Ուղղահայաց ստի անատոմիան. միջանկյալ կանգառը՝ գլխավոր դատախազություն
Երեկ Ազգային ժողովի (ԱԺ) պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում իր տարեկան հաղորդումն էր ներկայացնում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը:
Հանձնաժողովի անդամները հաղորդումը ներկայացնելուց հետո հարցեր ուղղեցին գլխավոր դատախազին:
Իր հարցերը հնչեցնելիս ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն անդրադարձավ գլխավոր դատախազի հաղորդման մեջ տեղ գտած Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի վերաբերյալ դրվագին:
«Ակնհայտորեն այստեղ սուտ է ներկայացված: Ձեր հաղորդման 91-րդ էջում Դուք գրում եք՝ «Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթով հանրային քրեական հետապնդում է հարուցվել Կրթության և գիտության նախկին նախարարի նկատմամբ, ով հանդիսացել է նաև Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախկին նախագահը և հիմնադրամի ռեկտորի, «Հերացի» արհեստակցական կազմակերպության նախագահի և 2 այլ անձանց հետ հանցակցությամբ կատարել է պաշտոնեական դիրքի չարաշահում, առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում, ինչպես նաև փողերի լվացում: Հաշվի առնելով, որ վերոնշյալ քրեական գործով վարույթով հիմնավորվել է, որ մեղադրյալների հանցավոր գործողությունների արդյունքում պետությանը պատճառվել է 905 միլիոն 194 հազար 706 դրամի գույքային վնաս, նախնական դատալսումների ընթացքում դատախազի կողմից ներկայացվել է գույքային հայց մեղադրյալների հօգուտ Հայաստանի Հանրապետության պատճառված նյութական վնասը բռնագանձելու վերաբերյալ»: Չկա ներկայացված այդպիսի հայց, որովհետև դատական պրոցեսում ես ինքս ներկա եմ եղել կոնկրետ այս դրվագին»,– ասաց Արծվիկ Մինասյանը:
Վերջինս հավելեց՝ բայց ամենազավեշտալին այն է, որ դատախազի հաղորդման մեջ գրված է՝ մեղադրյալի կողմից պատճառված վնասն ամբողջովին վերականգնվել է:
«Եթե Ձեր հաղորդման մեջ մնացյալներն էլ են այսպիսի տեղեկություն, թույլ տվեք խորը կասկած հայտնել այս հաղորդման մեջ տվյալների իսկության վերաբերյալ: Հեշտ է մարդկանց անունները գրել և հանրության համար հաճելի տպավորություն ստեղծել: Արդյո՞ք ճիշտ եք համարում, որ քանի դեռ չկա օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, պետք է առնվազն ձեռնպահ մնալ նման հաստատակամ պնդումներից»,- ասաց ԱԺ ընդդիմադիր պատգամավորը:
Աննա Վարդապետյանն արձագանքելով՝ ասաց՝ նրբություն կա:
«Գույքային հայց մենք ներկայացնում ենք քաղաքացիական հայցի շրջանակներում: Հանցագործությամբ անմիջականորեն պատճառված վնասը վերականգնվում է քրեական վարույթի շրջանակներում: Աշոտյանի գործով միայն Աշոտյանը չի, որ վարույթով ներգրավված է»,- ասաց Աննա Վարդապետյանը, հետո միտքը կտրվեց, շփոթվեց, ասաց՝ չի մեկնաբանի «սուտ» բառը, որովհետև ակնհայտ ապատեղեկատվություն է: Ապա ասաց՝ դատարանը չի ընդունել հայցը՝ ասելով, որ քանի որ Բժշկական համալսարանը հիմնադրամ է, և դատարանը գտել է, որ տվյալ դեպքում պետությունը չէ տուժողը, իրենց թույլ չի տվել, որ ունենան քաղաքացիական հայցվորի կարգավիճակ:
«Մենք հայցը ներկայացրել ենք և մերժում ենք ստացել դատարանից: Թերևս, թյուրըմբռնումը գալիս է այդտեղից: Եթե կարողացա բացատրել: Երկու վարույթ է, մեկը քաղաքացիական հայց է քրեական վարույթի շրջանակում, մյուսը հանցագործությամբ անմիջականորեն պատճառված վնասի վերականգնում է քրեական վարույթի շրջանակներում, առանց քաղաքացիական հայցի»,- ինչ-որ կերպ փորձեց իր իսկ գրած հաղորդման մեջ տեղ գտած կեղծիքը բացատրել գլխավոր դատախազը:
«Նշված քրեական գործով ՉԻ ՀԻՄՆԱՎՈՐՎԵԼ, որ պետությանը պատճառվել է 908 մլն ՀՀ դրամ վնաս։ Ավելին, հիմնավորվել է ճիշտ հակառակը`ըստ դատարանի, պետությանը վնաս չի պատճառվել: Հենց այդ պատճառով էլ 10.04.2024թ. դատարանն առանց քննության է թողել դատախազության ներկայացրած գույքային հայցը։
Ո՛չ Արմեն Աշոտյանի և ո՛չ էլ, մեր տեղեկությամբ, որևէ այլ մեղադրյալի կողմից որևէ «ՎՆԱՍ» ՉԻ «ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ» և չէր էլ կարող «վերականգնվել»՝ այն պարզ պատճառով, որ մենք վճռականորեն մերժում ենք որևէ վնաս պատճառելու ենթադրությունը»,- ավելի ուշ գլխավոր դատախազին արձագանքեց Արմեն Աշոտյանի պաշտպանական թիմի անդամ Ռուբեն Մելիքյանը:
Դեպքերի ժամանակագրությունը
Ապրիլի 3-ի նիստի ժամանակ մեղադրանքի կողմը գույքային հատուցման վերաբերյալ միջնորդություն ներկայացրեց: Ըստ հանրային մեղադրողի՝ Արմեն Աշոտյանի, Մարթա Սիմոնյանի, Միքայել Նարիմանյանի ու Լարիսա Բարսեղյանի գործողությունների արդյունքում պետությանը պատճառվել է 905 միլիոն 194 հազար 706 ՀՀ դրամի գույքային վնաս: Վերջինս միջնորդեց հայցադիմումն ընդունել վարույթ ու քննել քրեական գործի հետ միասին, նշված անձանցից բռնագանձել այդ գումարը՝ հօգուտ պետության, այսինքն՝ ԵՊԲՀ-ի:
Հանրային մեղադրողը միջնորդեց նաև՝ որպես հայցի ապահովման միջոց՝ Արմեն Աշոտյանի գույքերի վրա 38 միլիոն 658 հազար 200 դրամի չափով արգելանք կիրառել: Մեղադրյալների պաշտպանները դեմ էին միջնորդությանը: Մասնավորապես՝ Արմեն Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանն ասաց՝ միջնորդությունը պետք է թողնել առանց քննության կամ վերադարձնել, որովհետև այն ներկայացված է դատավարական գործունակությամբ չօժտված անձի կողմից:
Մեղադրանքի կողմի միջնորդության վերաբերյալ դիրքորոշում հայտնեց նաև ինքը՝ Արմեն Աշոտյանը, ով ասաց՝ եթե ԵՊԲՀ-ն լիներ ՊՈԱԿ, այս հարցը չէր ծագի, սակայն Հիմնադրամի դեպքում այն այլևս հանրային բուհ է:
«Հետևաբար՝ ԵՊԲՀ-ն ու մյուս բուհ-երը, ՊՈԱԿ-ից վերածվելով հիմնադրամների, դադարել են պետական հիմնարկներ համարվելուց: Բուհ-երը հիմնադրամ են դարձել, որ պետությունից ավելի ազատ լինեն»,- ասաց Արմեն Աշոտյանը:
Այլ կերպ ասած՝ Արմեն Աշոտյանը՝ որպես բուհ-ը հիմնադրամ դարձնելու գաղափարի հեղինակ, բացատրում է օրենսդրական կարգավորումն առ այն, որ բուհ-ին պատճառված վնասը, որքան էլ այն մեծ լինի, ապրիորի չի կարող համարվել պետությանը պատճառված վնաս, մինչդեռ Աշոտյանին առաջադրված մեղադրանքը հենց պետությանը պատճառված վնասին է վերաբերում:
Իր խոսքում դատավոր Դոլմազյանն ուղղակի հուշեց դատախազներին, որ հայցը պատրաստելիս դատախազությունն ուսումնասիրի նաև հիմնադրամների վերաբերյալ օրենսդրությունը: Դատավոր Դոլմազյանը, իհարկե, որևէ կողմին լավություն չի անում, այլ իրեն է ապահովագրում՝ «Կարեն Անդրեասյան փրոդաքշնում» չնկարահանվելու համար:
Հուշումը պատահական չէր, որովհետև դա ուղղակի ազդելու է մեղադրանքի բովանդակության վրա: Եթե «հանկարծ» պարզվի, որ դատախազությունը չի կարող վնասի հատուցման գույքային պահանջ ներկայացնել, ապա ստացվում է, որ տևական ժամանակ մարդուն կալանքի տակ պահելուց, ֆանտազյոր քննիչի երևակայությունը որպես մեղադրանք հաստատելուց հետո, նոր միայն դատախազությունը պետք է ուսումնասիրի հիմնադրամներին և բուհերին վերաբերող օրենսդրությունը:
Ի դեպ, սրա մասին մամուլում հրապարակումներ են եղել դեռևս քննիչի կողմից քրեական գործ հորինելու փուլում, երբ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանն Աշոտյանի վերաբերյալ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունը կարդալուց հետո իր ֆեյսբուքյան էջում տարակուսել էր, որ պետական գնումների օրենսդրությունն են տարածել պետական չհանդիսացող կազմակերպությունների վրա:
8 օր անց՝ ապրիլի 11-ին, Վահե Դոլմազյանը մերժեց դատախազության հայցը՝ ասելով՝ դատարանը գտնում է, որ պետության վնաս չի պատճառվել, և գույքը ԵՊԲՀ-ինն է: Դրա մասին է խոսում «Հիմնադրամների մասին» օրենքը:
Թե ինչ հատուցման մասին էր խոսում գլխավոր դատախազը, այդպես էլ հասկանալի չդարձավ, և թեպետ ծավալուն հաղորդման 91-րդ էջին դժվար թե շատ մարդ հասած լինի, այնուամենայնիվ, նպատակն ավելի քան հասկանալի է: