«Եթե կարծում են՝ ադրբեջանցու մոտ գտնվելը հայի համար ավելի անվտանգ է, ուրեմն՝ «անվտանգ է»։ Ինչպե՞ս կարող է անվտանգ լինել, երբ թուրքը մեզանից մի քանի մետր հեռավորության վրա է։ Եթե մինչև ապրիլ Կիրանց գնում էինք ուղիղ ճանապարհով, հիմա գնում ենք այդ ճանապարհը շրջանցելով, վերևի ճանապարհով ենք գնում։ Եթե ադրբեջանցի զինվորը մեզ ավելի մոտ է գտնվում, դա կարո՞ղ է անվտանգ լինել, ադեկվատ մարդը չի կարող այդպես մտածել։ Այդ ազգը ծնվել է սպանելու, նվաճելու համար»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Հայկ Ղազարյանը։
«90-ականների պատերազմի արդյունքում մենք 14 հազար հեկտար հող վերադարձրեցինք Հայաստանին։ Ափսոս մեզ, ափսոս, որ մարդկանց կյանքի գնով ազատագրված հողն այսպես հեշտությամբ իշխանությունը վերադարձնում է, այսինքն՝ նվիրում է։ Անգամ, եթե այդ տարածքները լինեին անապատ, հանձնել չէր կարելի, որովհետև դա հայրենիքի տարածքն է, նույնիսկ մեկ մետրի հանձնումը նշանակում է հայրենիքի հանձնում»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Քաղաքականությունն ու արվեստը շատ արվեստագետներ փորձում են տարանջատել, բայց 37-ամյա նկարիչ Հայկ Ղազարյանն իր արվեստում միավորում է այս երկու բևեռները՝ վստահեցմամբ, որ քաղաքական արվեստն ազդեցիկ է և կարող է երկխոսել մարդու հետ, մարտահրավեր նետել գերիշխող նորմերին, կանխատեսել իրողությունների ընթացքը: