Այսօր ԵԱՏՄ-ն բազմաբևեռ աշխարհի կարևոր հենասյուներից մեկն է․ ՌԴ փոխարտգործնախարար

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Պանկինը տեսաուղերձ է հղել Եվրասիական երիտասարդական տնտեսական համաժողովի կազմակերպիչներին և մասնակիցներին:

«Միավորումների շարքում, որտեղ իրավահավասար համագործակցության սկզբունքները սոսկ խոսքեր չեն, այլ ամենօրյա իրականություն, անշուշտ, առանձնանում է Եվրասիական տնտեսական միությունը։ Այսօր ԵԱՏՄ-ն բազմաբևեռ աշխարհի կարևոր հենասյուներից մեկն է, որն ունի ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժն ապահովող տարողունակ շուկա։

Միավորումն իրականացնում է առևտրային, մաքսային, սակագնային, ոչ սակագնային, արդյունաբերական, ագրոարդյունաբերական, ֆինանսական և էներգետիկ ոլորտներում փոխգործակցության ամրապնդմանն ուղղված նախաձեռնություններ:Օրակարգում լոգիստիկ խնդիրների լուծումն է՝ միասնական տրանսպորտային շրջանակի կառուցումը, ժամանակակից արտադրական և իրացման շղթաների ստեղծումը։

Հետևողականորեն մեծացնում ենք ջանքերը միջազգային համագործակցության համապարփակ և համակողմանի դիվերսիֆիկացման ուղղությամբ՝ կառուցելով շփումների լայն ցանց կառուցողական համատեղ արդյունավետ աշխատանքի տրամադրված գործընկերների հետ:

Մոտ ժամանակներս նախատեսվում է բանակցություններ սկսել Հնդկաստանի հետ։ Ուսումնասիրվում է Թունիսի հետ առևտրի արտոնյալ ռեժիմի հաստատման նպատակահարմարությունը։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից ստորագրվել է ավելի քան 80 փոխըմբռնման հուշագիր երրորդ երկրների կառավարությունների, միջազգային կազմակերպությունների և ինտեգրացիոն միավորումների հետ, որոնց թվում են Շանհայի համագործակցության կազմակերպությունը (ՇՀԿ) և Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիան (ԱՍԵԱՆ):

Ակտիվորեն աշխատում ենք ԵԱՏՄ-ին կից պետական դիտորդի կարգավիճակ ունեցող երկրների՝ Ուզբեկստանի, Կուբայի և Իրանի հետ: ԵԱՏՄ միջազգային կապերի ամրապնդման և ընդլայնման ուղղությամբ թվարկված բոլոր աշխատանքներն ընթանում են Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ. Պուտինի՝ եվրասիական մեծ Գործընկերություն ստեղծելու նախաձեռնության իրականացման հունով: Ողջունում ենք երիտասարդների ներգրավվածությունը Եվրասիական տնտեսական ինտեգրման գործունեության մեջ և բարձր ենք գնահատում դրա նկատմամբ Ձեր ակտիվ հետաքրքրությունը»,- նշել է նա՝ իր ուղերձում:

Տեսանյութեր

Լրահոս