
«Էրեբունի-Երևան»-ի տոնական գնումները․ ո՞վ ինչքան է ստացել․ 3 երաժշտական խմբերի հետ կնքված պայմանագրերը՝ 1 դիպաշարով

168․am-ը շարունակում է հանրայնացնել Երևանի քաղաքապետարանի տոնական գնումները, որպեսզի քաղաքացիներն իմանան, թե տոնն ինչ է արժենում իրենց գրպաններին։
Այս անգամ 1 հրապարակմամբ կանդրադառնանք «Էրեբունի-Երևան 2807» միջոցառումներին մասնակցած երաժշտական 3 խմբի։
Այսպիսով, էլեկտրոնային գնումների համակարգից տեղեկանում ենք, որ Կասկադում՝ Գաֆէսճեան քանդակների պարտեզում Ջազ համերգի ընթացքում Արտո Թունջբոյաջյանի և Արմենիան ՆեյվիԲենդի առնվազն 30 րոպեանոց ելույթի համար կնքված պայմանագրի գինը 2 միլիոն 420 հազար դրամ է․ ծառայությունների մատուցման համապատասխան պայմանագիրը համերգից հետո կնքվել է Արտակ Գևորգյան ԱՁ-ի և Երևանի քաղաքապետարանի միջև։
Երվանդ Երզնկյան ԱՁ-ի հետ էլ կնքված պայմանագրով Երևանի քաղաքապետարանը 2 մլն 635 հազար դրամով պատվիրակել է Երվանդ Երզնկյան և նվագախմբի ելույթը Շառլ Ազնավուր հրապարակում, դարձյալ առնվազն 30 րոպե տևողությամբ։
«Նեմրա Բենդ» ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագրի գինն էլ կազմել է 2 միլիոն 750 000 դրամ։ Այս գումարով քաղաքապետարանը բենդին պատվիրակել է 30 րոպեանոց ելույթ Դիանա Աբգարի անվան պուրակում՝ ռոք համերգի ընթացքում։
Ավելի վաղ քաղաքապետարանը քաղաքացիներին հրավիրել էր տոնելու Երևանի 2807-ամյակը։ Նշել էին, որ տոնական ծրագիրը կմեկնարկի հոկտեմբերի 11-ին՝ ժամը 18:00-ին, Դիանա Աբգարի անվան պուրակում:
«Հոկտեմբերի 12-ին՝ կեսօրից Երևանի տարբեր հատվածները կվերածվեն մեծ տոնական վայրերի՝ սիրված և հայտնի արտիստների մասնակցությամբ: Ժամը 21։00-ին Հանրապետության հրապարակում տեղի կունենա օրվա գլխավոր միջոցառումը՝ եզրափակիչ տոնական համերգը, որը կավարտվի շքեղ հրավառությամբ»,- ասվում էր հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Էրեբունի-Երևան 2807» տոնակատարության ժամանակ Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակում երգչուհի Բրյունետի կեսժամանոց տոնական ելույթն արժեցել է 3 միլիոն 300 հազար դրամ, իսկ Հանրապետության հրապարակի գալա-համերգի ժամանակ «Կարեն-Սևակ» բենդի 1 ժամ 30 րոպեանոց ելույթի ապահովումը՝ 10 միլիոն 666 հազար դրամ։