Բոլոր խնդիրները քաղաքական հանգուցալուծում են պահանջում, ինքս անմասն չեմ մնալու այդ գործընթացներից. մասնակցությանս ձևաչափը կորոշակիացվի. Արման Թաթոյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանն է։
Ընթերցողին տեղեկացնենք, որ Արման Թաթոյանը՝ որպես սահմանների կառավարման և անվտանգության հարցերով մասնագետ, աշխատել է ՄԱԿ-ում:
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- Սահմանազատումը բոլորովին այլ պրոցես է, այն, ինչ հիմա տեղի է ունենում Տավուշի մարզում, սահմանազատում չէ, այդ գործընթացը հակասում է միջազգային նորմերին և սկզբունքորեն հակադրվում է ՀՀ Սահմանադրության հիմքերին։ Տպավորություն է, որ մենք մկրատով կտրում ենք մեր երկիրը և ինչ-որ թղթային աշխատանք ենք կատարում: Մինչդեռ սահմանազատման գործընթացը պարտադիր ենթադրում է սահմանային բնակիչների կարիքների գնահատում, նրանց իրավունքների պաշտպանություն, նման գործընթացում անգամ մարդկանց ազգային ավանդույթները պետք է հաշվի առնվեն։ Սահմանազատում՝ նշանակում է բանակցություններ, հետազոտություն, անգամ տարածքների փոխանակում։
- Իշխանությունների նախաձեռնած սահմանազատման այս հակաիրավական գործընթացը լրջագույն ռիսկեր է պարունակելու, հետագայում որևէ տեղ չենք կարողանալու մեր քաղաքացիների անվտանգությունն ու շահերը, մեր երկրի շահերը պաշտպանել: Ի վերջո, անվտանգությունը մարդու հետ է կապված, մարդուց չես կարող կտրել անվտանգությունը։ Իսկ մեր երկրում այսօր մարդիկ չեն կարող ազատ և անվտանգ տեղաշարժվել։
- Սահմանազատման կարևորագույն գործառույթներից է՝ ապահովել մարդկանց անվտանգությունը, այս գործընթացով մենք դա չենք ապահովում, հետևաբար, իշխանությունների բերած փաստարկը, թե քաղաքական պայմանավորվածությամբ են ապահովելու այդ հարցը, դա չի գործում և չի գործելու, բացի այդ՝ չի բխում ՀՀ շահերից։
- Ադրբեջանին պետք չեն այդ տարածքները, ակնհայտ է, որ Ադրբեջանը պարզապես ապահովում է իր հետագա առաջխաղացումը, նպատակը՝ լավ դիրքեր գրավի և վերահսկի Հայաստանում շարժը։ Այսինքն՝ Ադրբեջանն այստեղ ռազմավարական այլ նպատակներ է հետապնդում։ Ադրբեջանն առաջ է գալիս միայն զորքով։ Իսկ մենք կկարողանանք մեր քաղաքացուն պաշտպանել, ապահովել նրա անվտանգությունը միայն այն դեպքում, եթե բացառենք Ադրբեջանի զինված ներկայությունը։
- Սահմանազատման այս գործընթացն ամբողջությամբ ապալեգիտիմ է, հակաիրավական, որովհետև դա անցկացվում է գաղտնիության պայմաններում։
- Տավուշի մարզում Ադրբեջանի թիրախում են հայտնվում Հայաստանի ռազմավարական օբյեկտները։ Գործընթացն իրականացվում է առանց իրավական հիմնավորումների և ամեն ինչ բացառապես արվում է մեր անվտանգության հաշվին։
