Բաժիններ՝

Չինաստանն առաջին անգամ զոնդ է արձակել՝ Լուսնի հակառակ կողմից նմուշներ վերցնելու համար

Չինաստանը հաջողությամբ արձակել է «Չանյե-6» ավտոմատ տիեզերական կայանը՝ պատմության մեջ առաջին անգամ Լուսնի հակառակ կողմից գրունտի նմուշներ հավաքելու համար: Այդ մասին տեղեկանում ենք Xinhua գործակալությունից:

Արձակումն իրականացվել է Չինաստանի հարավային Հայնան կղզու Վենչան տիեզերակայանից «Չանչժեն-5 Y8» տանող հրթիռի միջոցով:

«Չանյե-6» ավտոմատ տիեզերակայանը բաղկացած է ուղեծրային, վայրէջքային, թռիչքային և վերադարձի մոդուլներից։ Միջազգային համագործակցության շրջանակներում վայրէջքային մոդուլում գտնվում են գիտական ​սարքեր Ֆրանսիայից, Իտալիայից և Եվրոպայի տիեզերական գործակալությունից, իսկ ուղեծրային մոդուլում՝ ոչ մեծ արբանյակ Պակիստանից:

Լուսնի հակառակ կողմում վայրէջքի վայր է ընտրված Ապոլլոն խառնարանը, որը գտնվում է Հարավային բևեռ-Էյթկեն ավազանում:

«Չանյե-6»-ը փափուկ վայրէջք կկատարի Լուսնի վրա: Սարքը կհավաքի լուսնային գրունտի նմուշներ հորատման կայանքի և ռոբոտացված շերեփի միջոցով։

Նմուշների հավաքումից հետո թռիչքի մոդուլը կհեռանա Լուսնից և Լուսնի ուղեծրում կկցվի ուղեծրային ապարատին: Այնուհետև վերադարձի մոդուլը նմուշները կհասցնի Երկիր և վայրէջք կկատարի Չինաստանի հյուսիսում: Ակնկալվում է, որ ամբողջ առաքելությունը կտևի 53 օր:

2020 թ․ նոյեմբերի 24-ին Վենչան տիեզերակայանից արձակվել էր «Չանչժեն-5» տանող հրթիռը։ Այն Լուսին էր ուղարկել «Չանյե-5» կայանը, որը մեկնարկից մոտավորապես 23 օր հետո վերադարձավ Երկիր՝ հավաքելով մոտ 2 կգ լուսնային գրունտ, որպեսզի չինացի մասնագետներն ուսումնասիրեն այն ինչպես գիտական ​​նպատակներով, այնպես էլ գիտահետազոտական բազայի կառուցմանը նախապատրաստվելու նախագծի համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս