
Լեհաստանը պատրաստ է ընդունելու ավելի շատ ամերիկացի զինվորների

Լեհաստանը ցանկանում է և պատրաստ է երկրում ընդունելու ավելի մեծ թվով ամերիկացի զինվորականների: Այս մասին լրագրողներին հայտարարել է Լեհաստանի պաշտպանության նախարարության ղեկավար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը:
«Մենք պատրաստ ենք ընդունելու ավելի մեծ թվով (ամերիկացի) զինվորների: Մենք հայտարարում ենք մեր լիակատար պատրաստակամության մասին՝ ավելացնելու նրանց (ԱՄՆ) զորքերի թիվը Լեհաստանում», – ասել է Կոսինյակ-Կամիշը մամուլի ասուլիսում, որը հեռարձակել է TVP Info հեռուստաալիքը:
Դրա կապակցությամբ Վարշավան նախատեսում է զարգացնել անհրաժեշտ ենթակառուցվածքները և կառուցել նոր զորավարժարաններ, հավելել է նախարարը:
Նախօրյակին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը Լեհաստանի ղեկավար Կարոլ Նավրոցկու հետ հանդիպմանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է ավելացնել ամերիկյան զորակազմի անդամների թիվը Լեհաստանում, եթե Վարշավան դա ցանկանա:
Իր հերթին Նավրոցկին հավելել է, որ այդ հարցի շուրջ առաջարկների ուղղությամբ կսկսեն աշխատել ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը և Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Սլավոմիր Ցենցկևիչը:
Լեհաստանում տեղակայված է մոտ 10 000 ամերիկացի զինվորական: