Թուրքիան մամուլի ազատության ցուցանիշով աշխարհում 158-րդ տեղում է
Մայիսի 3-ի մամուլի ազատության համաշխարահային օրվա առթիվ «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը մամուլի ազատության համաշխարահին ինդեքսի վերաբերյալ զեկույց է հրապարակել։ Ըստ զեկույցի՝ Թուրքիան 180 երկրների ցանկում զբաղեցնում է 158-րդ տեղը, իսկ 2023-ին զբաղեցրել էր 165-րդ տեղը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Իսկ Հայաստանը մամուլի ազատության ցուցանիշով տարածաշրջանում բացարձակ առաջատար է՝ զբաղեցնելով 43-րդ տեղը։ 2023-ին Հայաստանը զբաղեցնում էր 49-րդ հորիզոնականը։
«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության Թուրքիայի ներկայացուցիչ Էրոլ Օնդերօղլուն անդրադարձել է զեկույցին՝ նշելով, որ Թուրքիայի առաջընթացը պատրանք է։ Ըստ նրաի՝ Թուրքիայում 3 ամիսը մեկ դատարանի առջև են կանգնում լրատվամիջոցների ավելի քան 200 ներկայացուցիչներ, իսկ նրանցից մի քանիսը դատապարտվում են կամ արդարացվում, բայց ինչպես տեսնում ենք այս դատավարությունները վերջ չունեն։
Միջանկյալ նշենք, որ Թուրքիան 2002-ին զբաղեցրել էր 99-րդ, իսկ 2016-ից մինչև 2022-ը տատանվել էր հիմնականում 151-154-րդ տեղերում։
Նշվում է, որ Թուրքիայի ընտրական գործընթացում նկատվել է հանրային հեռարձակման կողմնակալություն և տասնյակ լրագրողների ձերբակալություն։
Ըստ զեկույցի՝ անհանգստացնող է Թուրքիայում իշխող Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության վերընտրումը։ Ըստ հրապարկաված զեկույցի՝ Թուրքիան գրեթե համակարգված առցանց գրաքննության և դատական հսկողությամբ շարունակում է ձերբակալել լրագրողներին և թուլացնել լրատվամիջոցները։