
Ավտոմեքենայի առուվաճառքը թվային հարթակում հնարավոր է իրականացնել մեկ օրվա ընթացքում

Հայաստանում ավտոմեքենայի առուվաճառքը հնարավոր է կազմակերպել ամբողջությամբ թվային հարթակում։
Կառավարության նիստի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։
Նախարարի խոսքով՝ արդեն ուժի մեջ է մտել տրանսպորտային միջոցի առուվաճառքի թվային ձևաչափով կազմակերպման նախաձեռնությունը․ «Մեր քաղաքացիները, եթե բավարարում են նախատեսված պահանջներին, կարող են ամբողջովին թվային հարթությունում իրականացնել ավտոմեքենայի առուվաճառք։ Ուրախությամբ կարող եմ փաստել, որ արդեն նույնիսկ առաջին գործարքը իրականացվել է թվային հարթակում՝ մեկ օրվա ընթացքում, մինչդեռ նախկինում գործընթացը տևում էր մեկից մինչև երեք օր»։
Սարգսյանի խոսքով՝ նոր համակարգը հնարավորություն է տալիս գործարքն ավարտել րոպեների ընթացքում, առանց հաշվառման քննական ստորաբաժանում այցելելու։ Նա նաև ընդգծեց ֆինանսական առավելությունները․ «Եթե նախկինում քաղաքացիները պետք է վճարեին առուվաճառքի համար 5 հազար դրամ, տեխանձնագրի տրամադրման համար՝ 6 հազար դրամ, ինչպես նաև լրացուցիչ վճարներ՝ համարանիշի և մետաղի համար, ապա թվային հարթակում գործարք կատարելու դեպքում, պահպանելով նույն պետհամարանիշը, քաղաքացիները ազատվում են 12 հազար և 36 հազար դրամ պետական տուրքերից»։