Մենք ինչի՞ գնանք մեր երկրից. գնացե՛ք ընտրության, որ թուրքերը գնան. ռումբ են դրել Հայաստանի տակ. Վարուժան Գեղամյան
«Դասեր» հաղորդաշարի հյուրը թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Գեղամյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

- Դժվար է պատկերացնել նորմալ մարդու, ով նորմալ կդիտարկի Նիկոլ Փաշինյանի՝ «Դու ինչի՞ չես զոհվել» արտահայտությունը: Բայց երբ ես դա լսեցի, առաջինը հիշեցի իմ ուսանողներին, ովքեր զոհվել են Արցախում… Ես հիշեցի Եռաբլուրի տղաներին: Ո՞նց կարող ես դիմացինիդ ասել՝ ինչի չես զոհվել: Հերիք չէ, որ մարդիկ մասնակցել են պատերազմին, հիմա էլ ասում են՝ ինչի չես զոհվել: Այսինքն՝ իր պատկերացմամբ Հայրենիքի համար պատերազմում պետք է պարտադիր զոհվե՞լ:

- Եթե հետ գնանք 2020 թվական, ինչ-որ պահից դե ֆակտո իշխանությունը ոչ թե ճակատի մասին էր մտածում, այլ զուտ իր իշխանությունը պահելու մասին: Դրա համար սկսեցին 44-օրյա պատերազմի ընթացքում թաքցնել իրականությունը, «Հաղթելու ենք» կեղծ կարգախոսը հորինել… Դե ֆակտո իշխանության ներկայացուցիչներն իրոք չեն սիրում Արցախը, չեն սիրում հայկական պետությունը, համարում են, որ այն չպետք է լինի դիմադրող: 2001 թվականին դեռ դե ֆակտո վարչապետն իր թերթում գրում էր, որ Միջանցքը լավ բան է:
- Այս նախընտրական քարոզարշավը միայն նախընտրական քարոզարշավ չէ: Միայն իշխանության վերարտադրության խնդիր չի լուծում, այլ իրենց համար սա հնարավորություն է, որ իրենց պրոթուրքական քարոզը նստեցվի մարդկանց ուղեղների մեջ:
- Վուլգար սովիոլոգիան անգամ ցույց է տալիս, որ հայ ժողովուրդն Արցախը սիրում է, բայց Փաշինյանն առիթը բաց չի թողնում մարդկանց հնարավորինս լայն զանգվածների մեջ մտցնելու հակաարցախյան թեզերը: Հակառակ պարագայում նրա քարոզարշավի խոսույթը կլիներ Արցախի մշակութային ժառանգության ոչնչացման, գերիների առկայության անթույլատրելիության, Հայաստանի տարածքների օկուպացիայի հարցերը:
- Սրանք այն մարդիկ են, ով երբ հայ վարորդը Ռուսաստանում մարդկային զոհերով վթարի պատճառ էր դարձրել, ու Ռուսաստանում նվաստացրել էին նրան՝ խալաթով դատարան բերելով, ինչ լուտանք ասես, թափում էին Ռուսաստանի հասցեին, բայց նույն այդ մարդիկ այսօր ծպտուն չեն հանում, երբ ոչնչացվում է Արցախի ողջ մշակութային ժառանգությունը:
- Ես չեմ բացառում, որ Gօօgle-ում հայկական տեղանունները կարող են փոփոխվել: Էականը դա չէ, այլ այն, որ այս իշխանությունն Ադրբեջանին է պատրաստվում հանձնել գերկարևոր ռազմավարական նշանակություն ունեցող սրբազան տարածքը՝ Տիգրանաշենը, բայց հերքում է ոչ թե այն, որ ինքը չի հանձնելու Տիգրանաշենը և այլ տարածքներ, այլ ասում է, որ այդ անունները նոր չեն փոխվել… Հայաստանի սրբազան տարածքների նկատմամբ թուրքական տեղանուններ օգտագործելը տիպիկ թուրքական քարոզչություն է: Այդպես անում էին թուրքերը, երբ նախ փոխում էին հայկական բնակավայրերի անունները, որովհետև դրանով հիշողությունն էր ջնջվում:
- Ալիևի հրաման կա, որ Ադրբեջանում չի կարելի օգտագործել հայկական տեղանունները ոչ միայն Ադրբեջանի տիրապետության տակ գտնվող տարածքներում, այլև Հայաստանում գտնվող տարածքներում: Երբ «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն եղավ, ու զոհեր եղան, երբ թուրքերը ցավակցեցին Հայաստանին, առևտրի կենտրոնի անունը չէր նշվում, որովհետև այն գտնվում է Արևմտյան Հայաստանում: Սա կատաստրոֆա է: Վաղը պահանջելու են, որ մեր քարտեզներում երկու անուն նշվի՝ Սևան/Գյոյչա:

- Հունիսի 8-ի առավոտյան, եթե դե ֆակտո վարչախումբը վերընտրվեց, հնարավորինս շուտ պահանջ է դրվելու Ադրբեջանին նվիրել Տիգրանաշենը, որը թուրքերն անվանում են Քյարքի: Տիգրանաշենը կրիտիկական նշանակություն ունի Հայաստանի տարածքային ամբողջականության համար: Տիգրանաշենը գտնվում է Նախիջևանի և Վայոց ձորի ու Արարատի սահմանագծին: Եթե հանձնվում է Տիգրանաշենը, Հայաստանի տարածքի մեջ թուրքական սեպ է մխրճվում: Տիգրանաշենը նաև Կենտրոնական Հյուսիսային Հայաստանի ու Հարավային Հայաստանի եզրագծին է գտնվում: Եթե հանձնեն Տիգրանաշենը, այն գյուղ չի լինելու, այլ խոշոր ռազմական հենակետ: Մեր աշխարհագրությունը թույլ չի տալիս, որ մենք այդ հատվածը շրջանցող նորմալ ճանապարհ կառուցենք: Մասիսից Եղեգնաձոր, Երևանից Գորիս կամ Վանաձորից Կապան գնալու համար դու այս կամ այն կերպ առնչվելու ես ադրբեջանցիների հետ: Հայաստանի մի հատվածից մյուսը գնալու համար ադրբեջանական միջանցքով ենք անցնելու: Եթե իրենց ասած Քյարքին անկլավ է, ու Ադրբեջանն այդտեղ ուզում է ներկայություն ունենալ, չկա այլ ճանապարհ, քան դեպի այդ հողը միջանցք տալը: Հերիք չէ՝ այդ անկլավն ենք տալու, մի հատ էլ փոքր միջանցք՝ այդտեղ հասնելու համար: Հանձնելով Տիգրանաշենը՝ Հայաստանն իր տարածքի մեջ ստեղծում է դանդաղ գործողության ռումբ, որը հասանելիություն է ունենալու ողջ Արարատյան դաշտավայրի վրա: Երևանից Իրան գնալու համար, ուզած-չուզած, անցնելու ես ադրբեջանական տարածքով: Ստացվում է, ապաշրջափակման փոխարեն՝ մենք ստանում ենք լիարժեք շրջափակում:
- Զոհված զինծառայողների ծնողներին Եռաբլուրի աստիճանների վրա քարշ տալու հրաման տվողն ունակ է ամեն ինչի:
- Ադրբեջանում այն գաղափարը, որ Հայաստանի տարածքը հայկական չէ, այլ թուրքական, ծագել է 1910-ական թթ.՝ դեռ այն ժամանակներից, երբ որոշում կայացվեց ստեղծել Ադրբեջան քվազի պետությունը: Դրա ակտիվ փուլը Հեյդար Ալիևի իշխանության տարիներին էր, ով ակտիվորեն խոսում էր «Արևմտյան Ադրբեջանի» մասին՝ օգտվելով դեռ ԽՍՀՄ տարիների կեղծ պատմագիտական պնդումներից: Նա ասում էր՝ պետք է հիշել, բարձրաձայնել դրա մասին: Վստահ էր, որ դա իր օրոք չի լինի, բայց մի օր, տա Աստված, կլինի: Երբ 2003թ. իշխանության եկավ Իլհամ Ալիևը, նա իր առաջ խնդիր դրեց այդ թեմայի քաղաքականությունը. «Արևմտյան Ադրբեջանը» հռչակվեց ոչ միայն հիշողություն, այլև ռազմավարական նպատակ ու միջազգային հանրայնացում: Մինչև 2018թ. դա չէր աշխատում, որովհետև Հայաստանը բարեհաջող կերպով հակադարձում էր դրան: Իլհամ Ալիևը, ի տարբերություն իր հոր, ավելացրեց ևս մեկ բաղադրիչ՝ «ադրբեջանցիների վերադարձի իրավունքը թյուրքական պապենական հողեր»: Նա ապալեգիտիմացնում էր հայկական պետությունը: 2018թ. իշխանափոխությունից հետո Ալիևը ոչ միայն ամենօրյա ռեժիմով սկսեց խոսել «Արևմտյան Ադրբեջանի» մասին, այլև հնարավորություն տեսավ հողի վրա այն իրականացնել: Չեք գտնի մի տեղ, որտեղ Ալիևը հայտարարի, որ ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ կոնկրետ թվով: 2021թ. Հայաստանի սուվերեն տարածքից 300-400 ք/կմ տարածքում տեղակայված են ադրբեջանական զինված ուժեր:

- Եթե դու թույլ տվեցիր, որ ադրբեջանցիները գան, ապրեն Հայաստանում, էլ Հայաստանում հայկական իշխանություն չի լինի: Եթե այստեղ բերեն 10 000 ադրբեջանցի, ստիպելու են, որ նրանց համար լինի քվոտա Խորհրդարանում, կրթական և մշակութային իրավունքների իրացում, անվտանգային ձևաչափեր և այլն: Նույնիսկ մեկ ադրբեջանցի այս տրամաբանության մեջ բերելը ռումբ է Հայաստանի պետականության հիմքում: Այստեղ գալու են ռամիլսաֆարովներ, մուբարիզիբրահիմովներ, Քյարամ Սլոյանի գլուխը կտրողները, Արցախում հայկական հուշարձանները քանդողները, Բաքվում հայ գերիներին խոշտանգողները:
- Այս ընտրություններն ավելին են, քան ներհայաստանյան քաղաքական իրադարձություն: Սրանք շատ կարևոր ընտրություններ են: Միայն այն հանգամանքը, որ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը փաստում է, որ սոցիոլոգիական հարցումներով են հետևում հայաստանյան ընտրություններին ու կոնկրետ մի ուժի աջակցություն են հայտնում, նշանակում է, որ նրանք խիստ կարևորում են մեր ընտրությունները: Իրենք անուղղակիորեն աջակցություն են հայտնում ՔՊ-ին՝ թիրախավորելով մյուս ուժերին: Ադրբեջանում և Թուրքիայում կառավարման ավտորիտար համակարգ է, ԶԼՄ-ները գտնվում են պետության վերահսկողության ներքո: եվ եթե մենք նայում ենք թուրք-ադրբեջանական մեդիաներին, տեսնում ենք, որ անթաքույց աջակցություն կա Հայաստանի դե ֆակտո իշխանություններին:
- Մեր հետևորդներին զգուշացնենք՝ հարգելի քաղաքացիներ, շատ զգույշ եղեք: Մեծաքանակ թուրք-ադրբեջանական հայալեզու կայքեր ու սոցիալական ցանցերի էջեր կան, որոնք կամ քարոզում են Նիկոլ Փաշինյանի օգտին, կամ քարոզում են, որ մարդիկ չգնան ընտրությունների, միևնույն է, ամեն բան որոշված է:
- Ադրբեջանի նախագահ Ալիևի հռետորաբանությունը, եթե նկատել եք, Հայաստանի վերաբերյալ մեղմացել է: Սա հատուկ է արվում՝ այս իշխանության վերընտրվելն ապահովելու համար:

- Թուրքիան և աշխարհագրորեն է մեզ համար Արևմուտք, և աշխարհաքաղաքական իմաստով: Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է: Հարավային Կովկասում եթե ասում են՝ Արևմուտք, պետք է հասկանալ միայն մեկ երկիր՝ Թուրքիա, ով Արևմուտքի մաս է ռազմաքաղաքական տեսանկյունից: Այս մտածողությունն առկա նաև Ֆրանսիայում, Վաշինգտոնում և այլուր: Եվրոպան, ինչ էլ լինի, Ադրբեջանին չի դատապարտելու ոչ մի բանի համար, որովհետև Եվրոպան Թուրքիայից ակնկալում է ռուս-իրանական շերտի թուլացում և թուրքականի ուժգնացում մեր տարածաշրջանում: Դրա համար Հայաստանը, ցավոք սրտի, աշխարհագրորեն շանս չունի գնալ Արևմուտք: Իր Արևմուտքը Թուրքիան է:
- Ես շատ լավ նորություն ունեմ. Հայաստանն իր աշխարհագրական դիրքով գտնվում է այնպիսի տարածքում, որ միշտ հետաքրքիր է լինելու հարակից գոտիներում գտնվող աշխարհաքաղաքական խոշոր ուժերի համար: Էս հարափոփոխ տարածաշրջանում որպեսզի դու կարողանաս հաց ուտես, քնես, համերգի գնաս, պետք է ընկալես՝ ինչպիսի տարածաշրջանում ես ապրում, վերլուծես ու պրեվենտիվ գործողություններ անես դրա համար:
- Իրանը ռազմավարական առումով փոխել է խաղի բնույթը տարածաշրջանում: Նա շատ ավելի կարծր դիրքորոշում ունի Հարավային Կովկասի, այդ թվում՝ Հայաստանի վերաբերյալ: Իրանի գլխավոր ֆիլտրն անվտանգությունն է: Հայաստանի սահմանն Իրանի համար դարձել է գերկարևոր: Այս առումով իրանական դիրքորոշումն ավելի է կոշտանալու TRIPP-ի նկատմամբ, որն Իրանի համար նույն Զանգեզուրի միջանցքն է: Ես չեմ բացառում, որ այս հարցն ԻՐԱՆ-ԱՄՆ բանակցությունների մաս է: Այդ համաձայնագիրը ցույց է տալու, թե ինչ ճարտարապետություն է լինելու տարածաշրջանում: Դրա համար էլ կողմերից ոչ մեկը չի ուզում արագ փակի թեման:

- Պրագմատիկ հայկական շահի տեսանկյունից ուժեղ Իրանը նշանակում է ուժեղ Հայաստան: Եթե հայ ժողովուրդը հունիսի 7-ին գնա ընտրության, տեր կանգնի երկրին, այլ ոչ թե ֆիկտիվ թուրքական այս խաղաղությանը, տարածաշրջանի ողջ քաղաքական հաշվարկը փոխվելու է: Եթե մարդիկ չգնան ընտրության, մեզ զրկելու են վերջին ազդեցության գործիքից: Հարգելի քաղաքացիներ, խնդրում եմ, գնացե՛ք ընտրության: Մենք ինչի՞ գնանք մեր երկրից, դուք գնացեք ընտրության, որ թուրքերը գնան մեր երկրից:
Մանրամասները՝ տեսանյութում։



