Ամերիկյան ճգնաժամը, Հայաստանն ու Զարուհի Փոստանջյանը
Մինչ մենք՝ հայերս, զբաղված ենք Զարուհի Փոստանջյանին իր հայտնի հարցի համար դատափետելով կամ պաշտպանելով, աշխարհում տեղի են ունենում շատ կարևոր իրադարձություններ, որոնք գրեթե տեղ չեն գտնում հայաստանյան լրահոսում։ Խոսքը վերաբերում է ամերիկյան տնտեսության վիճակին, կամ, ինչպես ասում են, shut-down-ին։ Այս թեմայով վերջին լուրերից կամ գույժերից մեկը հայտնել է Bloomberg գործակալությունը՝ նշելով, որ արտաքին պարտքի վճարումից ԱՄՆ-ի հնարավոր հրաժարումը (դեֆոլտը) կարող է հանգեցնել ֆինանսական շուկաների համար կործանարար հետևանքների (Բրազիլիայից մինչև Ցյուրիխ), կանգնեցնել 5 տրիլիոն դոլարի կրեդիտային մեխանիզմը, որը կախված է ԱՄՆ պետական պարտատոմսերից, արժեզրկել դոլարը և համայն աշխարհը ներքաշել տնտեսական դեպրեսիայի մեջ: Գործակալությունն ընդգծում է, որ ԱՄՆ-ի դեֆոլտը համայն աշխարհում կհանգեցնի մի շարք սնանկացումների: Ներկայումս ֆինանսական շուկայում ԱՄՆ-ի ենթադրյալ դեֆոլտը համեմատում են Lehman Brothers-ի սնանկության հետ, որն ի ցույց դրեց երկրի ֆինանսական հատվածի լուրջ թերությունները: ԱՄՆ սահմաններից դուրս ամերիկյան կառավարության պարտատոմսերի գների անկումն ամենամեծ վնասը հասցնելու է Չինաստանին ու Ճապոնիային, որոնք իրենց հաշվեկշիռներում պահում են, համապատասխանաբար, 1.3 տրիլիոն և 1.1 տրիլիոն դոլարի ԱՄՆ պարտքային արժեթղթեր: Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը զգուշացրել է, որ մինչև հոկտեմբերի 17-ը գերատեսչության հաշվեհամարներում մնալու է 30 միլիարդ դոլար, մինչդեռ օրական ծախսերը կազմում են 60 միլիարդ դոլար: Վերջին անգամ ԱՄՆ-ում դեֆոլտ է հայտարարվել 1790 թվականին, երբ պարտքերի վճարումը հետաձգվեց մինչև 1801 թվականը:
ԱՄՆ ֆինանսների նախարար Ջոն Բեյները նույնպես բազմիցս զգուշացրել է քաղաքական գործիչներին, որ, եթե նրանք համաձայնության չգան, ապա հետևանքները կարող են սարսափելի լինել։ Ընդ որում՝ ոչ միայն ԱՄՆ տնտեսության, այլև համաշխարհային մյուս շուկաների համար։
Մի՞թե նկարագրված վտանգները մեզ ամենևին չեն սպառնում, և անհանգստանալու որևէ առիթ չկա։ Այս վիճակը հիշեցնում է 2008 թվականը, երբ ամբողջ աշխարհը քննարկում էր համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հնարավոր ազդեցությունը՝ բացի Հայաստանից։ Վիճակը նման է նաև այն առումով, որ այն ժամանակ նույնպես քննարկվում էր 2009 թվականի պետական բյուջեն, որում հաշվի չէին առնվել ճգնաժամի հետևանքները։ Այսօր սեղանին դրված 2014 թ. բյուջեն պարունակում է առանձին գլուխ՝ ռիսկերի վերաբերյալ։ Սակայն ամերիկյան հնարավոր դեֆոլտի հետևանքների մասին որևէ խոսք չկա։ Գնահատված են հիմնականում Ռուսաստանի տնտեսության վայրիվերումների և եվրոյի գոտու տնտեսական ճգնաժամի հետևանքները։ Սա ինչ-որ տեղ հասկանալի է, քանի որ բյուջեի նախագիծը կազմելու պահին ամերիկյան, այսպես կոչված, shut-down-ը դեռ գլուխ չէր բարձրացրել։ Կախված իրադարձությունների ընթացքից՝ չի բացառվում, որ 2014 թվականի բյուջեի վերջնական տարբերակը ներառի նաև մի քանի տող՝ ամերիկյան ափից եկող ռիսկերի մասին։ Սակայն չի կարելի բացառել նաև հակառակը՝ որ այս վտանգը մենք՝ հայերս, կարհամարհենք։
Իհարկե, շատերի կարծիքով՝ ամերիկյան դեֆոլտի մասին խոսելը դեռ վաղ է։ «Թույլ չեն տա», ասում են ոմանք՝ հույսները դնելով ԱՄՆ քաղաքական գործիչների շրջահայացության վրա։ Սակայն, եթե այդ շրջահայացությունը կասկածի տակ դրվելու ենթակա չլիներ, ԱՄՆ ֆինանսների նախարարը մի քանի անգամ ամերիկացի չինովնիկներին կոչ չէր անի դադարեցնել «խաղեր խաղալը»։ Այսինքն՝ վտանգն, ամեն դեպքում, առկա է, և այն օրեցօր ավելի իրատեսական է դառնում։
Թեև մեր առևտրատնտեսական հարաբերություններն ԱՄՆ-ի հետ խորը չեն, և Հայաստանի ֆինանսական համակարգն էլ մեկուսացած է համաշխարհային շուկաներից, այդուհանդերձ, թեկուզ կողմնակի ազդեցությունը զգալի է լինելու։ Ինչպես ցույց տվեց 2009 թվականի ճգնաժամը, երբ ՀՀ տնտեսությունն անկում ապրեց 14%-ով, միջազգային շուկայում բացասական տեղաշարժերը շատ ավելի բացասաբար են ազդում մեր՝ թույլ և ոչ այնքան ամուր կառուցվածք ունեցող տնտեսության վրա։
Ի դեպ, անուղղակի ազդեցությունից բացի, կա նաև ուղղակի ազդեցության վտանգ։ Օրինակ, նույն Բեյները նշել է, որ դեֆոլտի հետևանքով ամերիկյան դոլարի փոխարժեքը կարող է փլուզվել։ Հայաստանի տնտեսությունը չափազանց դոլարայնացված է. պաշտոնական տվյալներով՝ դոլարայնացման մակարդակը մոտ 50% է։ Դժվար չէ կռահել, որ փոխարժեքի կտրուկ անկումը կաթվածահար կանի մեր տնտեսությունը։
Ի դեպ, կան որոշ «գերլավատես» մարդիկ, ովքեր, հակառակը՝ կարծում են, որ դոլարի կտրուկ արժեզրկումից Հայաստանը միայն կշահի։ Այսինքն՝ արտաքին պարտքի բեռը՝ դոլարային վարկերի մասով, էապես կթեթևանա։ Նշենք, որ ՀՀ ֆինանսների նախարարության տվյալներով՝ ՀՀ արտաքին պարտքն օգոստոսի վերջի դրությամբ կազմել է 3.645 միլիարդ դոլար, որի 22%-ը դոլարային վարկերն են (շուրջ 802 միլիոն դոլար)։ Եթե սրան էլ ավելացնենք նաև եվրոպարտատոմսերի թողարկումը, ապա դոլարային պարտքի ծավալն էապես կավելանա։ Սակայն կարծել, թե դոլարի փոխարժեքի փլուզման օգուտն ավելի մեծ է լինելու, քան վնասը, իհարկե, միամտություն է։
Կոնկրետ հաշվարկներ և վերլուծություններ, իհարկե, չկան։ Եվ միգուցե ճիշտ են այն մարդիկ, ովքեր խորհուրդ են տալիս՝ «չկռռալ» և ժամանակից առաջ չընկնել։ Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ մենք՝ հայերս, ընդհանրապես չենք հետաքրքրվում, թե ինչ է տեղի ունենում աշխարհում։ Մենք արթնանում ենք միայն այն ժամանակ, երբ այդ տեղի ունեցածի հետևանքները սկսում ենք զգալ մեր մաշկի վրա։
Իսկ կոնկրետ այս դեպքում՝ ուղղակի կարդում ենք միջազգային լրահոսն ու ներքին հանգստությամբ փակում լուրը՝ վստահ լինելով, որ ամերիկացիներն իրենք իրենց խնդիրները կլուծեն։ Թողնում ենք, որ ամերիկացիները զբաղվեն իրենց գործով, իսկ մենք՝ մեր գործով. քննարկում ենք Զարուհի Փոստանջյանին, պայքարում ենք Փակ շուկայի տեսքի համար և փորձում պարզել ընդդիմության շարքերի այն «դավաճաններին», որոնք կողմ են քվեարկել Գևորգ Կոստանյանի թեկնածությանը։ Ո՞վ ասաց, որ մեր արած գործը պակաս կարևոր է։