Ոչ մեկն իր տեղում չէ. բոլորը սկսել են Արցախ նկարել, բայց Արցախի համար մատը մատին չտվեցին. Հայկ Ղազարյան

Քաղաքականությունն ու արվեստը շատ արվեստագետներ փորձում են տարանջատել, բայց 37-ամյա նկարիչ Հայկ Ղազարյանն իր արվեստում միավորում է այս երկու բևեռները՝ վստահեցմամբ, որ քաղաքական արվեստն ազդեցիկ է և կարող է երկխոսել մարդու հետ, մարտահրավեր նետել գերիշխող նորմերին, կանխատեսել իրողությունների ընթացքը:

Հայկ Ղազարյանը ծնվել է արվեստագետի ընտանիքում. նրան վրձին բռնել է սովորեցրել հայրը՝ նկարիչ Մելիք Ղազարյանը:

«Նկարել եմ մանկուց: Պրոֆեսիոնալ ուղին սկսել եմ Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջից, ապա նաև՝ Մանկավարժական համալսարանի Գեղարվեստի ֆակուլտետը: Մինչ այդ՝ արդեն հորս շնորհիվ լիարժեք նկարել գիտեի, տիրապետում էի տեխնիկային: Մանկավարժական համալսարանում 2-րդ կուրսում ուսումս կիսատ եմ թողել ու զորակոչվել ՀՀ ԶՈՒ: 2 տարի անց վերադարձել ու շարունակել եմ կրթությունս»,- 168.amի հետ զրույցում պատմեց Հայկ Ղազարյանը:

Կարդացեք նաև

Նա, սակայն, նկատեց՝ համալսարանն ավարտելուց հետո շատ չի նկարել ու միայն 2018 թվականի հայտնի իրադարձություններից հետո է հասկացել, որ իր արվեստով պարտավոր է մարդկանց հետ խոսել:

2018 թվականին նկարել եմ Նիկոլ Փաշինյանի արհավիրքը

«Մինչև 2018 թվականը և՛ Հայաստանն էր ուրիշ, և՛ ես էի ուրիշ, և՛ նկարներս, բայց «հեղափոխությունից հետո» նկարեցի այն, ինչ տեսա: Հենց 2018 թվականի հունիսին եմ նկարել կարևորագույն նկարներիցս մեկը, որում պատկերել եմ Նիկոլ Փաշինյանի արհավիրքը: Նկարում պատկերածն այսօր արդեն, ցավոք, տեղի ունեցավ. այդ նկարում Նիկոլ Փաշինյանին մուրճով եմ պատկերել, ու նա այդ մուրճով քաղաքացիների առաջ կանգնեց 2021 թվականին, նաև Արցախի կորուստն է այդ նկարում պատկերված, Եռաբլուրի շատացած տապանաքարերը, Արցախի նախագահների գերեվարումը…:

2018 թվականի հուլիսի կեսերին հրապարակել եմ այն, ու դրա պատճառով իմ շրջապատում շատ մարդիկ դադարեցրին ինձ հետ շփումը, քանի որ Նիկոլ Փաշինյանին համարում էին փրկիչ, Քրիստոս, բայց ես գիտեի, որ դա այդպես չէ»,- պատմեց նկարիչը:

Հայկ Ղազարյանն այսօր էլ շարունակում է իր արվեստով անդրադառնալ քաղաքական տարբեր իրողությունների: Թե ինչպես են ծնվում այդ նկար-կանխատեսումները՝ հարցին նկարչի արձագանքը հակիրճ էր. «Կանգնում եմ կտավի առաջ, այդ նկարները գալիս են»:

Արվեստագետը թեև Հայաստանի համար պայծառ ապագա նկարել է, բայց չի շտապում հրապարակել, որովհետև պայքարող տեսակների պակասից հուսահատված է:

«Ոչ մեկն իր տեղում չէ: ՀՀ-ում ապրող ոչ մի հայ պատրաստ չէ դիմադրելու, մարդիկ համախմբման համար սպասում են առաջնորդի. ես իմ երեխային փրկելու համար ո՞ր առաջնորդի խոսքին պետք է սպասեմ: Ես իմ արվեստով փորձում եմ խոսել ու բացատրել մարդկանց,- հավելեց նա, ապա դիմեց նախ արվեստագետներին, ապա նաև մեր կողքին ապրող մարդկանց,- Նախ հեռանալու կոչով դիմում եմ այն արվեստագետներին, որոնք միշտ սպասել են, թե ով կգա իշխանության, որ գնան նրանց մոտ ինչ-ինչ բաներ խնդրելու. թող բարի լինեն հետ քաշվեն ու ճանապարհ տան երիտասարդներին, քանի որ նրանք ևս այս երկրի կործանման հիմքում են կանգնած: Նրանք ոչինչ չարեցին, ոչինչ չփոխանցեցին մարդկանց, իսկ նկարիչն Աստծո խոսքը փոխանցողն է, պատկերողն է նրա, ինչն ուրիշներին տեսանելի չէ: Մասիս նկարելով՝ արվեստագետ չեն դառնում, հիմա էլ սկսել են բոլորն Արցախը նկարել, բայց Արցախի համար մատը մատին չտվեցին:

Իսկ ազգին ուզում եմ հիշեցնել, որ պետք չէ ծառայամտորեն վերաբերվել փողկապ կրող մարդկանց, քանի որ ցանկացած քաղծառայող հանրությանը ծառայելու համար է, և ոչ թե՝ հակառակը, ուզում եմ ասել, որ հերիք է սպասեն, որ ինչ-որ մեկն իրենց փոխարեն որոշում պետք է կայացնի, որ գոլդ համարներով իրենց կանանց ու երեխաներին չեն փրկի»:

Հայկ Ղազարյանն իր արվեստը համարում է հայելի, որում երևույթներն ու մարդիկ արտացոլվում են մարդկային ընկալումների համեմատ, և հույս ունի, որ մի օր իր նկարներում արևոտ սպասումներն ավելի շատ կլինեն:

Տեսանյութեր

Լրահոս