ՌԴ դեսպանատան ներկայացուցիչը հաքերային հարձակման պատճառով Գերմանիայի ԱԳՆ է կանչվել
Գերմանիայի ԱԳՆ-ն կանչել է ԳԴՀ-ում ՌԴ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարին՝ կապված Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության վարչության անդամների էլեկտրոնային փոստի հաշիվների ենթադրյալ կոտրման հետ, ինչի համար Բեռլինը ավելի վաղ ռուսական կողմին էր մեղադրել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Կարող եմ ձեզ տեղեկացնել, որ այսօր մենք ԱԳՆ ենք կանչել Ռուսաստանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարին, որպեսզի հստակ շարադրենք դաշնային կառավարության դիրքորոշումը»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչ Քրիստիան Վագները:
Իր հերթին Գերմանիայի նախարարների կաբինետի ներկայացուցիչ Վոլֆգանգ Բյուխները հայտարարել է, որ «դաշնային կառավարությունը և միջազգային գործընկերները վճռականորեն դատապարտում են APT-28 խմբավորման կողմից Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կառավարման դեմ իրականացվող արշավը»:
Նրա խոսքով՝ կիբերհանցագործները «երկար ժամանակ շահագործել են այդ պահին անհայտ կրիտիկական խոցելիությունը Microsoft Outlook-ում և այդպիսով բացահայտել են էլեկտրոնային փոստի մի քանի հաշիվներ»: Նա պնդել է, որ APT-28-ը, ըստ գերմանական հատուկ ծառայությունների, «կապված է ռուսական ռազմական հետախուզության հետ»: Արշավն, իբր, ուղղված է եղել նաև լոգիստիկայի, սպառազինությունների, օդատիեզերական արդյունաբերության, ՏՏ ծառայությունների, ինչպես նաև հիմնադրամների և ասոցիացիաների ոլորտում պետական հաստատությունների և ընկերությունների դեմ։
Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոկն այսօր հայտարարել է` Գերմանիայի կառավարությունը կարծում է, որ Ռուսաստանն է կանգնած այդ հաքերային հարձակման հետևում: Նրա խոսքով՝ ԱԳՆ ղեկավար դերին կից նախարարների կաբինետի կողմից անցկացված հետաքննության ընթացքում, իբր, պարզվել է, որ «անցյալ տարի տեղի ունեցած այս հարձակման պատասխանատվությունը կրում է APT28 խմբավորումը»: Բերբոքը նաև սպառնացել է, որ հետևանքներ կլինեն, սակայն չի հստակեցրել, թե ինչ գործողությունների մասին կարող է լինել խոսքը: