Բյուջեի փողերը վատնում են, գնում վարկեր են վերցնում, որ ավտոբուս բերեն, ճանապարհ ու մետրո կառուցեն
Երևանի քաղաքապետարանը պատրաստվում է ավելի քան 60 մլն եվրո վարկ վերցնել ու ճանապարհ կառուցել։ Հետո վարկ կվերցնեն մետրոյի կայարան կառուցելու համար, հետո՝ էլեկտրական ավտոբուսներ բերելու, հետո՝ մեկ այլ բան անելու համար, ու այդպես շարունակ։
Իհարկե, լավ է, որ ճանապարհ ու մետրո են ուզում կառուցել, նոր ենթակառուցվածքներ են մտադիր ստեղծել, էլեկտրական ավտոբուսներ են պատրաստվում բերել, բայց ինչո՞ւ հենց վարկերով։ Մեկ անգամ չէ, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե բյուջեն փողի խնդիր չունի։ Եթե չունի, ինչո՞ւ են վարկեր վերցնում։ Այն էլ այսքան շատ ու այսքան թանկ վարկեր։
Բյուջեի փողերն ինչպես ուզում, ինչի վրա ուզում՝ ծախսում են, պարգևավճար են բաժանում, քեֆ-ուրախություններ են կազմակերպում, իրենց ճոխություններ են թույլ տալիս, պետության հաշվին զվարճանում են, ճամփորդում, ինչեր ասես չեն անում, պետության փողերը քամուն են տալիս, փոխարենը՝ վարկեր են վերցնում, պարտքերն են ավելացնում, պարտքերով ճանապարհ ու մետրո են ուզում կառուցել, ավտոբուսներ են բերում, տրոլեյբուսներ են բերում, իբր քաղաքային տրանսպորտի խնդիրներն են լուծում։
Պետության փողերն իրենց ուզածով ծախսում են, վարկեր են վերցնում ու պարտքերը թողնում պետության վրա, քաղաքացու վրա։ Մի բան էլ այնպես են ներկայացնում, կարծես իրենց հաշվին են բերել, իրենց լավ աշխատանքի արդյունքում են ստեղծել այդ գումարները, եղած միջոցները խնայել են, տնտեսել են և այդ գումարներով ավտոբուս ու տրոլեյբուս են գնել, ճանապարհ ու մետրո են պատրաստվում կառուցել։ Ո՛չ մեկն են արել, ո՛չ մյուսը, հարկատուների փողերը շռայլում են, փոխարենը՝ վարկ են վերցնում, որ ավտոբուս ու տրոլեյբուս բերեն, ճանապարհ ու մետրո կառուցեն։
Հետո էլ տրանսպորտը կթանկացնեն, որպեսզի և՛ վարկերը փակեն, և՛ վարկերի տոկոսները, այն էլ՝ թանկ տոկոսները։
Կարծես մեծ բան են անում, քաղաքային տրանսպորտի խնդիրներ են լուծում։ Այդպես բոլորն էլ կարող են անել՝ վարկ վերցնել, պարտք անել՝ տրանսպորտային միջոցներ առնել, ճանապարհ ու մետրոյի կայարան կառուցել։
Եթե կարծում եք, որ նախկիններն այդ վարկերի տեղը չգիտեին, որոնցով կարող էին քաղաքային տրանսպորտի և ոչ միայն տրանսպորտի խնդիրները լուծել, վարկեր վերցնել՝ ավտոբուսներ ու տրոլեյբուսներ բերել, ճանապարհ ու մետրո կառուցել, ապա չարաչար սխալվում եք։ Վարկերի տեղը շատ հեշտ է գտնել։ Պարզապես ժամանակին չէին ուզում պարտքերով այդքան ծանրաբեռնել պետությանը։ Նույնիսկ շատ ավելի էժան պարտքերով, քան այսօր ներգրավվող վարկերն են։
Բայց այսօրվա իշխանությունները դրան չեն նայում։ Մի գլուխ վարկեր են վերցնում ու պարտքեր կուտակում։ Շատ դեպքերում հայտնի էլ չէ, թե ինչի վրա են ծախսում այդ գումարները։ Միայն պարտքի թվերն են տեմպերով աճում։
Վերջին մի քանի տարում, ինչ եկել են իշխանության, ավելի քան 5,1 միլիարդի պարտք են կուտակել։ Այն էլ՝ գերազանցապես թանկ պարտք։ Իրենց նույնիսկ թանկ գումարներ ներգրավելու գայթակղությունից չեն զրկում։
Այնքան թանկ պարտքեր են վերցրել, որ անցած երեք տարում 2,7 տոկոսային կետով թանկացրել են պարտքի տոկոսադրույքը, հասցրել են առևտրային վարկերի տոկոսներին։
Երեք տարում 2,7 տոկոսային կետով պարտքի թանկացումը նույնիսկ բավական չէ թռիչքային անվանելը։
Սա շատերին գուցե շատ բան չի ասում, բայց դա հսկայական լրացուցիչ ծախս է ենթադրում՝ վարկերն ու պարտքերը սպասարկելու համար։
Անցած տարվա վերջի տվյալներով, կառավարության պարտքն անցավ 11 միլիարդ դոլարից։ Յուրաքանչյուր 1 տոկոսային կետով թանկանալու պարագայում այն պահանջում է տարեկան լրացուցիչ 110 մլն դոլար՝ սպասարկելու համար։
Հիմա հաշվեք, թե ինչքան լրացուցիչ գումար է պահանջվում, երբ պարտքը 2,8 տոկոսային կետով է թանկանում։
Բյուջեի եղած միջոցները քոռուփուչ են անում, վարկեր ու պարտքեր են վերցնում, դրանց դիմաց հսկայական տոկոսներ են վճարում, մի բան էլ ներկայացնում են, թե մեծ գործ են արել։
Միայն ամանորյա տոնակատարությունների ու քաղաքին տոնական տեսք տալու վրա Երևանի քաղաքապետարանը հարյուրավոր միլիոն դրամներ շաղ տվեց։
Երբ քաղաքապետարանի բյուջեում փող չկա բազմաթիվ կարևոր ու առաջնային խնդիրներ լուծելու համար, քաղաքային իշխանությունը մի քանի հարյուր միլիոն դրամով ավելացնում է քաղաքային իշխանության պարգևատրումների ֆոնդը։
Երկու տարվա ընթացքում քաղաքային բյուջեի պարգևատրումներն ու դրան հավասարեցված այլ վճարներն ավելացրել են 2,8 անգամով։ Օպտիմալացնելու փոխարեն, աշխատակազմերն են շատացնում, բազմաթիվ խորհրդականներ ու օգնականներ են պահում, հարյուրին հասնող ծառայողական մեքենաներ են շահագործում։
Կարևոր ենթակառուցվածքային ծրագրերը կրճատում են, ընթացիկ ծախսերն, այդ թվում՝ պարգևավճարները, անգամներով ավելացնում են, հետո էլ գնում են, պարտք են վերցնում՝ իբր լավություն են անում երևանցիներին, քաղաքային խնդիրներն են լուծում։ Ավտոբուսներ ու տրոլեյբուսներ վարկերով բերեցին, հիմա էլ որոշել են վարկերով ճանապարհ ու ճանապարհային հանգույց անցկացնել, պատրաստվում են մետրոյի կայարան կառուցել, էլեկտրական ավտոբուսներ ու տրոլեյբուսներ բերել։
Քաղաքապետարանը փող ունի այստեղ-այնտեղ շռայլելու, բայց փող չունի նման կարևոր բաների համար։
Ավելի քան 60 մլն եվրոյի վարկ են վերցնում, որպեսզի ճանապարհ կառուցեն։ Հիմնական ճանապարհի երկարությունն էլ լինելու է ընդամենը 1,9 կմ:
Իհարկե, Հրազդան գետի վրա նախատեսում են նաև կամուրջ կառուցել, Արշակունյաց պողոտայում էլ՝ ճանապարհային հանգույցը:
Եվ սա պետության վրա կնստի ավելի քան 60 մլն եվրո, չհաշված տոկոսները։
Շուտով հավանաբար մի վարկ էլ կվերցնեն՝ էլեկտրական ավտոբուսներ ու տրոլեյբուսներ բերելու, մեկ ուրիշ վարկ էլ՝ մետրոյի կայարանը կառուցելու համար։ Չնայած մետրոյի կայարանի համար, ամենայն հավանականությամբ, 60 միլիոնով չեն բավարարվի, շատ ավելի մեծ գումարի պարտքեր ներգրավելու անհրաժեշտություն կլինի։ Թեպետ ի՞նչ նշանակություն ունի, թե ինչքան կլինի. Հաստատ գիտեն, որ հետո իրենք չեն լինելու այդ պարտքերը վերադարձնողները։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