
Թրամփն իր կողմնակիցներին խնդրել է 15 դոլար նվիրաբերել «դրախտի» համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը էլեկտրոնային նամակ է ուղարկել իր կողմնակիցներին՝ խնդրելով նրանց նվիրաբերել 15 դոլար, որպեսզի ինքը կարողանա «գնալ դրախտ»։ Նամակի տեքստը հրապարակվել է Metro թերթի կայքում։
«Ես ցանկանում եմ փորձել գնալ դրախտ»,- գրել է Սպիտակ տան ղեկավարը։
Թրամփը հիշեցրել է, որ անցյալ տարի իր նկատմամբ մահափորձ են իրականացրել, և «փամփուշտը խոցել է նրա մաշկը»։ Նրա խոսքով՝ Սպիտակ տուն իր «հաղթական» վերադարձը չպետք է տեղի ունենար։ Այնուամենայնիվ, նա կարծում է, որ Աստված փրկել է իրեն, որպեսզի նա կարողանա «Ամերիկան կրկին մեծ դարձնել»։
Նամակում Թրամփը նշել է, որ իր կողմնակիցները միշտ եղել են իր հետ, այդ թվում՝ նախագահական ընտրությունների, դատավարությունների և մահափորձի ժամանակ։
«Հիմա մեր ժամանակն է աշխարհին ցույց տալու, որ մենք երբեք չենք նահանջի և երբեք չենք հանձնվի այս երկիրը փրկելու մեր պայքարում։ Ահա թե ինչու ես սկսեցի 24-ժամյա դրամահավաք՝ Թրամփին աջակցելու համար, և ես խնդրում եմ բոլորին նվիրաբերել 15 դոլար, որպեսզի այս ջանքերը արժեքավոր լինեն»,- ասել է նա։