- Ադրբեջանը չի պատրաստվում դուրս գալ Սյունիքից, Վայոց ձորից, Գեղարքունիքից, Տավուշից։ Այսօր թեև հանրային ողջ քննարկումը Տավուշի շուրջ է, բայց մենք ունենալու ենք լուրջ խնդիրներ նաև մյուս Հայաստանի բնակավայրերում։ Այս ամենը կոպիտ սխալներով քաղաքական հայտարարությունների հետևանք է, ինչպես, օրինակ՝ ՀՀ իշխանությունների կողմից Ադրբեջանի 86.600 քկմ տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին հայտարարությունը։
- Գրանադայում արված հայտարարությունը պատերազմ հրահրող էր։ Պատահական չէր, որ հենց հաջորդ օրն Ալիևը սկսեց հստակ գյուղերի մասին խոսել, կամ, երբ հայտարարեց Ադրբեջանի 100 հազար քկմ տարածքի մասին, և նա, ակնհայտորեն, նկատի ուներ Հայաստանը։ Ադրբեջանի սահմանադրության համաձայն՝ այսօրվա Ադրբեջանը 1918 թվականի Անկախ Ադրբեջանն է, ուստի պատահական չի ասում Ալիևը, որ իրենց տարածքը 100 հազար քկմ է, որը ներառում է հենց Հայաստանի տարածքը։
- ՀՀ իշխանություններն ամեն ինչ անում են քաղաքական իրենց իսկ նախորդ սխալները կոծկելու համար։
- Ալմա Աթայի հռչակագիրն արհեստականորեն է բերվել բանակցությունների սեղանին դրվել և ընդհանրապես չպետք է կապ ունենար սահմանազատման այս գործընթացի հետ։ Այս փաստաթուղթն անիմաստ է, իրավական նշանակություն չունի և չի ունեցել։ ՀՀ առաջին նախագահը դեռևս 1991թ. Ալմա Աթայի հռչակագիրը ստորագրելուց հետո էր մեկնաբանել, որ այս փաստաթուղթն ընդամենը քաղաքական նշանակության է, դրա վրա որևէ մեկը հույս էլ չի դրել։
- Արծվաշենը եթե անգամ մեզ հանձնեն, անվտանգության տեսանկյունից ի՞նչ ենք անելու, իսկ Տավուշի գյուղերը հանձնելով՝ Ադրբեջանին հնարավորություն ենք տալիս սեպաձև մխրճվելու մեր տարածքների մեջ։
- Սահմանային անվտանգության հարցերը չի կարելի առանձնացնել խաղաղության գործընթացից, հակառակ դեպքում դա խաղաղություն չէ, և անիմաստ է այդ գործընթացը։ Սահմանային անվտանգությունը պետք է պարտադիր բաղադրիչ լինի այս ամբողջ գործընթացին։
- Այն, ինչ այսօր տեղի է ունենում՝ իշխանությունների կոպիտ սխալների արդյունք է։ Այսօր Ադրբեջանի ունեցած առավելությունները ՀՀ իշխանությունների, պաշտոնյաների տարբեր հայտարարությունների արդյունք է։
- Ներքին Հանդում հենց հիմա էլ կրակոցներ են հնչում, մինչդեռ իշխանությունները հայտարարում էին, թե Սյունիքն անվտանգ է։ Այլընտրանքային ճանապարհներ են շատ արագ կառուցում՝ մեր բնությանը վնաս տալով, մեր բնության հաշվին, հիմա այդ ճանապարհները բացարձակ չեն գործում։
- Այս ամենը Ադրբեջանի իշխանությանը նվեր է, բայց ՀՀ իշխանությունները շարունակում են հայտարարել ու պնդել իրենց որդեգրած ամեն ինչ կոծկելու քաղաքականությունը։
- Տավուշում սահմանին առաջին սյունը քաղաքական նպատակներով դրվեց, այնինչ պետք է դեմարկացիան արվեր դելիմիտացիայի հիմքի վրա, այսինքն՝ սահմանների նկարագրության հիմքի վրա, մանրակրկիտ քննարկումների արդյունքում։ Այս հակաիրավական, ապալեգիտիմ գործընթացը ՀՀ իշխանությունները պատում են քաղաքական կեղծ շղարշով։
- 2022 թվականին վարչապետի որոշմամբ ստեղծվել է սահմանազատման հանձնաժողովը, այսինքն՝ անհատական ակտով, որը սահմանում է վարքագծի կանոններ, որը վերաբերում է ակտում ներառված անդամներին՝ անհատապես։ 2023 թվականին էլ Կառավարության որոշմամբ հաստատվել է անհատական ակտով ստեղծված հանձնաժողովի աշխատակարգը։
Չկան հանձնաժողովի անդամների գործառույթները, նրանց լիազորությունները։ Չկան իրավական հիմքեր այս հանձնաժողովի գործունեության։ Հանձնաժողովների հաստատված աշխատակարգը նախատեսում է ընդամենը ընթացակարգային դրույթներ։ Չկան սահմանազատման համար նախատեսված, հստակ ամրագրված միջազգայնորեն ընդունված կանոնները։ Կոծկում են իրավական կանոնները, շտապում են արագ ավարտել սկսած գործընթացը։
- Այս իշխանություններն իրավունքը, օրենքները ծառայեցնում, հարմարեցնում են քաղաքականությանը։
- Ադրբեջանը սրանով չի սահմանափակվելու, Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքն է ուզելու, և, որպեսզի դա չլինի՝ ՀՀ իշխանությունները պետք է վեր կանգնեն քաղաքական շահերից։ Ադրբեջանը հետևողականորեն առաջ է տանում ՀՀ ողջ տարածքի նկատմամբ իր իրավունքների հարցը։ Օգտագործելով և մանիպուլացնելով պատմական փաստերը՝ լեգիտիմացնում են իրենց պատկերացումները և Սևանը, Սյունիքը, Երևանը ներկայացնում են՝ որպես ադրբեջանական տարածքներ։ Ադրբեջանն ադրբեջանցիների վերադարձի հարցը կապում է իրենց պատկերացրած պատմության հետ։ Միջազգային հանրությանը մոլորեցնելով՝ ակտիվ և հետևողական քարոզչություն է իրականացնում Ադրբեջանը՝ միաժամանակ արտաքին աշխարհի համար խաղաղության շղարշ ստեղծում։
- ՀՀ իշխանությունների հայտարարություններով ուղեկցվող սահմանազատման սկսած այս հակաիրավական գործընթացը ձեռնտու է Ադրբեջանին, իսկ Ադրբեջանը խաղաղություն չի ուզում։
- Շուռնուխ գյուղում քաղաքացի Ստյոպա Մովսիսյանին ՀՀ կադաստրի մարմինն է վկայական տվել, բայց նրա տունը երկու մասի է բաժանվել. մի մասը՝ Հայաստանում, մյուս մասը՝ Ադրբեջանում։
- Սյունիքում այսօր նույն վիճակն է, մենք այնտեղ չունենք անվտանգային ապահովություն, ճանապարհային հաղորդակցություն, որը տեղի է ունեցել այս կառավարության սխալ քաղաքական դիսկուրսի արդյունքում։
- Կադաստրային փաստաթղթերն ամբողոջությամբ գաղտնիացրել են, և եթե նայենք կադաստրային քարտեզները, ՀՀ տարածքը շատ ավելի մեծ է, քան իրենք ներկայացնում են։
- Այս ամենն Ադրբեջանին ձեռնտու փաստարկներ են ու դիսկուրս։
- Դեռ 2021 թվականին էին այս իշխանությունները բարձրացրել այդ գյուղերի հարցը, և հենց դրա համար եմ նրանց քննադատել այն ժամանակ։ Դեռ այն ժամանակ էի բարձրաձայնում անվտանգության գոտի ստեղծելու անհրաժեշտությունը:
- Մեզ հիմա անհրաժեշտ է կանգնեցնել այս պրոցեսը՝ հիմքում դնելով մեր երկրի անվտանգության հարցը։ Բազմաթիվ լուրջ հարցեր են ծագում՝ Վրաստանի հետ միջպետական ճանապարհի, սահմանային հաղորդակցության, գազատարի, ջրամբարի հարցերը՝ մարդկանց կենսագործունեությունից զրկող կարևոր բաղադրիչներ։
