ԻՆՉՊԵՍ ԶՐՈՅԻՑ ՍՏԵՂԾԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ԲՐԵՆԴ ՈՒ ԴԱՌՆԱԼ ԱՌԱՋԱՏԱՐԸ. ԱՐՓԻ ԲԱՐՍԵՂՅԱՆ
168TV-ի «Կապիտալի ՈՒԺԸ» հաղորդաշարի հյուրը «ԲՆԱՏՈՒՐ» բնական խնամքի միջոցներ արտադրող հայկական բրենդի հիմնադիր Արփի Բարսեղյանն է։
Հարցազրույցի ընթացքում Բարսեղյանի հնչեցրած կարևոր թեզերը՝ ստորև.

– Բնավորությամբ համառ եմ, լավատես, հետևողական. թեև այսօր ուշացա, բայց տանել չեմ կարողանում ուշանալը։
– Կյանքում լինում են դեպքեր, որոնք մեզ բերում-հասցնում են այն կետին, որին ուզում էինք հասնել։ Նման մի բան էլ տեղի ունեցավ ինձ հետ. ես 13 տարի աշխատում էի պետական համակարգում, բայց մի առողջական խնդիր ինձ ստիպեց, որ ես նախ ինքս ինձ համար պատրաստեմ և օգտագործեմ խնամքի միջոցներ, հետո դրանք նվիրեմ։ Եկավ մի շրջան, երբ ինձ հարց տվեցի՝ իսկ ինչո՞ւ չեմ սկսում բիզնեսով զբաղվել։
– Ինչո՞ւ «Բնատուր». նախ ընտրեցի այս անունը, որովհետև գեղեցիկ հայերեն բառ է և, միաժամանակ, խորքում լուրջ գաղափար է դրված. մենք վերցնում ենք բնությունից և փոխանցում մարդուն՝ բնության տվածը պահպանելու համար։
– Բիզնեսի, մարքետինգի տեսանկյունից, այո, հայատառ բրենդ ներկայացնելը խնդրահարույց է։ Եղել են ներդրողներ, որոնք ինձ առաջարկել են ուղղակի հրաժարվել հայատառ անվանումից, լոգոյից, բայց ես դրան կտրուկ դեմ եմ արտահայտվել։ Դեռ պատրաստ չեմ, թեև գիտեմ, որ անգլերենով գրելու դեպքում բիզնես տեսանկյունից շատ ավելի եկամտաբեր վիճակում կարող եմ հայտնվել։ Գիտե՛ք, մտածում եմ, եթե մենք խուսափում ենք գրել հայատառ, էլ ո՞վ պետք է հետաքրքրվի, թե Հայաստանն ու հայատառն ի՞նչ են։

– «Բնատուր»-ի արտադրանքից սկզբում արտադրում էինք շատ փոքր քանակով, ինքներս էինք անում առաքումները։ Ես պետական համակարգում աշխատած աշխատավարձս, պարգևավճարները դնում էի բիզնեսի մեջ։ Հիշում եմ՝ առաջին վաստակածս եկամուտը 10.000 դրամ էր. ափսոսում եմ, որ չպահեցի։
– Ի՞նչ է ակնկալում պետությունից տեղական արտադրողը հարցին պատասխանելով՝ կասեմ հետևյալը. նախ տեղական արտադրողն առաջինը պետք է ինքն իրենից պահանջի, հետո՝ պետությունից։ Պետությունից ակնկալիքի մասով պետք է օրինակ բերեմ մեզ։ Մենք մեր յուղերը գնում ենք տեղական արտադրողից՝ բացառապես, հետևապես, եթե հայ արտադրողն օգտվում է միայն տեղական արտադրողից՝ տուփեր, հումք, տպագրություն, կարելի է ասել, մեկը մեկին պահելով՝ փորձում են բիզնեսը զարգացնել, այդ դեպքում պետությունն էլ պետք է հարկային արտոնություներ սահմանի տեղական հումքով տեղական արտադրանք տվող բիզնեսների համար։ Ցանկանում եմ նաև, որ արտադրությունը պետությունը մղի առաջին պլան։
Վերջում ներկայացնում ենք Արփի Բարսեղյանի հարցը հաղորդաշարի հաջորդ հյուրին։
«Ի՞նչ պետք է փոխենք մեր արժեհամակարգում, որպեսզի ունենանք այնպիսի պետություն, որը մեզ հնարավորություն կտա արժեք ստեղծել ու լինել ինքնադրսևորված»։
Հաղորդաշարի նախորդ հարցազրույցը՝ այստեղ.

