«Մենք անելու ենք հնարավոր ու անհնար ամեն ինչ, որպեսզի այս չարիքը հեռանա Հայաստանի պետական և քաղաքական կյանքից». Դավիթ Անանյան
«Միասնության թևեր» կուսակցության կառավարման խորհրդի անդամ, նախընտրական ցուցակի ներկայացուցիչ, «Դի-ԷՍ-ԷՅ Խորհրդատվական խումբ» ընկերության գլխավոր տնօրեն, ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին ղեկավար, տնտեսական գիտությունների թեկնածու Դավիթ Անանյանը գրում է.
«ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Արհեստական բանականության կիրառմամբ հերթական կեղծիքն ու քաղաքական սադրանքն է շրջանառվում տեղեկատվական դաշտում։ Բանսարկու և բարոյապես սնանկ ուժերը տարածում են կեղծ «լրատվություն», թե իբր «Միասնության Թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը Ազգային ժողով անցնելու դեպքում պատրաստակամություն է հայտնել համագործակցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ։
Սա բացարձակ սուտ է, գիտակցված մանիպուլյացիա և քաղաքական խարդախություն։
Իրականությունը հանրությանը վաղուց հայտնի է․ մենք բազմիցս, հստակ, հրապարակային և աներկբա հայտարարել ենք, որ բացառվում է Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրությունը։ Բացառվում է նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության իշխանության պահպանման որևէ տարբերակ։
Մեր քաղաքական ուժը ստեղծվել է ոչ թե այս իշխանության հետ հարմարվելու, այլ պետությունը կործանման տանող այս համակարգը հեռացնելու համար։ Եվ մենք անելու ենք հնարավոր ու անհնար ամեն ինչ, որպեսզի այս չարիքը հեռանա Հայաստանի պետական և քաղաքական կյանքից։
Պատահական չէ, որ ընտրություններին ընդառաջ ակտիվացել են կեղծիքները, սադրանքներն ու տեղեկատվական դիվերսիաները։ Նրանք շատ լավ հասկանում են, որ «Միասնության Թևեր»-ը դարձել է իրական քաղաքական և հանրային գործոն, և հենց այդ պատճառով փորձում են խեղաթյուրել մեր դիրքորոշումները, կասկածներ սերմանել հասարակության մեջ և թուլացնել մեր հանրային աջակցությունը։
Սիրելի՛ հայրենակիցներ,
Մի՛ տրվեք այս էժան սադրանքներին։ Եղե՛ք զգոն և տարբերե՛ք իրական քաղաքական պայքարը կեղծիքից ու տեղեկատվական աղբից։ Մեզ թուլացնելու այս փորձերի իրական նպատակը մեկն է՝ ձեր ձայները մեզանից խլել, որպեսզի գործող իշխանության վերարտադրությունը դառնա ավելի հեշտ և ավելի վերահսկելի։
Բայց դա չի լինելու։
Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թե կեղծիքներով ու տեխնոլոգիական մանիպուլյացիաներով, այլ ժողովրդի գիտակից, արժանապատիվ և վճռական ընտրությամբ»:



