
ԹԱՄԱՄ ԽՈՍՔԸ ԻՇՈՒՆ ԿԸՍԵՆ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՏԱՏՈՒՍ-ՔՎՈՆ ՓՈԽԵԼԸ ԿՈՐԾԱՆԱՐԱՐ Է, ԻՍԿ ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ԱՍԵԼ Է՝ ՈՉ. #ԴԱՍԵՐ-23
«Դասեր» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրերն ԱՄՆ Լիհայի համալսարանի պրոֆեսոր, քաղաքագիտության դոկտոր Արման Գրիգորյանն ու «Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի» տնօրեն, միջազգայնագետ Սուրեն Սարգսյանն են։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
Արման Գրիգորյան.– Շատ կարևոր է հիշել՝ ինչ հայտարարություն արեց Էրդողանը Փաշինյանի՝ Թուրքիա այցելությունից հետո՝ առաջին անգամ հաստատելով, որ «Զանգեզուրի միջանցքը», նախ, գեոպոլիտիկ՝ աշխարհաքաղաքական, ապա նոր՝ տնտեսական նախագիծ է։ Նաև ասաց, որ Փաշինյանի մոտեցումներն այդ հարցի վերաբերյալ մեղմացել են, ավելի ճկուն են դարձել, ինչին հետևեց արդեն վերադարձից հետո Փաշինյանի հայտարարությունը, թե՝ ի՞նչ կա որ, լավ է, թող ճանապարհները բացեն…
Հիշեցնենք վերջերս ասված Էրդողանի խոսքը. «Չնայած սկզբում Հայաստանը դեմ էր «Զանգեզուրի միջանցքին», սակայն այժմ ավելի ճկուն մոտեցում է ցուցաբերում տնտեսական ինտեգրացիային մասնակցելու հարցում»:
«Զանգեզուրի միջանցքը» նոր հնարավորություններ կբացի ոչ միայն Ադրբեջանի, այլև ամբողջ տարածաշրջանի համար»,- այլ առիթով ասել էր Էրդողանը։
Այս մարդիկ վերասահմանել են «պարտություն», «հաղթանակ», «ինքնիշխանություն» բառերը, հիմա էլ վերասահմանել են «արտապատվիրակել» տերմինը՝ outsourcing-ը։
Հիշե՛ք՝ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով նախկին օգնական Ջեյմս Օ՛Բրայենի հայտարարությունը, ով պարզ ասաց՝ Հայաստանը ոչ միայն չպետք է թույլ տա, որ Ռուսաստանը վերահսկողություն ունենա այդ ճանապարհների վրա, այլև չպետք է թույլ տա, որ Ռուսաստանը որևէ օգուտ ունենա այդ ճանապարհների գործարկումից։ Այնպես որ, սա մեկ իմաստ ունի՝ Ռուսաստանին տարածաշրջանից դուրսմղում։
ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները պայմաններ է ստեղծում Հայաստանին Ռուսաստանից հեռացնելու համար, ինչպես նաև Կենտրոնական Ասիայից Եվրոպա ցամաքային ճանապարհ կառուցելու անհրաժեշտության մասին՝ Հայաստանով և Ադրբեջանով՝ շրջանցելով Ռուսաստանն ու Չինաստանը։
Ջեյմս Օ՛Բրայենն «Ազատությանը» տված հարցազրույցում, խոսելով Ադրբեջանի առաջարկած «Զանգեզուրի միջանցքի» մասին, ասել էր. «Մենք սովորաբար դրա մասին խոսում ենք որպես առևտրային մի ճանապարհի` շատ նման «խաղաղության խաչմերուկի» հայաստանյան գաղափարին։ Այժմ արդեն գոյություն ունեն երթուղիներ, որտեղ փորված են թունելներ, կան երթուղային գծեր, ուստի իմաստ ունի սկսել` դրանք դիտարկելով։ Բայց հնարավոր է, որ ի հայտ գան մի քանի երթուղիներ, որոնք կնախատեսեն, որ ապրանքների մի մասը կգնա Հայաստանով` մինչև Վրաստան, մյուսները` Թուրքիայի տարածքով։ Եվ կսկսենք զարգացնել ճանապարհների ցանց, ոչ թե պարզապես մեկ երթուղի։ Այսպիսով` սա լայն հասկացություն է, որին մենք աջակցում ենք»։
Սուրեն Սարգսյան.- ԱՄՆ-ը միշտ էլ առաջարկներ արել է, հենց Ղարաբաղյան կոնֆլիկտի տաք հատվածն ավարտվել է, ԱՄՆ-ը կարգավորման իր առաջարկները միշտ արել է։ Կարծում եմ՝ հիմա էլ կա ինչ-որ առաջարկ։ Գնալուց առաջ ԱՄՆ նախկին նախագահ Բայդենը կողմերին ասաց՝ քա՛յլ արեք ու ստորագրեք։ Հիմա եկել է Թրամփը ու ասում է՝ քանի որ ամեն ինչ պատրաստ է, ու մնում է միայն ստորագրել, բոլոր հարցերը կարգավորված են, Ուկրաինայի հարցում էլ չեն կարողանում արագ հանգուցալուծման, խաղաղության հասնել, ինչո՞ւ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության միջնորդը մենք չլինենք։
Հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի՝ Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումից առաջ «Քարնեգի» հիմնադրամի վերլուծաբանը, դիվանագիտական իր աղբյուրներին հղում անելով, գրել էր, որ ԱՄՆ նախագահ Թրամփի վարչակազմը Երևանին և Բաքվին Հայաստանի տարածքով Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի բացման առաջարկ է արել: Խոսքը ճանապարհի կառավարումն օտարերկրյա, մասնավոր ընկերությանը պատվիրակելու մասին է։ Համաձայն «Քարնեգի»-ի հրապարակման՝ «Վաշինգտոնի առաջարկը հիմնվում է ամերիկյան տրամաբանության վրա, ըստ որի՝ համաձայնագրի երաշխավորը պետք է լինի ամերիկյան բիզնեսը, ինչպես արդեն տեղի է ունեցել, օրինակ՝ Ուկրաինայում՝ հազվագյուտ մետաղների գործարքում»:
Արման Գրիգորյան.- Ամերիկյան ներգրավվածությունը հայ-ադրբեջանական կարգավորմանը խորացավ 2022թ․ ռուս-ուկրաինական էսկալացիայից հետո։ Եթե մինչ այդ շատ ավելի շրջահայաց, զգուշավոր վերաբերմունք կար, դրանից հետո ԱՄՆ-ի համար դա կարևոր դարձավ՝ Ռուսաստանի համար հերթական տաք կետը կազմակերպելու առումով։
Հարավային Կովկասում ամերիկյան վերջին շրջանի ակտիվությունը ես տեսնում եմ Ռուսաստանի դիրքերը տարբեր ճակատներում թուլացնելու ու զիջումների ստիպելու կոնտեքստում։ Այստեղ ճնշում են, որպեսզի ստիպեն, Ուկրաինայում իրավիճակը փոխելու հարցում Ռուսաստանին ճկուն դարձնեն բանակցություններում, որպեսզի զիջումների գնան:
«Զանգեզուրի միջանցքի» վերահսկողության արտապատվիրակումը՝ outsourcing-ը, չի կարող չլինել ինքնիշխանության կորուստ։ Միանշանակ վտանգվում է Հայաստանի ինքնիշխանությունը: Ասում են, որ Միջանցքի վերահսկողության արտապատվիրակումը՝ outsourcing-ը, կարող է իրականացնել ամերիկյան պահնորդական ինչ-որ մասնավոր ընկերություն: Եվ սա այն դեպքում, երբ ամերիկյան պահնորդական մասնավոր ընկերություններից շատերը, որոնք հսկելու են «Զանգեզուրի միջանցքը», ոչ միայն համագործակցում են ԱՄՆ հատուկ Ծառայությունների ու Պենտագոնի հետ, այլև հաճախ հիմնադրված են հե՛նց նրանց կողմից։
Եթե հաջողվի Ռուսաստանին տարածաշրջանից դուրս բերել, վաղն այդ ճանապարհի վերահսկողության պահանջներն ու պայմանները փոխվելու են: Սա մեզ համար շատ վատ հեռանկարներ է բացում։ Մենք դուրս ենք մնալու անվտանգային համակարգից։ Դրանից հետո Թուրքիա՞ն է դառնալու մեր անվտանգության երաշխավորը, թե՞ Ադրբեջանն է մեղմացնելու իր դիրքորոշումը մեր նկատմամբ։ Թե՞ Թուրքիան է զսպելու Ադրբեջանի գործողությունները մեր նկատմամբ:
Որևէ մեկը երբեք չի տեսել, որ ԱՄՆ-ը ու Եվրոպան պատրաստ են լինել մեր անվտանգության երաշխավորը։ Եթե նման բան լիներ, դրա մասին կհայտարարվեր աննախադեպ ձևով։
Հիշեցնենք, ավելի վաղ Հայաստանի արտգործնախարարությունը հաստատել էր, որ ապաշրջափակման հարցով միջազգային գործընկերներից առաջարկներ ստացել են: Փաշինյան-Ալիև վերջին հանդիպումից առաջ ՀՀ փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանն «Ազատության» հետ զրույցում ասել էր՝ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և ազգային իրավազորության սկզբունքների պահպանման դեպքում Հայաստանը դեմ չէ Սյունիքի ճանապարհի արտապատվիրակմանը:
Սուրեն Սարգսյան.– Ինձ համար շատ կարևոր հարց է Իրանի գործոնը։ Ենթադրենք՝ Իրանը հետ կանգնեց իր կարմիր գծերից ու թույլ տվեց «Զանգեզուրի միջանցքի» բացումը, նա հետ կկանգնի՞, եթե այդտեղ կանգնի և վերահսկողություն իրականացնի ամերիկյան մասնավոր կազմակերպություն։ Եթե արտապատվիրակումից ենք խոսում, իսկ միգուցե Թուրքիան էլ Ադրբեջանի՞ն է արտապատվիրակել այդ ճանապարհների հսկողությունը։
Արման Գրիգորյան.- Հարցը միայն Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս բերելը չէ, այլ նաև Իրանին դուրս բերելը ու նրա կոնֆլիկտն Արևմուտքի հետ։ Ի դեպ, Իրան-Իսրայել կոնֆլիկտն ու պատերազմական գործողություններն ավարտված չեն, դեռ շարունակվելու է, և նոր դրսևորումներ են ստանալու այդ ռազմական բախումները․ Իրանից ձեռք չեն քաշելու ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ Իսրայելը։ Ու այս պարագայում ակնկալել, որ Ադրբեջանի հետ հակամարտության ժամանակ ԱՄՆ-Իսրայել կոալիցիան մեր կողմն է բռնելու, շատ մեծ երևակայություն է պահանջում։
Սուրեն Սարգսյան.- Հայաստանն Ադրբեջանի հետ խոսում է ոչ թե բանակցելու, այլ նրանց նախապայմանները կատարելու համար։
Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը պայմանագիր չէ, եռակողմ հայտարարություն է, որն իրավական ուժ չունի։ Ընդ որում, որի կետերը չեն կատարվել երկուստեք: Դու չես էլ մտել դրա մեջ, որ դուրս գաս, հարմար պահի կչեղարկեն։
Հիշեցնենք, ադրբեջանական աղբյուրները նշում են, որ կամ Ալիևը և Փաշինյանը միասին դուրս կգան, հետ կվերցնեն իրենց ստորագրությունները Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրից, կամ այն դեն կնետեն, կարհամարհեն, և երկու կողմերը միասին նոր փաստաթուղթ կստորագրեն:
Արման Գրիգորյան.- Այս մարդիկ՝ իշխանությունը, իսկապես մտածում են, որ թուրքերն ու ադրբեջանցիներն այնպիսի տարաձայնություններ ունեն, որ եթե իրենք սիրաշահեն թուրքերին, նրանք Ադրբեջանի վրա կարող են ազդել։
Ադրբեջանը որևէ կերպ չի թաքցնում իր մտադրությունները Հայաստանի նկատմամբ, այս մարդիկ հույսները դրել են այն բանի վրա, որ ինչ-որ թուղթ կստորագրեն, ու ամեն ինչ կվերջանա։
Սուրեն Սարգսյան.- Եթե խաղաղության համաձայնագիրը ստորագրեն, դա կլինի երկու սուբյեկտների ստորագրություն, և որևէ երրորդ երկիր դրա իրականացումը չի երաշխավորելու: Եթե որևէ բան լինի՝ միջազգային հանրությունը, որևէ երկիր որևէ պարտավորություն չի ունենալու:
Մինսկի խումբը ստեղծվել է հայ-ադրբեջանական կոնֆլիկտը լուծելու համար։ Եթե համարում են, որ կոնֆլիկտը լուծվել է, վերջ, էլ ակտուալ չի, տանելու են լուծարման։ Եթե անգամ Ռուսաստանը դեմ լինի, ի՞նչ է լինելու։ Է, եթե նույնիսկ մնա Մինսկի խումբը, ի՞նչ ես անելու, միակ համանախագա՞հն ես լինելու։
Արման Գրիգորյան.- Շատ մեծ երևակայություն է պետք ունենալ՝ մտածելու համար, որ եթե ՀԱՊԿ-ից դուրս գաս, ԵԱՏՄ-ում կարող ես մնալ։
Արևմուտքը քանի անգամ ասաց, որ ԵՄ-ում կամ ՆԱՏՕ-ում Հայաստանին չեն սպասում. Էլ ո՞նց ասեն, գյումրեցիները մի լավ խոսք ունեն՝ «Թամամ խոսքը իշուն կըսեն»։
Սուրեն Սարգսյան.- Ինձ մոտ տպավորություն կա, որ արտաքին խաղացողները կոնսենսուս ունեն այստեղ ոչինչ չփոխելու մասին։ Միակ անհասկանալին ռուսների դիրքորոշումն է, բայց իշխանությունն էլ ամեն ինչ անում է, որ ռուսներն այստեղ պրոբլեմ ունենան։ Ես առնվազն չեմ տեսնում, որ դրսի աջակցությամբ այստեղ կարող է ինչ-որ բան փոխվել։
Կարծում եմ՝ մինչև 2026թ. խորհրդարանական ընտրություններ ինչ-որ թուղթ կնախաստորագրվի, կգնան ընտրությունների, ժողովրդին կասեն՝ գնում ենք խաղաղության, Սահմանադրությունը կփոխեն, Ադրբեջանն ու Թուրքիան ինչ ուզեն՝ սրանք կտան, ու Փաշինյանին այդ հարցում կօգնի արտաքին կոնսենսուսը։
Այն, որ արևմտյան դեսպաններն արդեն 8 տարի աչք են փակում ամեն ինչի վրա, որևէ հայտարարություն չեն անում, դա էլ է, չէ՞, այս իշխանություններին աջակցության տեսակ։
Արման Գրիգորյան.– Պատմությունը ցույց է տալիս, որ, որպես կանոն, հեղափոխական իշխանություններից շատերն իշխանության գալուց հետո ինչ-որ պահի սկսում են վախենալ հակահեղափոխությունից, ու նրանց սկսում է ամեն ինչ հակահեղափոխություն թվալ, բոլորից զգուշանում են… Հեղափոխական ուժերը նորմալ քաղաքական ուժեր չեն, հետևաբար՝ նրանք շատ ավելի շատ են հակված տոտալիտարիզմի։ Նրանց համար ամեն ինչ էքզիստենցիալ սպառնալիք է։
Ես միշտ մտածել եմ, որ Հայաստանում և առհասարակ դիկտատոր ու տոտալիտար իշխանությունները երկար ժամանակ չեն կարող կառավարել, դիմանալ։ Էսօր, ցավոք սրտի, ես այդ վստահությունը չունեմ։ Մեր ժողովրդի ու հասարակության հոգեբանական վիճակն ինձ լավատեսության հույս չի ներշնչում։ Այսօր մենք ավելի խոցելի ենք, քան երբևէ եղել ենք։
Խոցելի դարձած հասարակությունը, լուրջ բաներով զբաղվելու ոչ ունակ հասարակությունը հեշտ է տրվում փառատոնային-համերգային տրամաբանությանը։ Էդ փառատոների համար ես տերմին եմ մտածել՝ ՓԱՌԱՏՈՆԱՅԻՆ ՀԵԴՈՆԻԶՄ։ Հասարակության մի մասն ադեկվատ է ընկալում մասնագետների զգուշացումները, մի մասն էլ ասում է՝ հերիք է բայղուշություն անեք։
Արտաքին քաղաքականության ուղղությամբ Հայաստանն ունի որոշակի ստատուս-քվո, և այն փոխելը կործանարար է ու շատ վտանգավոր։ Հակառուսական էս հիստերիան որոշակի զանգվածի մոտ կոնսենսուսի է վերածվել։ Հայաստանում պետք է պայքարել տգիտության դեմ։ Տգիտությունն այսօր այլտերնատիվ գիտելիք է դարձել։
Սուրեն Սարգսյան.- Տարածաշրջանի բոլոր երկրները՝ Թուրքիան, Ադրբեջանը, Վրաստանը, բոլորն ունեն Չինաստանի հետ ստորագրված ռազմավարական փաստաթղթեր։ Ամեն մեկը ինչ-որ կերպ աշխատում է Չինաստանի հետ։ Եթե քո ամբողջ ռեգիոնը, հարևանները Չինաստանի հետ ունեն այդ որակի հարաբերություններ, ու միայն դու չունես, ապա ինչ-որ բան հուշում է, որ դու ռեգիոնալ տրամաբանությունից դուրս ես։ Պետք է հասկանալ, թե առհասարակ «Ճանապարհ և գոտի» նախագիծը, որով, ինչպես ուրիշ այլ բաներով, իբրև թե հետաքրքրված է Հայաստանի իշխանությունը, մեզ վերաբերելի՞ է, թե՞ ոչ։
Ընդդիմությունը պետք է դրսի՝ արտաքին դերակատարների հետ աշխատանք տանի․ ընդդիմության մեսիջները դրսում հասանելի չեն։ Իշխանությունը դրա համար օգտագործում է դիվանագիտական խողովակները, սակայն ընդդիմությունը դրա հնարավորությունը չունի: Թբիլիսի, Մոսկվա, Թեհրան, Պեկին, Արևմուտք․․․ Բոլոր ուղղություններով պետք է աշխատել։ Միայն ընտրությունով չեն իշխանություն փոխում, տարբեր հնարավորություններ կան: Պետք է աշխատել։
Արման Գրիգորյան.- Եթե Սամվել Կարապետյանը խուսափի այն բոլոր սխալներից, որն արել են նախորդ բոլոր շարժումները՝ Հայրենիքի փրկության, Դիմադրության, Բագրատ սրբազանի գլխավորած ընդդիմադիր շարժումները, ապա լավատեսության հույսեր կարող ենք ունենալ։ Կարևոր է տեսնել, թե Սամվել Կարապետյանն իրեն ինչ մարդկանցով կշրջապատի։