Ծերությունը խոնարհեցնում է մարդուն
Ինչպե՜ս է օր ծերության մարդը խոնարհ դառնում: Տարեց մարդն աստիճանաբար կորցնում է ուժերն ու նմանվում ծերացած բազեի: Երբ բազեն ծերանում է՝ փետուրները թափվում են ու թևերը նմանվում են ատամները կոտրված սանրի:
Հիշում եմ՝ Ֆիլոֆեյ1 վանքից Հոգևոր Ժողովի2 մի անդամ 1914 թվականին, երբ դեռ աշխարհիկ էր, որպես կամավոր Սմիրնայից Ալբանիա գնաց կռվելու, որպեսզի իր հորը սպանած թուրքերից վրեժ լուծի: Մի անգամ նա մի թուրք բռնեց ու ցանկանում էր կոկորդը կտրել: Թուրքն աղաչեց. «Մեր հավատքը կոշտ է: Այն սովորեցնում է մորթել ու սպանել: Սակայն ձեր հավատքն այդպիսին չէ: Քրիստոս չի սովորեցնում ձեզ սպանել»:
Այս բառերն այնքան շրջադարձային եղան նրա համար, որ մի կողմ գցեց զենքն ու անմիջապես հեռացավ Սուրբ Լեռ: Նա վանական դարձավ, Հոգևոր Ժողովի անդամ, սակայն ատամանի ոգին միջից դուրս չեկավ: Նա պատասխանատու էր բոլոր հանձնարարությունների համար և բոլոր պահեստների բանալիները նրա գոտուց կախված էին: Եղբայրներից ոչ ոք չէր համարձակվում նրան հակաճառել: Եթե վանականներից որևէ մեկը մոռանում էր դիմել նրան ընդունված ձևով. «Սպիրիդոն Ծերունի», ապա նա դուրս էր գալիս ափերից:
Մի անգամ, Մեծ Պահքի ժամանակ ավազակների մի խումբ վանք եկավ ու վանականներից պանիր պահանջեց: Այդ ժամանակ Հայր Սպիրիդոնը կողոպտիչների դեմ դուրս եկավ ու նրանց այսպես «ողջունեց».
«Ախ դուք, խոզե՜ր: Մեծ Պահքի ժամանակ եկել ու պանի՞ր եք ուզում,- ասաց ու դարպասներից դուրս շպրտեց նրանց: Մի ուրիշ անգամ վանականները մասերի էին բաժանել մեծ ջահերը, որպեսզի մաքրեն:
Կողոպտիչները՝ տեսնելով ջահերի փայլփլուն մասերը՝ կարծել էին, թե դրանք ոսկուց են: Վանք գալով այդ մասերը պարկերի մեջ էին լցրել և ողջ շրջակայքից հավաքել էին ջորիներին, որպեսզի այդ պարկերը բարձեն: Երբ դա տեսավ Հայր Սպիրիդոնը՝ բռնեց ավազակների օձիքներից, ձեռքներից խլեց պարկերը և պարունակությունը գետնին լցրեց: «Ա՜յ դուք, անպիտաններ,- ասաց նրանց,- Ախր, սրանք էժանագին երկաթի կտորներ են: Այնքան էժանագին, որքան ձեր բրոնզե ճակատներն են»:
Այդ մարդը չգիտեր, թե վախկոտությունն ինչ բան է: Սակայն օր ծերության նա հիվանդացավ ու խոնարհ դարձավ: Նրա խնամքն ինձ հանձնարարվեց: Մի անգամ խնդրեց ինձ. «Աղոթի՛ր Ավերկիոս3, ինչ-որ լավ չեմ զգում ինձ»: Ես վեր կացա ու սկսեցի բարձրաձայն աղոթել համրիչով. «Տեր Հիսուս Քրիստոս, ողորմիր Քո ծառա Սպիրիդոն ծերունուն»: «Անխե՛լք,- ասում է,- ոչ թե «Սպիրիդոն ծերունուն», այլ Սպիրիկին»: Որքա՜ն էին հիվանդությունն ու ծերությունը խոնարհեցրել նրան: Առաջ միայն փորձեիր նրան «Սպիրիդոն ծերունի» չկոչել…
Իմ հայրն էլ տարեց հասակում ճանճի պատճառով խոնարհ դարձավ: Մի անգամ քույրս նրան լաց լինելուց տեսավ: «Ի՞նչ է պատահել, հայրիկ,- հարցրեց նա,- Թոռներիցդ ինչ-որ մե՞կն է նեղացրել քեզ»:
«Ոչ, ոչ,- պատասխանեց,- Ի՜նչ բան է մարդը… Ուզում էի ճանճասպանով սպանել ճանճին ու չկարողացա: Փորձեցի աջ կողմից խփել՝ թռավ ձախ: Ցանկացա ձախ կողմից խփել՝ աջ թռավ: Երբ երիտասարդ էի՝ այնքան դիպուկ էի կրակում, որ թուրք ավազակներին չէի սպանում, այլ նրանց բոլոր կողմերից էի կրակում, այնպես որ գնդակներն ընդհուպ նրանց ոտքերի տակ էին թափվում և այդ կերպ ստիպում էի նրանց հանձնվել: Երբ տասնվեց տարեկան էի մի կորյունի խփեցի, վիրավորեցի նրան ու մարտի մեջ մտա վիրավոր գազանի հետ: Իսկ այժմ ճանճ էլ չեմ կարողանում սպանել: Է՜հ, մարդը ողորմելի էակ է»: Խեղճը մի մեծ «ոչինչ» էր զգում, զրո, կարծես իր կյանքում ոչինչ էլ գործած չլիներ:
Իսկ գիտե՞ք, թե Սուրբ Լեռան վանքերի ծեր վանականների համար նախատեսված կացարաններում ապրող ծերունի վանականները որքա՜ն են խոնարհվում: Նրանք ևս մեկ ձեռնադրություն են անցնում… Նրանց մազերը կտրում են, որպեսզի կարճ լինեն ու հեշտ լինի լվանալ: Նրանց մորուքն են կարճեցնում, որովհետև թուքը ծորում է, ուտելիքի մնացորդները բերանից թափվում են և հետո ինչպե՞ս մաքրեն: Սա վերջին ձեռնադրությունն է՝ խոնարհության ձեռնադրությունը:
1 Սուրբ Աթոս Լեռան քսան վանքերից մեկը: Ծերունու նկարագրած ժամանակ այն դեռևս ոչ-ընդհանրական էր:
2 Հոգևոր Ժողով – ոչ-ընդհանրական ապրելակերպ ունեցող վանքի ղեկավարման ընտրովի մարմին:
3 Փարաջակրության ձեռնադրության ընթացքում Ծերունին Ավերկիոս անունն էր կրում:
Պաիսիոս Աթոսացու «Ընտանեկան Կյանք» գրքից
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի