Փաշինյանի ինքնախոստովանական ցուցմունքները և իր իսկ դեմ «հաղորդումը»
Մայիսի 1-ին Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը մի քանի ինքնախոստովանական ցուցմունքներ է տվել, որոնց մեջ կան նաև կրկնություններ: 168.am-ն առանձնացրել է դրանք:
Ինքնախոստովանական ցուցմունք N 1
Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կարող էր կանխել 2020 թվականի 44-օրյա պատերազմը, իհարկե, թույլ են տրվել աղավաղումներ և կեղծիքներ:
«Կա՞ր արդյոք տարբերակ պատերազմը կանխելու: Ես ասում էի՝ այո՛, կար տարբերակ պատերազմը կանխելու, դրա համար մենք պետք է համաձայնեինք՝ հայկական կողմը, վերադարձնել Ադրբեջանի 7 շրջանները, համաձայնել Լեռնային Ղարաբաղի ընթացիկ կարգավիճակի լուծարմանը, համաձայնել, որ Լեռնային Ղարաբաղը հայ-ադրբեջանական բնակչություն ունեցող միավոր է, համաձայնել, որ Լեռնային Ղարաբաղը հայ-ադրբեջանական կառավարման ներքո է, այսինքն՝ իշխանության մեջ են ոչ միայն հայեր, այլև ադրբեջանցիներ, և նրանք համատեղ են կառավարում՝ խորհրդարանական մակարդակից սկսած, եթե, իհարկե, համաձայնություն լիներ Խորհրդարանի գոյության մասին և այլն, և այդպես շարունակ»,- նշել է Փաշինյանը՝ հավելելով, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում ամբողջ տեղեկությունը, որտեղ գերգաղտնի բաներ չկան, ներկայացրել է:
Հիշեցնենք, որ 2022 թվականի ապրիլին էլ ԱԺ-ում Փաշինյանը հայտարարել էր. «Կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք այս նույն վիճակը, իհարկե առանց զոհերի»:
Իրականում իշխանափոխությունից հետո բանակցությունները զրոյական կամ իր կետից սկսող Փաշինյանը պատերազմը չի կանխել, որովհետև այդպես էր պետք, ոչ թե որովհետև վախենում էր դավաճան հռչակվելուց, կամ տարածքներ հանձնող չէր:
Ինքնախոստովանական ցուցմունք N 2
Փաշինյանը 4 գյուղերի հանձնման և Տավուշում սահմանագծման գործընթացի համատեքստում խոստովանել է.
«Ընդ որում, ես Ձեզ ասեմ, այս պատմությունը որևէ կերպ չի կարելի կտրված դիտարկել 2020թ. իրադարձություններից և փորձից, որովհետև ես անձամբ՝ որպես այս ամենի պատասխանատվությունը կրող անձ և պաշտոնյա, ուզում եմ նաև դա ընդգծել»:
Այսինքն, նա հաստատում է, որ թեև 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունից հանվել էր Տավուշի մասին կետը, սակայն այն մնացել է բանավոր բանակցությունների օրակարգում, որին, թերևս, ինքը ոչ էլ դեմ է եղել և հենց սկզբից:
Ավելին, Փաշինյանը խոստովանել է նաև, որ 2021-2022 թվականի ադրբեջանական ներխուժումները ՀՀ ինքնիշխան տարածք, 2021 թվականի նոյեմբերյան և 2022 թվականի սեպտեմբերյան մարտերը Տավուշից տարածքներ պահանջելու համար են եղել: Ինչո՞ւ դրանք չեն կանխվել, կարծում եմ, ավելորդ է նշել՝ պետք չէր:
«Եվ ես առիթ չեմ ունեցել հրապարակային ասելու, չնայած աշխատանքային ֆորմատներով ասել եմ, չեմ էլ բացառում, որ ինչ-որ դրվագներ հրապարակված լինեն, բայց նաև պետք է իմանանք, որ այդ թվում՝ 2021 թվականի իրադարձությունները, 2022 թվականի իրադարձությունները շատ դեպքերում միջազգային հանրությանը ներկայացվել են հենց 4 գյուղերի համատեքստում»:
Ի դեպ, 168.am-ը գրել էր նաև, որ Փաշինյանն ու Ալիևը սեպտեմբերյան մարտերով փորձեցին լուծել նաև Արցախի կիսատ մնացած հարցը:
Մասնավորապես՝ 2022 թվականի սեպտեմբերի 14-ին, Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում ուշագրավ մեկ այլ հայտարարություն էր արել.
«Գուցե շատերին տարօրինակ կթվա, որ Ադրբեջանն այսպիսով արտահայտում է իր անբավարարվածությունը 44-օրյա պատերազմի արդյունքներից: Ես հասկանում եմ, որ հիմա շատ տարօրինակ բան եմ ասում: Հիմա շատ մանրամասներ չեմ կարող ասել, բայց նաև պետք է արձանագրեմ հետևյալը՝ ինչքան էլ մենք երջանիկ չենք 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից, բայց ակնհայտ է, որ հենց նոյեմբերի 10-ից սկսած Ադրբեջանը պայքարում է եռակողմ հայտարարության դրույթներն ի չիք դարձնելու համար»:
Այնուհետև Փաշինյանը շարունակել էր, որ Ադրբեջանը պայքարում է եռակողմ հայտարարության երեք հիմնական դրույթների դեմ. առաջինը, որ կա ԼՂ, երկրորդը, որ ԼՂ-ն ունի շփման գիծ, որի պաշտպանությունը և անվտանգությունը երաշխավորում է ՌԴ-ն, և ՌԴ-ն ԼՂ-ի և պաշտպանության գծի, այդ թվում՝ Լաչինի միջանցքի անվտանգության երաշխավորն է, և Լաչինի միջանցքը ստեղծվել է՝ ԼՂ-ի և Հայաստանի միջև կապ ապահովելու համար:
«Այս 3 դրույթներն ունեն անկյունաքարային նշանակություն, և փաստն այն է, որ Ադրբեջանը պայքարում է այս երեք դրույթների դեմ: Իմ կարծիքով՝ իր դիրքորոշումներում Ադրբեջանը որոշակիորեն խճճվել է, օրինակ՝ ասելով, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև սահման չկա, և ինքը Խորհրդային Միության սահմանները չի ճանաչում, այդտեղից տրամաբանական հարց կարող է ծագել՝ ինչի՞ հիման վրա են ադրբեջանցիները պնդում, որ ԼՂ-ն Ադրբեջանի մաս է: Իմ կարծիքով՝ Ադրբեջանն արտահայտում է 44-օրյա պատերազմի արդյունքներից իր անբավարարվածությունը»:
Ինքնախոստովանական ցուցմունք N 3
Սրանից հետո Պետրոս Ղազարյանը հարցազրույցի ժամանակ Փաշինյանին հետևյալ հարցադրումն է արել.
«Որքա՞ն է հավանականությունը, որ 4 գյուղերի հատվածի սահմանազատումից հետո Ադրբեջանը չի ներկայացնի նոր, միակողմանի հավակնություններ այլ հատվածների նկատմամբ։ Արդյո՞ք հետագա ճնշումների դեպքում Հայաստանը զիջումների չի գնա «Զանգեզուրի միջանցքի» առումով, ադրբեջանցիների վերադարձի առումով»:
Նիկոլ Փաշինյանը «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված հարցը, ըստ էության, շրջանցել է: Նա նախ արձագանքել է. «Մենք ինչքան հետևողական ենք շարունակում օգտագործել Ադրբեջանի առաջ քաշած խոսույթներն այն պայմաններում, երբ մենք ունենք «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը»: Այնուհետև շարունակել է. «Սա՝ որպես ուղղակի դիտարկում։ Բայց Ձեր հարցի կոնտեքստում ուզում եմ հետևյալ նրբության, որն իրականում նրբություն չէ, որը շատ էական հանգամանք է, դրա վրա ուշադրությունը հրավիրել, թե որոնք են երաշխիքները, որ Դուք ասացիք` Ադրբեջանը նոր, միակողմանի պահանջներ, և այլն, և այլն: Երաշխիքը մեր դիրքերի լեգիտիմությունն է»:
Այսինքն, Նիկոլ Փաշինյանն այլևս նույնիսկ համարձակ չի կարողանում առնվազն հրապարակավ հայտարարել, որ «Զանգեզուրի միջանցք» չի լինելու, որ դեմ են, որովհետև այն լինելու է, իրենք էլ դա շատ լավ գիտեն, ավելին՝ իր ասած «Խաղաղության խաչմերուկը» հենց այդ տրամաբանության մեջ է:
Վերջերս ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ նպատակ ունեն սահմանագծման կամ սահմանների վերարտադրման գործընթացը հասցնել մինչև Մեղրի, մինչև Իրանի սահման:
Հիշեցնենք, որ ավելի վաղ 168.am-ը գրել էր, որ Սյունիքը պետք է օրակարգում պահել, այսինքն՝ Տավուշի թեման չպետք է մեր ուշադրությունը շեղի Մեղրիից, և այն էլ ռուս խաղաղապահների՝ Արցախից դուրս գալուց հետո, քանի որ Ադրբեջանը կարող է կոշտացնել այս առումով իր դիրքորոշումը և դիմել որոշակի ռազմական գործողությունների:
Ինքնախոստովանական ցուցմունք N 4
Այս համատեքստում Փաշինյանին հաջորդ հարցն է ուղղվում՝ «Կա՞ պայմանավորվածություն, թե Տավուշի հատվածից հետո ո՞ր հատվածներում է նախագծվում սահմանազատում, որովհետև 4 գյուղերից հետո արդյո՞ք երաշխավորված է լեգիտիմությամբ, որ Ադրբեջանը կվերադարձնի մեզ Վարդենիսի, Ջերմուկի, Իշխանասարի, Ներքին Հանդի ուղղություններում այն տարածքները, որոնք լեգիտիմորեն մերն են»: Ի պատասխան՝ Փաշինյանը, ով ավելի վաղ կասկածի տակ էր դրել 2021-2022 թվականներին Ադրբեջանի կողմից ՀՀ օկուպացված տարածքների հայկական պատկանելությունը, խոստովանում է.
«Սահմանազատման հանձնաժողովների հայտարարության մեջ, եթե չեմ սխալվում, ընդգծված է գործընթացը, բայց եթե նույնիսկ ընդգծված չէ այնտեղ, սա հստակ ձևակերպված պայմանավորվածություն է, որ քայլերը տեղի են ունենալու հետևյալ հաջորդականությամբ. առաջինը՝ լուծվելու է այս սահմանազատվող հատվածներում սահմանի պահպանությունը Սահմանապահ զորքերին հանձնելու հարցը»:
Այսինքն, Փաշինյանն ընդունում է, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների հայտարարության կամ արձանագրության մեջ այս մասին կարող է ամրագրում չլինել, և էլի խոսքը բանավոր պայմանավորվածության մասին է, որը կարող է Ադրբեջանը խախտել, իսկ Հայաստանը ոչինչ չի կարող ապացուցել և պահանջել, լեգիտիմ գրավոր հիմք չկա:
Բնականաբար, Փաշինյանը նորից կրկնել է, որ այն, ինչ Տավուշում կատարվում է, պիլոտային ծրագիր է՝ «սա նախնական շրջան է սահմանազատման»։ Այսինքն՝ տարածքներ են հանձնում, դիրքեր հանձնում կամ վերացնում պիլոտային ծրագրով, իսկ նոր զիջումները դեռ առջևում են:
Ինքնախոստովանական ցուցմունք N 5
Փաշինյանը հաստատել է, ըստ էության, հայկական դիրքի Ադրբեջանին հանձնման կամ ադրբեջանական պահանջով դրանց վերացման փաստը, դրանով նաև ՀՀ ԶՈՒ 3-րդ բանակային կորպուսի լուծարման հեռանկարը:
«Ինչ վերաբերում է սահմանազատված հատվածներին, ես կրկին ուզում եմ ասել, որ սահմանազատված հատվածներում Պաշտպանության նախարարությունը ծառայություն չի իրականացնելու սահմանի պահպանության համար: Այսինքն՝ այդ հատվածում սահմանի վրա մենք Պաշտպանության նախարարության դիրքեր չենք ունենա: Ի՞նչ նկատի ունեմ, կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ և այդ դիրքը դուրս է գալիս, որովհետև Պաշտպանության նախարարությունն այդ գծի վրա այլևս ծառայություն չի իրականացնելու, ծառայություն իրականացնելու են Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերը»,- շեշտել է նա:
Եվ ոչինչ, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը մինչև հիմա ոչ մի հստակ բան չի ասել դիրքերի և բանակային կորպուսի ճակատագրի հետ կապված՝ սահմանափակվելով միայն մամուլում ժամանակ առ ժամանակ շրջանառվող տեղեկությունների հերքմամբ:
Այսինքն, մինչ այս պահը պարզ չէ՝ քանի դիրք ենք հանձնում Ադրբեջանին, քանի դիրք է վերանում ադրբեջանական պահանջով և վերածվում սահմանապահ ուղեկալի: Մենք հարցում ենք ուղարկել պաշտպանության նախարարություն այս հարցերի պարզաբանման վերաբերյալ, և պատասխանը ստանալուն պես կհրապարակենք այն:
Ի դեպ, հիշեցնենք, որ Փաշինյանի որոշմամբ ստեղծված Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանների սահմանազատման և սահմանների անվտանգության հանձնաժողովին կից աշխատանքային խմբում ընդգրկված են ՊՆ և ԳՇ ներկայացուցիչներ՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյան, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Կարեն Գրիգորյան, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմատեղագրական ծառայության պետ Սերգեյ Պետրոսյան:
Նշենք, որ հենց նա էր, ըստ Սիվիլնեթի, օրեր առաջ եղել Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի դիմաց նստած անձը, իսկ թե ովքեր են եղել ետևի շարքում՝ դեռևս հայտնի չէ։
Հավելենք, որ գնդապետ Սերգեյ Պետրոսյանն այն բարձրաստիճան զինվորականների շարքում էր, ով 2021 թվականի փետրվարի 25-ին ստորագրել էր Զինված ուժերի՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող հայտարարության տակ:
Այս համատեքստում առաջ ընկնելով՝ հիշեցնենք Պետրոսյանի ղեկավարած ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմատեղագրական ծառայության խնդիրները՝
– Զինված ուժերի մարտական պատրաստականության տեղագրագեոդեզիական ապահովումը:
– մարտական գործողությունների տեղագրագեոդեզիական ապահովումը:
Պաշպանության նախարարության կայքում տեղադրված տեղեկությունների համաձայն՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ ռազմատեղագրական բաժնի և նրա ենթակա զորամասի կողմից 1992թ. նոյեմբեր ամսին գծագրվեցին և տպագրվեցին առաջին տեղագրական քարտեզները, պատրաստվեց տեղանքի առաջին մանրակերտը, որոնք օգտագործվեցին Հայաստանի տարածքների ազատագրման ժամանակ, և, որ 2012 թվականից կատարվում են ՀՀ ՊՆ-ին պատկանող տարածքների կադաստրային չափագրման աշխատանքներ վկայականներ տրամադրելու համար:
Կարո՞ղ ենք ասել, որ կադաստրի վկայական ունեցող ՀՀ ՊՆ-ին պատկանող տարածքներ են հանձնվում Փաշինյանի պիլոտային ծրագրով, որի մասին պաշտպանական գերատեսչությունը, ինչպես նշեցինք, լռություն է պահպանում:
Այսինքն, լեգիտիմության խնդիր, ըստ էության, չկա: Այստեղ խնդիրն Ադրբեջանի պահանջն է և այն միշտ կատարելու պատրաստ ՀՀ իշխանությունը, թե սա ինչ անվան տակ կվաճառեն կամ ինչ անվան տակ են վաճառում՝ կախված է պահի քաղաքական նպատակահարմարությունից. դրա անունը կարող է լինել արտաքին լեգիտիմության ապահովում, դրան կարող է տրվել աշխարհաքաղաքական ենթատեքստ, որն ըստ Փաշինյանի՝ ողջունել են եվրոպական կառույցները, Միացյալ Նահանգները, արաբական երկրները, մեր հարևան երկրները, բացի Ռուսաստանից:
Բայց բանակը քանդելու կամ այն իրենից սպառնալիք չներկայացնող կառույց դարձնելու իր վաղեմի երազանքն ու թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջը Փաշինյանը փորձում է նաև այսպես ներկայացնել.
