Կհաջողվի՞ զսպել բանկերի ախորժակը. Կենտրոնական բանկը մտահոգված է
Հայաստանում իրականացված վարկային քաղաքականությունը բերել է նրան, որ բնակչությունը համատարած հայտնվել է վարկերի բեռի տակ։ Վարկ վերցնելը գուցե նորմալ է, բայց նորմալ չէ, որ վարկային բեռի աճն առաջ է ընկնում եկամուտներից։
Այնպես է ստացվել, որ Հայաստանը հայտնվել է մի իրավիճակում, երբ վերջին տարիներին բնակչության վարկային բեռն անհամաչափ ավելի արագ է աճել, քան եկամուտները։ Սա ռիսկեր է ստեղծել՝ ինչպես տնային տնտեսությունների, այնպես էլ՝ ֆինանսական համակարգի մյուս մասնակիցներ համար։
Տնային տնտեսությունների վարկային բեռի անհամաչափ աճը սկսել է մտահոգել Կենտրոնական բանկին։
Աճել է տնային տնտեսությունների՝ ինչպես պարտքի, այնպես էլ՝ պարտքի սպասարկման բեռը:
«Մեր մտահոգությունն այն է, որ վարկերն աճում են ավելի արագացված տեմպերով, քան եկամուտներն են աճում։ Ուստի՝ մենք ակնկալում ենք, որ մեր առևտրային բանկերի գործընկերները պիտի շատ զգուշավոր լինեն ու զգայուն լինեն նոր վարկեր տրամադրելու հարցում։
Մասնավորապես՝ վարկավորման գործընթացում կարևոր է համարվում վարկառուի պարտքային բեռը և դրա սպասարկման կարողության պատշաճ գնահատումը, որը կներառի ոչ միայն ընթացիկ մակրոմիջավայրի, այլ նաև ենթադրյալ վատատեսական սցենարից բխող ռիսկերի գնահատականը»,- ներկայացնելով ԿԲ հաշվետվությունը ֆինանսական կայունության վերաբերյալ՝ օրերս հայտարարեց Կենտրոնական բանկի նախագահը։
Կենտրոնական բանկին մտահոգել է, առավել ևս՝ սպառողական վարկերի աճը։ Ենթադրվում է, որ այդ մտահոգություններն ավելացել են՝ հատկապես տնտեսության աճի տեմպերի դանդաղումով պայմանավորված։
Հիշեցնենք, որ այս տարվա առաջին եռամսյակում տնտեսական աճը Հայաստանում կազմել է ընդամենը 4 տոկոս, ինչը վերջին 5 տարիների կամ 2021թ. հետո արձանագրված ամենացածր ցուցանիշն է տվյալ ժամանակահատվածի համար։
ԿԲ-ն մտահոգություն ունի, որ դա կհանգեցնի բնակչության եկամուտների աճի դանդաղեցման։
Արդեն իսկ նկատելի է միջին աշխատավարձի աճի տեմպի զգալի թուլացում։ Առաջին եռամսյակում միջին աշխատավարձն ավելացել է ընդամենը 2.9 տոկոսով, ինչն էապես ավելի ցածր է, քան արձանագրված գնաճը։
«Այդ պարագայում, եթե վարկերը շարունակեն նույն տեմպերով աճել, մենք ճեղքի ավելի մեծ թվեր ենք ունենալու։ Ուստի առևտրային բանկերի մեր գործընկերները պետք է աչալուրջ լինեն»,- զգուշացնում է Կենտրոնական բանկի նախագահը։
Վերջին տարիներին Հայաստանում բնակչության վարկային բեռի աննախադեպ բարձր աճ է տեղի ունեցել։ Բայց դրանում մեղքի իրենց բաժինն ունեն ոչ միայն կառավարությունն ու առևտրային բանկերը, այլև Կենտրոնական բանկը։ Ֆինանսական շուկայի վերահսկողությունն ու ընդհանրապես ֆինանսական կայունության ապահովումը դրված է Կենտրոնական բանկի վրա։ Կենտրոնական բանկն է պարտավոր ժամանակին միջոցներ ձեռնարկել՝ վարկային շուկայի տաքացում թույլ չտալու համար։
Չնայած այդ առումով որոշակի քայլեր կատարվել են, այնուհանդերձ Կենտրոնական բանկի հնչեցրած մտահոգությունները վկայում են, որ դրանք բավարար չեն եղել, որ համարժեք միջոցներ չեն ձեռնարկվել՝ բանկերի ախորժակը զսպելու համար։ Թեև, համատարած ու շատ հաճախ չհիմնավորված վարկավորման պայմաններում, կուտակվող վարկային ռիսկերի մասին ժամանակին մասնագետների կողմից բազմիցս մտահոգություններ հնչեցվել են։
Բնակչության վարկային բեռի ծանրացումը տեղի է ունեցել՝ ինչպես հիփոթեքային, այնպես էլ՝ սպառողական վարկերի ավելացման միջոցով։ Վերջին տարիներին կտրուկ աճել են հատկապես սպառողական վարկերը։
Ընդամենը 3 տարվա ընթացքում բանկերի սպառողական վարկերի պորտֆելն ավելի քան կրկնապատկվել է։ Եթե 2023թ. մարտին այն կազմում էր ընդամենը 928 մլրդ դրամ, այս տարվա մարտին հասել է 1 տրիլիոն 909 մլրդ դրամի։
Միայն այս հատվածից քաղաքացիների վարկային բեռը 3 տարում ավելացել է 981 մլրդ դրամով։ Եթե վերածենք տարադրամի, կստացվի ավելի քան 2.6 մլրդ դոլար։
Այդ բեռն ավելացել է՝ առանց վարկերի էժանացման։ Որքան էլ այդ ընթացքում տեղի է ունեցել քաղաքականության տոկոսադրույքի աստիճանական նվազեցում, բանկերը գրեթե չեն նվազեցրել սպառողական վարկերի տոկոսները։ Փոխարենը՝ մի շարք ուղղություններով դյուրացրել են վարկավորման պայմանները՝ այդպիսով խթանելով պահանջարկը և ապահովելով տոկոսային բարձր եկամուտներ։
Երեք տարվա ընթացքում քաղաքացիները միայն սպառողական վարկերի մասով 2.6 մլրդ դոլարի լրացուցիչ վարկային բեռ են կուտակել։ Դա, բնականաբար, 1 օրում, 1 ամսում, նույնիսկ 1 տարում չի եղել, ու Կենտրոնական բանկը պարտավոր էր ժամանակին միջոցներ ձեռնարկել վարկային այս տենդը կանխելու համար։ Թե՞ այն ժամանակ չգիտեին, որ քաղաքացիների վարկային բեռն անհամաչափ ավելի արագ է աճում, քան եկամուտները։ Եթե նույնիսկ չգիտեին, պիտի գլխի ընկնեին, որ գալու է նաև այդ ժամանակը։ Ու դեռ հարց է, թե հետագա սրացումների պարագայում որքանով կհաջողվի առանց ցնցումների դուրս գալ սրա տակից։
Նշենք, որ անցած տարի նկատվել է դասակարգված՝ չաշխատող և հսկվող, սպառողական վարկերի կշռի ավելացում։ Այդպիսին է եղել սպառողական վարկերի 6 տոկոսը, որը, դատելով առկա ռիսկերից՝ առաջիկայում շարունակելու է աճել։
Միայն սպառողական վարկերի գծով այսօր քաղաքացիների վարկային բեռն անցնում է 5.1 մլրդ դոլարից։ Բայց խնդիրն այն է, որ քաղաքացիների վարկային բեռը միայն սպառողական վարկերով չի սահմանափակվում։ Ոչ պակաս մեծ բեռ է կուտակվել նաև հիփոթեքի գծով։
Քաղաքացիների հիփոթեքային վարկերը հասնում են 1.7 տրիլիոն դրամի, ինչը համարժեք է 4.9 մլրդ դոլարի։
Վերջին տարիներին քաղաքացիների հիփոթեքային վարկերի բեռը նույնպես մեծ տեմպերով աճել է։ Միայն նախորդ 3 տարվա ընթացքում դրանք ավելացել են 806 տրիլիոն դրամով կամ ավելի քան 87 տոկոսով։ Ճիշտ է, այս պահին Կենտրոնական բանկի մտահոգությունները կապված են հիմնականում սպառողական վարկերի հետ, բայց նույն մտահոգություններն առաջիկայում կարող են լինել նաև հիփոթեքային վարկերի պարագայում։
Քաղաքացիների վարկային բեռը, որը գալիս է սպառողական ու հիփոթեքային վարկերից, հասել է 10 մլրդ դոլարի։ Սա ահռելի ծանրաբեռնվածություն է բնակչության վրա, որքան էլ այն անհամաչափ է տեղաբաշված քաղաքացիների խմբերի վրա։ Սպառողական վարկերի հետ կապված մտահոգություններն առավել մեծ են, որովհետև դրանք շատ հաճախ ունեն զուտ սոցիալական նշանակություն ու երկրում տնտեսական իրավիճակի վատացման պայմաններում՝ մեծացնում են անվճարունակության հետ կապված ռիսկերը։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ



