Հայաստանի կատարած խաղադրույքն Արևմուտքի վրա հանգեցրեց ներկայիս իրավիճակին, Ադրբեջանի հայտարարությունների հասցեատերը նաև Արևմուտքն է․ վերլուծաբան

Հունվարի 7-ին Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևը վերջնագրերի հերթական տարափն ուղղեց ՀՀ իշխանություններին և հայ ժողովրդին՝ Հայաստանն անվանելով ֆաշիստական պետություն և սպառնալով ոչնչացնել այն։

Ադրբեջանական ԶԼՄ-ներին տված տարեսկզբի հարցազրույցով ադրբեջանական բռնապետը կարծես «բացեց» ռեգիոնի քաղաքական տարին՝ ըստ էության թելադրելով առաջիկա իրադարձությունների ուղղությունը, ինչպես նաև ըստ էության չեղարկելով, այսպես կոչված, Խաղաղության համաձայնագրի ստորագրման հեռանկարը և խաղաղ բանակցությունները։ Զուգահեռաբար նա հանդես եկավ ռազմատենչ հռետորաբանությամբ։

Ալիևը, որի ղեկավարած երկրի ՊՆ-ն վերջին օրերին հայկական կողմին մեղադրում էր հրադադարի խախտումների մեջ, հայտարարել է, թե Հայաստանի սպառազինումը միայն նոր լարվածության կհանգեցնի։

Նա նշել է, որ Ադրբեջանն իբրև թե խաղաղություն է ուզում։ Վերջինս նշել է, որ ՀՀ-ն իբրև թե սպառնալիքի աղբյուր է տարածաշրջանի համար։

Կարդացեք նաև

Ալիևի որակմամբ, անկախ հայկական պետությունը ֆաշիստական պետություն է։ «Այս երկիրը մոտ 30 տարի ղեկավարել են ֆաշիստական գաղափարախոսության կրողները, նրանք այս երկիրը կերտել են իրենց կերպարով»,- ասել է Ալիևը։ Հիշեցնելով, որ ֆաշիզմի վտանգը չի վերացել, Ալիևը հայտարարել է. «Ուստի ֆաշիզմը պետք է ոչնչացվի։ Այն կկործանի կամ Հայաստանի ղեկավարությունը, կամ մենք։ Մենք այլ ելք չունենք»:

Ալիևը նաև հայտարարել է, թե «Զանգեզուրի միջանցքը պետք է բացվի, և այն բաց կլինի»:

«Մենք խաղաղություն և համագործակցություն ենք ուզում Հարավային Կովկասում։ Հայաստանը չպետք է խանգարի մեզ։ Չպետք է գործեն որպես աշխարհագրական պատնեշ Թուրքիայի և Ադրբեջանի միջև»,- նշել է նա։

Ալիևը մի շարք այլ հանդուգն հայտարարություններ ևս արել է, ըստ էության ակնարկելով կամ անոնսելով, հող նախապատրաստելով Հայաստանի դեմ ռազմական սադրանքների համար։ Ի թիվս այլ հարցերի, նա անդրադարձել է նաև Իրանի նոր կառավարության հետ հարաբերություններին:

«Դեռ վաղ է այդ մասին խոսել, մենք Իրանի ներկայիս ղեկավարության հետ որևէ լուրջ շփում չենք ունեցել։ Եղել են որոշակի շփումներ կառավարության անդամների միջև, որոնք մեծամասամբ կապված են եղել տնտեսական և տրանսպորտային հարցերի հետ»,- ասել է նա։

Ալիևը հիշեցրել է նաև Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա իրականացված հարձակումը՝ այն որակելով կազմակերպված ահաբեկչություն, որն ազդել է երկկողմ հարաբերությունների վրա:

Նիկոլ Փաշինյանն այս անգամ որոշեց պատասխանել Ալիևին, սակայն նրա անատամ պատասխանը, կեղծ խաղաղասիրական թեզերը, մեղմությունը լայնորեն քննադատվում են համացանցում։

«Թերևս Բաքուն փորձում է տարածաշրջանում էսկալացիայի «լեգիտիմություն» ձևավորել: Արվում են ագրեսիվ հայտարարություններ՝ հաշվարկով, թե Երևանից կհնչեն ագրեսիվ պատասխաններ, ինչը Բաքվին հնարավորություն կտա ավելի ագրեսիվացնել սեփական հայտարարությունները՝ սա զուգորդելով Հայաստանի բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին կեղծ տեղեկությունների տարածմամբ՝ տարածաշրջանում նոր էսկալացիայի «հիմնավորում» ձևավորելու համար: Մենք չենք գնալու այս ճանապարհով, հավատարիմ ենք մնալու խաղաղության ռազմավարությանը և հետևողականորեն շարունակելու ենք խաղաղության օրակարգի իրագործումը:

Սա նշանակում է՝ կիրառելու ենք ոչ թե ագրեսիվության, այլ երկխոսության լեզու: Մենք շարունակելու ենք կենտրոնացած մնալ սահմանազատման, խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման, «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրագործման, հումանիտար հարցերի, այդ թվում՝ անհետ կորածների ճակատագրի պարզաբանման խնդիրների վրա»,- ի պատասխան Ալիևի կոշտ հայտարարություններին՝ այսօր «Արմենպրես»-ին տված հարցազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը։

Որպես պատասխան ներկայացվող այս հարցազրույցում, ըստ էության, որևէ զսպող պատասխան Ալիևին չկա. ՀՀ իշխանությունների բազմիցս հայտարարված դիրքորոշումների կրկնություն էր այն։

Ուշագրավ է հատկապես այն հանգամանքը, որ Ալիևի նախօրեի ռազմատենչ հռետորաբանությունից և, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի մասին հոխորտանքներից հետո երեկ Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը մեկնել է Բաքու։ Այս մասին հաղորդում է իրանական Tasnim գործակալությունը։

«Գերագույն առաջնորդի ներկայացուցիչը և ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը Բաքու է ժամանել անվտանգային դիվանագիտության ֆոնին Հարավային Կովկաս կատարած տարածաշրջանային այցի շրջանակներում և քաղաքական, անվտանգային հարաբերությունների ամրապնդման նպատակով»,- ասվում է հրապարակման մեջ։

Իսկ ըստ ԻՌՆԱ գործակալության՝ Ահմադիանն այնուհետև այցելելու է Հայաստան և հանդիպելու է Նիկոլ Փաշինյանի հետ:

Ռուս ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ այս հռետորաբանությունը բնորոշ է ադրբեջանական կողմին։
Ըստ նրա, խաղադրույքները բարձրացվում են սեփական ռեգիոնալ նպատակներին հասնելու և բանակցություններն առաջ մղելու նպատակով։

Վերլուծաբանի որակմամբ, այս ամենին նպաստել է նաև Երևանի քաղաքականությունը, որը որևէ կերպ չի տեղավորվում ներկայիս աշխարհաքաղաքական միտումների ու մարտահրավերների շրջանակում։ Նա չի բացառում, որ այս հայտարարությունների ժամանակահատվածը ևս պատահական չէ, քանի որ հեռանում է Բայդենի վարչակարգը, որը մի փոքր ավելի հայամետ դիրքավորում ուներ։

«Հայաստանի կատարած խաղադրույքն Արևմուտքի վրա հանգեցրեց ռեգիոնալ ներկայիս իրավիճակին։ Այս հայտարարությունների հասցեատերը մասամբ նաև Արևմուտքն է, որը նախորդ տարիներին ընդլայնեց իր ազդեցությունը ռեգիոնում՝ ռեգիոնալ երկրներին առաջարկելով իբրև թե ավելի կայուն խաղաղություն՝ ի տարբերություն նրա, ինչ Ռուսաստանն էր ապահովում անցնող մի քանի տասնյակ տարիների ընթացքում։ Ներկայումս գերակշռող է արևմտյան ազդեցությունը, սակայն սպառնալիքները Հայաստանի համար ոչ թե պակասել, այլ աճել են՝ չնայած այն հանգամանքին, որ ՀՀ-ում տեղակայված են եվրոպացի դիտորդներ։

Բացի այդ, Թրամփի արտաքին քաղաքականությունը սկսում է ուրվագծվել, և չեմ կարծում, թե դա Անդրկովկասի և Հայաստանի օգտին է, բավական է հետևել Թրամփի վերջին օրերի հայտարարություններին Կանադայի, Գրենլանդիայի, Պանամայի ջրանցքի վերաբերյալ, սա էականորեն տարբերվող, հավակնոտ արտաքին քաղաքականություն է։ Բացի այդ, Թրամփը պատրաստվում է բանակցությունների ՌԴ նախագահի հետ, ինչպես նաև մեծ համակրանք ունի Էրդողանի նկատմամբ, ով առավելության հասավ Սիրիայում։ Սա ձևավորվող նոր աշխարհակարգում ԱՄՆ-ի այն դերի մասին է, որը նոր դրսևորումներով է զարգանում։

Բայդենի վարչակազմն ավարտում է իր աշխատանքը, որի հետ Հայաստանն աշխատել է բավականին ակտիվ։ Սակայն Թրամփին քիչ է հետաքրքրելու Հայաստանի հետ հարաբերությունների խորացումը, նա առավելապես հիմնվելու է Թուրքիայի, Ռուսաստանի վրա»,- նման կարծիք հայտնեց Խրամչիխինը։

Նա վստահեցնում է՝ ՀՀ շահերից կբխեր անմիջապես հաշվի առնել ռեգիոնալ իրողությունները, սերտացնել համագործակցությունը Ռուսաստանի, Իրանի հետ։ «Սակայն նման միտումներ ՀՀ արտաքին քաղաքականությունը չի ցուցադրում»,- նշեց վերլուծաբանը։

Ինչ վերաբերում է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի տարածաշրջանային այցին՝ Խրամչիխինն ասաց, որ Իրանը հավատարիմ է իր քաղաքականությանը և փորձում է դիվանագիտական ջանքեր ներդնել՝ թույլ չտալով էսկալացիա։

«Սա ազնիվ, ինչպես նաև ՀՀ շահերից բխող դիրքավորում է։ Պետք է հաշվի առնել նաև այն, որ Ադրբեջանի ու Իրանի միջև լարվածություն կա նաև այս խնդրի պատճառով, սակայն թեման այնքան կարևոր է Իրանի համար, որ Իրանը հետևողական է։ Իրանցի պաշտոնյայի այցը երկու երկիր բավականին կարևոր քայլ է, Իրանը հաճախ չէ դիվանագիտական նման նախաձեռնություններով հանդես գալիս։ Թե ինչ արդյունքների կհանգեցնի՝ բարդ է ասել, քանի որ Իրանի ոչ բոլոր նախաձեռնություններն են ավարտվում արագ դրական արդյունքով»,- նկատեց վերլուծաբանը։

Տեսանյութեր

Լրահոս