«Պետք է խոստովանենք՝ մենք մեր բանակի և մեր զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում, որովհետև մեր զինվորի վրա ինչքան բեռ կա՝ հերթով դնում ենք: Դիվանագիտության բեռը դնում ենք զինվորի վրա, տնտեսության բեռը դնում ենք զինվորի վրա, անվտանգության բեռը դնում ենք զինվորի վրա, զինվորի բեռը դնում ենք զինվորի վրա ու ասում ենք՝ դե, զինվոր ջան, տես՝ ինչ ես անում: Իրականում զինվորը և բանակն անվտանգության ապահովման վերջին գործոնն են: Մեր մտածողության բանաձևի մեջ այստեղ էլ խնդիր կա, որ մենք հենց անվտանգություն ենք ասում՝ հասկանում ենք զինվորին: Մենք ուզում ենք անընդհատ անվտանգության ռիսկերը մեծացնել և այդ զինվորին տանենք, տեսնենք՝ որտե՞ղ ծանոթ ունենք՝ ազատենք ծառայությունից, ով ոնց կարող է՝ չգնա բանակ, և այդ զինվորը, որին գտել ենք, որին ինչ-որ ձևով տարել ենք սահմանին կանգնեցրել, ինչքան բեռներ կան, բանակ չգնացածների բեռներն էլ դնենք այդ զինվորի վրա: Զինվորի նկատմամբ մեր պարտքը նաև այն է, որ մենք մեր հարաբերությունները կառուցենք այնպես, որ զինվորի վրա անհամաչափ բեռներ չդնենք: Սա ֆորպոստի տրամաբանություն է, երբ մենք զինվորի վրա անհամաչափ բեռներ ենք դնում, գիտենք, որ անհամաչափ բեռներ ենք դնում, երբ քննարկում ենք, ասում ենք՝ լսեք, այս զինվորի վրա անհամաչափ բեռներ ենք դրել, ո՞նց է լինելու, ասում են՝ խնդիր չկա, տե՛ս, պայմանագրեր ունենք, բաներ ունենք: Եվ սա կարևոր հանգամանք է, որովհետև ընդհանրապես՝ զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած: Մեր բանակի մեծագույն խնդիրներից մեկն այն է, որ մեր զինվորներն իրենց ծառայության մեծ մասն անցկացնում են խրամատի մեջ, այսինքն՝ իրենք նույնիսկ չեն հասցնում նորմալ պատրաստվել՝ որպես զինվոր: Սա անտրամաբանական բան է: Զինվորը պետք է լինի մշտական տեղակայման վայրում, պետք է լինի մոբիլ, և երբ անվտանգության խնդիր կա՝ գնա այդ խնդիրը լուծի, վերադառնա զորամաս»:
Եվ Փաշինյանը, որը ձախողվել է՝ որպես գերագույն հրամանատար և երկրի ղեկավար, կամ այդպիսին չի էլ եղել երբևէ, և որը, ենթադրենք՝ չի կարողացել կանխել 44-օրյա պատերազմը, պատերազմից հետո չի կարողացել կանգնեցնել ադրբեջանական ներխուժումները ՀՀ ինքնիշխան տարածք, չի կարողացել ստանալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայանպաստ եռակողմ հայտարարություն, որ չի կարողացել զսպել Ադրբեջանին և ձեռք բերել միջազգային իրական աջակիցներ և դաշնակիցներ, այնուհետև իր հարցազրույցում նշում է, թե՝ «մեզ վերացնելու» Ադրբեջանի ցանկությունը պետք է կարողանալ կառավարել, ավելին՝ փոխել:
Բնականաբար, Նիկոլ Փաշինյանին թվում է, կամ փորձում է այդպես ցույց տալ, որ Ադրբեջանի պահանջները կատարելով՝ կարող է նրանց՝ «մեզ վերացնելու» ցանկությունը զսպել, ինչը, մեղմ ասած, իրատեսական չէ, և անունն էլ դնել լեգիտիմություն կամ լեգիտիմ սահման:
Մյուս կողմից, տողատակում Փաշինյանը հասկացնում է, որ անվտանգության երաշխիքներ չի կարող տալ, և փորձում է համեմատականներ անցկացնել պատերազմի ժամանակ հասարակության անվտանգային զգացողությունների հետ:
«Ինչո՞ւ, որ 2022 թվականի սեպտեմբերի պատերազմը կար, ասենք, Երևանի կենտրոն համայնքի դպրոցի աշակերտներն իրենց անվտա՞նգ էին զգում, կամ՝ Գյումրիի աշակերտներն իրենց անվտա՞նգ էին զգում, կամ՝ Վանաձորի, Ստեփանավանի աշակերտներն իրենց անվտա՞նգ էին զգում 44-օրյա պատերազմի ժամանակ: Կամ, երբ էսկալացիա է լինում սահմանին, ամբողջ սոցիալական ցանցերը, մամուլը և այլն, որ այդ քաղաքներում զոհված զինվորների հուղարկավորություններ են լինում, այդ դպրոցների երեխաններն իրենց անվտա՞նգ են զգում, որ դպրոցների պատերին շարունակվում են կախվել զինվորների նկարներ, այդ դպրոցի շրջանավարտները, այդ դպրոցի աշակերտներն իրենց անվտա՞նգ են զգում»:
Ի՞նչ է սա՝ եթե ոչ՝ մանիպուլյացիա, հասարակության զգացմունքների օգտագործում և բարոյահոգեբանական ճնշում: Եվ սա անում է մի մարդ, ում իշխանության օրոք միայն 44-օրյայի ժամանակ մի քանի հազար զոհ ենք ունեցել:
Բայց Նիկոլ Փաշինյանը Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում ավելի հեռուն է գնում և, բացի որոշակի ինքնախոստովանական ցուցմունքներից, նաև ներկայացնում է ՀՀ ապագայի վերդիկտը, այնպես, ինչպես արեց 44-օրյա պատերազմի ելքի առումով, երբ պատերազմի առաջին օրը հասկացրեց՝ պարտվելու ենք:
«Եթե մենք առաջիկա տարիներին կարողանանք պահպանել մեր պետականությունը, ինքնիշխանությունը, անկախությունը՝ կկարողանանք երաշխավորել, որ առաջիկա տասնամյակներում Հայաստանի Հանրապետություն, անկախ պետությունը գոյություն կունենա»,- ընդգծել է Փաշինյանը:
Երկրի ղեկավարի դեպքում սա չի կարող դիտվել՝ որպես կանխատեսում, և ոչ էլ միայն սպառնալիք, սա հուշում է բանավոր կամ ոչ բանավոր պայմանավորվածության մասին և պետականության կորստի մասին դատավճիռ:
Արդյո՞ք սա պետականության դեմ հայտարարություն չէ, թողնենք մասնագետներին, իսկ մինչ այս Փաշինյանին հուշենք, որ ինքը ներքին լեգիտիմության խնդիր ունի, իսկ սա կարևոր պայման է նաև արտաքին լեգիտիմության առումով, այլապես նույն ինքը՝ Ալիևը, չէր գնա արտահերթ նախագահական ընտրությունների և ներսում փորձեր լեգիտիմացնել 44-օրյա պատերազմի և դրանից հետո Արցախում և ՀՀ-ում իրականացրած գործողությունների արդյունքները:
Հ.Գ. Հայկական դիրք հանձնել Ադրբեջանին և սեփական դիրքերը վերացնել ադրբեջանական պահանջով իրականացվող պիլոտային գործընթացի շրջանակում՝ մեծ տարբերություն չկա: Այստեղ էականն արդյունքն է՝ քանդվում է հյուսիսարևելյան պաշտպանական գիծը և թուլանում ՀՀ անվտանգային դիմադրողականությունը: Այնպես որ, հերքել ինչ-որ դիրքի հանձնել-չհանձնելը, դա դեռ ոչինչ չի նշանակում: