Սերժ Սարգսյանը բացահայտում է իր իրավահաջորդին

Տիգրան Սարգսյանի հրաժարականից ու Հովիկ Աբրահամյանի՝ վարչապետի պաշտոնում նշանակումից հետո գրեթե բոլոր քաղաքական ուժերը սկսել են խոսել արտահերթ զարգացումների մասին, քննարկել դրանց հնարավորությունը, չբացառել արտահերթ խորհրդարանական կամ նախագահական ընտրությունների հավանականությունը: Եթե այդ մասին խոսեին արմատական ընդդիմության ներկայացուցիչները, դա կարելի էր նորմալ ու օրինաչափ համարել, սակայն վերջին օրերին արտահերթ ընտրությունները դարձել են անգամ իշխանությունների կամ, մինչև տակավին վերջերս՝ իշխանության մեջ եղածների սիրելի թեման:

Օրինակ, երեկ այդ մասին ասել է իշխանությունից ընդամենը մեկ շաբաթ առաջ հեռացած ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը՝ կոալիցիան լքելու բազմաթիվ պատճառների թվում նշելով նաև արտահերթ ընտրությունների մասին: «Բարդ քաղաքական իրավիճակ է ստեղծվել քաղաքական դաշտում, և հնարավոր է նաև, որ արտահերթ ընտրություններ կայանան»,- ասել է Բաղդասարյանը՝ այդպես էլ չմասնավորեցնելով՝ խոսքն արտահերթ նախագահակա՞ն, թե՞ խորհրդարանական ընտրությունների մասին է:

Այս հայտարարությունն ուշագրավ է նրանով, որ բացահայտում է Արթուր Բաղդասարյանի թերահավատությունն իշխանության, նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ:

Այսինքն՝ Բաղդասարյանը գիտի կամ կռահում է, որ կարող են արտահերթ ընտրություններ տեղի ունենալ, ու ցանկանում է չկորցնել «գնացքից թռչելու ժամանակը»: Իսկ եթե իշխանությունից հեռանում է անգամ այն քաղաքական գործիչն ու կուսակցությունը, ով հանուն իշխանության պատրաստ է եղել դառնալ հասարակության ատելության ու քաղաքական գործընկերների հեգնանքի առարկան, ապա իսկապես «թռնելու» ժամանակն է:

Այսինքն՝ արտահերթ ընտրությունների դեպքում տեղի կունենա ոչ թե իշխանության վերարտադրություն, այլ հանձնում: Իսկ այդ պարագայում ավելի լավ է լինել իշխանությունը «վերցնողների» և ոչ թե՝ հանձնողների կողքին: Իսկ ներկայիս ներքին ու արտաքին քաղաքական իրողությունների պայմաններում ամենահավանական «վերցնողն» է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անձամբ կամ միջնորդավորված՝ ԲՀԿ-ի, ԲՀԿ-ով քառյակի, քառյակով ոչ իշխանական ուժերի միջոցով:

Ակնհայտ է, որ այսօր քաղաքական դաշտը վերաձևվում է «բոլորն՝ ընդդեմ ՀՀԿ-ի» սկզբունքով, ինչպես որ ակնհայտ է, թե ում ականջներն են երևում «բոլորի» ետևում:
Արտահերթ ընտրությունները կլինեն նախագահակա՞ն, թե՞ խորհրդարանական: Առաջին հերթին՝ խորհրդարանական: Որովհետև դա է հուշում ոչ միայն քաղաքական տրամաբանությունը, այլև իշխանության «ընդունման-հանձնման» քարոզչական տեխնոլոգիան: Արտահերթ նախագահական ընտրությունների պարագայում, եթե ընտրություններում «հաղթի» ոչ ՀՀԿ-ական որևէ թեկնածու, դիցուք՝ Քոչարյան, Օսկանյան կամ Ծառուկյան ազգանունով, ապա կառաջանա քաղաքական կազուս:

Նախագահը, հետևաբար՝ նաև նրա նշանակած կառավարությունը, մեծամասնություն չի ունենա խորհրդարանում, ինչը կհանգեցնի քաղաքական ու պետական կառավարման համակարգի գործունեության կազմալուծմանը: Իհարկե, չպետք է բացառել, որ գիշերային որոշումների սիրահար ՀՀԿ-ականները կարող են մեկ գիշերվա ընթացքում դառնալ ԲՀԿ-ական՝ հայտարարելով, որ տարիներ շարունակ իրենց կուսակցական տոմսերում տառասխալ է եղել, և իրենք ընդամենն ուղղել են դա՝ «Հ»-ն փոխարինելով «Բ»-ով:

Բայց դա, թերևս, լավագույն ճանապարհը չէ: «Բոլորի համար ընդունելի» կլինեն արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որի անցկացման համար հիմնավորումներ կարող է ձևակերպել ցանկացած նորավարտ իրավաբան: Այդ դեպքում ամեն ինչ կընթանա ավելի սահուն, և բոլորը գոհ կմնան: ԲՀԿ-ն կդառնա խորհրդարանական մեծամասնություն, քառյակի գծով գործընկերներին այսօրվա ունեցածից մի-մի մանդատ ավելի բաժին կհանի կամ էլ կառաջարկի ընտրություններին մասնակցել ԲՀԿ-ի ցուցակով:

ՀՀԿ-ն էլ, եթե չլուծարվի, կվերադառնա ակունքներին՝ դառնալով մի քանի նվիրյալ անդամ ունեցող արտախորհրդարանական կուսակցություն: Նվիրյալներ գտնելն, իհարկե, բարդ կլինի, բայց երևի՝ ոչ անհնար:
Թվում է, թե տեղի ունեցածը մի քանի շաբաթվա, լավագույն դեպքում՝ մի քանի ամսվա իրադարձությունների արդյունք է: Իրականում, սակայն, դա 2012 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում ստեղծված ներքաղաքական ստատուս-քվոյի տրամաբանական շարունակությունն է: Իսկ դրա էությունն այն է, որ ԲՀԿ-ն իր «հովանու տակ է առնում» բոլոր մնացած քաղաքական ուժերին և ընդդիմանում է բոլորին ու ամեն ինչին՝ բացառությամբ նախագահ Սերժ Սարգսյանի:

Հասկանալի է, որ այս ստատուս-քվոն չէր կարող կայանալ՝ առանց Սերժ Սարգսյանի համաձայնության, եթե չասենք, որ ավելի հավանական է՝ դա կարող էր լինել հենց նրա գաղափարը: Այսպիսով, երկու տարվա ընթացքում ԲՀԿ-ն կատարեց իր այդ առաքելությունը: Ո՞րն է լինելու հաջորդը: Եթե հաշվի առնենք, որ ներքաղաքական զարգացումները գեներացվում են «ընդդեմ բոլորի՝ բացի նախագահից» սցենարով, ապա իշխանության թևերի բաժանման տրամաբանությամբ, հերթն Ազգային ժողովինն է: Այսինքն՝ ԲՀԿ-ն, որ առայժմ կամ ընդհանրապես անձեռնմխելի համարելով իշխանության նախագահական թևը՝ հասավ գործադիր իշխանության փոփոխությանը, ըստ ամենայնի, պետք է լծվի իշխանության մյուս թևի՝ խորհրդարանի փոփոխության գործին:

Ի դեպ, Գալուստ Սահակյանի նշանակումն ԱԺ նախագահի պաշտոնում կարելի է համարել այդ գործի կեսը, քանի որ նա ինքնին՝ սեփական գործունեությամբ, անգամ՝ խոսքով, կարող է դառնալ ԱԺ-ն լուծարելու սահմանադրական հիմք:

Նկարագրված սցենարից տպավորություն կարող է ստեղծվել, թե այն վկայում է իշխանության գրեթե վերջնական կապիտուլյացիայի մասին: Սակայն իրականությունը, մեղմ ասած, այլ է: Իշխանությունը, նախագահ Սերժ Սարգսյանը բոլորի համար ակնհայտ թվացող այս գործընթացում ոչ միայն որևէ կանխարգելիչ քայլ չի անում, այլ ճիշտ հակառակը՝ կամ ինքն է նախաձեռնում դա, կամ աջակցում է դրան: Իսկ դա հակասում է ոչ միայն՝ քաղաքական, այլ՝ անգամ մարդկային փոխհարաբերությունների տրամաբանությանը: Եվ քանի որ անգամ ամենաանտրամաբանական գործընթացը տրամաբանություն ունի, շատ ավելի հավանական է, որ սա ոչ թե իշխանության պարտադրված հանձնում է, այլ կամավոր, սեփական հաշվարկներով իշխանության փոխանցում Քոչարյանին կամ ԲՀԿ-ին:

«Ո՞վ կարող է լինել Սերժ Սարգսյանի իրավահաջորդը» հարցին տրվող պատասխաններում առնվազն վերջին տարիներին հնչում են գրեթե բոլորի անունները, բացի Ռոբերտ Քոչարյանից: Ավելին՝ անունների փնտրտուքը կառուցվում է Քոչարյանի բացառման սկզբունքով: Բայց այդպես էլ հստակ ու վերջնական պատասխան չի տրվում հարցին՝ իսկ գուցե Սերժ Սարգսյանի համար ամենացանկալի, ամենաանվտանգ ու ամենահեռանկարային իրավահաջորդը հենց Ռոբերտ Քոչարյա՞նն է:
Ռոբերտ Տեր-Սարգսյան

Տեսանյութեր

Լրահոս