
«Զանգեզուրի միջանցքը» եզակի ուղի կդառնա Կասպից ծովից և Կենտրոնական Ասիայից էներգիա մատակարարելու համար․ Ադրբեջանի էներգետիկայի նախարար

«Զանգեզուրի միջանցքի» բացումը կապահովի Կասպից ծովի տարածաշրջանից և Կենտրոնական Ասիայից Նախիջևանի միջոցով Թուրքիա և համաշխարհային շուկաներ ածխաջրածինների և «կանաչ էներգիայի» մատակարարման եզակի ուղի։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը՝ ելույթ ունենալով Թուրքիայի Իզմիր քաղաքում անցկացվող ադրբեջանա-թուրքական չորրորդ էներգետիկ ֆորումում։
Նրա խոսքով՝ Իգդիր-Նախիջևան գազատարը, որը հսկայական տարածաշրջանի էներգետիկ քարտեզը կազմող նախագծերից մեկն է, նույնպես Ադրբեջանի և Թուրքիայի միասնական քաղաքական կամքի արդյունք էր։
«Իգդիր-Նախիջևան գազատարը ոչ միայն ապահովում է բնական գազի անմիջական մատակարարում Նախիջևանի և Թուրքիայի միջև ցամաքային գծով, այլև ստեղծում է հակադարձ հոսքի հնարավորություն՝ մեծացված հզորության շնորհիվ։ Այս գազատարը նոր դարպաս է Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմավարական էներգետիկ գործընկերության համար, որը բացվում է Նախիջևանի միջով», – ասաց նա։
Շահբազովը շեշտել է, որ «Զանգեզուրի միջանցքը», բացի Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի հետ կապող անարգել երթուղի լինելուց, կամրապնդի հարաբերությունները Թուրքիայի և այլ թյուրքական պետությունների հետ էներգետիկ և հաղորդակցական ասպեկտներում, «մեր երկրները կդարձնի Միջին միջանցքի հիմնական կենտրոններից մեկը էներգետիկայի, տրանսպորտի և տարանցման ոլորտում»։
Նա հավելել է, որ Ալիևի խոսքով՝ առաջիկա տարիներին «Զանգեզուրի միջանցքը» կդառնա կարևոր օղակ ինչպես Միջին միջանցքում, այնպես էլ Հյուսիս-Հարավ միջանցքում, կամրապնդի խաղաղությունն ու բազմակողմ համագործակցությունը տարածաշրջանում և օգուտ կբերի բոլոր հարևան երկրներին արևելքից մինչև արևմուտք, Ադրբեջանից հյուսիսից մինչև հարավ։