Կարևոր փաստեր, որոնք անտեսում է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը
ԱԺ-ում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հարցին ի պատասխան, նշել է, թե 2020 թվականի 44-օրյա պատերազմից դասեր են քաղել:
«44-օրյա պատերազմի հետ կապված՝ կընդգծեմ՝ դա ամենալուրջ դասն էր ինձ համար՝ որպես Հայաստանի քաղաքացի, և հետո նաև՝ որպես գլխավոր դատախազ, շատ դաժան դաս էր և այդ դասից մենք 3 կարևոր հետևություն ենք քաղել։ Առաջին հերթին զինվորական դատախազության մասով մենք լրջագույն կադրային և պրոֆեսիոնալ գործընթացներ ենք այս պահին իրականացնում։ Ընդլայնում ենք թվաքանակը զինդատախազների և պրոֆեսիոնալացնում ենք, որ զինդատախազությունը չդառնա սպասարկու որոշակի պրոցեսների, այլ կարողանա անընդհատ արտաքին դիտորդի աչքով դրանց հետևել:
Յուրաքանչյուր քրեական գործ 44-օրյա պատերազմի հետ կապված շատ չենք լուսաբանում, չենք խոսում դրանց մասին, որ բանակի մարտունակությունը չընկնի և զինծառայողների մոտ բարոյահոգեբանական մթնոլորտի անկում տեղի չունենա: Բայց վստահեցնում եմ, որ բոլոր գործերը՝ 44-օրյայի հետ կապված, հրամանատարության կողմից իրենց պարտականությունները չկատարելու մասով հետևողականորեն ուղարկվում են դատարան, և զտվում են այն գործերը, որտեղ բարձրագույն հրամանատարությունը մեղք չունի, և դատախազը նույնիսկ մեղադրական եզրակացությունը չի հաստատում ու թույլ չի տալիս այդ գործն ուղարկել դատարան, այս առումով շատ մանրազնին աշխատանք ենք իրականացնում»,- մանրամասնել է Գլխավոր դատախազը:
Ըստ էության, Աննա Վարդապետյանը Նիկոլ Փաշինյանի, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի և առհասարակ իշխանության ներկայացուցիչների նման 44-օրյա պատերազմի պարտության մեղավորությունը բարդում է բանակի վրա: Սա՝ առաջին:
Երկրորդ, եթե կան դեպքեր, երբ պարզվել է, որ գլխավոր հրամանատարությունը մեղք չունի, գուցե ինչ-որ կերպ հրապարակայնացվի՞՝ հասկանալու նախ բանակի բարոյահոգեբանական վիճակն անկման չտանելու համատեքստում, և հետո՝ գուցե գործ ունենք ամբողջ մեղքը ներքին օղակի վրա բարդելու հետ, քանի որ հնարավոր է՝ բարձրագույն հրամանատարությանը մեղադրելը բախվի քաղաքական և ռազմաքաղաքական ղեկավարության շահերի հետ, ինչի ականատեսը, ըստ էության, եղանք ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունանին առաջադրված մեղադրանքի՝ հայտնի հակահարվածի օպերացիային առնչվող դրվագի մասով, երբ քրեական հետապնդումը դադարեցվեց, որովհետև այստեղ նաև Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը կար, քանի որ հակահարվածի որոշման հավանությունը, ըստ Ջալալ Հարությունյանի փաստաբանի, ՊԲ նախկին հրամանատարը ստացել էր Նիկոլ Փաշինյանից: Այլ հարց է, որ 2023 թվականի հունիսին Քննիչ հանձնաժողովում Փաշինյանը հակահարվածի հայտնի օպերացիայի ձախողման պատասխանատվությունը դրել էր Օնիկ Գասպարյանի վրա:
Երրորդ, Աննա Վարդապետյանն ասում է, որ 44-օրյա պատերազմին առնչվող քրեական գործերը չեն լուսաբանվում, որ բանակի մարտունակությունը չընկնի: Այստեղից հարց՝ իսկ գլխավոր դատախազը լսե՞լ և լսում է Փաշինյանի պատերազմական և հետպատերազմական ելույթները, որոնք բարոյալքում և «զինաթափում» են բանակը, բացի այս, Աննա Վարդապետյանը կարո՞ղ է իմանալ՝ ինչո՞ւ դասագրքային հերոսական դրվագների մասին չի խոսվում, որոնց, վստահ ենք, ծանոթ է: Իսկ գուցե 44-օրյայի հետ կապված քրեական գործերի չլուսաբանումը, դատական գործընթացների փակ ռեժիմը, բացի գաղտնիության սկզբունքը չխախտելուց, նաև ա՞յլ նպատակներ է հետապնդում:
Իսկ Սեյրան Օհանյանը Աննա Վարդապետյանի պատասխանից հետո արձագանքել է՝ մեր երկրում թյուրընկալում կա, որ պատերազմի համար պատասխանատու են միայն բանակը, զորամասերը, մարտավարական օղակը, այնինչ պատասխանատու են իշխանության բոլոր թևերը, ինչին ի պատասխան՝ Գլխավոր դատախազը շեշտել է՝ այո, թիկունքը շատ կարևոր է այս առումով, ուստի դատախազությունը հատկապես կոռուպցիոն հանցագործություններին է մեծ ուշադրություն դարձնում, քանի որ նման դեպքերը բանակին զրկում են ունենալ էլ ավելի լավ զենք և պատրաստվածություն, բարձր նյութական ապահովվածություն:
«Ինձ՝ որպես գլխավոր դատախազ, շատ տհաճ է, որ, օրինակ, պատերազմական գործողությունների ընթացքում կարդում եմ՝ բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել որոշակի քաղաքներում, ես դա համարում եմ պարտության թիվ մեկ պատճառներից մեկը»,- շարունակել է նա՝ չմանրամասնելով, թե այդ ո՞ր բարձրաստիճան պաշտոնյաների կանայք են որոշակի քաղաքներում առևտուր արել:
Մյուս կողմից, Վարդապետյանի նշածը զուտ բարոյական հարթության վրա է, և չի կարող համարվել պատերազմի պարտության թիվ մեկ պատճառ, եթե, օրինակ, երկրի ղեկավարը և գլխավոր հրամանատարը՝ Նիկոլ Փաշինյանը և նրա կառավարությունն ունակ է պատերազմ վարել, առնվազն դրանից դուրս գալ ոչ այն խայտառակ պարտությամբ, ինչը եղավ, եթե, իհարկե, նաև նման ցանկություն կար: Որովհետև ցանկության դեպքում հնարավոր է որոշակի չափով կարողությունների հարցը լուծել, առնվազն բանակին և փորձառու զինվորականներին չխանգարել:
Հետաքրքիր է, որ Աննա Վարդապետյանը պարտության պատճառ չի համարում երկրի ղեկավարի կամ բարձրաստիճան պաշտոնյայի կնոջ՝ պատերազմի ժամանակ հրամանատարական կետում լինելը: Այ սա կարող է պարտության վրա որպես ազդեցություն դիտարկվել, և ոչ թե բարոյական հարթությունում, թեպետ Աննա Հակոբյանի՝ գեներալներին և հրամանատարներին ցուցաբերած աջակցությունը, ըստ Նիկոլ Փաշինյանի, եղել է բարոյական, այսինքն՝ զորակցություն:
Հանուն արդարության պետք է ասել՝ լավ կլիներ, եթե Սեյրան Օհանյանը հարցն ավելի ուղիղ տար և փորձեր ճշտել՝ որքանո՞վ է իրեն գլխավոր հրամանատար հռչակած Նիկոլ Փաշինյանը մեղավոր պատերազմի պարտության մեջ:
Հավելենք, որ 2021 թվականին ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան՝ ասել էր, որ շահագրգռված են բազմակողմանի վերլուծությունների արդյունքում (քննիչ հանձնաժողովներ, քրեական գործեր) օբյեկտիվորեն ի հայտ բերել անհաջողությունների պատճառները և պատասխանատուներին, ու նաև պատրաստ են պատասխանատվություն կրել իրենց գործունեության համար, և ունեն բազմաթիվ հարցեր ՀՀ քաղաքական ղեկավարությանը:
«Պատերազմը ոչ միայն ռազմական պայքար է ներառում, այլ նաև տնտեսական, դիվանագիտական, գաղափարական, տեղեկատվական և այլ ոլորտներ: Մի մոռացեք, որ պատերազմները վարում են պետությունները, և պատրաստվեք պատասխանատվություն կրել պետությունը պատերազմին նախապատրաստելու ու պատերազմի ժամանակ կառավարման համակարգի գործունեության համար»,- ընդգծել էր գեներալը: