Ինչ չէր կարելի Ռուսաստանին, կարելի է ԵՄ-ին, Բրիտանիային, Ուկրաինային

Մինչ ՀՀ իշխանությունները բոլոր մակարդակներով համարձակորեն բոյկոտում են Ռուսաստանի հետ հարաբերությունները՝ դիրքավորվելով՝ որպես արևմտամետ երկիր, չստանալով դրա դիմաց Արևմուտքից որևէ էական բան, համապատասխանաբար շփումներ են փորձում կառուցել նաև ադրբեջանամետ Ուկրաինայի հետ։

Ուշագրավ է, որ նախորդ տարվանից ՀՀ իշխանություններն ինտենսիվացրին հարաբերություններն Ուկրաինայի հետ և փորձում են պահպանել այդ տեմպը։ Մայիսի 2-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբայի հետ: ՀՀ ԱԳՆ փոխանցմամբ, զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգին և քաղաքական երկխոսությանն առնչվող հարցեր։

«Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարներն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերին։ Ընդգծելով Հարավային Կովկասում հարատև խաղաղության և կայունության հասնելու ջանքերը՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, այդ թվում՝ սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման, 1991թ. Ալմա Աթայի հռչակագրին հանձնառության կարևորությունն ու այս հարցում միջազգային գործընկերների, այդ թվում՝ Ուկրաինայի ԱԳՆ կողմից արտահայտված դիրքորոշումը»,- ասված է հաղորդագրությունում։

Իր հերթին՝ Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան իր «X»-ի էջում գրել է, որ հեռախոսազրույցի ընթացքում նախարարները կենտրոնացել են երկկողմ հարցերի, ինչպես նաև Հարավային Կովկասի իրավիճակի վրա։

Կարդացեք նաև

Նա հաղորդել է, որ Միրզոյանի հետ քննարկել է «Ուկրաինայում և Հարավային Կովկասում անվտանգության իրավիճակի դինամիկան»։ «Ես ողջունեցի Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման մասին համաձայնությունը։ Մենք պայմանավորվեցինք արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդատվություններ անցկացնել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակի շուրջ»,- հավելել է նա։

ՀՀ ԱԳ նախարարը, որն այս տարի որևէ հեռախոսազրույց չի նախաձեռնել դեպի Մոսկվա, չնայած այն հանգամանքին, որ չնայած բազմաթիվ խնդիրների, երկու երկրներին, բացի այդ խնդիրներից, նաև շատ բան ու ամենակարևորը՝ շահեր են կապում, փորձում է հարաբերություններ կառուցել Ուկրաինայի հետ։

Հետաքրքրականն այն է, որ Ուկրաինայի դեպքում ՀՀ իշխանություններն աչք են փակում այն թշնամական բնույթի հայտարարությունների վրա, որոնք 44-օրյա պատերազմի ընթացքում ու դրանից հետո անում էին Ուկրաինայի իշխանությունները՝ կոչ անելով Ադրբեջանի իշխանություններին Ռուսաստանի դեմ նոր ճակատ բացել Հարավային Կովկասում, ըստ էության այստեղ զոհաբերելով Հայաստանը, հայ ժողովրդին ու հայկական շահը։

Սակայն Ռուսաստանի դեպքում, իհարկե, ՀՀ իշխանությունները ոչ մի կերպ «չեն կարողանում» որևէ խնդրի վրա աչք փակել, այլ դրանք ավելի են սրում՝ հարաբերությունները հասցնելով ներկայիս ճգնաժամին։

Իսկ համատեղ ի՞նչ հարցեր են քննարկում ՀՀ իշխանություններն Ուկրաինայի հետ, որը Հարավային Կովկասում լիովին աջակցում է ադրբեջանական քաղաքականությանը։ Սակայն պարադոքսն այն է, որ այդ քաղաքականությանն աջակցում են նաև ՀՀ իշխանություններն, ուստի զարմանալի ոչինչ չկա ըստ էության նրանում, որ ՀՀ իշխանությունները ակտիվ համագործակցություն են փորձում սկսել Ուկրաինայի հետ։

Այս ամենին զուգահեռ՝ շրջանառության մեջ հայտնված մեկ այլ տեղեկություն ևս ուշագրավ է, որ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դևիդ Քեմերոնը, որը Կիևում էր, Կիևում սկսել է Ուկրաինայի հետ 100-ամյա գործընկերության շուրջ բանակցություններ։

«Նախարարը բանակցություններ է սկսել Ուկրաինայի հետ 100-ամյա գործընկերության շուրջ. նոր համաձայնագիր, որն ամուր կապեր կստեղծի մեր երկու երկրների միջև հարաբերությունների ողջ սպեկտրով. առևտրից, անվտանգությունից և պաշտպանությունից մինչև գիտություն և տեխնոլոգիա, կրթություն, մշակույթ և այլն: Շատ ավելին»,- ասվում է Կիևում դեսպանատան հաղորդագրության մեջ:

Օրերս Բրիտանիայի ԱԳ նախարար Դեյվիդ Քեմերոնը նաև Ղազախստանում էր, որի հետ կնքեց ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր, որով Ղազախստանն ու Մեծ Բրիտանիան դարձան ռազմավարական գործընկերներ։

Մինչ այդ Ղազախստանի նախագահը այցեր կատարեց Երևան ու Բաքու, որից հետո հայտնի դարձավ, որ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ղազախստանում։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն անձամբ ևս ինտենսիվացրել է շփումները բրիտանական կողմի հետ, այս իշխանության օրոք Փաշինյանը բազմիցս հանդիպել է բրիտանական MI6-ի ղեկավար, էրդողանամետ Ռիչարդ Մուրի հետ։

Փաշինյանի իշխանությունը Բրիտանիայի դեպքում ևս «աչք է փակում» այն հանգամանքի վրա, որ Բրիտանիան ֆինանսավորել է Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ 44-օրյա պատերազմի ընթացքում։ Ամեն դեպքում այդ մասին բազմաթիվ հրապարակումներ կային բաց աղբյուրներում, սակայն այս հարցը չի անհանգստացնում ՀՀ իշխանություններին, որոնք դրանից հետո մեծ ոգևորությամբ փորձում են առաջ մղել բազմամակարդակ կապերը Բրիտանիայի հետ, գնել դեսպանատան թանկարժեք շենք, չնայած նրան, որ Բրիտանիան ՀՀ-ն դիտարկում է այնպիսի սորտի երկիր, որտեղ ցանկանում է ուղարկել իր ապօրինի միգրանտներին՝ այնպես, ինչպես աֆրիկյան երկրներ։

ՀՀ իշխանությունները Ռուսաստանին մեղադրում են ՀՀ-ի հանդեպ պարտավորությունները չկատարելու պատճառով հարաբերություններում առաջացած խնդիրների, ՀՀ անվտանգային դեֆիցիտ ստեղծելու մեջ, չնայած այն հանգամանքին, որ այսօր էլ լինելով իբրև թե Արևմուտքի գործընկերը, Արևմուտքի հովանու ներքո, ՀՀ սահմաններին եվրոդիտորդներով՝ հայ ժողովրդին վախեցնում են պատերազմով, ապացուցելով իրենց իսկ հայտարարությունների դատարկությունը։

Իրենք՝ ՀՀ իշխանություններն էին հայտարարում, որ եվրոպական դիտորդների ներկայությունը ՀՀ սահմաններին զրոյացրել է Ադրբեջանի կողմից գործողությունների հնարավորությունը։ Ավելին, եվրոպական առաքելությունն ընդլայնվում է՝ դրանում ներառվում են դիտորդներ ՆԱՏՕ-ի անդամ երկրներից, իսկ ՀՀ իշխանություններն անընդհատ վախեցնում են հասարակությանը նոր պատերազմով, փորձելով համոզել հասարակությանը դեպի նոր զիջումներ։

Տեսանյութեր

Լրահոս