
Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ

Խաղաղություն և պատերազմ բառերը հակիմաստ՝ հակառակ իմաստ ունեցող տերմիններ են: Խաղաղություն բառը, ըստ Մալխասյանցի Հայերեն բացատրական բառարանի, նշանակում է՝
1. ձայների՝ աղմուկի բացակայություն, լռություն,
2. շարժման դադարում, հանդարտում,
3. խռովության բացակայություն՝ դադարում,
4. հոգու անդորրություն, հանգստություն,
5. հաշտ դրություն, բացակայություն պատերազմների:
Իսկ պատերազմ բառը այդ նույն բառարանում նշանակում է՝ 1. զինված ուժերով ընդհարում՝ կռիվ, 2. միանվագ ընդհարում՝ կռիվ երկու զինված բանակների միջև, 3. պայքար, որ մղվում է մի բանի դեմ՝ նրան ոչնչացնելու նպատակով, 4. հակառակ զգացումների ընդհարում, հակամարտություն, հոգեկան կռիվ:
Այս հոդվածի նպատակն է՝ 1. Աստվածաշնչից ցույց տալ ընտրովի և պարտադրված խաղաղության և պատերազմի օրինակներ, 2. խոսել խաղաղության կամ պատերազմի գնի մասին, 3. քննարկել ու վերլուծել խաղաղության և պատերազմի արդյունքները:
Խաղաղության և պատերազմի տեսակները: Աստվածաշունչը Աստծո շնչով գրված գիրք է. «Սուրբ Գրքի ամեն մի գիրք աստվածաշունչ է և օգտակար ուսուցանելու, հանդիմանելու, ուղղելու և արդարության մեջ խրատելու համար, որպեսզի Աստծու մարդը լինի կատարյալ և պատրաստ՝ ամեն տեսակ բարի գործերի» (Բ Տիմ. 3:16-17):
Աստված մարդուն ստեղծեց Իր պատկերով և նմանությամբ. «Եվ Աստված ասաց. «Մարդ ստեղծենք ըստ մեր պատկերի և նմանության, և թող իշխեն ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի կենդանիների և երկրի վրա սողացող բոլոր սողունների վրա»։ Եվ Աստված ըստ իր պատկերի ստեղծեց մարդուն։ Ըստ Աստծու պատկերի ստեղծեց նրան։ Արու և էգ ստեղծեց նրանց» (Ծննդ. 1:26-27): Աստծո պատկերի մեջ գոյություն ունի ազատ կամեցողությունը, այն իմաստով, որ Աստված մարդուն պարգևեց ազատ կամեցողություն: Այստեղ ազատ կամեցողությունը պետք չէ հասկացվի անսահման, բացարձակ իմաստով, այլ որոշ սահմանների մեջ:
Աստվածաշունչը ցույց է տալիս, որ խաղաղության և պատերազմի ընտրանքները լինում են ընտրովի և պարտադրված:
Ընտրովի խաղաղություն և պատերազմ: Հայր Աբրահամն իր ազատ կամեցողությամբ ընտրովի գնաց խաղաղության, երբ ուզեց, որ իր և Ղովտի հոտերի հովիվների միջև լինի խաղաղություն, երբ նա ասաց Ղովտին. «Թող իմ ու քո, ինչպես նաև իմ ու քո հովիվների միջև կռիվ չլինի, որովհետև մենք եղբայրներ ենք։ Մի՞թե ողջ երկիրն առջևդ չէ. բաժանվի՛ր ինձնից։ Եթե դու ձախ գնաս, ես աջ կգնամ, իսկ եթե դու աջ գնաս, ես ձախ կգնամ» (Ծննդ. 13:8-9):
Արուսյակը՝ Սատանան, իր ազատ կամեցողությամբ ընտրովի պատերազմ հայտարարեց Աստծու դեմ. «Արդ, ինչպե՞ս երկնքից ընկավ Արուսյակը, որ ծագում էր առավոտյան. նա, որ տիրում էր բոլոր ազգերին, ընկավ գետնին ու խորտակվեց։ Մտքիդ մեջ ասում էիր. “Երկինք կբարձրանամ, իմ գահը կդնեմ երկնային աստղերից ավելի վեր, կնստեմ բարձր լեռան վրա, հյուսիսի բարձր լեռների վրա. կբարձրանամ ամպերից էլ վեր, կնմանվեմ Բարձրյալին”։ Բայց ահավասիկ դժոխք ես իջնելու և երկրի խորքերը» (Ես․ 14:12-15):
Պարտադրված խաղաղություն և պատերազմ: Պարտադրաբար խաղաղության գնացող օրինակներից մեկը տեսնում ենք նավաստիների կյանքում, երբ նրանք ջանում էին նավը ցամաք վերադարձնել, բայց չէին կարողանում, քանի որ ծովն ավելի ու ավելի էր ալեկոծվում ու սաստկանում նրանց դեմ Հովնան մարգարեի մեղքի՝ Տիրոջ երեսից Թարսիս փախչելու պատճառով: Ի վերջո նավաստիները պարտադրաբար վերցրին Հովնան մարգարեին ու ծովը գցեցին, որպեսզի ծովը դադարի իր ալեկոծությունից, ինչը որ տեղի ունեցավ (Հովն. 1:1-16)։
Հայր Աբրահամը պարտադրված գնաց պատերազմի Ելամի արքա Քոդողագոմորի, Գոյիմի արքա Թարգաղի, Սենաարի արքա Ամարփաղի և Սեղղասարի արքա Արիովքի դեմ, որովհետև նրանք՝ 1. ավար առան սոդոմացիների ու գոմորացիների ողջ ունեցվածքը, 2. գերեցին Սոդոմում բնակվող իր եղբորորդուն՝ Ղովտին և ավար առան նրա ունեցվածքը (Ծննդ. 14:1-16)։ Հայր Աբրահամն ամեն գնով ուզեց ազատագրել իր եղբորորդուն՝ Ղովտին:
Խաղաղության կամ պատերազմի գինը: Խաղաղությունն ու պատերազմը ունեն իրենց գինը, որ պիտի վճարվի անխուսափելիորեն: Այստեղ գին ասելով պետք չէ հասկացվի սոսկ նյութական՝ դրամական արժեք: Օրինակ, եթե Հայաստանը ցանկանում է խաղաղության պայմանագիր կնքել Թուրքիայի և Ադրբեջանի հետ, ապա մեծ հավանականություն կա, որ այդ պայմանագրի գինը լինի՝ 1. պատմական՝ չպահանջել Հայաստանի պատմական հողերը, 2. դաստիարակչական՝ վերացնել «Հայոց ցեղասպանություն – 1915» տերմինը Հայաստանի դպրոցական դասագրքերից, 3. սահմանային՝ բացել սահմանները այդ երկրների հետ, 4. ռազմական՝ չգնել ռազմական արդիական զինամթերք և այլն:
Իսկ եթե Հայաստանը ցանկանա գնալ պատերազմի Թուրքիայի և Ադրբեջանի դեմ, որպեսզի վերադարձնի իր արդար իրավունքները՝ պատմական հողերը, իրենց ազգամշակութային արժեքներով, ապա մեծ հավանականություն կա, որ վճարի այլ տեսակի գին, օրինակ՝ 1. տասնյակ հազարավոր հայ զինվորների մահ, 2. հայկական հսկայական հողերի կորուստ, եթե ոչ՝ ամբողջությամբ, 3. տնտեսության մեծ անկում և այլն: Այդ ողբերգության հավանականությունը մեծ է, որովհետև իրավացի մոտեցումով՝ ներկայիս Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանից հզոր են՝ 1. բնակչության քանակով, 2. տնտեսությամբ, 3. զինամթերքով, 4. քաղաքական հարաբերություններով և դաշինքներով:
Աստվածաբանական մոտեցումով՝ Մարմնացյալ Բանն Աստված՝ Քրիստոս, խաղաղության՝ Հոր Աստծո և մարդկանց միջև հաշտության համար գին վճարեց, երբ Իր անմեղ արյունը թափեց խաչափայտի վրա մարդկանց մեղքերի քավության համար:
Խաղաղության և պատերազմի արդյունքները: Խաղաղությունն ու պատերազմը ոչ միայն ունեն տարբեր տեսակներ՝ ընտրովի և պարտադրված, տարբեր գին, այլ նաև տարբեր արդյունք: Արդյունքները այլատեսակ են, որովհետև դրանց՝ խաղաղության և պատերազմի տեսակները, պայմանները, գները նույնը չեն:
Լուծում: Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ դիրքորոշումը պահանջում է իրավացի տեսություն ու վերլուծություն: Արդար ձևով տեսնենք ու իմանանք մեր և մեր թշնամի երկրների՝ Թուրքիայի և Ադրբեջանի ունեցած կարողությունները, ճիշտ ձևով վերլուծենք մեր և նրանց ունեցած տեղն ու դերը համաշխարհային քաղաքական, տնտեսական, տեխնոլիգիական, դրամական և այլ դաշտերում:
Երկրի քաղաքական արտաքին կեցվածքը պետք չէ հիմնավորվի ոչ՝ 1. զգագացականի վրա, որովհետև երկրների միջև չկա սեր ու զգացմունք, այլ կա դիվանագիտություն, դաշինքներ ու շահեր, 2. անհիմն համոզմունքի վրա՝ ունենք բարեկամ երկրներ: «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է» (Եղիշե Չարենց):
Սակայն, ներկայիս աշխարհը, ցավոք սրտի, գտնվում է համաշխարհային երրորդ պատերազմի շեմին, եթե ոչ արդենք մուտք է գործել դրա մեջ: Հավանականություն կա, որ աշխարհում տեղի ունենան մեծ քաղաքական փոփոխություններ, որոնք պատճառ հանդիսանան, որ մեր սիրելի հայրենիքի՝ Հայաստանի դիրքն ու կարողությունները զորանան:
Աստված ողորմի Հայաստանին ու հայ ժողովրդին Իր սուրբ ծառայի՝ սուրբ Գրիգոր Լուսավորչի բարեխոսությամբ:
Գևորգ սրկ. Նալբանդյան
Աստվածաբանական գիտությունների դոկտոր