Տոկիոն և Վաշինգտոնը հիպերձայնային զենք կալանող հրթիռ են մշակում, որի նախագիծը կարժենա ավելի քան 3 մլրդ դոլար
ԱՄՆ-ն և Ճապոնիան նոր տեսակի հրթիռի ստեղծման համատեղ նախագծի ընդհանուր արժեքը գնահատում են 3 միլիարդ դոլար. հրթիռը նախատեսված է հիպերձայնային զենքի կալանման համար: Այս մասին գրում է Kyodo գործակալությունը՝ վկայակոչելով Պենտագոնի հակահրթիռային պաշտպանության գործակալության ներկայացուցչին:
Գերատեսչության ներկայացուցչի խոսքով՝ կալանիչի մշակման համար Ճապոնիան կհատկացնի ընդհանուր գումարից 1 մլրդ դոլար։
Երկու երկրները մտադիր են հրթիռի մշակումն ավարտել մինչև 2030-ական թվականները։
Ըստ հրապարակման՝ հրթիռի մշակման շուրջ պայմանավորվածությունը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան ձեռք են բերել 2023 թ․ օգոստոսին։
Նոր նախագիծը, ինչպես պարզաբանում է գործակալությունը, ուղղված է հիպերձայնային հրթիռների ոչնչացմանը դեպի թիրախ թռիչքի առավել խոցելի փուլում՝ նախքան տիեզերքից նորից մթնոլորտ մտնելը` ի տարբերություն կալանման ավանդական սխեմայի, որի ժամանակ հրթիռները խոցվում են թիրախին հասնելուց անմիջապես առաջ:
Kyodo-ն ուշադրություն է հրավիրում այն բանի վրա, որ նախագիծն իրականացվում է այն ժամանակ, երբ «Չինաստանը, Հյուսիսային Կորեան և Ռուսաստանը համառորեն շարունակում են զարգացնել հիպերձայնային հնարավորությունները»։
Հիպերձայնային հրթիռները թռչում են 5 մախից ավելի արագությամբ, որը հինգ անգամ գերազանցում է ձայնի արագությունը: Նրանք նաև մանևրելու հնարավորություն ունեն և կարող են փոխել ընթացքը թռիչքի ժամանակ, ինչը դժվարացնում է նրանց հարվածելը կամ ռադարների միջոցով հետևելը: