Գրիգոր Մինասյանը վերջապես գտել է մարդ, ով համաձայնել է աշխատել որպես արդարադատության փոխնախարար

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը նախարարի տեղակալի թեկնածուի փնտրտուքների մեջ է։ Արդարադատության նախկին փոխնախարար Արա Մկրտչյանի՝ աշխատանքից ազատվելուց հետո Գրիգոր Մինասյանը գրեթե մեկ ամիս տարբեր անձանց առաջարկել է իր տեղակալի՝ արդարադատության փոխնախարարի պաշտոնը, սակայն բոլոր ողջամիտ մարդիկ առաջարկը մերժել են։

Ընդ որում, 168.am-ի տեղեկություններով՝ Մինասյանը փոխնախարարի առաջարկ է ներկայացրել նաև իր և Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) Կարեն Անդրեասյանի «AM» իրավաբանական գրասենյակի աշխատակիցներին, սակայն նրանք նույնպես մերժել են առաջարկը:

Այժմ Մինասյանը ստիպված կանգ է առել Արտաշես Սուչյանի թեկնածության վրա։ Նա Արդարադատության նախարարության վերահսկողության վարչության պետի տեղակալն է, սակայն որևէ առնչություն չունի այն ոլորտների հետ, որը նշանակվելու դեպքում պետք է համակարգի։ Իսկ փոխնախարարի պաշտոնը զբաղեցնելու դեպքում վերջինս պետք է համակարգի նաև քրեական արդարադատության ոլորտը։

Արդարադատության նախարարության մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Արտաշես Սուչյանը չունի բավարար մասնագիտական հմտություններ այդ պատասխանատու պաշտոնը զբաղեցնելու համար, և այդ մասին գիտի նաև Գրիգոր Մինասյանը, սակայն վերջինս չունի լայն ընտրության հնարավորություն: Ի դեպ, Սուչյանը նաև եղել է նույն վարչության պետի պաշտոնակատարը, սակայն այդպես էլ չի նշանակվել վարչության պետի պաշտոնում:

Կարդացեք նաև

Իհարկե, ամենևին էլ գաղտնիք չէ, որ բավարար կրթություն և բարձր որակավորում ունեցող մարդկանց նկատմամբ Նիկոլ Փաշինյանն ունի ընդգծված հակակրանք և նախընտրում է պաշտոններ բաժանել անձանց, ովքեր նախ անվերապահորեն կծառայեն իրեն, ապա կլինեն բացարձակ կառավարելի։

Սակայն կարծես թե արդարադատության փոխնախարարի պաշտոնը զբաղեցնելու համար Արտաշես Սուչյանի՝ բավարար գիտելիքներ և կրթություն չունենալու հանգամանքը Գրիգոր Մինասյանին նույնպես չի կաշկանդում, քանի որ իր մյուս տեղակալները ևս իրենց գիտելիքներով չեն փայլում։

Արտաշես Սուչյանի թերևս գլխավոր «արժանիքը» դատավորների դեմ մղվող պայքարում, դատավորների ջարդի պրոցեսում ակտիվ ներգրավվածություն ու առանցքային դերակատարում ունենալն է։ Վերջինս խոնարհաբար կատարել է իշխանությունների բոլոր պահանջները։

Գրիգոր Մինասյանը, մեր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանին արդեն ներկայացրել է Արտաշես Սուչյանի թեկնածությունը՝ ինչպես բանավոր շփման ժամանակ, այնպես էլ՝ էլեկտրոնային գրագրությամբ։ Մնում է հասկանալ, թե ինչպես է Գրիգոր Մինասյանը Նիկոլ Փաշինյանին համոզելու, որ Սուչյանը համապատասխան թեկնածու է։ Գրիգոր Մինասյանի խնդիրը բարդ է՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ դեռևս Ռուստամ Բադասյանի նախարար ժամանակ, ըստ մեր աղբյուրի, Սուչյանի պաշտոնավարման հետ կապված խնդիրներ են առաջացել, ու վերջինս նույնիսկ հեռացել է նախարարությունից։

Այս պատկերը վկայում է այն մասին, որ որևէ ողջախոհ և խելամիտ անձ չի ցանկանում աշխատել Գրիգոր Մինասյանի և Նիկոլ Փաշինյանի հետ, ինչի հետևանքով և բախտի հեգնանքով ոչ այնքան կոմպետենտ անձինք հայտնվում են իրենց համար բաղձալի պաշտոններում։

Տեսանյութեր

Լրահոս