. առգրավվել է տարբեր տեսակի թմրանյութերի և հոգեմետ նյութերի առանձնապես մեծ քանակություն:
Ձերբակալվածների թվում կան ինչպես Վրաստանի, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիներ:
«Նրանք մեղադրվում են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի ձեռքբերման, պահպանման, վաճառքի և վաճառքին նպաստելու փաստերով:
Մեղադրյալների կատարած հանցագործությունը նախատեսում է մինչև 20 տարի կամ ցմահ ազատազրկում:
Գաղտնի քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված ապացույցները, մասնավորապես՝ աուդիո և վիդեո ձայնագրությունները, հաստատում են, որ ձերբակալված անձանց մեծ մասը թմրանյութեր էր վաճառում տարբեր մեթոդներով»,- ասված է հաղորդագրության մեջ։