- Երկրում ստեղծված այս բոլոր խնդիրների պատճառները, ի վերջո, քաղաքական են, քանի որ իշխանությունների կողմից տարվել և տարվում է կոպիտ սխալներով քաղաքականություն: Իշխանությունների վարած այս քաղաքականությունը սկզբունքային առումով հակադրվում է Հայաստանի և Հայաստանի քաղաքացու շահերին: Այսքանը գիտակցելով հանդերձ՝ ես չեմ պատրաստվում անմասն մնալ, ավելին, պատրաստվում եմ իմ մասնակցությունը բերել քաղաքական այդ գործընթացին: Քաղաքական գործընթացներին իմ մասնակցության ձևաչափի հարցը քննարկման փուլում է, հարցի իրականացման իրատեսությունից ելնելով՝ որոշումը կկայացվի:
- Կիրանցի, Ոսկեպարի, մյուս գյուղերի բնակիչների պայքարն իրենց գոյաբանական իրավունքների համար է, և սա առհասարակ մեր գոյաբանական պայքարի մի մասն է: Տավուշում մարդիկ պայքարում են իրենց պապական տներում անվտանգ ապրելու համար, իրենց երեխաների արժանապատիվ ապրելու համար: Մարդիկ պայքարում են, որ ունենան եկամուտ վաստակելու արժանապատիվ հնարավորություն, որ չդառնան պարզապես տեղահանվածներ կամ ստիպված լինեն լքելու իրենց բնակավայրը: Իսկ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանն իրական հոգևորականի իր էությունից ելնելով՝ մարդկանց հետ է: Շատ դատապարտելի, ամոթալի, անարժանապատիվ արշավ է սկսված Բագրատ Սրբազանի և Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ: Մեր ուսումնասիրություններով՝ Բագրատ Սրբազանի, եկեղեցու դեմ այդ պայքարն ուղղորդում են կոնկրետ իշխանությունները, և որոշ պաշտոնատար անձինք էլ անմիջական մասնակիցն են այդ ամենի, դրա վերաբերյալ կան կոնկրետ հրապարակային ելույթներ, խորհրդարանում, այլ հրապարակումներ, և սա սկզբունայնորեն հակադրվում է ժողովրդավարական գործընթացին և իրավունքի գերակայությանը: Ժողովրդավարությունը պահանջում է նաև հանդուրժողականություն այլակարծության հանդեպ, բողոքի ու գանգատի հանդեպ, եթե դա հատկապես իշխանության դեմ է:
ՀՀ Քրեական օրենսգիրքը մի հոդված ունի, որն իշխանություններն անխնա օգտագործում են իրենց շահերի պաշտպանության համար, ինչը, ցավոք սրտի, վերածվել է իշխանության պաշտպանության գործիքի: Խոսքը վերաբերում է Քրեական օրենսգրքի «Ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը» հոդվածին: Այս հոդվածը նախատեսում է քրեական պատասխանատվություն նաև այն արարքների համար, որոնք այսօր թույլ են տվել եկեղեցու և, մասնավորապես, Բագրատ Սրբազանի նկատմամբ: Հոդվածում հստակ գրված է, որ «Անձի կամ անձանց խմբի նկատմամբ ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութ կամ առարկա տարածելը» պատժվում է: Այդ հանցակազմը ծանրացնող է, եթե դա անում է իշխանությունը ներկայացնող պաշտոնատար անձը և եթե դա արվել է հրապարակային: Ինձ հիմա հետաքրքրում է՝ արդյոք հարուցվելո՞ւ է քրեական հետապնդում այն անձանց նկատմամբ, ովքեր նման հայտարարություններ են անում և տարածում:
Մանրամասները՝ տեսանյութում.