
«Եթե Նիկոլ Փաշինյանն ասում է՝ խաղաղություն է, պատերազմ չի լինելու, առնվազն իրազեկ չէ կամ ստախոս է». Հայկ Նահապետյան

Երեկ Կառավարության հերթական նիստից հետո Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում խոսելով Ադրբեջանի ղեկավարի՝ «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ խոսույթի մասին, ասել է, թե պետք է հիմնվել փաստաթղթերի վրա, այլ ոչ թե՝ բանավոր խոսքի։
Հայաստանն ու Ադրբեջանը պաշտոնապես ընդունել են Կոպենհագենի հանդիպումից հետո երկու կողմերի կողմից հրապարակված հայտարարությունը։ Հարցերը մեկնաբանելիս մենք պետք է հիմնվենք ոչ թե բանավոր հայտարարությունների, այլ գրավոր փաստաթղթերի վրա։ «Խաղաղության խաչմերուկի» և «TRIPP»-ի ծրագրերից բացի, այլ ծրագրեր չկան։ Քանի որ այս թեման անընդհատ քննարկվում է, ճիշտ սկզբունքը գրավոր փաստաթղթերի վրա հիմնվելն է։
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել։ Սա անվիճելի փաստ է»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։
Անվտանգային և ռազմական հարցերով փորձագետ Հայկ Նահապետյանը վստահեցնում է՝ Նիկոլ Փաշինյանի խաղաղության վերաբերյալ հայտարարությանը կարող է հակադարձել նրա տասնյակ այլ հայտարարություններով, որոնք միմյանց հակասում են։
«Նրա բոլոր հայտարարությունները միմյանց հակասում են, կարծում եմ՝ կարիք չկա դրանք բոլորը թվարկել։ Նրա հայտարարությունները, որ ասում է՝ «հորս արև», «ամեն կերպ», «no problem» և այլն, սա խոսում է այն մասին, որ ինչքան փորձում է կեղծն ու սուտը փաթեթավորել ու մատուցել ճշմարտության անվան տակ, այնքան սուտ երդումներ է տալիս։
Հիմա Նիկոլ Փաշինյանը որքան էլ ասի՝ խաղաղություն է և պատերազմ չի լինելու, նշանակություն չունի, Բաքուն ու Անկարան չեն որոշում՝ պատերազմ սկսե՞ն, թե՞ ոչ, այլ Վաշինգտոնն ու Լոնդոնը կամ երկուսը միասին։ Եթե Նիկոլ Փաշինյանն ասում է՝ խաղաղություն է և պատերազմ չի լինելու, մեղմ ասած, առնվազն իրազեկ չէ կամ ստախոս է»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Հայկ Նահապետյանը։
Ինչ վերաբերում է TRIPP-ին և Նիկոլ Փաշինյանի ու այս ճանապարհի հետ կապված Ալիևի տարբեր մոտեցումներին, Հայկ Նահապետյանը հիշեցրեց ժողովրդական խոսքը. «Կարևոր չէ, թե կատուն ինչ գույն ունի, կարևորն այն է, որ մուկ է որսում»։
Ըստ մեր զրուցակցի, եթե Սյունիքով Ադրբեջանին տրվող ճանապարհին գործառույթներ չկատարեն ՀՀ սահմանապահ, մաքսային ու սանիտարական ծառայությունները, ապա այն ոչ թե ճանապարհ, այլ «միջանցք» է լինելու, անկախ այն հանգամանքից, թե Նիկոլ Փաշինյանն այն ինչ կանվանի։
«Հայկական այս նշված երեք կառույցների ներկայացուցիչներն ուղղակի նստելու են էկրանների առաջ, վերահսկողությունն իրականացնելու է ամերիկյան կողմը, ինչ էլ լինի, ասելու են՝ նորմալ է, իսկ էկրանների մոտ նստածներն ուղղակի համաձայնելու են։ Ստացվում է, որ ադրբեջանական բեռներն առանց ստուգվելու Նախիջևանից հասնելու են Ադրբեջան և հակառակ ուղղությամբ՝ Ադրբեջանից Նախիջևան։
Եթե այսպես չլիներ, Նիկոլ Փաշինյանը 24/7 ռեժիմով խոսելու էր, որ հակառակն է լինելու, հիմա չի անում, նա հստակ հարցին չի պատասխանում: Ստացվում է, որ մեր սահմանի հսկողությունը մեզանից օտարվել է»,- հավելեց Հայկ Նահապետյանը։
Հայկ Նահապետյանը նշեց, որ բազմիցս ասել է և այժմ էլ կրկնում է, որ այդ «միջանցքի» բացմամբ կտրվելու է Հայաստան-Իրան կապը։ Նա հարցադրում է անում՝ եթե Իրանից Հայաստան է տեղափոխվելու որևէ ապրանք, որի մասին չպետք է որևէ մեկն իմանա, ինչպե՞ս է այդ ապրանքը հասնելու Հայաստան։
«Հիմա ԱՄՆ-ին բերում է Իրանի սահման, Իրանի վերաբերմունքը տեսել ենք, որ եթե դա լինի «միջանցք», ինչ կարող է տեղի ունենալ»,- ընդգծեց Հայկ Նահապետյանը։