Դա ռումբ է, որը պայթելու է… երբ բովանդակություն չունես՝ պիտի պերաշկի ուտես կամ գազար կրծես, «ամուսնալուծության» թատրոն խաղաս. Լևոն Զուրաբյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Հայ ազգային կոնգրես» (ՀԱԿ) կուսակցության վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Մենք էլ ենք Հայաստանի քաղաքացի, պերաշկի ուտում ենք, բայց ցույց չենք տալիս, որովհետև ավելի կարևոր բաներ ունենք ցույց տալու: Երբ դու բովանդակային ասելիք չունես, պիտի պերաշկի ուտես կամ գազար կրծես ու դա ցուցադրես:
  • Դոնալդ Թրամփին հատուկ շնորհակալություն պիտի հայտնենք իր կյանքի ամենաանկեղծ ստատուսներից մեկը գրելու համար, որով նա աջակցեց իր գործիք Նիկոլ Փաշինյանին իր երազանքի ծրագիրը՝ Իրանին մեկուսացնելու, Ռուսաստանին Հարավային Կովկասից հանելու, Կենտրոնական Ասիա իր ելքն ապահովելու ծրագիրը կյանքի կոչելու համար: Նիկոլ Փաշինյանը համաձայնել է խաղալ գործիքի դեր գերտերությունների դոմինանտության համար պայքարի այս խաղում և բռնել է Արևմուտքի կողմը:
  • Երբ բախվում են գերտերությունների շահերը դոմինանտության շուրջ, նրանք պատրաստ են ամեն ինչի: Մտածել, որ ԱՄՆ-ը հանգիստ TRIPP պրոյեկտը կիրականացնի, ու դրան չեն խանգարի Իրանը, Ռուսաստանն ու Չինաստանը, հանցավոր միամտություն է: Իրանն արդեն ասել է, որ այդ պրոյեկտն իրականություն կդառնա միայն Իրանի պայմաններով, և այդ կոշտ խոսույթը նա վաստակել է վերջին պատերազմով: TRIPP-ի գոտին Իրանի անմիջական հարևանությամբ է գտնվում, և նա դիմակայելու է ցանկացած պրոյեկտի, որն իր անմիջական հարևանությամբ պետք է իրականանա:

Կարդացեք նաև

  • Ես ուզում եմ հիշեցնել «Հայ ազգային կոնգրեսի» (ՀԱԿ) ծրագիրը՝ TRIPP+BRICS պրոյեկտի մասին, որը երկաթուղու կառուցում է ենթադրում, ինչը միտված է գերտերությունների շահերի ներդաշնակեցմանը:
  • Մարկո Ռուբիո-Միրզոյան ստորագրված փաստաթղթի 6-րդ հոդվածի (Հողօգտագործման/կառուցապատման իրավունքները/կոնցեսիաները) վրա եմ ուզում հրավիրել բոլորի ուշադրությունը: Դա հողօգտագործման մասին դրույթն է, որում ասվում է. «Սույն Համաձայնագրում ոչինչ չի խոչընդոտում Հայաստանի ինքնիշխան տարածքում որևէ անձի կողմից այնպիսի ենթակառուցվածքի կառուցմանը և շահագործմանը, որը ԹՐԻՓՓ նախագիծ չէ»:
  • Միակողմանի TRIPP պրոյեկտը ռումբ է, որը ցանկացած պահի կարող է պայթել, որովհետև հակառակ բլոկն ամեն ինչ անելու է, որ այն պայթի: Եթե մենք խաղադրույքը դնում ենք հեռավոր Արևմուտքի վրա, մենք ըստ էության խաղաղության հնարավոր պրոցեսի տակ դնում ենք աշխարհաքաղաքական ռումբ:
  • Հայաստանը լրջորեն հայտնվել է ներքաղաքական պատերազմի առջև, որովհետև պատմության մեջ առաջին անգամ գերտերությունները խաղադրույք են արել թեկնածուների վրա, կոնկրետ՝ Նիկոլ Փաշինյանի վրա:
  • Ի վերջո, Ռուսաստանն արդեն մեզ հայտարարել է բառիս բուն իմաստով տնտեսական պատերազմ, պատժամիջոցներ և այլն, և այլն: Դա խորանալու է, Ռուսաստանը չի հաշտվելու այս միակողմանի գործարքին, ու դա խորանալու է: Արդեն իսկ տնտեսական սանկցիաները մենք տեսնում ենք, իսկ այսօր չկան այլընտրանքներ ռուսական էժան գազին, ռուսական շուկային, պարենային մատակարարմանը, ատոմային էներգետիկայի զարգացմանը: Ոչ ոք մեզ 170 դոլարով գազ չի ծախելու. լավագույն առաջարկները գազի սակագնի սկսում են 250 դոլարից: Իսկ եթե Ադրբեջանից գազ ստանանք, դա ենթադրելու է նորանոր զիջումներ Հայաստանի կողմից: Մենք ամեն կերպ պետք է խուսափենք պրոքսի պատերազմից, չպետք է թույլ տանք, որ Հայաստանի ներքաղաքական կյանքը դառնա արևմտամետների ու ռուսամետների պայքարի դաշտ:
  • Նիկոլ Փաշինյանը Միացյալ Նահանգների համար կամակատար է դարձել, և ինչ իրեն դեմ են տալիս, նա պիտի ստորագրի: Իրավիճակը կփոխվի, եթե մենք գանք իշխանության: Սա նախաստորագրված փաստաթուղթ է, և նոր իշխանությունը բանակցային լուֆտ կստանա մինչև ստորագրումը փաստաթղթի մեջ շտկումներ անելու, որովհետև կաշկանդված չի լինի ԱՄՆ աջակցությամբ: Վաղը ով լինի իշխանության, պիտի հաշվի նստի փաստաթղթի հետ, բայց ավելի լավ պայմաններով:

  • Նիկոլ Փաշինյանը շատ մեծ վատություն է արել մեր երկրին, ստորագրված այս թղթերի պայմաններում մենք չենք կարող հրաժարվել ՀՀ միջազգայնորեն ստանձնված պարտավորություններից, բայց մենք կարող ենք այնպես անել, որ ֆիքսած կետից վատ ուղղությամբ բանակցությունները չընթանան, որովհետև նույն ուղղությամբ շարունակելու դեպքում Հայաստանը դառնալու է Ադրբեջանի կցորդը: Լինելու է ադրբեջանական ավտորիտարիզմի էքսպորտ Հայաստանում: Ադրբեջանը Նիկոլ Փաշինյանի կառավարած Հայաստանում մտցնելու է գրաքննություն՝ մեր գրականության ու պատմության, մշակույթի վրա: Ինքը հասնելու է նրան, որ Նիկոլ Փաշինյանի օրոք մեր պատմության դասագրքերում գրվելու է հայոց պատմության ադրբեջանական վերսիան:
  • Ակնհայտ է, որ հատկապես խոշոր քաղաքներում Փաշինյանը պարտված է, որովհետև քաղաքացիների համար թուրք է, շիզոֆրենիկ, խելագար, անբարոյական, հողատու ու դավաճան: Բայց լսել ենք նաև, որ ասել են՝ փրկիչ է. նրանց թիվը քիչ է: Կան նաև չկողմնորոշված մարդիկ: Բոլորը չէ, որ հասկանում են, որ Փաշինյանին ձայն տալով՝ հանցակից են դառնում. ավելի մեծ մասը տարբեր պատճառներով մերժում է նրան:
  • Միստիֆիկացիա են խաղում, որ յանիմ Աննան չկա. իբր թե ամուսնալուծվել են, բայց քանի որ հասկանում են՝ այդ թատրոնը բացասական վերաբերմունք է ձևավորել հասարակության մոտ, հերթական անգամ խաբում են հասարակությանը: Աննան զոլուշկայի կարգավիճակով իբր մաքրվեց թագուհու իմիջից. Շորերը դրեց արկղի մեջ, ուղարկեց չգիտեմ ուր: Սերիալներ են, որ իրենք մեզ համար նկարահանում են:
  • 2018թ. Նիկոլ Փաշինյանն ընտրությունների ժամանակ պրոբլեմ չուներ. Հայաստանում մեծ էյֆորիա կար, շատերն իրեն աջակցում էին: Էդ վիճակում ինքը ոչ մի անհրաժեշտություն չէր տեսնում ընտրակեղծիքների դիմելու: Հիմա Փաշինյանի վերընտրությունը ոչ միայն երաշխավորված չէ, այլև գրեթե երաշխավորված է, որ չի վերընտրվում: Ու արդեն իսկ սկսել է սահմաններ անցնել՝ պատժել պետական ապարատում աշխատող մեր կողմնակիցներին, ընդդիմադիրներին լայքողներին և այլն: Իրենք վարչական ռեսուրսը կիրառում են ծայրեիծայր: Այս առումով սոցցանցերն իրենց համար ծառայում են որպես հետախուզություն: Կարևոր չէ՝ ես ոնց եմ վերաբերվում Ծառուկյանին, բայց երբ Փաշինյանը գնում է Արարատ ու հայտարարում՝ բռնագրավելու եմ Ծառուկյանի գործարանը, հարց է ծագում՝ բա 8 տարում ինչի՞ չես արել, ինչի՞ ես հիմա անում, երբ Գագիկ Ծառուկյանը՝ որպես քաղաքական հակառակորդ, սպառնում է քեզ: Այս դեպքում ավտոմատ չես էլ վստահում բոլոր մեղադրանքներին:
  • Փաշինյանը հակաազգային ծրագրերի իրականացման համար մանդատ ու հզոր աջակցություն է ստացել: Դրանցից մեկը խաղամոլության ու նարկոմաֆիայի խայտառակ ծավալներն են: Նիկոլ Փաշինյանի օրոք թմրամոլների՝ 7, իսկ խաղամոլության 21 անգամ աճ է գրանցվել: Սա նշանակում է՝ սրա մեջ ընդգրկված է մեր ազգաբնակչության շատ մեծ տոկոսը: Շահում է կազինոն, կաշառք է տալիս Փաշինյանին, Ալեն Սիմոնյանին, մյուսներին, ու այս մարդիկ ապահովում են գերշահույթ ստանալու համար հարմար օրենսդրություն: Նպատակը մեր ժողովրդի իմունիտետը թուլացնելն է՝ ճանապարհ բացելու համար Զանգեզուրի միջանցքի, ադրբեջանական ազդեցության ամրապնդման համար:

  • Ես չեմ վստահում սոցիոլոգիական հարցումներին. բոլոր հարցումները պատվիրված են ռեսուրսներ ու շահեր ունեցող խաղացողների կողմից: Դրանք հոգեբանական ազդեցության գործիք են: Դա ազդում է, որովհետև եթե կես տարի ասես՝ այս ուժն անցնում է Խորհրդարան, այն ուժը՝ ոչ, մարդիկ սկսում են հավատալ դրան: Բայց մենք դրա պատանդը չպետք է դառնանք: Մենք ընտրողների դրական վերաբերմունքը տեսնում ենք: Ենթադրենք՝ մենք չենք անցնում: Մեզ ասում են՝ Նիկոլն ու 3 ուժ են անցնում, որ չանցնեք, ձեր ձայները կգնան Նիկոլին, կփոշիացնեք ձայները: Դա սուտ է: Եթե չանցնենք, բոլոր չանցած ուժերի ձայները բաշխվում են համամասնորեն: Փոշիացված տոկոսները որևէ կերպ հարաբերակցության վրա չեն ազդում: Եթե հաղթի Նիկոլը, կհաղթի նա, եթե հաղթի հավաքական ընդդիմությունը, մեր ձայները կգնան նրան: Ոչ ոք չի կարող մեր էլեկտորատի փոխարեն որոշել, թե ինքն ինչպես կվարվի, եթե մենք դուրս գանք ընտրապայքարից: Ավելին, քանի որ շատ երկար ժամանակ մենք ու Նիկոլ Փաշինյանն աշխատում ենք միևնույն՝ խաղաղության դաշտում, Նիկոլը մեզ հետ մրցակցության դաշտում է հայտնվում: Եթե մենք դուրս գանք, մեր էլեկտորատի որոշ մասը կարող է ձայն տալ Փաշինյանին՝ որպես խաղաղության ծրագրի կրող:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031